• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սողոմոն Իմաստունն ասում է․․․

Սողոմոն Իմաստունն ասում է․․․

Հին Կտակարանի ամենահայտնի ու սիրված գրքերից է Սողոմոն թագավորի առակների կամ խրատների գիրքը։ Հրեաստանի Դավիթ թագավորի որդին, որն Իմաստուն մականունն էր ստացել հայտնի էր իր արդարադատությամբ և իմաստությամբ։ Բացի Առակաց գիրքը, Սողոմոնին են վերագրվում Ժողովողի գիրքը և Երգ Երգոցը։ Art365-ը ներկայացնում է քաղվածքներ Սողոմոն Իմաստունի Առակաց գրքից։

 

 Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. 
 նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին,  նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին: 

 

Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից,
քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի:

 

 Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 
 քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը:

 

 Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը:

 

Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից: 

 

Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն:

 

Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, եւ քո ճանապարհները ուղղի՛ր: 

 

Մրջիւնի մօ՛տ գնա, ո՛վ ծոյլ, նախանձի՛ր նրա գործերին եւ իմաստո՛ւն եղիր նրանից աւելի. 
քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու եւ ո՛չ էլ գլխին տէր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը եւ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը: Կամ մեղուի մօ՛տ գնա, տե՛ս, թէ ինչպէ՜ս գործունեայ է նա եւ թէ ինչպիսի ջանասիրութեամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագաւորներին եւ տնանկներին՝ բժշկութեան համար: Թէպէտեւ թոյլ է ուժով, բայց սիրելի է ու մեծարելի բոլորի համար, որովհետեւ ինքը յարգեց իմաստութիւնը եւ արժանի եղաւ յարգանքի: 

 

Արդարի ձեռքին է կեանքի աղբիւրը, բայց ամբարշտի կորուստը կը փակի նրա բերանը:

 

 Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում, բայց սէրը ծածկում է ամէն մի ներհակութիւն: 

 

Ում շուրթերից իմաստութիւն է բխում, նա, ինչպէս գաւազան, հարուածում է անմիտ մարդուն:

 

 Իմաստունները իմաստութիւն են հաւաքում, բայց յանդուգն մարդու բերանը մօտ է կործանման:
Մեծատունների հարստութիւնն իրենց ամուր քաղաքն է, աղքատութիւնը կորստեան պատճառ է ամբարիշտների համար:

Լաւ է տգէտ լինել, բայց միամիտ, քան թէ անզգամ ու շաղակրատ:

 

 Տգիտութիւնն էլ, սակայն, լաւ չէ հոգու համար, եւ ով իր ոտքերին ստիպում է շտապել՝ սխալներ է գործում:

 

 Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծու վրայ:

 

Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ, եւ մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում. թռչող արծուի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ ապառաժի վրայ, ծովով անցնող նաւի ծիրը եւ երիտասարդ տղամարդու ճանապարհները: 

 

Այդպէս է նաեւ շնացող կնոջ ճանապարհը. երբ նա որեւէ վատ բան է անում, լուացւում է եւ ասում. «Ես ոչինչ չեմ արել»:

 

Երեք բան կայ, որոնցից դողում է երկիրը, եւ մի չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտուել.ծառան, եթէ թագաւոր է դառնում, անմիտը, եթէ կշտանում է հացով, աղախինը, եթէ վռնդում է իր տիրուհուն, եւ ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ:

 

Չորս բան կայ, որ մանր են երկրի վրայ, բայց իմաստուններից աւելի իմաստուն են. մրջիւնը, որ զօրութիւն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը, ճագարը, անզօր մի կենդանի, բայց իր բոյնը շինում է քարերի մէջ, մորեխը, որ թագաւոր չունի, բայց կարծես մէկի հրամանով հաւաքւում է զօրաժողովի, եւ ճանկերով պատից կառչող սարդը, որին թէեւ հեշտ է որսալ, բայց բնակւում է թագաւորների յարկերի տակ: 

 

Երեք բան կայ, որ շրջում են սիգապանծ, եւ մի չորրորդն էլ, որ ճեմում է գեղեցիկ. առիւծի կորիւնը, որ հզօր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում եւ թիկունք չի դարձնում անասուններին,  աքաղաղը, որ սիգալով շրջում է հաւերի մէջ, նոխազը, որ առաջնորդում է հօտը, եւ թագաւորը, որ ժողովրդի առաջ խօսում է հրապարակաւ:

Art 365

02.05.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.