• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Խենթն» ու նրա որդին. Բայազետից՝ Բաշ-Ապարան

«Խենթն» ու նրա որդին. Բայազետից՝ Բաշ-Ապարան

«Խենթ» Վարդանը

 

     «Խե՜նթը... ձայն էին տալիս ամեն կողմից քրդերը, և հավաքվելով նրա շուրջը ստիպում էին կրկնել իր երգը:

Եվ իրավք այդ մարդը խենթ էր, կամ գոնե այսպես ձևացնում էր իրան: Նա հագնված էր այն կերպով, որպես հագնվում են մեզ մոտ լարախաղացների օգնականները, որոնց կոչում են «տակի մասխարա» և որոնք լարի ներքևում զանազան տեսակ խեղկատակություններով ծիծաղեցնում են հանդիսականներին: Նույնը անում էր և այդ խենթը: Նա մի բարձրահասակ երիտասարդ էր վայրենի դեմքով. գլխին դրած ուներ հին թաղիքի կտորից անշնորհք կերպով կարած մի երկայն գդակ, որ վերջանում էր քառանկյունի ձևով, և յուրաքանչյուր անկյունից քարշ էին ընկած մի-մի փոքրիկ զանգակներ, որոնք նրա ամեն մի շարժմունքից զընգզընգում էին և աններդաշնակ ձայներ էին հանում: Երեսը մրոտած էր կոշկաներկով, որի վրա զանազան ուղղությամբ քաշված էին զանազան գույներով գծեր, — կարմիր, դեղին, կապույտ և այլն: Բացի գդակից, ամբողջ հագուստը մի կտորից էր բաղկացած. դա զինվորի քրքրված մի վերարկու էր, որի մեջ փաթաթված էր նա բոլորովին մերկ մարմնով: Մեջքը պնդած էր մի թոկի կտորով, որ գոտիի տեղ էր ծառայում: Ոտքերը բոբիկ էին, ոտնամաններ չուներ...»:

 

 

Շատերը գիտեն, որ հայ մեծ վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոս Վարդանը, որը մեծ քաջությամբ ու հնարամտությամբ, կարողանում է դուրս գալ պաշարված բերդից ու օգնություն բերել, իրական նախատիպ ունի՝ Սամսոն Տեր-Պողոսյանը: Նրա  հետ Րաֆֆին հանդիպել է 1878 թ. մինչ վեպը գրելը՝ Վաղարշապատում, անձամբ նրանից լսել  սխրանքի պատմությունը: Սակայն քչերին է հայտնի հերոսի կյանքի մանրամասներն ու հետագա ճակատագիրը:

 

Սխրանքն ու գնահատումը

 

Սամսոն Տեր-Պողոսյանի պապի՝ Տեր-Հովհաննեսի ընտանիքը Արևելյան Հայաստան է գաղթել 1828 թվականին Կոգովիտ գավառի Արծափ գյուղից և հաստատվել Արագյուղում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Տիրապետել է հայերենին, ռուսերենին, քրդերենին, թուրքերենին: Սամսոն Տեր-Պողոսյանը կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին,  և ինչպես նկարագրվում է «Խենթը» վեպում, հայտնվել է շրջափակման օղակի մեջ գտնվող  Բայազետ բերդում: Խենթ ձևանալով՝ նա կարողացել է շրջանցել թուրքաքրդական պաշարման օղակն ու օգնության կանչել ռուսական ուժերին:Այս հնարամիտ ու խիզախ քայլի շնորհիվ  Գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի «Ոսկե խաչ» շքանշան, հարյուր քսան կիսաիմպերիալ դրամ: Իր սխրագործության համար նա ամեն ամիս, մինչ մահը, ստացել է հարյուր քսան ռուբլի թոշակ, ինչպես նաև ազնվականի տիտղոս և դա ժառանգաբար փոխանցելու իրավունք:

 

 

Նոր ծրագրեր 

 

Հետագայում՝ 1895-1898 թվականներին, Արևմտյան Հայաստանի ազատագրության նոր ծրագրեր են մշակվում, և Դաշնակցությունը որոշում է մարդկանց ոգևորությունը մեծացնելու համար այդ գործին ներգրավել նաև այդ ժամանակ արդեն հայտնի ու սիրված Սամսոնին: Սամսոնը պետք է իր խմբով անցներ Արևմտյան Հայաստան ու զինված պայքար սկսեր, իսկ Դաշնակցությունը պարտավորվում էր նրան տրամադրել 100 հրացան՝ 200-ական փամփուշտով և հոգալ գիմնազիայում սովորող նրա որդու ուսման ծախսը: Այդ արշավանքը չի հաջողվում,  իսկ  Ս. Տեր-Պողոսյանը շարունակում է ծառայությունը ռուսական բանակում: Նա  կատարում է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, մասնակցում է Բայազետի շրջակա գյուղերը թուրքական ավազակային խմբավորումներից մաքրելու աշխատանքներին:

 

 

