Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Կիլիան Մբապպե, Էրլինգ Հոլանդ, Լամին Յամալ, Վինիսիուս Ժունիոր․․․ Մինչ ընթացքի մեջ է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և հնարավորություն ունենք վայելելու ֆուտբոլի մերօրյա «աստվածների» խաղը, հետաքրքիր է իմանալ, որ հնագույն առասպելական ժամանակներում գնդակախաղով տարվում էին նաև աստվածներն ու հերոսները։ Այդ հեռավոր ժամանակներում գնդակով խաղերը մարդկանց համար բոլորովին այլ նշանակություն ունեին։ Դրանք պարզապես ժամանց չէին կամ մրցակցություն, այլ կապված էին հնագույն ծեսերի ու հավատալիքների հետ։ Ընկալվում էին որպես աշխարհի կարգը պահպանելու խորհրդանշական գործողություն։
Գնդակը արևի խորհրդանիշ
Գնդակն իր կլոր ձևով հնագույն ժամանակներից նմանեցվել է արևին։ Աշխարհի շատ ժողովուրդների հնագույն պատկերացումներում և հավատալիքներում արևը կյանքի, ժամանակի և տիեզերական կարգի աղբյուրն էր։ Հետևաբար գնդակը, դրանով կազմակերպվող խաղերը պաշտամունքային նշանակություն ունեին։
Այս տեսանկյունից արևի հետ նույնացվող գնդակով խաղացող մարդիկ ուղղակի ժամանակ չէին անցկացնում, այլ խորհրդանշորեն մասնակցում էին արևի հավերժական ընթացքին, տարվա շրջապտույտին և նպաստում էին աշխարհակարգի պահպանությանն ու խախտված ներդաշնակության վերականգնմանը։ Հնարավոր է՝ հենց այս պատճառով են գնդակախաղերը հաճախ անցկացվել կրոնական տոների, ծիսական հանդիսությունների կամ ռազմական հավաքների ժամանակ։
Խաղը որպես տիեզերական պայքար
Հին հավատալիքներում խաղը ավելին էր քան երկու անձերի կամ թիմերի մրցակցություն․ այն ընկալվում էր որպես երկու հիմնարարի սկզբունքների պայքար՝ լույսի և խավարի, կյանքի և մահվան, կարգի և քաոսի։
Այս տեսանկյունից, խաղադաշտը աշխարհի մանրակերտն էր, իսկ խաղացողները՝ տիեզերական բարի ու չար ուժերի դերակատարները։ Լուսավոր ուժերի հաղթանակը նշանավորում էր տիեզերական կարգի վերականգնումը։
Այս գաղափարը շատ ավելի հին է, քան սպորտը, թեև այսօր էլ ֆուտբոլը և այլ մարզաձևեր երկրպագուների շրջանակում այսպիսի սուր ու սկզբունքային հակադրության ձևով են ընկալվում։
Ֆուտբոլ աստվածների հետ
Առասպելական գնդակախաղի հետ կապված հնագույն ու տպավորիչ վկայություններից մեկը պահպանվել է մայաների սրբազան ավանդույթում։ «Պոպոլ Վուհ» անունով առասպելական տեքստում հերոս որսորդ եղբայրները, ապա նրանց զավակները՝ սրբազան երկվորյակները, տարված էին գնդակախաղով։ Հետո այդ խաղը հետաքրքրում է ստորերկրյա աշխարհը ներկայացնող չար ուժերին և վերածվում տիեզերական մրցակցության։ Այն դառնում է կյանքի և մահվան փորձություն։ Ընդ որում, հերոսները գնդակի փոխարեն օգտագործում են կտրված գլուխներ ու գանգեր։ Հերոսները պարտվում են, զոհաբերվում, սակայն վերածնվում և վերջնականապես հաղթում խավարի ուժերին։
Խաղը որպես նախապատերազմական փորձարկում
