• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ֆեոդոր Դոստոևսկի. Ապուշը [հատված վեպից]

Ֆեոդոր Դոստոևսկի. Ապուշը [հատված վեպից]

 Ֆեոդոր Դոստոևսկու նշանավոր վեպում, ինչպես վիպասանի շատ այլ գործերում քննվում են հավատի, կրոնական ապրումի, մարդու կրոնական զգացումների ու բարոյականության հարաբերությունները։  «Ապուշը» վեպի բերվող հատվածում նույնպես հերոսների քննարկման առարկան հավատի ընկալումներն ու դրսևորումներն են։ Ի՞նչի է ընդունակ հավատացյալ մարդը, ինչպե՞ս է հավատն անդրադառնում մարդու բարոյական նկարագրի վրա և անդրադառնում է արդյո՞ք։

 

Ֆեոդոր Դոստոևսկի. Ապուշը

 

Գնացին նույն սենյակներով, որոնցով արդեն եկել էր իշխանը. Ռոգոժինը գնում էր փոքր-ինչ առջևից, իշխանր նրա հետևից։ Մտան մի մեծ դահլիճ։ Այստեղ պատերից կախված էր մի քանի նկար, բոլորը հայրապետների պատկերներ ոչ բնանկարներ, որոնց վրա ոչինչ չէր կարելի զանազանել։ Դեպի մյուս սենյակը տանող դռան վերև կախված էր իր ձևով բավական տարօրինակ մի նկար, մոտ երկու և կես արշին երկարությամբ և վեց վերշոկից ոչ ավելի բարձրությամբ։
Նա պատկերում էր հենց նոր խաչից հանած փրկչին։ Իշխանը հարևանցի նայեց դրան, կարծես մի բան մտաբերելով, ի դեպ, կանգ չառնելով, ուզում էր դուռն անցնել։ Նրա համար շատ ծանր էր և ուզում էր որքան կարելի է շուտ դուրս գալ այդ տնից։ Բայց Ռոգոժինը հանկարծ կանգ առավ պատկերի առաջ։
- Ահա, այստեղի այս բոլոր նկարները,— ասաց նա,—աճուրդով մի ռուբլով ու երկու ռուբլով է գնել հանգուցյալ հայրիկս, նա սիրում էր։ Մի հասկացող մարդ սրանք բոլորը նայեց այստեղ, զիբիլ է, ասում է, իսկ ահա սա, նույնպես երկու ռուբլով գնված՝ դռան վերևի այս նկարը, զիբիլ չէ։Մեկն էլ գտնվեց, որ դրա համար ծնողիս երեք հարյուր հիսուն ռուբլի էր տալիս, իսկ Սավելևը՝ Իվան Դմիտրիչը, վաճառականներից, մեծ սիրահար է, նա մինչև չորս հարյուր էր տալիս, իսկ անցյա շաբաթ Սեմյոն Սեմյոնիչ եղբորս արդեն հինգ հարյուր էլ էր առաջարկել։ Ես ինձ պահեցի։
— Ախր սա... Հանս Հոլբեյնի նկարի պատճենն է,— ասաց իշխանը՝ ուշադիր նայելով նկարին,— ու թեև ես մեծ գիտակ չեմ, բայց կարծես հիանալի պատճեն է։ Ես այս պատկերը արտասահմանում եմ տեսել և մոռանալ չեմ կարող։ Բայց․․․ այդ ինչ ես․․․
Ռոգոժինը հանկարծ պատկերը թողեց ու առաջվա ճանապարհով առաջ գնաց։ Իհարկե, Ռոգոժինի մեջ այդպես անակընկալ հայտնված ցրվածությունն ու առանձնահատուկ, տարօրինակ գրգռված տրամադրությունը, թերևս, կարող էր բացատրել այդ կտրուկ շարժումը, բայց և այնպես իշխանի համար մի տեսակ զարմանալի թվաց, որ այդպես հանկարծ ընդհատվեց խոսակցությունը, որն ինքը չէր սկսել, և որ Ռոգոժինը նույնիսկ չպատասխանեց նրան։
— Իսկ ինչպե՞ս է, Լև Նիկոլաևիչ, վաղուց է ուզում էի քեզ հարցնել, դու աստծուն հավատո՞ւմ ես, թե ոչ,— հանկարծ նորից սկսեց խոսել Ռոգոժինը, մի քանի քայլ անցնելով։
— Ինչ տարօրինակ ես հարցնում և ... նայում,— նկատեց իշխանն ակամա։
— Իսկ այդ նկարին ես սիրում եմ նայել,— փոքր-ինչ լռելով, մրթմրթաց Ռոգոժինը, կարծես նորից մոռանալով իր հարցը։
— Այդ նկարի՜ն,— գոչեց հանկարծ իշխանը, մի հանկարծակի մտքի ազդեցության տակ,— այդ նկարի՜ն։ Ախր այդ նկարից ոմանք կարող են հավատն էլ կորցնել։
— Եվ կորչում է ,— հանկարծ անսպասելի հաստատեց Ռոգոժինը։ Նրանք արդեն հասել էին ելքի դռանը։
— Ինչպե՞ս թե,— կանգ առավ հանկարծ իշխանը,— ի՞՜նչ ես ասում։ Ես համարյա կատակ էի անում, իսկ դու այդպես լուրջ։ Եվ ինչո՞՜ւ ինձ հարցրիր՝ հավատո՞ւմ եմ արդյոք աստծուն։
— Է, ոչինչ, հենց այնպես։ Ես առաջ էլ ուզում էի հարցնել։ Ախր հիմա շատերը չեն հավատում։ Իսկ ճի՞շտ է (դու արտասահմանում ապրել ես), մեկն ինձ հարբած վիճակում ասում էր, թե մեզ մոտ, Ռուսաստանում, ավելի քան բոլոր երկրներում, կան այնպիսիները, որ աստծուն չեն հավատում։
