Ընթանում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը Քաթարում և սա լավ առիթ է ներկայացնելու գրականության մեջ և արվեստում հանդիպող ֆուտբոլային թեմաները։ Art365-ը արդեն անդրադարձել է սիրված մարզաձևի գրական դրսևորումներին, որոնք կարող եք կարդալ այստեղ՝
Ֆուտբոլասեր հայ գրողները․5 գործ
5 սկանդալային գիրք ֆուտբոլի և ֆուտբոլիստների մասին
Սակայն ուշագրավ է, որ ֆուտբոլը հիշատակվում եմ նաև մեր ազգային դյուցազներգության մեջ՝ «Սասնա ծռերում»։Այսպես, էպոսի՝ 1972 թ․ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում արմատներով շատախցի Մարթա Փիրումյանից գրառված պատումի երրորդ ճյուղում Մըսրա Մելիքը ընկերների հետ գնում է ֆուտբոլ խաղալու, իսկ Դավիթն ամեն կերպ խանգարում է նրան։
Իհարկե, սա չի նշանակում, որ էպոսը ստեղծող ժողովուրդը միջնադարում կամ ավելի վաղ ժամանակներում ֆուտբոլ է խաղացել, կամ այդ մարզաձևը տարածված է եղել էպոսի տարածման շրջաններում՝ Սասունում, Մուշում, Մոկսում, Ալաշկերտում, Վանում ու հարակից շրջաններում։ Այստեղ մենք գործ ունենք վիպասացման ընթացքի մի երևույթի հետ, երբ վիպասացը ունկնդրին պատմությունը հասկանալի դարձնելու համար տեղայնացնում է այն, տարբեր տեղաննուներ ու հասկացություններ, որոնք տարածաշրջանի կամ ժամանակի փոփոխության հետևանքով հասկանալի չեն կարող լինել նոր լսարանին, փոխարինում է իր կարծիքով համարժեք տարբերակներով։ Այս դեպքում էպոսից հայտնի գուրզախաղը, գնդախաղը, կամ հոլախաղը, որն հանդիպում է շատ տարբերակներում, փոխարինվել է 20-րդ դարի երկրորդ կեսին ապրող ունկնդրին առավել հասկանալի խաղով՝ ֆուտբոլով։ Իհարկե, այս փոփոխությունը համարժեք չէ, սակայն թերևս մասսայականության, դիտարժանության ու տղամարդկանց մասնակցության, ինչպես նաև ուժի, եռանդի, հմտության, երբեմն նույնիսկ քաջության ու կամքի դսրևորման առումներով ֆուտբոլը կարող էր նույնացվել հոլախաղին։
Հոլախաղը հիշատակվում է էպոսի Մոկաց թևի շատ տարբերակներում։ Խաղի մանրամասն նկարագրություն չկա, բայց տարբեր ակնարկներից ու ազգագրական տվյալներից պարզ է դառնում, որ խաղը խաղում է 5-12 հոգի, ոտքով կամ ձիով։ Կարևոր է երկաթյա գունդը, հոլը կամ գուրզը հեռու նետելը, կամ որևէ նախանշված տեղի հասցնելը։ Այս խաղի ժամանակ օգտագործվում էր նաև մականը․ այս դեպքում այն նման էր մականախաղին ու գոլֆին։ Ընդհանրապես հոլախաղը Մերձավոր Արևելքում տարածված խաղ էր, որ հիշատակվում է նաև պարսկական էպոսում և այլուր։ Մեր մատենագրության մեջ նույնպես խաղի հիշատակություններ կան։ Ներկայացնում ենք Մարթա Փիրումյանի պատումի այս ուշագրավ հատվածը, որտեղ խաղը կոչվում է ֆուտբոլ։
Սասնա Ծռեր
Ամեն օր Մսրա Մելիք կառնի օրեն,
Տասվերկու խատ ուր ֆեհրիզ-փահլեվան կա,
Կըտանի ուր ֆուտբոլի տաշտ, ուր ֆուտբոլ կըխաղա։
Դրանց ֆուտբոլ մեր տեսակ չի ըլեր,
Դրանց քնդակ երկաթից իլեր։
Դրանց խրամ ի զարկած, խրամով կըկռվեն,
Խրամ մը էս կլոխ, խրամ մը էն կլոխ։
Էտ տասվերկու ֆեհրիզ-փահլեվան կըկռվեն,
Մելիք անջատ կընստի, ուր խամար թամաշա կանի ուր քեֆին։
Շատ էդպես, քիչ էդպես,
Մեկ օր Տա̈վիթ ուր խելք իպի ուր վերեն, ասաց.
