Արդեն ամռան երկրորդ ամիսն է, և դպրոցականները թերևս հասցրել են կարդալ հունիս ամսվա համար art365-ի առանձնացրած գրքերը (տե՛ս Ի ՞նչ կարդան դպրոցականները ամառային արձակուրդներին․ 5 գիրք հունիսի համար)։ Հուլիսը ոչ պակաս հարմար ամիս է որևէ ծովափին, ամառանոցում, Հայաստանի գյուղերից մեկում կամ երևանյան բնակարանում հայ և համաշխարհային գրականության մանկապատանեկան լավագույն ստեղծագործություններն ընթերցելու համար։ Հուլիսյան ընթերցանության ցանկում ընդգրկել ենք այնպիսի գրքեր, որոնք սիրով ու մեծ հետաքրքրությամբ կկարդան տարրական ու միջին դպրոցի աշակերտները, իհարկե նաև նրանց ծնողները։
Երազիկ Գրիգորյան, Աննա Հակոբյան
Կախարդ գումարած ագռավ
Այս արտասովոր պատմության հերոսները մեզ ծանոթ իրական աշխարհում ապրող կախարդն ու նրա գործակից ագռավն են։ Պատանի ընթերցողն այս տարօրինակ կերպարների հետ կհայտնվի տարբեր ծիծաղելի իրավիճակներում, սկզբում կզայրանա, հետո կզարմանա, ընթացքում կծիծաղի ու կզվարճանա, ապա համակարանքով կլցվի նրանց նկատմամբ։ Երևակայությունը զարգացնող, ստեղծագործելու մղող, անչափ բարի պատմություն, որ կհավանեն ինչպես փոքրիկները, այնպես էլ մեծահասակները։

Ռոալդ Դալ
Մեծ բարի հսկան
Արտասովոր կերպարների թեման շարունակում ենք համաշխարհային մանկագրության ամենից նշանավոր դեմքերից մեկի՝ Ռոալդ Դալի մանուկների սիրելի գործով, որը սովորաբար հապավմամբ է հիշվում՝ ՄԲՀ։ Անճոռնի ու սկզբում սարսափելի հսկայի ու փոքրիկ աղջնակի ճանապարհորդությունն ու արկածները, սկզբում կզարմացնեն, հետո այնքան կգրավեն, որ մանուկ կամ պատանի ընթերցողը կկարդա նաև այս հեղինակի մյուս գրքերը։ Բարեբախտաբար դրանք արդեն կան հայերեն։

Դանիել Սմիթ
Մտածել ինչպես Դա Վինչին
Վերածննդի հանճարը դարեր անց էլ չի դադարում զարմացնել ու հիացնել իր ստեղծագործություններով, հայտնագործություններով, ընդհանրապես իր հանճարեղ էությամբ։ Նրա կյանքի ու գյուտերի մասին պատմությունները, կարող են զարգացնել երևակայությունը, ոգեշնչել երեխաներին ու պատանիներին, սեր արթնացնել արվեստի ու գիտության նկատմամբ։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսին էր Դա Վինչին։ Այս հարցի պատասխանը կարող եք ստանալ ընթերցելով առաջարկվող գիրքը։

Նարինե Աբգարյան
Շոկոլադե պապիկը
Նարինե Աբգարյանի այս պատանեկան պատմությունը ծավալվում է Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Վեցամյա Մարտինի և նրա ավագ քրոջ՝ Մաթիլդայի կյանքը գլխիվայր շրջվում է, երբ նրանց հյուր է գալիս անչափ հմայիչ Օսկար պապիկը։

Արփի Մաղաքյան
Հիշելու հեքիաթներ
Իրապատում, բայց նաև կախարդական հեքիաթների այս ժողովածուում ընթերցողը կգտնի հայ մեծերին՝ Կոմիտասին, Հովհաննես Թումանյանին, Ղազարոս Աղայանին, Խրիմյան Հայրիկին, Մոմիկին, Տրդատ ճարտարապետին և մեր մշակույթի այլ երևելիների։ Նրանց հետ կկարողանա ճանապարհորդել պատմական Հայաստանով, լինել նշանավոր ու կարևոր վայրերում։
