• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հիանալի ու տարօրինակ Բաժբեուկը. 1000 ոչնչացված նկար

Հիանալի ու տարօրինակ Բաժբեուկը. 1000 ոչնչացված նկար

          Վարպետը 

 

            Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենա­­վառ անհատականություններից մեկն է։ Մարդ, որ ուղնուծուծով համապատասխանում է «նկարիչ» կամ «արվեստագետ» հասկացությանը։ Մարդ, որին բացարձակապես չէր հուզում ժամանակի արվեստաբանների կամ արվեստասերների կարծիքը։ Նկարիչ, որ նկարում էր, որովհետև պարզապես չէր կարող չնկարել։ Նկարիչ, որ սեփական ստեղծագործության ամենախիստ քննադատն էր, քանզի առանց վայրկյան իսկ հապաղելու այրում-ոչնչացնում էր իր այն բոլոր կտավերը, որոնք ինչ-ինչ պատճառ­ներով համարում էր չստացված։ Նրա ոչնչացրած գործերի թիվը անցնում է 1000-ից։

 

           

            Չէր վաճառում իր կտավները

 

            Պատկերացրեք մի նկարչի, որ հրաժարվում է վաճառել սեփական գործերը։ Նրա կտավները ցանկանում էին գնել ժամանակի կոլեկցիոներները, արտասահմա­նից եկած արվեստասերները, ընկեր-բարեկամները, վերջապես՝ պետական թանգա­րան­ները։ Սակայն վարպետը գրեթե միշտ բոլորին մերժում էր։ Չափազանց հազվա­դեպ են այն դեպքերը, երբ նա համաձայնել է որևէ նկար վաճառել։ Որպես հետևանք՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն իր կյանքի 75 տարիների ընթացքում գրեթե մշտա­պես գտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ։

            Թեպետ երբեմն պատահել են նաև վաճառքի դեպքեր, սակայն դրանք, որպես կանոն, շատ արտասովոր վերջաբան են ունեցել։ Ահա թե ինչ է այս առթիվ հիշում անվանի արվեստաբան Ռուբեն Զարյանը.

            «Ռուբեն Դրամբյանին (Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն՝ 1924-1951) հայտնի էր, որ ես կամենում եմ ունենալ Բաժբեուկի նկարներից գոնե մեկնումեկը։ Մի օր զանգահարեց և ասաց, թե կա այդպիսի հնարավորություն։ Պարզվեց, որ նկարիչը եկել է Երևան և, ի զարմանս իր արվեստագետ բարեկամի, հետը բերել է մի կտավ՝ կնոջ մի նկար, և խնդրում է գնել, քանի որ կարիքի մեջ լինե­լով՝ ստիպված է այդ կտավը վաճառել։ Գնացի տեսա, խոստացա, որ կվերցնեմ, բայց անմիջապես գնելու փոխարեն, — հիմա չեմ հիշում, թե ինչու, — հապաղեցի և կորց­րի հնարավորությունը։ Նկարիչը շտապում էր, և Դրամբյանը ստիպված էր ինքը գնել նկարը։

            Անցավ մի որոշ ժամանակ, և Դրամբյանն ինձ պատմեց այդ նկարի ամբողջ պատմությունը։ Բանից պարզվում է՝ Բաժբեուկը կտավը վաճառել է ոչ թե կարիքից դրդված, — ե՞րբ նա կարիքավոր չի եղել, — այլ բոլորովին այլ պատճառով։ Պարզվում է՝ նկարիչը մի կնոջ հետ մտերմություն է ունեցել՝ երկար և սրտագին։ Իր զգացմունքների այդ բուռն շրջանում նկարում է մտերմուհուն։ Նկարում է ոչ միայն նրան, այլև իր սերը, զգացմունքները, այսինքն՝ այնպես, ինչպես միայն ինքն էր տես­նում այդ կնոջը։ Նկարում է և կախում բնակարանի պատից։ Շատերն են տեսնում այդ նկարը։ Շատերն են հավանում և ցանկանում ձեռք բերել։ Նկարիչը չի համաձայնում։ Եվ հանկարծ պատահում է այնպես, ինչպես լինում է կյանքում, երբ հավիտյան միա­սին լինելու երդում տվածները գժտվում ու հեռանում են միմյանցից։