«Մեզ համար, ասում է, դա ավելի հեշտ է, քան նրանց, որովհետև մենք նրանցից առաջ ենք անցել...»։
Ռոգոժինը կծու քմծիծաղ տվեց. իր հարցը տալով, նա հանկարծ դուռը բացեց և, փականի կոթը բռնած, սպասում էր, որ իշխանը դուրս գա։ Իշխանը զարմացավ, բայց դուրս եկավ։ Ռոգոժինը հետևիր դուրս եկավ սանդուղքի հարթակը և իր հետևից դուռը փակեց։ Երկուսն էլ իրար առաջ կանգնել էին այնպիսի տեսքով, որ թվում է, երկուսն էլ մոռացել էին, թե ուր են եկել և հիմա ինչ պետք է անել։
— Դե, մնաս բարով,— ասաց իշխանը, ձեռքը պարզելով։
— Գնաս բարով,— ասաց Ռոգոժինը, ամուր, բայց բոլորովին մեքենայորեն սեղմելով իրեն պարզած ձեռքը։
Իշխանը մի աստիճան ցած իջավ և շրջվեց։
— Իսկ հավատի վերաբերյալ,— սկսեց նա ժպտալով (ըստ երևույթին չուզենալով անպատասխան թողնել Ռոգոժինի հարցը) և բացի այդ աշխուժանալով մի անակնկալ հիշողության ազդերուցության ներքո,— հավատի վերաբերյալ ես անցյալ շաբաթ երկու օրում չորս տարբեր հանդիպումներ ունեցա։ Առավոտյան ճանապարհ էի գնում մի նոր երկաթուղով և մոտ չորս ժամ մի Ս-ի հետ զրուցեցի վագոնում, հենց այդտեղ էլ ծանոթացա նրա հետ։ Ես առաջ էլ շատ բան էի լսել  նրա մասին և, ի միջի այլոց, որպես աթեիստի։ Նա հիրավի շատ գիտուն մարդ է, և ես ուրախացա, որ իսկական գիտնականի հետ եմ խոսելու։ Բացի  այդ, նա հազվագյուտ լավ դաստիարակված մարդ է, այնպես որ ինձ հետ խոսում էր ինչպես գիտելիքներով ու հասկացությյուններով միանգամայն իրեն հավասարի հետ։ Աստծուն նա չի հավատում։ Միայն մի բան ինձ զարմացրեց, որ ամբողջ ժամանակ կարծես թե բոլորովին այն մասին չէր խոսում, և հենց այն պատճառով զարմացրեց, որ առաջ էլ, ինչքան հանդիպել եմ ոչ հավատացյալների և ինչքան այդպիսի գրքեր եմ կարդացել, ինձ շարունակ թվացել է, թե և՛ խոսում, և՛ գրքերում գրում են բոլորովին ոչ այն մասին, թեպետև  արտաքուստ թվում է, թե այդ մասին է։ Ես դա նրան հենց այն ժամանակ ասացի, բայց, ըստ երևույթին, անորոշ կամ չկարողացա արտահայտել, որովհետև  նա ոչինչ չհասկացավ․․․
Երեկոյան ես իջևանեցի գավառական հյուրանոցում գիշերելու, և այդտեղ հենց նոր մի սպանություն էր պատահել, անցյալ գիշերը, այնպես որ, երբ ես եկա, բոլորն այդ մասին էին խոսում։ Երկու գեղջուկ, և տարիքն առած, և չհարբած, և վաղուց արդեն իրար ծանոթ, բարեկամներ, թեյ են խմել և ուզեցել են միասին, մի խցում քնել։ Բայց վերջին երկու օրը մեկը մյուսի մոտ թաքուն տեսել էր դեղին հուլունքե շղթայով մի արծաթե  ժամացույց, որն, ըստ երևույթին, առաջ չէր տեսել։
Այդ մարդը գող չէր, նույնիսկ ազնիվ էր և ըստ գյուղական կենցաղի, բոլորովին աղքատ չէր։ Բայց նրան այնքան էր դուր եկել այդ ժամացույցը և այնքան էր գայթակղել նրան, որ նա, վերջապես, չդիմացավ, դանակը վերցրեց և, երբ բարեկամը շուռ եկավ, զգուշությամբ նրան մոտեցավ  հետևից, նշան բռնեց, աչքերը երկինք հառեց, երեսը խաչ հանեց և, մտքում դառն աղոթք արտասանելով՝ «Տեր, ներիր ի սեր Քրիստոսի»․ բարեկամին մորթեց մի հարվածով, ինչպես ոչխարի, և ժամացույցը հանեց նրա գրպանից։
Ռոգոժինը ծիծաղից թուլացավ։ Նա այնպես էր հռհռում, կարծես ինչ-որ նոպայի մեջ լիներ։ Նույնիսկ տարօրինակ էր այդ ծիծաղին նայել քիչ առաջվա այդպիսի մռայլ տրամադրությունից հետո։
— Այ դա ես սիրո՜ւմ եմ։ Չէ, ահա դա ամենից լավն է — բացականչում էր նա ջղաձգաբար, համարյա շնչահեղձ լինելով ,— մեկը բոլորովին չի հավատում աստծուն, իսկ մյուսը այնքան է հավատում, որ նույնիսկ մարդկանց մորթում է աղոթքով... Չէ, այդ տեսակ բանը, եղբայր իշխան, հնարել չի լինի։ Հա ՛ -հա -հա ՛։ Չէ,  դա ամենից լա ՜վն է ...

