• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Վարդգես Պետրոսյան. «Վերջին ուսուցիչը»

Վարդգես Պետրոսյան. «Վերջին ուսուցիչը»

Արձակագիր Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակը թեև գրվել է չորս տասնամյակ առաջ՝ 1978 թվականին,  սակայն այսօր էլ շատ ու շատ ընթերցողների սիրելի գործն է: Հատկապես վերջին տարիներին արձակագրի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Նրա «Վերջին ուսուցիչը», «Ապրած և չապրած տարիներ» վիպակները նոր հրատարակություններ ունեցան, նկարահանվեց համանուն սերիալ` «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա: Ներկայացնում ենք հատված սիրված վիպակից.

 

Վերջին ուսուցիչը

(հատված)  

 

Մամյանը մոտեցավ պատուհանին, նայեց դուրս․ դպրոցի սովորական բակ էր՝ լցված աղմուկով, երեխաներով։ Հետո շուռ եկավ, նայեց դասարանին, տեսավ նրանց մեկիկ֊մեկիկ, փորձեց բռնել նրանցից որևէ մեկի հայացքը, չկարողացավ։

— Երկրորդ, ժամի՞ն էլ լռելու ենք։

— Դասամիջոց չենք անի,— անսպասելիորեն ասաց ուսուցիչը։— Ես ձեզ ուզում եմ պատմել իմ դպրոցական օրերից։ Գուցե ձեզ հեքիաթի նման թվա։ Թող լինի այդպես։

Ուրեմն, տարիներ առաջ, երբ ես և իմ ընկերները ձեզնից էլ մեկ-երկու տարով փոքր էինք, դա, ուրեմն, պատերազմի վերջին գարունն էր, երևի նույն այս օրերին, մեր դասարանցիներից մեկին դժվար բան պատահեց։ Այն ժամանակ տղաների դպրոցն առանձին էր, աղջիկներինը՝ առանձին։ Սկզբում նույն դպրոցն էր, հետո դպրոցը կիսեցին, փայտե պատ դրին, մուտքերը դարձրին երկու և մեզ բաժանեցին։ Բայց մենք հիշում էինք մեր ընկերուհիներին, և կամաց-կամաց, երբ մեծացանք, նաև․․․ սիրահարվում էինք։ Կարելի՞ էր դրան սիրահարվել ասել։ Չգիտեմ, Բայց ահա, իմ ընկերը, որի անունը Մանուկ էր՝ սիրահարվել էր, և այդ բանը հայտնի էր դարձել դասատուներին։

Մանուկին որոշել էին փոխադրել ուրիշ դպրոց։

Հենց այդ օրերին մեր դասարանցի Ռուբենը, որ մեկ-երկու տարով մեծ էր մեզնից, ձեռք էր գցել փոքրիկ մի գիրք՝ «Մանոն Լեսկո»։ Գիշերով, այն Ժամանակ դեռ քաղաքում լուսաքողարկում էր, մենք մնացինք դպրոցում և ռազմագիտության կաբինետում, մոմի լույսի տակ, սկսեցինք կարդալ այդ գիրքը։ Դա սիրո զարմանալի մի հեքիաթ էր, որ սերմի պես ընկավ մեր հոգիների սևահողի մեջ։ Մենք կարդացինք համարյա ողջ գիշեր։ Դուք երևի գիտեք այդ գրքի հերոսների դժբախտ պատմությունը․ ջահել, համարյա պատանի ասպետ դը Գրիյոն տեսնում է գեղեցիկ մի աղջկա՝ Մանոնին, և սիրահարվում։ Սիրո առաջին օրերին հետևում է ծանր արկածների, հիասթափությունների երկար շղթան։ Մանոնը դավաճանում է իր ասպետին, դավաճանում է շատ անգամ և, ի վերջո, նրան իբրև անառակ աղջկա՝ իր նման տասնմեկի հետ, փոխադրում են Ամերիկա։ Ասպետը գիտեր ամեն ինչ, բայց շարունակում էր սիրել ավելի խոր, ավելի բուռն, համարելով Մանոնին ամենակատարյալ էակը։ Նա չի լքում Մանոնին և նրա հետ մեկնում է Ամերիկա․․․

Մենք կարդամ էինք մոմի լույսի տակ, մոմը կպցրել էինք գնդացրի փողին, վարագույրները ծածկված էին խնամքով, մենք հինգ ընկերներ էինք, սերը, դավաճանությունը, հավատարմությունը դեռ անհայտ աշխարհ էր մեզ համար։

