Art365-ն արդեն արդեն ներկայացրել է հունիսյան ու հուլիսյան մանկապատանեկան ընթերցանության ցանկերը և այժմ ներկայացնում ենք օգոստոս ամսվա գրքերը։ Ամռան վերջին ամիսն արդեն նոր ուսումնական տարվա նախապատրաստության շրջան է։ Հենց այս օրերին ընթերցանությունը կարող է դառնալ ոչ թե պարտականություն, այլ հաճելի արկած։ Ընտրել ենք հինգ գիրք, որոնք հարմար են 8-14 տարեկան ընթերցողների համար։ Դրանք ոչ միայն հետաքրքիր պատմություններ են, այլև զարգացնում են երևակայությունն ու ընթերցասիրությունը, օգնում հասկանալ պատանեկան հույզերը։
Ռուսլան Սաղաբալյան
Յոթ գալակտիկաների դպրոցը
Այս վիպակը հայ ժամանակակից ֆանտաստիկայի հետաքրքիր նմուշ, որը պատմում է տիեզերական դպրոցի և անսովոր արկածների մասին։ Գրքում միահյուսվում են գիտաֆանտաստիկան, հումորն ու դպրոցական կյանքը, ինչի շնորհիվ այն հատկապես գրավիչ կլինի 10-14 տարեկան ընթերցողներին։
Աստրիդ Լինդգրեն Յուհան Էգերկրանս
Միո, իմ Միո
Շվեդ աշխարհահռչակ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Մի՛ո, իմ Մի՛ո» հեքիաթը բարու ու չարի հավերժական պայքարի, ընկերության ու հավատարմության, քաջության ու տոկունության մասին է։ Իննամյա հերոսն անցնում է հեքիաթային երկրներով, հանդիպում բազմաթիվ ընկերների, անցնում փորձությունների միջով և սեփական վախերը հաղթահարելով՝ կրկին վերադառնում իր հոր թագավորությունը։

Փիփ Մըրֆի
Անհետացած հայտնագործությունը
Երբ Ագաթան պատահաբար մի արժեքավոր գիտական հայտնագործություն է ուտում (պատկերացնո՞ւմ եք` սենդվիչի մեջ թաքցրած), մեղքի գիտակցությունը թույլ չի տալիս, որ այդ մասին խոստովանի բժիշկ Ալեքսանդր Ֆլեմինգին: Բայց երկվորյակ քրոջ` Քրիսթիի հետ շուտով գլխի են ընկնում, որ սենդվիչի անհետանալը պատահական չէր: Եվ նրանք չափազանց քիչ ժամանակ ունեն պարզելու, թե ով է փորձում վնասել պարոն Ֆլեմինգի հեղինակությանը:

Ջ․Ք․ Ռոուլինգ
Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը
Վոլդեմորի դեմ մղվող պատերազմում կախարդ հանրությունը հաջողության չի հասնում: Հերմայոնին «Դեյլի փրոֆիթից» սոսկալի լուրեր է կարդում: Դամբլդորը պարբերաբար երկար ժամանակով բացակայում է Հոգվորթսից, և չնայած այս ամենին` կյանքը շարունակվում է: Վեցերորդ դասարանցիները սովորում են երևութանալ: Դասերը գնալով բարդանում են: Հարրի Փոթերն անսպասելի օգնություն է ստանում «Կիսարյուն արքայազն» անունով մի խորհրդավոր անձնավորությունից: Նշանավոր շարքի հերթական հատորը արդեն հայ ընթերցողի սեղանանին է։

Հովհաննես Երանյան
Ռեփերը, դաշնակահարն ու ֆուտբոլը
«Ռեփերը, դաշնակահարն ու ֆուտբոլը» ֆանտաստիկ հեքիաթը կամ մանկապատանեկան վիպակը հեղինակի տասներկուերորդ գիրքն է և առաջինը` գրված մանուկների համար: Հեքիաթի հերոսները հանուն Երկիր մոլորակի անվտանգության պիտի ֆուտբոլային խաղում հաղթեն այլ մոլորակից եկածներին, իսկ ռեփեր Վանը դուրս է գալիս բաց տիեզերք՝ փրկելու իր ընկերուհուն, որին առևանգել են նույն եկվորները:

