• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հովհաննես Գրիգորյան. դեկտեմբերյան այն գիշեր...ավերված քաղաքի պարիսպների տակ

Հովհաննես Գրիգորյան. դեկտեմբերյան այն գիշեր...ավերված քաղաքի պարիսպների տակ

Ծնունդով գյումրեցի Հովհաննես Գրիգորյանի՝ 1992 թ. հրատարակված «Հրեշտակներ մանկության երկնքից» և 1996 թ. հրատարակված «Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուներում և հետագա շրջանի գրքերում, ի թիվս այլ բանաստեղծական մոտիվների, շատ են նաև անդրադարձները 1988 թ. աղետալի երկրաշարժին: Ավերակ դարձած սևավոր, ուրվականներով լցված քաղաքի պատկերները հանգիստ չեն տալիս բանաստեղծությունների հերոսին և անընդհատ վերադառնում են՝ միավորելով անձնական ու ազգային ողբերգությունները: Մանկության քաղաքի կործանման ցավը տարիների հետ ոչ միայն չի ամոքվում, այլև զուգորդվում է ժամանակի կորստի, տիեզերական անարդարության, բանաստեղծական ամլության, գոյության անհնարինության մոտիվներին: 

 

Նոր ժամանականեր

 

Նորից ավերակների քաղաքում…

Վհատ ուրվականներ,

որոնք թափառում են խարխուլ ու փոշոտ երկնքի տակ:

Անխուսափելի հանդիպումներ հին ընկերների հետ,

շատերն առևտուր են անում, բայց ինձ հետ

խոսում են Վելասքեսի մասին: Մեկն իր

անձնական գրադարանն էր վաճառքի հանել,

և մայթի բազրիքին շարած գրքերի արանքում

չհասցրեց թաքցնել` տեսա նաև իմ գրքերը, որոնք

ժամանակին նվիրել էի նրան…Բացեցի առաջին

էջերը. խունացած մակագրություններ, ծանոթ

ձեռագրով. «Հարազատ ընկերոջս… սիրով` Հովհ.Գրիգորյան»

…Գոնե սրանք ջնջեիր,- ասացի

Չէ,- մեղավոր ժպտաց,- այդպես ավելի լավ են վաճառվում……

Յոթվերքից տարածվեցին ղողանջներն իրիկնամուտի

և ես գնացի թափառելու փողոցներով, ցատկոտելով

գերեզմանաքարերի արանքում,

իսկ բոլոր շիրմաքարերի վրա մակագրված էին.

«Հարազատ ընկերներիս…սիրով` Հովհ. Գրիգորյան…»

 

Վերջին խոսք

 

Կարծում եք, հե՞շտ է ապրել,
երբ քաղաքն ուր ծնվել ես – չկա,
իսկ դու շարունակում ես ապրել:
Կարծում եք, հե՞շտ է հիշել,
երբ մոռացումն է փրկություն – չկա,
իսկ դու շարունակում ես հիշել:
Կարծում եք, հե՞շտ է քնել,
երբ աչքերդ արցունքով են լցված,
երբ ուրախ պատկերները հիմա
տեսնում ես միայն երազում –
կարծում եք, հե՞շտ է արթնանալ…

 

Ում ինչ է թվում

 

Ինձ թվում է, որ շուտով բոլոր օրերը կանցնեն
և միայն դուդուկը կխոսի և մենք բոլորս կլռենք,
որովհետև հնարավոր չէ խոսել,
երբ կոկորդդ լցված է արցունքով:
Ինձ թվում է, որ շուտով,
շատ շուտով կանցնեն բոլոր հնարավոր օրերը:
Եղևնիներից կկախվեն գունավոր խաղալիքներ
և մի աղջնակ ուրախ ոտանավոր կարտասանի
հենակների վրա ճոճվելով և զարմացած կնայի
մեր տխուր դեմքերին, որովետև հնարավոր չէ ժպտալ,
երբ աչքերդ լցված են արցունքով:
Ինձ թվում է, որ վերջում կմնա միայն մի օր:
Համընդհանուր ջերմության ընդամենը մի օր:
Արևոտ ու տաք օր, անտանելի շոգ օր և կեսօրին
կհալվեն սառած սրտերը իրար ետևից
և ջուրը հետզհետե կբարձրանա, և ջրի տակ կմնան
բարձրահարկ շենքերը, լեռները կիսամաշ
և կլինի ջրհեղեղը վերջին
և ջրի տակ կմնանք բոլորս, որովհետև
հնարավոր չէ ապրել,
երբ աչքերդ լցված են արցունքով,
երբ արցունքով է լցված կոկորդդ…

 

Մի-մի բաժակ օղի խմեցինք

 

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար,
հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս
գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և երեխաների համար,
ինքը, հասկանալի է, չէր կարող` ի՜նչ կնոջ գործ է
գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը
քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,
և ոչ էլ դուդուկը. – Չէ, –
հանկարծ ասաց կինը,- մի փոսը
հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,
թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,
չվախենան հանկարծ…
…Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը
շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած
սրտերով կանգնել էինք նրա կողքին և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
որը պիտի շատ երկար լիներ…

 

Դեկտեմբերյան այն գիշեր

 

…Դեկտեմբերյան այն գիշեր դու արտասվեցիր
քաղաքի պարիսպների տակ` չթաքցնելով
արցունքներդ, ինչպես տարիներ առաջ, երբ
հայրդ հրաժարվեց ապրել այս աշխարհում:
Դեկտեմբերյան այն գիշեր` ծալվող ծնկներով,
պարիսպների տակ կանգնած – ես չգիտեի,
մեծ ցավը միայնակ չի գալիս:
Ես էլ էի արտասվում բոլորի հետ: Իսկ հետո,
օրեր և ամիսներ հետո, երբ չարչարվում էի
ու ոչինչ չէի կարողանում գրել, հասկացա,
որ իմ ամենակարևոր բառերն արտասվել եմ
ավերված քաղաքի պարիսպների տակ…

Art 365

07.12.2022

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.