Մեզ առանձնապես ցնցեց գրքի վերջը, երբ Մանոնը մեռնում է անապատում, և դժբախտ ասպետը իր մատներով փորում է նրա գերեզմանը, հետո պառկում գերեզմանին, սպասելով իր մահին․․․

Մանուկը․․․ նա ի՞նչ գիտեր սիրո մասին։ Պարզապես Ալիսան նրանց հարևանն էր, նա սիրում էր վերցնել աղջկա պայուսակը, երբ դպրոց էին գալիս կամ գնում։ Նա բանաստեղծություններ էր գրում, նամակներ էր գրում Ալիսային։ Գուցե պատերազմական դժվար օրերի մղձավանջում այդ հեքիաթը պետք էր նրան, ի՞նչ կարող էինք ասել։ Այդպիսի մի նամակ, որ Ալիսան էր գրել, Մանուկը մոռացել էր օրագրի մեջ, օրագիրը տվել էր ուսուցչուհուն և․․․

Մանուկին փոխադրեցին ուրիշ դպրոց, իսկ մենք՝ նրա չորս ընկերները, իհարկե, հետևեցինք նրան։

Ինչո՞ւ Ռուբենը հենց այդ օրերին բերեց «Մանոն Լեսկոն»։

Ինչո՞ւ ասաց՝ կարդանք գիշերով, մոմե լույսի տակ։

Ինչո՞ւ հենց այդ հեղհեղուկ, թեթևաբարո աղջկա և դյուրահավատ ասպետի սիրո պատմությունը։

Այս հարցերը չկային մեզ համար։

Այս հարցերը հետո էլ չարթնացան իմ մեջ։

Հիշում եմ, երբ ուշ գիշերով տուն էինք գնում, մենք խոսում էինք, որ պատերազմը շուտով, շատ֊շուտով երևի կվերջանա, կավարտենք դպրոցը։ Երևի ամեն մեկս, մեր հոգում, մեր էության թաքուն լույսի մեջ տեսնում էր իր ապագա Մանոնին և, հավատացեք, մոռացել էինք, թե նա դավաճանում էր, խաբում։ Մեր մեջ մնացել էր սերը՝ ամեն բան հաղթող, նույնիսկ մահը հաղթող սերը։ Մենք պատերազմի զավակներ էինք, և այդ գիշեր, հենց ռազմագիտություն կաբինետից պատրաստ էինք գնալ ռազմաճակատ, կռվել մահի և ատելության դեմ։ Եվ Մանոնը օգնում էր մեզ այդ բանն անելու։

Հետո մենք մեծացանք, բայց այդ գիշերը մնաց մեր մեջ։ Գուցեև մեզ պահեց-պահպանեց իր փխրուն զրահներով․ չգիտեմ։ Հեքիաթներ ունեցեք։ Ձեր հեքիաթը։ Ձեր էության ինչ-որ մասով ապրեք հեքիաթի մեջ․․․

Ինչ արագ վերջացրեց, թվում էր՝ կարող էր պատմել մի քանի ժամ, հուշը, թվում է, կառներ֊կտաներ նրան իր թևերին, բայց նա կարծես պատմեց ոչ մեկի համար, որովհետև վախենում էր նայել պատանիների դեմքերին, իսկ աչքերին՝ սարսափում էր․ մի ծաղր, մի քմծիծաղ՝ կփշրեր նրան։ Մամյանը սիրում էր զգալ, որ լսում են իրեն, այս անգամ վախեցավ ստուգել՝ լսո՞ւմ են։ Դասարանը սսկվել էր, անսպասելի էր այս շրջադարձը՝ նրանք չհասցրին կողմնորոշվել։

— Այսօր հարցեր չտաք,— ասաց Մամյանը,— կարող եք գնալ տուն։ Կխոսենք վաղը, մյուս օրը։

Զարմացած, մի տեսակ մտամոլոր, կենտրոնացած՝ տղաներն ու աղջիկները հավաքեցին գրքերը, դուրս եկան։

— Ցտեսություն,— ասաց վերջին աշակերտը։

Ծածկվող դռան հետևից Մամյանը ծիծաղի ձայն լսեց, հետո քայլերը հեռացան, ձայները մարեցին։