            Թե ինչ ապրումներ է ունեցել նկարիչը, ոչ ոք չի կարող ասել։ Հայտնի է միայն, որ նա կտավը իջեցնում է պատից և շրջված դնում պատի տակ, որպեսզի անգամ նկա­րում այդ կնոջը չտեսնի։ Սակայն հոգու խորքում չմեռած սերը ամեն օր ստիպում է նկարչին կտավը ետ շրջել ու նայել սիրելի կնոջ դեմքին։ Նայում էր երկար ու կարո­տով։ Եվ հետո հանկարծ հիշում էր գժտությունը ու նորից կտավը շրջում դեպի պատը։ Եվ զգալով, որ զգացմունքն ավելի ուժեղ է, քան կամքը, Բաժբեկուկը մի օր փաթաթում է նկարը, նստում գնացք ու գալիս Երևան՝ ուղիղ իր արվեստաբան բարեկամի տուն։ Մնացածը ընթերցողին հայտնի է։

            Բավական ժամանակ էր անցել՝ կրկին գնացի Դրամբյանների տուն։ Բաժբեուկի այդ նկարը աչքովս չընկավ։ Մյուս նկարները կային, իսկ դա չկար։ Հարցրի, թե ուր է։

            Դրամբյանն ասաց.

            — Բաժբեուկը եկավ ու տարավ։

            — Ինչպե՞ս, չէ՞ որ նկարը Ձեր սեփականությունն էր։

            — Այո՛, իհարկե, ես չէի տալիս, բայց տարավ։ Ասաց, թե իրեն հարկավոր է այդ նկարը, շատ է պետք։ Դե, նրան էլ լավ գիտեք, ընդդիմանալ հնարավոր չէ։ Ես էլ զիջե­ցի։ Ու քանի որ ի վիճակի չէր դրամը վերադարձնելու, խոստացավ փոխարենը ուրիշը տալ։

            Որոշ ժամանակ անց Դրամբյանն ինձ ասաց, որ Բաժբեուկը նոր նկար է ուղարկել, և բացեց նախորդի «գաղտնիքը»։ Պարզվում է՝ Բաժբեուկն ու նկարի հերո­սուհին հաշտվել են։ Նկարիչը զգում է, որ մի բան պակասում է իր տնից, իր կյանքից։ Հասկանում է, որ պակասողը իր մտերմուհու նկարն է։ Իսկ այդ կտավը ստեղծելիս նա գույնի ամեն մի շերտի մեջ իր զգացմունքն էր դրել։ Այդ դեպքում ինչո՞ւ նկարը կախ­ված լինի մի ուրիշի պատից, թեկուզև այդ ուրիշն իր անկեղծ բարեկամն է»։

           

          Նաև չէր նվիրում

 

            Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն անգամ շատ մտերիմ հարազատներին մեծ դժվարությամբ էր կտավներ նվիրում։ Իսկ եթե նվիրում էլ էր, ապա՝  երկար տատանումներից հետո։ Թեև նույնիսկ այդ դեպքում չկար ոչ մի երաշխիք, որ նվիրած կտավ վարպետը ինչ-որ ժամանակ անց ետ չի վերցնի։ Ահա թե ինչ է այս առթիվ Ռուբեն Զարյանին պատմել Եղիշե Չարենցը.

