Art365-ը ներկայացնում 2022 թվականի առաջին երեք ամիսների «Անտարես» հրատարակչության բեսթսելերները։
10. Մարդուկ ջարդուկը (նվագապատում)
Ուզու՞մ եք տեսնել, թե Կլարան ինչպես է Մարդուկ Ջարդուկին փրկում Մկների արքայից` վերածվելով գեղեցկատես արքայազնի,վայելել Քաղցրանուշի կախարդական թագավորության ամանորյա հրաշքները...ապա,այս գիրքը Ձեզ է սպասում:
9. Դենիել Քիզ.Ծաղիկներ Էլջերնոնի համար
Վեպը նախապես գրվել է իբրև պատմվածք 1959 թվականին և արժանացել «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն պատմվածք: 7 տարի անց Քիզն այն վերածեց վեպի: Ժանրային այս փոխակերպումն ընդհանրական առումով չի փոխել ստեղծագործության էությունը, բայց անգրագետից հանճար և հանճարից անգրագետ գիտափորձը վիպական տարածության մեջ է՛լ ավելի տպավորիչ է իր մանրամասներով:
8. Ռիչարդ Բախ. Ջոնաթան Լիվինգսթոն ճայը
«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ամերիկացի գրող Ռիչարդ Բախի չորրորդ գիրքն էր, որին հաջորդեցին շուրջ մեկուկես տասնյակ գործեր: Ստեղծագործությունների այդ մեծ ցանկում, սակայն, այս փոքրածավալ վիպակը պահպանեց իր մոգական եզակիությունը թե՛ հեղինակի և թե՛ ընթերցողի համար: Իր հզոր ուղերձով այն այսօր էլ դիմում է թե՛ ինքն իրեն որոնող պատանուն, թե՛ առօրյա հոգսի ու երազանքի միջև ընտրություն կատարող մարդուն, թե՛ իր ինքնությունը օրեցօր զիջելու համար արդարացումներ որոնողին: Սա գրքի ամբողջական հրատարակությունն է, որում հայերենով առաջին անգամ լույս է տեսնում վիպակի՝ 2014 թ. հրատարակված չորրորդ մասը:
7. Խելացի գրիչը
Փոքրիկներին տանը զբաղեցնելու համար առաջարկում ենք ինտերակտիվ- ճանաչողական այս խաղ- գրքույկը, որի օգնությամբ հետաքրքրասեր երեխաները կենդանիների մասին նոր- նոր բաներ կսովորեն, իսկ խելացի գրիչը կօգնի իմացածն ու սովորածը ստուգել:
6. Ժյուլ Վեռն. Կարպատյան դղյակը
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:
5. Գուրգեն Մահարի. Ծաղկած փշալարեր (Վիպերգ)
Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը:
4. Ջորջ Օրուել. Անասնաֆերմա
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության եւ տոտալիտարիզմի:
3. Ջոն Քեհո. Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար
Ջոն Քեհոն, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
2. Ջեյն Օսթին. Հպարտություն և նախապաշարմունք
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:
1. Պաուլու Կոելյու. Ալքիմիկոսը
«Ալքիմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ(Տե՛ս նաև Ալքիմիկոսը):