-Առավոտյան քաղաք դուրս եկա մի քիչ թափառելու, - շարունակեց իշխանը, հենց որ Ռոգոժինինը դադարեց, թեև  ծիծաղը դեռևս ցնցողաբար ու նոպաներով  դողում էր շուրթերին, — տեսնեմ տախտակե մայթով քարշ է գալիս բոլորովին խոշտանգված տեսքով մի հարբած զինվոր։ Մոտենում է ինձ. «Աղա, գնիր արծաթե խաչս, ընդամենը քսան կոպեկի եմ տալիս. արծա՜թ է»: Տեսնեմ` ձեռքին մի խաչ կա, և, ըստ երևույթին, հենց նոր է հանել վզից, երկնագույն, խիստ մաշված ժապավենի վրա, միայն թե իսկական կապարե, առաջին հայացքից էլ երևում է, մեծ չափսի, ութթևանի, լիակատար բյուզանդական գծազրությամբ: Ես մի քսանկոպեկանոց հանեցի ու նրան տվի, իսկ խաչը տեղնուտեղը վիզս գցեց, և նրա դեմքից երևում էր, թե որքան գոհ է, որ խաբեց հիմար աղային, և անմիջապես գնաց իր խաչի գինը խմելու, դա արդեն անկասկած էր: Ես, եղբայր, այն ժամանակ ամենաուժեղ տպավորության տակ էի այն ամենի, որ ուղղակի հորդում էր ինձ վրա Ռուսաստանում. առաջ նրանից ոչինչ չէի հասկանում, մեծանում էի ասես անլեզու և արտասահմանում անցկացրած այս հինգ տարվա ընթացքում նրա մասին հիշում էի մի տեսակ ֆանտաստիկ ձևով:

Ահա գնում եմ ու մտածում. չէ, դեռ կհամբերեմ դատապարտելու այս խաչավաճառին: Չէ՞ որ աստված գիտի, թե ինչ կա այդ հարբած ու թույլ սրտերում: Մի ժամ հետո, հյուրանոց վերադառնալով, հանդիպեցի ծծկեր երեխայով մի կնկա։ Կնիկը դեռ ջահել էր, երեխան մի վեց շաբաթական կլիներ: Երեխան նրան ժպտաց, ինչպես դիտել էր մայրը, իր ծննդից ի վեր առաջին անգամ: Տեսնեմ՝ կնիկը հանկարծ այնպես աստվածավախորեն երեսը խաչակնքեց: «Այդ ինչո՞ւ, ասում եմ, ջահել հարս»: (Ես ախր այն ժամանակ շարունակ հարցուփորձ էի անում): «Ահա, ասում է, ճիշտ էնենց, ոնց որ լինում է մոր ուրախությունը, երբ նա նկատում է իր պստլիկի առաջին ժպիտը, հենց ճիշտ էնենց էլ ուրախանում է աստված, ամեն անգամ, երբ երկնքից տեսնում է, որ մեղավորը իր ամբողջ սրտով աղոթքի է չոքում նրա առաջ»։

Դա ինձ մի կնիկ ասաց, գրեթե հենց այս խոսքերով, և այնպիսի խորունկ, այնպիսի նուրբ ու ճշմարիտ կրոնական միտք, այնպիսի մի միտք, որի մեջ միանգամից արտահայտվեց քրիստոնեության ողջ էությունը, այսինքն՝ ողջ հասկացողությունը այն մասին, թե աստված մեր հարազատ հայրն է և մարդու վրա նա ուրախանում է ինչպես հայրն է ուրախանում հարազատ մանկան վրա, որը Քրիստոսի ամենագլխավոր միտքն է։ 

Աղբյուրը՝  Ֆ․ Դոստոևսկի, Ապուշը, Երևան, 1965:

Art 365

20.11.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.