• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հրանտ Մաթևոսյանը Հովհաննես Թումանյանի մասին

Հրանտ Մաթևոսյանը Հովհաննես Թումանյանի մասին

      Ինչպես գրականության ու արվեստի, մշակութային, հասարակական կյանքի շատ ու շատ երևույթների մասին, Հովհաննես Թումանյանի մասին Հրանտ Մաթևոսյանի խոսքը  ճշգրիտ, բյուրեղացած ու հյութեղ է: Թումանյանի գործին, կերպարին ու գրականությանը, Մաթևոսյանը վերադառնում ու վերադառնում է տարբեր առիթներով, ամեն անգամ կարծես փորձելով թե՛ խոսք ու գրի միջոցով նորովի բացահայտել ու հասկանալ բանաստեղծի մեծությունը, թե՛ ապրումակցել նրան, թե՛ հարգանքի տուրք մատուցել: Գուցե երեքն էլ միաժամանակ: Մաթևոսյանի Թումանյանը անբաժան է հայ ժողովրդից, միաժամանակ կանգնած է բարձր ու գտնվում է խորքում՝ անհասանելի վայրերում, որտեղ մեր մեծերից քչերն են հայտնվել: Իմաստության բարձունքների այդ  վայրերն անհասանելի են թվում, սակայն կարող են բացվել մարդու առջև, եթե լինի դրանց հետ առնչվելու ցանկությունը, սերը և ձգտումը լինել ավելին քան կաս:

 

  • «Նրա կյանքն, այո, նույնությամբ կրկնում է իր ժողովրդի հիսնամյա կյանքը, բայց նրա գործն արդեն կրկնությունն է իր ժողովրդի բոլոր դարերի ոլորտների կյանքի՝ առասպելների ժամանակներից մինչև գալիք դարեր: Քաոսի մեջ կանգնած՝  նա ինքը հստակությունն էր, ինչի որ ասում էր եղիր՝ հստակվում ու լինում էր մեկընդմիշտ: Իր հավերժի ճամփորդի նման (ես գիտեմ, որ այնտեղ հավերժի ճամփորդ չէ, խորհրդավոր ծերունի է), իր հավերժի ճամփորդի նման ինքը անցնում է մարդկանց այս երկրով և ուր ոտք է դնում՝ հայոց տարածություններ ու ժամանակներ են բացվում, հայկականության կնիք է դրվում բնության, կենդանիների, մարդկանց ու դեպքերի վրա»:

 

  • «Թումանյանից առաջ մենք ամեն ինչ ունեինք և ոչինչ չունեինք, ինչպես որ աստվածային Բանից առաջ ամեն ինչ կար և ոչինչ չկար: Մենք հող ու հայրենիք, բարեկամ և թշնամի, ջանք ու տառապանք, խինդ ու ծիծաղ և անգամ հազարամյա մշակույթ ունեինք՝ բանարվեստի, զարդարվեստի, երգարվեստի մի ամբողջ լեռնաշխարհ, որի վերընթացն իզուր էր լինելու, եթե չպսակվեր իրենով՝ Արարատով: Մաքուր վաղորդայնի պես, որպես մաքուր վաղորդայն՝ Թումանյանը ցողվեց այդ ամենի վրա, փռվեց, սփռվեց, բացեց, բացահայտեց այդ ամենն ու իրեն այդ ամբողջի մեջ և հավաքեց այդ ամբողջը իրենով ու իր շուրջը: Այդպես մեկ էլ հայրենիքն է իմաստ ու նշանակություն տալիս իր մեծուփոքրի ջանքին, իր կենդան ու անկենդան գոյին»:

 

  • «Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով՝ և այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է: Առանց Թումանյանի՝ այդ եզերքը մերը չէ, այլև մենք այդ աշխարհի առջև կանգնած ենք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով»:

 

  • «Այնքան լոռեցի՝ որ թվում է, թե նա համազգային էլ բանաստեղծ չէ, այնքան հայկական՝ կարծես նեղ ազգային-կենցաղագիր, վաղածանոթ՝ որպես մեր պապերի խորհուրդները, առարկայական՝ կավի ծանրությամբ՝ հյուսված ամբողջությամբ առարկայից ու շարժումից, իմաստասիրության տարրն իսկ չունեցող նրա գրականությունը մի հոյակապ ճախր է համազգային, համաշխարհային մտքի օլիմպիական բարձունքներում։ Դա գեղարվեստի անթերին է և իմաստասիրության էլ անթերին, որովհետև իմաստասիրություն է գեղարվեստի հուժկու թևերով»։

Աղբյուրը՝ http://www.hrantmatevossian.org/ կայք

Art 365

23.03.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.