Երբ ինձ հարցնում են` «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում», ես պատասխանում եմ. «...որ իմ տանը տաք զուգարան լինի…»:
Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է` չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակապատ պատերի բազում անցքերից: Իմ թիֆլիսյան բնակարանի զուգարանը բաց պատշգամբի ծայրին է: Անհարմարավետ, տախտակներով մեխված՝ այն երկար նիստի չի տրամադրում, երբ կարելի է երազել ինչ-որ գաղտնաթաքուն բանի մասին և անջատվել աշխարհիկ ունայնությունից, օրինակ` սիրված օպերաներից արիաներ երգել (պատանության տարիներին դա իմ սիրած զբաղմունքն էր): Երբ ես երգում էի, տախտակե պատերից կախված պղնձե լագանները անդրադարձնում էին իմ «բելկանտո»-ն: Նվագակցման պես մի բան էր ստացվում:
Հոլանդիայում մեզ բերեցին արքայական պալատ, որպեսզի ինձ փաստաթուղթ հանձնեն, որ ես իսկապես «21-րդ դարի մաեստրո» եմ: Երկայն սեղան էին գցել, սպասքով լցրել էին. Սևրի ճենապակի և դելփյան հախճապակի: Նստում եմ թագուհու մոտ, իսկ այն երկուսը, որոնց հանձնարարել են հսկել ինձ Մոսկվայից սկսած, այդպես էլ կանգնած էին իմ աթոռի թիկնակի հետևում:
– Նստեք, – ասացի, – ուտելիքը բոլորին կբավի:
Դրանք նույնիսկ աչքերը չթարթեցին: Իսկ իմ փորը հենց առաջին ճաշատեսակից հետո սկսեց ղռղռալ: Մտածեցի լավ պատճառ է ստուգելու համար, թե ինչպիսին են թագուհիների զուգարանները. նմա՞ն են իմին, թե` ոչ: Վեր թռա… Վազեցի` ուր որ ցույց տվին… Իսկ այն երկուսն իմ հետևից: Հարցնում եմ.
– Դուք ի՞նչ է, պատրաստվում եք հետույքս սրբել:
Խիղճները հերիքեց` մնացին շեմին: Մտնում եմ, իսկ այնտեղ… Վիթխարի, մանուշակագույն դահլիճ… ամբողջովին մարմարից… և հայելապատ: Ամեն հայելու դիմաց լվացարանակոնքեր ու բացառիկ ձևերի միզարաններ, ջրի համար նախատեսված ոսկե բռնակներով և զանազան բուրավետ նյութերով… Թուղթը` բարակագույն, ամենանուրբ հետույքների համար… Սրբիչները` պետանշաններով… և կարևորն ինչ է` տաք է: և լուռ… Միայն ինչ-որ տեղ երաժշտություն է… ջութակներ… մենուետներ… Մոցարտ…
Նստում եմ Նապոլեոնի ժամանակների ամենայուրօրինակ զուգարանակոնքի վրա… դուրս թռա` ճակատով դուռը բացեցի… Ձեռքերս զբաղված էին` շալվարս էի պահել, չէի հասցրել բարձրացնել… Մերկ հետույքով թռչում եմ պահնորդների մոտով, կանգնել չեմ կարողանում` նրանց հատակն արքայական մաստիկայով է պատված: Չմշկասահորդի պես սահում եմ դահլիճով մեկ: Պակականները խելակորույս, ձեռքներն արդեն ատրճանակներին են տանում, իսկ ես գոռում եմ`
– Դե, դուք մի վախեցեք: «21-րդ դարի մաեստրո»-ները տաք զուգարաններից չեն փախչում:
Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի, Սերգեյ Փարաջանովի «Պատմվածքներ և նովելներ» գրքից
Տես նաև՝