• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ի՞նչ կարդան դպրոցականները ամառային արձակուրդներին․ 5 գիրք հունիսի համար

Ի՞նչ կարդան դպրոցականները ամառային արձակուրդներին․ 5 գիրք հունիսի համար

Դասերն ավարտվել են, դպրոցականներն արդեն հասցրել են փոքր-ինչ հանգստանալ, սակայն արձակուրդները շարունակվում են և լավագույն ժամանակն է նրանց ուղղորդելու դեպի գրականության մեծ աշխարհը։ Ի՞նչ կարող են կարդալ պատանիները հունիս ամսին․ այս հարցը թերևս շատ ծնողների է զբաղեցնում, շատերը ուսուցիչների կամ արհեստական բանականության օգնությամբ գտնում են հարցի պատասխանը։ Art365-ը ներկայացնում է հայ և համաշխարհային պատանեկան ընթերցանության համար պարտադիր գրքեր հունիս ամսվա համար․
 
Հրանտ Մաթևոսյան 
Մեր վազքը (1978 թ․)

 

Հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների այս ժողովածուի միջավայրը թեև գյուղն է՝ իր հոգսերով ու կյանքի դժվարություններով, սակայն առանցքում պատանի հերոսների ներաշխարհն է։  Մարդկանց ու բնության հետ հարաբերությունների մեջ պատմվածքի հերոսները հաղթահարում են տարբեր փորձություններ, որպեսզի հասունանան ու դառնան աշխատասեր ու խղճով, խիզախ ու խելացի, բնության ու մարդու հոգատար և նպատակասլաց մարդիկ։

 

Վիլյամ Սարոյան
Իմ անունն Արամ է (Անունս Արամ է) (1940 թ.)

 

Ինչպես հուշում է ժողովածու վերնագիրը, պատմվածքների առանցքում հայ տղա Արամն է, որը տանը, դպրոցում և այլուր հայտնվում է հետաքրքիր,  ծիծաղելի իրավիճակներում, երբեմն նույնիսկ արկածների մեջ։ Սարոյանական թեթև ոճը,  բայց խորը պատումը, անչափ համակրելի հերոսները, կատակերգականի ու ողբերգականի նուրբ խառնուրդը, այս պատմվածքները դարձնում են պատանիների և ոչ միայն նրանց պարտադիր ու հաճելի ընթերցանության կարևոր գրքերից մեկը բոլոր ժամանակներում։

 

  

 

Սարգիս Հարությունյան
Հայ հին վիպաշխարհ (1987 թ.)
 

Նշանավոր բանագետ Սարգիս Հարությունյանի կազմած այս ժողովածուն հայ առասպելաբանության, դիցարանի, պատմիչների երկերի հիման վրա վերակենդանացնում է հայ հին էպիկական- հերոսական աշխարհը։ Աստվածներ ու հերոսներ, իշխաններ ու թագավորներ, երկնային մարմիններ ու նրանց հետ կապված հետաքրքրաշարժ ավանդություններ․ այս ամենը և հայաշունչ այլ բազում պատմություններ պատանիները կարող են գտնել «Հայ հին վիպաշխարհ»-ում։

 

Ժյուլ Վեռն
Խորհրդավոր կղզին (1874 թ.) 

 

Հանրահայտ վիպասանի այս գիրքն արկածային գրականության դասական գործերից է։ Այն պատմում է մի խումբ մարդկանց մասին, որոնք հայտնվում են անծանոթ կղզում և ստիպված են վերստեղծել քաղաքակրթությունը։ Վեպը երևակայության,  մարդկային խիզախության, հնարամտության, աննկուն կամքի ու համառության մասին է։ Պատանի  ընթերցողներին այն կարող է գրավել  ոչ միայն հետաքրքրաշարժ ու դինամիկ դիպաշարով,  այլև տեխնիկական ու գիտական գաղափարների  ֆանտաստիկ արծարծումներով։

 

Ռեյ  Բրեդբըրի
Ֆարենհայթ 451 (1953 թ․)

 

Ամերիկացի ֆանտաստ հեղինակ Ռեյ  Բրեդբըրիի ամենահայտնի վեպը ներկայացնում է ապագայի մի աշխարհ, որտեղ տեխնոլոգիաները գրավել են  կյանքի բոլոր ոլորտները։ Մարդիկ այլևս գրքեր չեն կարդում,  ժամանցը փոխարինել է մշակույթին,  սպառողական հասարակության օրենքները հաղթել բնական ու բանական գոյությանը։ Իսկ նախկին աշխարհի խորհրդանիշ գրքերը  արգելվել են։ Դրանք հայտնաբերում ու այրում են հատուկ մարդիկ՝ հրկիզողները,  մինչ այն պահը երբ նրանցից  մեկը՝ Գայ Մոնթագը ընդդիմանում է այդ իրավիճակին։ 

Art 365

08.06.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.