Դպրոցի հիմնումը

 

Ծառայությունն ավարտելուց  հետո վերադառնում է  Հայաստան և աշխատում պետական հիմնարկներում: Հայրենի Արագյուղում 1890 թվականին ռուսական կառավարության իրեն հատկացված գումարով  հիմնում է  դպրոց և մինչև  կյանքի վերջ՝ 1911 թվականը, վճարում ուսուցիչների աշխատավարձը: Սամսոն Տեր-Պողոսյանը մահացել է Էջմիածնում 1911 թ. ամռանը: Հերոսը թաղվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում: Գերեզմանին դրվել է տուֆից տապանաքար, որի վրա փորագրված էր «Խենթ» և «Վարդան» բառերը: Հետագայում Ամենայն Հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսի նախաձեռնությամբ տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից տապանաքար:

 

«Խենթի» հերոս որդին

 

Հերոսի որդին՝ Արսեն Տեր-Պողոսյանը նույնպես գնացել է հոր հետքերով: Սովորել է Սանկտ Պետերբուրգի կադետական կորպուսում: Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և միացել ազգային-ազատագրական շարժմանը: Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ մասնակցել բազմաթիվ մարտերի: 1907 թ. Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելիս, Արաքսի անցումի մոտ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և բանտարկվել Կարսի բերդում: Սամսոն Տեր-Պողոսյանի՝ որդուն ազատելու փորձերը արդյունք չեն տալիս: Տղան դատապարտվում է 7 տարվա ազատազրկման և 1908 թ. աքսորվում Սիբիր: Աքսորից հետո վերադարձել է Հայաստան 1917 թ.:

 

1918 թ-ի մայիսի 17-ին Արամ Մանուկյանի հրամանով ապարանցիներից կազմված պահապան ջոկատով Արսեն Տեր-Պողոսյանը ուղարկվում է Ապարան՝ այս ուղղությամբ թուրքերի հավանական հարձակման դեպքում գավառի պաշտպանությունը կազմակերպելու և դեպի Երևան թուրքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: 1918 թ. մայիսի 17-22-ը Ապարանի գավառամասի պետ Սեդրակ Ջալալյանի, շրջանի հոգևոր հովիվ Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանի հետ նախապատրաստական մեծածավալ աշխատանք է իրականացնում Ապարանի և հարևան շրջանների բնակչության շրջանում աշխարհազոր կազմակերպելու, դիրքավորվելու, գավառում խուճապի մթնոլորտը ցրելու ուղղությամբ: Ապարանի  գյուղերից հավաքագրվում է շուրջ 700 գյուղացի, որոնք Արսեն Տեր-Պողոսյանի ղեկավարությամբ մայիսի 22-23-ին մղում են Ապարանի պաշտպանության մարտերը, և աշխարհազորայինների միջոցով փակում Երևան արշավող թուրքական դիվիզիայի ճանապարհը: Հետագա օրերին նույնպես Արսենը հմտորեն ղեկավարում է  չորս հազարից ավելի աշխարհազորայիններին և կարողանում ետ մղել թշնամուն: Երբ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարում է անկախ պետություն, Ապարանի ռազմաճակատում այդ մասին դեռ չգիտեին և կռիվը շարունակվում էր: Հետագայում մարտավարության հարցերի շուրջ Արսեն Տեր-Պողոսյանն ընդհարվում է Դրոյի հետ և մեկնում Կ. Պոլիս:

Արտասահմանում

 

Մասնակցում է 1918 թ. սկսված հույն-թուրքական պատերազմին: Ցուցաբերած ռազմական հմտության, կազմակերպական բարձր կարողությունների  համար հունական բանակի ղեկավարության կողմից արժանացել է գնդապետի կոչման: Հունաստանի Կոստանդին թագավորը նրան պարգևատրել է շքանշանով: Հույն-թուրքական պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հայաստան և կրկին ծառայության անցել ռազմականացված ոստիկանությունում: 1920 թ. դեկտեմբերին կնոջ՝ Մարգարիտայի հետ անցել է Թիֆլիս, ապա` հեռացել արտասահման: 1935 թվին նրան Հայաստան վերադառնալու առաջարկ է արել եղբայրը՝ Խորհրդային Հայաստանի նախկին ֆինանսների նախարար Վասակ Տեր-Պողոսյանը, որն այդ ժամանակ պաշտոնավարում էր Անդրֆեդերացիայի ֆինանսների նախարարությունում: Բայց Հայաստան գալ չի հաջողվում: 1938 թ․ ծանր վիրահատության է ենթարկվում, որի ժամանակ մահանում է: Մահից առաջ կտակում է մարմինը հողին հանձնել մայր հողում: Սակայն թաղվել է Բուխարեստի հայկական գերեզմանոցում:

Նյութերը տրամադրեց՝ Մարիետտա Կարապետյանը 

Աղբյուրը՝ Մ.Կարապետյան, Տոհմի ուժը, Երևան 2016:

 

 

Art 365

25.05.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.