Մամյանը նստեց սեղանի առաջ, սիգարետ վառեց և դանդաղ սկսեց թերթել դասամատյանը։ Հանգուցյալ Սանոյանի ձեռագրին նայեց տխրությամբ, գրել է միշտ մանուշակագույն թանաքով, երևի սիրել է այդ գույնը, գրել է հատիկ֊հատիկ, լավ ձեռագիր է ունեցել։ Խնամքով լրացված է յուրաքանչյուր դասի թեման։ Ի՞նչ գրավորներ է տվել՝ խստիվ ըստ ծրագրի․․․ Աշակերտների թվանշաններն էլ կանոնավոր էին, կոկիկ, իրար նման՝ «երեք» և «չորս», «չորս» և «երեք»։ Մի քանի անգամ հանդիպեց «երկու» գնահատականի, մեկը, ո՞վ է՝ Լուսիկ Սարուխանյան, մի անգամ գերազանց է ստացել։ Գնաց ուսուցչանոց, քարտուղարուհուց խնդրեց գրավորների տետրերը, որ նույնպես խնամքով դրված էին պահարանում։ Նորից եկավ դասասենյակ, սկսեց թերթել տետրերը, երբեմն կարդալ։ Դասագրքերից ծանոթ տողեր էին, հարթ և սահուն նախադասություններ, հղկված ծովաքարերի նման, թվանշանները «երեք» կամ «չորս»։ Սանոյանը ուշադիր ընդգծել էր կետադրական սխալները, տառասխալները, մի տետրում, ո՞վ է՝ Արմեն Գարասեֆերյան, նշում է արել՝ «հեռացել ես թեմայից, որովհետև «Աբու-Լալա Մահարի» պոեմը բանաստեղծի բողոքն է, դժգոհությունը՝ կապիտալիստական կարգերից»։ Իսկ ի՞նչ է գրել աշակերտը, կարդաց․ աշակերտի կարծիքով պոեմում նաև ազգային բողոք կա, բանաստեղծն արտահայտում է նաև հայ ժողովրդի ողբերգությունը, որի տառապանքներին աշխարհը անտարբեր եղավ։ Մի տետրի մեջ, ո՞վ է Մարի Մելիքյան, երկու անգամ բաց է թողնված երեքական էջ։ Նայեց թեմաները․ Ես հպարտ եմ իմ հորով, մյուսը․․․ Նմանվենք մեր ծնողներին․․․ Աղջիկը գրել է ամսաթիվը, վերնագիրը, բայց շարադրությունը չի գրել։

Իսկ ահա այս էջին․ ի՞նչ է թեման՝ Մեր տունը, մեր ընտանիքը, նույն աղջիկը ութ տող ոտանավոր է գրել։ Վերնագրի տակ նշել է․ «Ես չեմ գրել, միայն թարգմանել եմ, գրել է 14-15 տարեկան ֆինն մի աղջիկ, չգիտեմ որտեղ եմ կարդացել»։

Մամյանը կարդաց ոտանավորը․

 

Ահա նորից զբոսայգում
Ես քայլում եմ՝ մեկին գրկած,
Ես ծխում եմ,
Բայց ուրախ չեմ,
Ո՞ւր ես, հայրիկ, որոնիր ինձ
Եվ ինձ ետ տար այն օրնրը,
Երբ մեր տունը, մեր հին տունը՝
Ամենալավ տեղն էր երկրի։

 

Սանոյանը «երկուս» էր նշանակել և կարմիր թանաքով ավելացրե․ «Իսկ քո՞ մտքերն ուր են և սա ի՞նչ ոտանավոր է, որ թարգմանել ես»։ Այս թեմայի մի շարադրություն ուղղակի սքանչելի էր, ո՞վ է՝ Վահան Սարոյան։ «Մեր սեղանների գլխավերևը գնալով դատարկվում է,— գրել էր նա,— ոչ թե նրա համար, որ մեծեր չկան, ըստ վիճակագրության՝ կյանքի միջին տևողությունը երկարել է։ Պապս, օրինակ, միշտ ճաշում է խոհանոցում։ Ոչ, մենք սիրում ենք նրան, բայց երևի պապս վարժվել է, օրինական է համարել, որ իր տեղը ոչ ոք չնստի, որ իրեն սպասեն։ Հիմա՝ ուր պատահեց նստում ենք։ Հիմա առհասարակ կլոր սեղանների ժամանակ է, եթե նույնիսկ սեղանը ձվաձև է կամ քառակուսի։

Հայրս մեզ հետ համարյա չի ճաշում, նա միշտ ուշ է տուն գալիս, միշտ գործ ունի, մենք, առհասարակ, վաղուց ընտանիքով սեղան չենք նստել։ Վարժվել ենք, որ այդպես պիտի լինի և միայն մայրս է, որ տանջվում է դրա համար»։

Ի՞նչ է նշանակել Սանոյանը․ բովանդակության համար՝ «երեք» (նշում է արել․ «Չես պատասխանել թեմային»), ուղղագրության, շարահյուսության համար՝ գերազանց։ Սեղանների գլխավերևը դատարկվում է․ ինչ սքանչելի տող է գտել այս տղան։ Սանոյանը ազատ թեմայով ուրիշ շարադրություն չի տվել։ Երևի տանը սիրված հայր է եղել Սանոյանը, ուզեցել է լավ բաներ կարդալ հայրերի մասին։ Կամ՝ գուցե մենակ մարդ է եղել, ի՞նչ իմանաս։