«Էսա մե տեղ կէրթա, ես պիտի հետևեմ էսօր»։
Մեկ օր էկավ կպավ Ասմի խաթունի յախեն, ըսաց.
– Ա՛յ մեր,– ըսաց,– թի նա քու որդին,
Ես էլ եմ քու որդին.
Նա ամեն օր կէրթա, կիշեր կըկյա տուն,
Ի՞շ կըլի, մեկ օր էլ թըխ ես հետը էրթամ,
Տիսնամ՝ նա դո̈՞ր կէրթա, ի՞նչ կանի։
Ես խո փանդավո̈ր չեմ, ես է հասունացած տղա եմ,
Ես կուզեմ էտ մարդու խետ կնամ,
Կոնե մի պան էլ ես սովորեմ։
Մեր ըսաց.– Ա՛յ որդի, հա̈լա քու ժամանակ չի՜,
Տո̈ւ ըլը փոքր երեխա ես,
Ի՞նչ գո̈րծ ունես էտոր խետ, էտոր հաշըվներու խետ։
Ըսաց.– Ի՞նչ կըլնի, թամաշա ի,
Ես էլ կնամ, թամաշա անեմ։
Սա օր ես փանդավո̈ր, մենակ մտնեմ էտ տուն վե,
Ի՞նչ կը խասկընամ,
Ես էլ իսան եմ, մարդ եմ, էլի՛։
Իրկուն Մելիք սարից էկավ ուր ֆերիզ-փահլեվաններով,
Ուրախ-ուրախ ներս մտավ, մերը տխուր ի՜։
Մերը տխուր ի, ըսաց.
– Մե՛ր,– ըսաց,– ինչի՞ ես տխուր։
Ըսաց,– Ա՛յ որդի, էս օրաբուն տո̈ւ կնացել ես,
Էդ երեխեն կը լացի առավըտմե մինչև հիմա,
Ոչ կիրեր, ոչ խմե։
Բա.– Ինչո՞ւ։
Ըսաց.– Կըսե՝ ես էլ իմ ախպոր խետ էրթամ,
Հա՛մ ման գալ, հա՛մ պան տեսնամ,
Հա՛մ ուրախանամ իրանց խետ։
Ըսաց.– Ա՛յ մե՜ր,– ըսաց,–
Տա̈վիթն էլ վեր տրեր քնուկ, հուշք կնացե,–
Ըսաց.– Ա՛յ մե՜ր,– ըսաց,– նրանք օցու ծա̈ք են,
Խետ տաքացավ՝ մեզ տը կծեն։
Ըսաց.– Թուլ տո՛ւ էտ պանիր,– ըսաց,–
Մի սովըրցըցի,– ըսաց։
Մոր համոզեց, մոր խելքի իպի։
Մնաց, էն առավտուն
Մելիք թող առնե ուր ֆերիզ-փահլեվանքտեր,
Կնա ուր ֆուտբոլի տաշտ, ուրանց քեֆ-ուրախութուն,
Էտ տղեն մնա տխո՜ւր, մալո՜ւլ,
Մոր իրես վե կըոխպա մինչև իրկուն։
Իրկուն նորից Մելիք կըկյա սարից,
Մեր կըսե.–Ա՛յ որդի,– կըսե,–
Ի՞նչ կըլնի, մկա էտ քեզի ի՞նչ արող ի։
Էտ մանկուկը տար խա̈ քի,
Թող իրան սաբր անցուցի մինչև իրկուն,
Քեզ խետ կը պիրես, չես շըլկի, պան չես անի,
Նա ուր ոտով տը վազի, քեզանից կոչախ կըկյա։
Ըսաց.– Ա՛յ մեր,– ըսաց,– կը փոշընվիս,– ըսաց,–
Վա՛լլա,– ըսաց,– նրանք օցու պես մեզտը կծեն։
Թուլ մի՛ տա, ես,– ասեց,– կիիտեմ՝ նրանք ինչ ասկ են։
Էն առառվտուն թող էլի Ասմի խաթուն, տղին կանչի,
Կըհամոզի, կասի.