            «Մի օր Բաժբեուկ-Մելիքյանի գնալուց հետո Չարենցին հարցրի, թե ինչու այս­պիսի լավ նկարչի գործերից Պատկերասրահում գրեթե ոչինչ չկա։

            — Չի վաճառում, — ասաց Չարենցը։ — Քաղցած է մնում բայց չի վաճառում։

            Ու պատմեց, թե ինչպես մի օր, վրաց նշանավոր նկարիչ Լադո Գուդիաշվիլին այցելում է Բաժբեուկ-Մելիքյանին։ Մոտ ու լավ բարեկամներ էին։ Գուդիաշվիլին նա­յում է տանտիրոջ նոր նկարները, որոնցից մեկն առանձնապես դուր է գալիս նրան։ Զրույցի ժամանակ հաճախ է նայում հավանած նկարին։ Նստում են սեղան, աչքը չի հեռացնում նկարից։

            — Ինչ է, շա՞տ ես հավանում, — հարցնում է Բաժբեուկը։

            — Այդ նկարը պետք է ինձ տաս, — ասում է Գուդիաշվիլին։

            Բաժբեուկը ձայն չի հանում։ Նկարը տալ չի ուզում, բայց և մերժել էլ չէր կա­րող։ Գուդիաշվիլին համառում է՝ «չեմ գնա մինչև նկարը չտաս»։ Հուսահատության հասած Բաժբեուկը, ճնշում գործ դնելով իր վրա, նկարն իջեցնում է պատից՝ մակագրում։ Գուդիաշվիլին նկարը տանում է տուն։ Մեկ էլ հանկարծ գիշերվա կեսին լսում է դռան տանգապալի բախոց։ Անհանգստացած՝ խալաթը վրան է քաշում և գնում դուռը բա­նա­լու։ Ո՞վ լինի, որ լավ լինի` Բաժբեուկը։ Կանգնած է դռան մոտ՝ աչքերի այլայլված արտահայտությամբ։

            — Ի՞նչ է, դժբախտությո՞ւն է պատահել, ­­­­— հարցնում է վրացի ընկերը։

            Ասում է՝ չէ՛, եկել է նկարի հետևից»։

 

           

20 քմ

            Ապրելով ու ստեղծագոր­ծելով Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում՝ վար­պետն իր ընտանիքով ամբողջ կյանքն անց է կացրել 20 քմ տարածք ունեցող մի բնա­կարանում, որը միաժամանակ ծառայում էր թե՛ որպես տուն, թե՛ որպես արվես­տանոց։ Այդ բնակարանի բոլոր պատերը ողողված էին վարպետի կտավներով, բայց ընդհանուր առմամբ այնտեղ հնա­րավոր էր փակցնել ընդամենը 110 նկար՝ ֆիզիկա­պես տարածքն ավելին թույլ չէր տալիս։ Ու երբ ստեղծվում էր հերթական գործը, որ բավարարում էր վարպետի պահանջներին, նա բնակարանի պատերին փակցված 110 կտավներից որևէ մեկը ստիպված ոչնչացնում էր, որպեսզի դրա փոխարեն կախի նոր կտավը։ Արդյունքում՝ մոտ 60 տարիներում ստեղծված շուրջ 2000 կտավներից այսօր մեզ հասել են վարպետի մոտ 110 գործեր, մնացյալը հեղինակը այրել-ոչնչացրել է կա՛մ սեփական խստա­պահանջության պատճառով, կա՛մ էլ բնարականում դրանք տեղավորելու անհնարի­նությունից։

 

           

«Ամենակեղծվողներից» մեկը

 

            Վերևում նշված փաստը հաշվի առնելով՝ առավել ապշեցուցիչ է այն հանգամանքը, որ այսօր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը «ամենակեղծվող» հայ նկարիչներից մեկն է. տեղական և միջազգային շուկաներում շրջանառվում են վարպետի մոտ 4000 կեղծված գործեր, որոնք երբեմն նույնիսկ վաճառքի են հանվում աշխարհի ամենահեղինակա­վոր աճուրդներում։

 

 Հեղինակ Սևակ Ղազարյան

Art 365

10.05.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.