Ինքը՝ Մամյանը, այդ թեմայով երբեք շարադրություն չի տա, երբեք։

Կարդաց մյուս տետրերը, կարդաց մանրամասն, պեղումներ անողի համբերությամբ․ ոչ մի կենդանի տող, ոչ մի սխալ, բոլորը նման էին իրար, կարծես շարադրությունները գրել էր նույն տառաճանաչ մեքենան։

— Ընկեր Սանոյանը հենց առաջին օրից է աշխատել մեր դպրոցում,— հայտնեց Սոֆին,— վերջին ամիսներին շատ հիվանդ էր, բայց դասի գալիս էր։ Հենց մի օր դպրոց չգնամ, կմեռնեմ, ասում էր նա։ Մահվան նախորդ օրն էլ եկել էր։

— Դուք ա՞յս դպրոցն եք ավարտել։

Չկարողացավ ասել՝ մեր դպրոցը։

— Այո, չորս տարի է չեմ ընդունվում, այս տարի տալու եմ երեկոյան բաժին։ Ստաժ եմ հավաքում։ Երկու ամիս է մնացել, որ լրանա։ Կընդունվե՞մ։

— Կընդունվես, իհարկե, եթե այդքան շատ ես ուզում։

— Ընկեր Սանոյանը ինձ հետ պարապում էր, երբ որ հիվանդ չէր։ Բարի, լավ մարդ էր։ Ուզո՞ւմ եք ծխել․․․ Ես ունեմ ծխախոտ։ Չէ, չէ, ես չեմ ծխում, ի՞նչ եք ասում,— նայեց կաշեպատ դռան կողմը,— ընկեր Վանունու համար է, արդեն հարյուր անգամ թողել է ծխելը։

— Ես չեմ կարողանում թողնել։

― Եթե սիգարետ չունենաք, ասեք ինձ։

— Շնորհակալ եմ։

Ուսուցչանոցում ոչ ոք չկար, դասերր վերջացել էին, դպրոցը՝ խաղաղվել։ Մի տեսակ տարօրինակ էր դպրոցի խաղաղությունը։

— Դուք խոսեցի՞ք նրանց հետ։ Անհաջող օր սկսվեց ձեր կյանքը մեզ մոտ։ Ընկեր Վանունուն այդքան բարկացած չեմ տեսել։

Մամյանը հասկացավ, որ Սոֆին պատրաստ է պատմելու դեպքի մանրամասները։ Ինչո՞ւ իմանա, դեռ չի ճանաչում մարդկանց և միանգամից․․․

— Կխոսեմ նրանց հետ, Սոֆի, դեռ ժամանակ կլինի։ Քո սիրած դասատուն ո՞վ է եղել։

— Բոլորը։ Բոլորը շատ լավն են։

Բոլորը։ Կարելի՞ է սիրել բոլորին։ Իսկ ի՞նչ ասեր աղջիկը առաջին օրը։

— Ընկեր Սանոյանը մի անդամ ասաց․ Սոֆիկ, դու լավ արտիստուհի կլինես, հուզվում ես բոլորի համար և լավ ձեռագիր ունես։ Նա սիրում էր, երբ լավ ձեռագիր էին ունենում։

Մամյանը դեռ չգիտեր, որ աշակերտները քարտուղարուհուն Սոֆի Լորեն էին ասում, նա չգիտեր երեկվա դեպքի մեջ Սոֆիի մասնակցությունը, նա փափուկ տխրությամբ նայեց քարտուղարուհուն, մտածելով, որ կարող էր նրա տարիքի աղջիկ ունենալ։ Երևի արդեն սիրահարված կլիներ իր աղջիկը, կվստահեր հորը, կպատմեր, խորհուրդ կհարցներ։

– Դու «Մանոն Լեսկոն» կարդացե՞լ ես, Սոֆի։

— Ինչի՞ մասին է։

― Սիրահարված կա՞ս։

— Ի՞նչ եք ասում,— Սոֆին փորձեց կարմրել,– համալսարան ընդունվեմ, նոր։ Գլխավորը դա է։

— Գլխավորը դա է,— մեքենաբար կրկնեց Մամյանը։— Երևի։

 

Աղբյուրը՝ Վ. Պետրոսյան, Վերջին ուսուցիչը, Գրապահարան

Art 365

11.08.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.