– Ա՛յ որդի, ի՞նչ կո̈րծ ունես անոնց խետ,
Տո̈ւ մանկուկ տղա ես, անոյ մեծ մարդ են,
Հո̈ւրիշ խաղ կէրթան։
Ըսաց.– Թո՛ էրթան։
Տրայ թո էրթան, Տա̈վիթը ըսենց աշք խփեց,
Ընկյավ ճամփի էն յան,
Տրաք որ սարով տ'էրթան, որ ճամփով տ'էրթան,
Տա̈վիթ ընկյավ հետըվներ։ Տա̈վիթ ընկյավ հետըվնե՜ր,
Կնաց մինչև էտոյն, որտեղ ուրենց ֆուտբոլի տաշտն է,
Տա̈վիթ կնաց իրենց խասավ, տեսնում է՝ խաղում են,
Շա՛տ ուրախ խաղում են։
Վեց ֆերիզ-փահլեվան էս կլոխն են,
Վեց ֆերիզ-փահլեվան էն կլոխն են,
Ուրախությամբ իրենց խամար խաղում են,
Մելիքն էլ նստեր ուր խամար թամաշա կանի։
Տեսավ, Տա̈վիթ նստավ ախպոր կոխքին, ըսաց.
– Ի՞շ կըլնի, մի հերթ տո՛, ես էլ խաղամ։
Ասաց.– Լա՛կոտի մեկ,– ըսաց,–
Էտ քյո կո̈րծ չի, պան չի,– ըսաց,–
Տո̈ւ ի՞նչ կարող ես էն խաղեր խաղաս, տո̈ւ ի՞նչ կիմանաս։
Ասաց.– Ի՞նչ կըլնի, առնեմ ծեռըս, էսենց խփեմ, էրթա։
Ասաց.– Չես կարող, էտ քու պան չի,– ըսաց,–
Երկաթ ի, չես կարող վերցնի։
Վերջ, ինչքան խնթրվավ, Մելիք թուլ չիտու։
Մելիք թուլ չիտու,
Երփ որ հո̈լը քցին, կնաց էն մյուս խրամը,
Տա̈վիթ հիյ տփեց էն խրամի մեջ,
Ի՛շ տեսակ խնթրվան էտ փահլեվանքեր,
Տա̈վիթը տյուս չէլավ։ Ասաց.
– Կա՛մ մի հերթ կըտաք ես խաղամ,
Կա՛մ՝ չէ, անկարելի պան է, ըստեղ կըմնամ։
Որ ըսաց՝ ըստեղ կըմնամ, Մելիք ըսաց.
– Զարկե՛կ,– ըսաց,– իրան ասկի պերան…
Զարկե՛կ,– ըսաց,– թո՛ղ սատկի մնա էնտեղ.–
Ըսաց,– եփ ըլի, էն իմ կլխուն խաթա ի,
Թո՛ղ էդպես ըլնի, հավելի լավ։
Մելիք հրամայեց՝ ֆրիզ-փահլեվանքեր հո̈լ զարկըցին.
Հո̈լ էկավ, խետ կյա̈լուն՝ Տա̈վիթ էզար, պռնեց։
Էզար, պռնեց, հո̈լ, ի խփեց էն մյուսին.
Էրկու ֆերիզ-փահլեվան մտած խրամի մեջ,
Յա՜լլա, հո̈լ շփեց անտեղ,
Հո̈լ շփեց կլխին, խաղ կանչելով կնաց, ըսաց.
– Ես կնացի, Մելի՛ք, տո̈ւ կիտես՝ քու խաղ։
Մելիք տրաքվում ի, Մելիքի տուն ավե՛ր,
Էրկու ֆերիզ-փահլեվան մետեղ ըսպանեց։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան