• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Քսենոփոնը հայերի մարտունակության ու ազատատենչության մասին

Քսենոփոնը հայերի մարտունակության ու ազատատենչության մասին

Զորավար, քաղաքական գործիչ և պատմագիր Քսենոփոն Աթենացին է (Ք.ա. մոտ 430-354) հին հունական պատմագրության ամենուշագրավ դեմքերից է։ Դպրոցական դասագրքերից մեզ հայտնի այս հեղինակը «Կյուրոպեդիա» և «Անաբասիս» աշխատություններում հին Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդի կյանքի ու ազգագրության մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում։ Քսենոփոնը Հայստանում է եղել Ք.ա. 401 թվականին: Պատմիչ-զորավարը առաջնորդում էր հունական  10 հազարանոց զորքը, որը  օգնության էր շտապում Աքեմենյան Արտաքսերքսես Բ արքայի դեմ ապստամբած  Կյուրոս Կրտսերին: Սակայն նրան օգնել չի ստացվում, քանի որ Կյուրոսը սպանվում է, իսկ ապստամբությունը ճնշվում և հունական բանակը Միջագետքից Հայաստանի միջով բարձրանում է Սև ծով, որպեսզի այնտեղից  նավերով վերադառնա հայրենիք: Հենց այս ճանապարհի նկարագրությունն էլ կազմում է «Անաբասիսի» բովանդակությունը։

Մյուս երկը՝ «Կյուրոպեդիան»՝ Աքեմենյան տիրության հիմնադիր Կյուրոս Մեծի կենսագրության պատմական-գեղարվեստական շարադրանքն է, որտեղ կրկին հիշատակություններ կան հայերի մասին։ Մասնավորապես, հայկական զինված ուժերի, հայերի մարտական ոգու, զենքերի և այլնի մասին։ 

Ուշագրավ է Կյուրոսի և արմենների թագավորի զրույցը, որտեղ երևում է, որ հայերը ազատատենչ ժողովուրդ են․

 

«–Ասա ինձ, – հարցնում է Կյուրոսը, – երբևէ դու կռվե՞լ ես իմ մոր հոր՝ Աստյուագեսի և մյուս մեդացիների դեմ: 
–Այո՛,- պատասխանեց: 
–Պարտվելով նրանից՝ համաձայնե՞լ ես տուրք վճարել, նրա հետ պատերազմի գնալ, ուր որ նա հրամայի, և բերդեր չունենալ: 
–Այդպես է: 
–Հապա ինչո՞ւ այժմ տուրք չես վճարում, զորք չես ուղարկում և սկսել ես ամրություններ կառուցել: 
–Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ, և որդիներիս ազատություն թողնեմ»

Կյուրոպեդիա, III, I,  էջ 96-97: 

 

Գրքի մեկ այլ հատվածում, որտեղ  Կյուրոսը և մեդիացիների արքա Կյուաքսարեսը (Կիաքսար) քննարկում են Հայաստանը գրավելու մարտավարությունը, կարդում ենք․

 

 «–Հիշում եմ, -ասում է Կյուրոսը Կյուաքսարեսին, - քիչ առաջ քեզանից լսեցի, թե արմենների թագավորը քեզ այժմ արհամարհում է՝ լսած լինելով, որ
թշնամիները գալիս են քեզ վրա, և նա ո՛չ զորք է ուղարկում, ո՛չ տուրք է վճարում, որը պարտավորվել էր տալ

–Իրոք, նա այդպես է վարվում, ով Կյուրոս, – ասաց Կյուաքսարեսը, – ուստի ես ևս տատանվում եմ և չգիտեմ՝ որն է լավ՝ արշավել նրա դեմ և փորձել հարկադրել նրան, թե առայժմ թողնել նրան, որպեսզի մյուս թշնամիների վրա չավելացնենք նաև այս մեկին:  
–Իսկ նրա բնակավայրերը արդյո՞ք ամո՞ւր վայրերում են, թե՞ գուցե նաև մատչելի վայրերում

-Բնակավայրերը շատ ամուր վայրերում չեն. ես դա չեմ մոռացել, սակայն կան լեռներ, որտեղ կարող է իսկույն ապաստանել և թաքցնել իր հետ տարած հարստությունը և իրեն ապահով զգալ, եթե որևէ մեկը մոտերքում նստած չպաշարի նրան, ինչպես արել էր իմ հայրը»:

 Կյուրոպեդիա, II, IV, 9-25, էջ 88-92:  

Անաբասիսում  վկայություն կա հայ մարտիկների ռազմական հմտության, զենքերի ու ճարպկության վերաբերյալ․

 

«Նրանք այնքան ճարպիկ էին, որ անգամ մոտիկ լինելիս կարողանում էին փախչելով ազատվել, քանզի նրանք ուրիշ ոչինչ չէին կրում, բացի աղեղներից ու պարսատիկներից։ Նրանք գերազանց նետաձիգներ էին, ունեին համարյա երեք կանգուն երկարությամբ աղեղներ և ավելի քան երկու կանգուն երկարությամբ նետեր։ Նետարձակման ժամանակ նրանք լարը ձգում էին՝ ձախ ոտքը դնելով աղեղի ցածի ծայրի վրա։ Նրանց արձակած նետերը ծակում էին վահաններն ու լանջապանակները։ Հելլենները, երբ այդպիսի նետեր էին ձեռք բերում, ապա կաշվե փոկեր հարմարեցնելով դրանց՝ օգտագործում էին տեգի փոխարեն»

Անաբասիս, IV. 28, էջ 88։

 

Աղբյուրներ՝ Քսենփոն, Անաբասիս/թարգմ․ Ս․Կրկաշարյան/, Երևան, 1970։

Քսենոփոն, Կյուրոպեդիա, /թարգմ․ Ս․Կրկաշարյան/, Երևան, 2000։

Ռ․Նահապետյան, Հունական և հռոմեական անտիկ սկզբնաղբյուրների
ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին,Երևան,  2018։

 

Art 365

19.01.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.