• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Բաժբեուկ-Մելիքյանը, Չարենցն ու Բուդդան

Բաժբեուկ-Մելիքյանը, Չարենցն ու Բուդդան

Չարենցը, որ նկարչություն սիրում ու հասկանում էր, հիացած է եղել Բաժբեուկի նկարներով, պատմում էր Խոջիկը, և միայն իրեն հատուկ անզուսպ անմիջականությամբ, բացականչում է.
     — Տո՛, ի՜նչ Բուշե, ի՜նչ Ֆրագոնար… սա միս ու արյուն է, կյանք է: — Դու,- ասել է Չարենցը, — Ալեքսանդր, համարյա թե հանճարեղ ես…

Էդուարդ Իսաբեկյան

Հայ նշանավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, թեև ծնվել, ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, սակայն 1930-ական թվականներին հաճախ էր լինում Երևանում (Տե՛ս ավելին այստեղ):  Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն Ռուբեն Դրամբյանի նախաձեռնությամբ 1935 թ. բացվում է նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսը: Մի փոքր ավելի վաղ՝ 1932 թ. Ա. Բաժբեուկ-Մելիքյանը ծանոթանում է Եղիշե Չարենցի հետ.

 

«Չարենցի մոտ այդ օրը հյուրեր կային, մոտ 10-12 հոգի, մեծ մասամբ գրողներ, զրուցում էին, վիճում: Եվ, որովհետև հայերեն ես համարյա չէի հասկանում, մենակ էի զգում ու մոտեցա գրապահարաններին: Շատ հարուստ գրադարան ուներ Չարենցը՝ բեռնավորված գեղարվեստական, արվեստաբանական, փիլիսոփայական, աստվածաբանական և այլ գրականությամբ: Որքան ես կարողացա նկատել, Չարենցն այդ ամբողջ երեկոյի ընթացքում հայացք անգամ չնետեց ինձ վրա, բայց, հյուրերի գնալուց հետո, երբ վերջինը հրաժեշտ էինք տալիս ես ու Դրամփյանը, խնդրեց մնալ:

Երբ մենակ մնացինք, սկսեց խոսել իմ մասին, և ես զարմացած էի, թե ինձ չճանաչող, անծանոթ այդ մարդը, որքան հավաստի է պատկերացնում ինձ: Հետո զրուցեցինք արվեստի հարցերի շուրջը: Չարենցը մեծ էրուդիտ էր, բայց առավել եւս՝ Ռ. Ռոլանի պես, բոլոր արվեստները ինտուիցիայով խորապես զգացող անհատականություն: Նա, անշուշտ, բոլոր արվեստների գիտակ չէր, բայց արվեստի ուզածդ հարցից կարող էր խոսել և ծավալվել ժամերով:
Այդ օրը, ինչպես և հետագայում, նա ինձ հետ երկար զրուցում էր եգիպտական մումիաների և սարկոֆագների մասին: Դրանց վերաբերյալ այդ տարիներին ռուսերեն լեզվով գրականություն այնքան էլ չկար, բայց նա խոսում էր զգացողությամբ, այն էլ «ահավոր» կռահումներով ու համոզիչ հիմնավորումներով: Ամենից շատ սիրում էր արվեստի 18-րդ դարը, չափազանց շատ հետաքրքրվում էր ու կարդում. սիրում էր հատկապես Վատտոյին և խոսակցության ժամանակ հաճախ դառնում նրան: Արվեստի զարմանալի զգացողություն ուներ Չարենցը, որսալու և
թափանցելու անօրինակ ունակություն»,-հիշում է  նկարիչը:

 

Այս հանդիպումները և մտերմությունը շարունակվում մինչ Եղիշե Չարենցի կյանքի վերջ: Ավելին՝ Ա. Բաժբեուկ-Մելիքյանը բանաստեղծի խնդրանքով ստեղծում է նրա ամենահայտնի դիմանկարներից մեկը: 

 

«Հետագայում՝ մասնավորապես 1935-ին, երբ բացված էր իմ ցուցահանդեսը Երևանում, բազմիցս հանդիպել եմ Չարենցին՝ մեծ մասամբ նրա բնակարանում: Շատ ճաշակով կահավորված բնակարան ուներ. այնտեղ չկար ոչ մի ավելորդ, ընդհանուր ոճից շեղվող առարկա, չկար նույնիսկ աննշան մի իր, ասենք մոխրաման, որ մատներ տանտիրոջ անճաշակությունը:

Տանն ուներ Բուդդա, բազմաթիվ բարձրաճաշակ իրեր,նկարներ, պաստառներ: Չարենցը խնդրեց, և ես նրա համար գծագրեցի գրապահարան, գծագիրը պատվիրեց մի վարպետի, նա պատրաստեց:
Մի օր էլ որոշեցինք, որ ես պետք է նկարեմ իրեն: Ներկեր չունեի, վերցրեցի Սարյանից: Միասին որոշեցինք դիրքը, ֆոնը՝ թիկունքից Բուդդան, գլխահակ, ծալապատիկ նստած, մոտավորապես այնպես, ինչպես մատիտանկարում է: Տասնհինգ րոպե հազիվ համբերեց, հետո հոգնեց, ջղայնացավ կեցվածք ընդունել չէր սիրում»:

Այս մատիտանկարն ուշագրավ է նաև նրանով, որ ներքևում գրված է «Махатма Чаренц», իսկ նկարի վերևի հատվածում  բանաստեղծն ավելացրել է եռատող մի բանաստեղծություն. 

 

Ինձ

Դու դեռ անփորձ ես հոգով,դեռ թույլ ես Չարենց

Վարժիր ոգիդ,եղիր մոգ,իոգ ու արեգ,

Ինչպես Գանդին Մահաթմա` հնդիկն հանճարեղ:

 

Art 365

11.09.2024

Մարդը մարդ է

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.