• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաղեր

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաղեր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Հավատացյալների համար ու հոգևոր կյանքում  այս նշանակալի ու կարևոր իրադարձությունը իր խորհուրդներով՝ հոգու փրկություն ու հավերժական կյանք, որդիական սեր ու հավատարմություն խոստմանը, հարազատ հոգիների հանդիպում ու միաձուլում, իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ միջնադարյան արվեստում: Մասնավորապես  Ներսես Շնորհալու հիասքանչ տաղերում: Սուրբ Աստվածածնի Վերափոխումը ներկայացվում է հիացմունքով ու փառաբանությամբ, քանի-որ Աստվածածնի վերափոխումն ընկալվում է որպես հույս ու խոստում, որ բոլոր հավատացյալներն էլ աստվածահաճո կյանքի, Տիրոջն անմնացորդ նվիրումի ու ծառայության դեպքում կարժանանան հոգու փրկությանը: Art365-ը ներկայացնում է Ներսես Շնորհալու Տիրամորը նվիրված առինքնող տաղերից երկուսը: Վայելենք ոսկեղենիկ գրաբարն ու ներշնչվենք տոնի մեծ խորհրդով:     

 

ԿԱ․

ՏԱՂ ՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

 

Այսաւր Գաբրիէլ հրեշտակապետն եկեալ,

Բերեալ բրաբիոն պըսակ յաղթող Կուսին:

 

Այսաւր կոչելով առ բոլորիցըն Տէր

Զտաճար բարձրելոյն եւ զբնակարան Բանին:

 

Այսաւր հրաւիրմամբ Հոգւոյն ժողովեցան

Գունդք առաքելոցն եւ իմաստուն կուսիցն:

 

Այսաւր խոնարհեալ անմարմնական դասուք

Միածին Որդին կուսութեանցըն մայրն:

 

Այսաւր աւանդեալ ըզմաքրական Հոգին,

Փայլակնանըման վեր համբարձեալ վեհիցն:

 

Այսաւր ամփոփեալ ըզսըրբասնեալ մարմին

Ծածկելով յերկրի զանապական ըզգանձն:

 

Այսաւր երկնայնոց խըմբիցըն պար առեալ,

Եղանակէին շուրջ ըզգերեզմանաւն:

 

Այսաւր երգակցեալ նոցին առաքելոցն

Եւ դասք կուսանացն գովեն ըզմայր կուսիցն:

 

Այսաւր փոխադրեալ ի զգայական բնութեանց

Զմարմինըն մաքուր յիմանալեաց կայանս:

 

Այսաւր ցընծութիւն երկնաւորաց դասուց

Համամաքրենի Կուսին երթեալ յերկինս:

 

Այսաւր շնորհեցաւ բըժըշկութեանց պարգեւս

Պատկեր Տիրամաւրն լուսազարդեալ յերկնից:

 

Այսաւր երգս առեալ գոչեմք եւ մեք ձայնիւ.

-Կուսական տաւնիւս Երրորդութեանըն փա՜ռք:

 

ԿԲ ՓՈԽ

 

Անարատ տաճար եւ առագաստ լուսոյ,

Մայր անհարսնացեալ Աստուածածին միշտ կոյս,

 

Զքեզ նախատեացըն գուշակեալ ցուցին

Ծառ կենաց ի մէջ աստուածատունկ դրախտին:

 

Զքոյդ Աբրահամու ի խորանին լըւեալ

Աւետեաց ծընունդ ի ծնիցելոյ Բանէն:

 

Զքեզ Մովսէս անկէզ ի մորենին տեսեալ

Եւ սափոր ոսկի՝ մանանայիւ լըցեալ:

 

Զքեզ Եսայիաս կոյս յըղացեալ ծանոյց,

Տումար անքընին եւ ամպ թեթեւագին:

 

Զքեզ դուռըն փակեալ՝ Եզեկիէլ եցոյց,

Լեառըն վիմածին զքեզ Դանիէլ ետես:

 

Քեզ Գաբրիելի ի կատարումն եկեալ,

Աւետեաց ձայնիւ զուրախութիւն գոչէր:

 

Դու զանտանելին յորովայնի տարար

Եւ ծընար մարմնով զառ ի Հաւրէ ծընեալն:

 

Դուռն արեւելեան Աղին դրախտին բացող

Եւ արեգականն արդարութեան ծագող։

 

Զքեզ այսաւր Որդին քո միածին եկեալ,

Փոխադրեալ դասեաց ի յերկնային խորանսն:

 

Հիացեալ տեսին իմանալեացըն դասքն

Մարմին հողեղէն վերասլացեալ յերկինս:

 

Քեզ առ ի պատիւ ընթանային յառաջ՝

Գունդք սերովբէից թեւասքաւղեալ գոլով:

 

Զքեւ քառակերպիցըն հոյլքն ակումբ առեալ,

Սպասաւորէին հրեշտակական երամքն:

 

Դու ի յերկնաճեմ յաստուածակերտ խորանսն

Զանազան փառաւք պայծառացեալ մըտեր:

 

Զքեզ առաքելոցըն գովէին գումարք,

Եւ դասք կուսանացն՝ հըրճուողական ձայնիւ:

 

Քեզ այսաւր տանեն եկեղեցւոյ մանկունք

Եւ խոստովանին. «Աստուածածին միշտ կոյս,

 

Լո՛ւր պաղատանաց յուսացելոցս ի քեզ

Եւ լե՛ր բարեխաւս առ միածին Որդիդ:

 

Ծո՛ւնը առ ի խոնարհ ընդ հաշտութեան մերոյ

Կըրկնեա՛, մայր կենաց, կամեցողին բարեաց:

 

Աղբիւրս արտասուաց ընդ փրկութեան մերոյ

Բըղխե՛ա յորդառատ, մարդասիրին ծընող,

 

Սուրբ զեկեղեցի անշարժ պահել յաւէժ,

Եւ զհաւատացեալքս անփորձ մընալ ի սմա:

 

Եւ ի գալըստեան մեծի ծագման լուսոյդ

Մըտցուք յառագաստ ընդ իմաստուն կուսանսն

 

Արժանաւորիլ ընդ անմարմնոց դասուցն,

Փառս վերահընչել Երրորդութեանըն միշտ»:

 

Աղբյուրը՝ Ներսես Շնորհալի, Տաղեր և գանձեր, Երևան, 1987:

Art 365

13.08.2022

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.