Նույն կերպ կարևոր նշանակությւոն ուներ Հին Չինաստանում տարածված «Ցուցյու» անունով խաղը։ Այն միայն զվարճանք չէր, այլ նախամարտյան փորձություն, որը հերոսներին նախապատրաստում էր պատերազմին։
Ուսումնասիրողները նույն մեկնաբանությունն են տալիս նաև Հին Հունաստանի և Հռոմի գնդակային խաղերի նշանակությանը։ Դրանք նպաստում էին ճարպկության, դիմացկունության, թիմային համագործակցության ու մարտավարական մտածողության զարգացմանը։ Խաղն ընդհանրապես, ի մասնավորի, գնդակախաղը պատերազմի խաղաղ տարբերակն էր։
Զոհաբերություն խաղի ավարտին
Որոշ հին քաղաքակրթություններում գնդակախաղն ավարտվում էր զոհաբերությամբ։ Ի մասնավորի, Մեսոամերիկայի գնդակախաղերի ավարտին կատարվում էին ծիսական զոհաբերություններ։ Ուսումնասիրողները հստակ չգիտեն, թե զոհաբերվում էին հաղթողները, թե պարտվողները, սակայն, հստակ է, որ զոհաբերությունն ընկալվում էր որպես տիեզերական հավասարակշռության վերականգնման միջոց։
Ֆուտբոլը հայկական ավանդություններում և էպոսում
Հայ ժողովրդական բանահյուսության մեջ, մասնավորապես «Սասնա ծռեր» էպոսում ու միջնադարյան «Տարոնի պատերազմ» ավանդավեպում հիշատակվում են գնդախաղեր և նույնիսկ ֆուտբոլ: Մասնավորապես էպոսի՝ 1972 թ․ գրառված պատումի երրորդ ճյուղում Մըսրա Մելիքը ընկերների հետ գնում է ֆուտբոլ խաղալու, իսկ Դավիթն ամեն կերպ խանգարում է նրան (տե՛ս Էպիկական ֆուտբոլ)։ Իհարկե, այս խաղը էպոսի բազմաթիվ տարբերակներում տարածված գուրզախաղի կամ հոլախաղի տարբերակն է։
Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմություն» երկում ներկայացվող մեկ այլ դրվագում Մուշեղ Մամիկոնյանի զինվորները կտրում են պարսից զորավար Միհրանի գլուխը և ուղարկում նրանց թագավորին՝ ասելով․
«Այս մարդը, երբ մարզպան եկավ մեր երկիրը, այնժամ զորքերը դեմ առ դեմ ախոյան կանգնելով՝ խաղագնդակ էին ուզում, բայց չկարողացանք գտնել։ Հույներից էլ չհամարձակվեցինք գնալ խնդրել, քանզի ձեր ոխերիմ թշնամիներն են։ Ձեր զորքի մոտ էլ նայեցինք, տեսանք նրանց մոտ էլ գնդակ չկար։ Ստիպված կտրեցինք այս գլուխն ու խաղացինք։ Արդ, իմացանք, որ Շահաստանից եկել եք Բաստր քաղաքը [որ մի] երկիր է տափարակ ու դաշտաձև։ Գիտենք, որ գնդակ պիտի խաղաք, ահավասիկ, վերցրեք ձեր քրոջ որդու գլուխը և թող ձեզ խաղագնդակ լինի սերնդից-սերունդ»
Ըստ այսմ էլ, այսօր էլ պատահական չէ այսպիսի մեծ հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ։ Այսօր էլ մարզադաշտը շարունակում է հիշեցնել առանձնացված ծիսական տարածք։ Երկու թիմերը մարմնավորում են հակադիր ուժերը։ Եվ մերօրյա ֆուտբոլային կարևոր հանդիպումները ընկալվում են ոչ միայն որպես սովորական մրցամարտ, այլ որպես փոքրիկ էպոս՝ իր հերոսներով, հակահերոսներով, փորձություններով, պարտությամբ, հաղթանակով, արդարության ու ներդաշնակության վերականգնման հույսերով։