• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Թորոս Տարոնացու գունագեղ աշխարհը

Թորոս Տարոնացու գունագեղ աշխարհը

Բուսական ու երկրաչափական զարդեր: Կենդանիների իրական ու երևակայական պատկերներ: ժողովրդական արվեստի ու բանահյուսության արձագանքներ: Մանրանկարիչը լսում է արտաքին աշխարհից եկող ձայները, ձգտում արձանագրել դրանք և Ժողովրդական ավանդապատումները  վերաիմաստավորումներով հայտնվում են ձեռագրի էջերին...

 

1282 թվական,  գարուն: Վայոց Ձոր են հրավիրվում քրդերի հարձակումներից  Քաջբերունիքում ապաստանած  Մշո Սուրբ Առաքելոց վանքի ուսումնականները՝ ուսուցչապետ Ներսես Մշեցու  գլխավորությամբ:  Վայոց Ձորի Պռոշյան իշխանները ուսյալ հոգևորականներին տրամադրում են Գլաձորի վանքը, որտեղ Ներսես Մշեցին իր սաների հետ  ձեռնամուխ  է լինում Գլաձորի  համալսարանի կազմավորմանը: Ի թիվս այլ գիտնական-վարդապետերի, այդտեղ է հաստատվում գրիչ, տաղասաց ու մանրանկարիչ Թորոս Տարոնացին:

Ներսես Մշեցին և Եսայի Նչեցին, Ավետարան, 1323, Մատենադարան, մանրանկարիչ Թորոս Տարոնացի

 

Գլաձորի մանրանկարչական դպրոցի երեք նշանավոր ներկայացուցիչներից մեկը` Թորոս Տարոնացին ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի վերջից մինչ 14-րդ դարի կեսերը: Գլաձորի համալսարանում աշակերտել է ուսուցչապետ Եսայի Նչեցուն: Համալսարանին կից գրչատան մանրանկարչական դպրոցում էլ կատարել է առաջին նկարազարդումները:

Եսայի Նչեցի, 1318, մանրանկարիչ՝ Թորոս Տարոնացի

 

Մեզ է հասել Թորոս Տարոնացու` 1307-ից մինչ 1346 թվականները Գլաձորում և Սյունիքի տարբեր գրչատներում նկարազարդած 24 ձեռագիր: Դրանցից 10-ը պահվում են Մաշտոցյան Մատենադարանում: Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը` 1307-ին նկարազարդած և Սուրբ Ղազարի մատենադարանում պահվող «Եսայի Նչեցու Ավետարանն» է:

Թորոս Տարոնացու մանրանկարչական արվեստը բնորոշվում է տեղական` Սյունիքի նկարչական ավանդների  և կիլիկյան մանրանկարչական  ոճերի հմուտ համադրությամբ: Նա  չի նմանակում ազդեցիկ կիլիկյան մանրանկարիչներին, այլ ստեղծում է պատկերների ու խորհրդանշանների սեփական աշխարհը: 

 

1318 թվականին նկարազարդած Ավետարանը Գլաձորի մանրանկարչական դպրոցի գլուխգործոցն է համարվում:  Ավետարանը զարդարված է առավելապես կանոնիկ նկարներով: Հին կտակարանն ու Գործք առաքելոցը զուգորդված են փոքրիկ պատկերներով, որոնք արտահայտում են համապատասխան հատվածների ամենաէական դրվագները կամ հիմնական  գաղափարները:

 

 

Բացառիկ են խորանները:  Գլաձորի դպրոց վարպետները կիլիկյան խորանապատկերները վերափոխել են` դարձնելով առավել զարդային և դեկորատիվ:  Խորանները նաև մասամբ պարզեցվել են: Կանոնիկ դետալներիը` սյուները, կամարները, ուղղանկյուն գլխազարդերը, համալրվել են ծառերի, բույսերի, թռչունների ու կենդանիների հարուստ պատկերներով:

 

Տարոնացին նկարազարդել է պատկերային շարքի բոլոր հիմնական թեմաները` «Ավետում», «Մկրտություն», «Ծնունդ», «Ոտնլվա», «Խաչելություն»:  Ձեռագիր մատյանի բոլոր դրվագները նկարազարդելու կամ զարդանախշելու ձգտումը հիշեցնում է կիլիկյան ավանդույթը: Գեղեցիկ ու վառ գույների մեջ են 1323 թվականի Աստվածաշնչում  ներկայացվում Ավետումն ու  Տյառնընդառաջը:

 

Ավետման հայտնի պատկերում կերպարները զուսպ են, ուշադիր: Հրեշտակը տիրական է,  Մարիամը խոնարհությամբ ընդունում է ավետիսը: Նկարը գեղեցիկ նախշազարդ երիզներ ունի, որոնք մի հատվածում խախտվում են և ավետաբեր հրեշտակի թևերը դուրս են գալիս նկարից:   

Հետաքրքիր է Տարոնացու դիմանկարի ու ինքնանկարի արվեստը: Կերպարները ընդգծված են, շարժումները՝ ազատ ու անկաշկանդ: Գրեթե բոլորը խոնարհ են` արտահայտիչ աչքերի միջով դուրս հորդող ներքին լույսով: Ավետարանիչներն ուրախ են՝ վեհ հանգստության մեջ:

 

 

Թորոս  Տարոնացու արվեստում մեծ տեղ է գրավում Աստվածամոր կերպարը: Հաջողված են «Տիրամայրը մանկան հետ» պատկերի բազմազան տարբերակները, որոնք հաճախ հանգրվանում են լուսանցքներում և անվանաթերթերի վերին հատվածներում:

 

«…բարեմիտ և քաղցրատեսակ…., լցեալ ամենայն իմաստությամբ ևս առավել գրականությամբ ու ծաղկողությամբ»,-այսպես է բնութագրում մանրանկարչին նրա ժամանակակից Մխիթար Երզնկացին:

      Մանրանկարչի ձեռքը դիպչում է մագաղաթին… բնությունը կենդանանում է, բազմագույն ու բազամաձև բույսերը ծաղկում են, թռչունները սկսում են երգել, կենդանիները զրուցում են: Մանրանկարիչը լսում է երգն ու արձագանքում զրույցներին: Գրիչը նորից է դիպչում մագաղաթին և իրական բնության կողքին նոր ու հրաշալի աշխարհներ են ստեղծվում` նույնքան շարժուն ու կենդանի, ինչպես Թորոս Տարոնացու գրիչը: 

Թորոս Տարոնացի, ինքնանկար

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Աղբյուրներ՝ Ա. Ավետիսյան, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Երևան, 1971:

Սիրարփի Տեր-Ներսեսյան, «Գլաձորի րաբունապետ Եսայի Նչեցու դիմապատկերները»(թարգմ. Խ.Հարությունյան), www.armenianart.org

Art 365

13.01.2022

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.