• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Անձինք նուիրեալք. Սուրբ Հռիփսիմյանց կույսերը

Անձինք նուիրեալք. Սուրբ Հռիփսիմյանց կույսերը

Հայ ժողովրդի սիրելի սրբերից են Հռիփսիմյան կույսերը՝ Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն և նրանց ընկերները: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի, ընդհանուր թվով 70 կույս, որոնցից 37-ը նահատակվում են Վաղարշապատում: Ըստ ավանդության  Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով Հայաստան եկած սրբակենցաղ կույսերը, այստեղ հալածանքների են ենթարկվում արդեն Տրդատ  թագավորի կողմից, ապա նահատակվում անդավաճան մնալով իրենց ուխտին: Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն և մյուս կույսերը դարեր շարունակ եղել են քրիստոնեությանը անմանցորդ նվիրվածության ու անխախտ հավատի օրինակ: Նրանց վարքն ու պատմությունը եղել է ոգեշնչման օրինակ, հետագայում և մինչ օրս էլ նրանց բարեխոսությանն են ապավինում հավատացյալները: Կույսերի նահատակությունից հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նրանց մասունքներն ամփոփում է  տապաններում ու թաղում  նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին: Հետագայում՝ 618 թվականին  Սուրբ Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը կառուցում է հոյակերտ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին,  որտեղ էլ գտնվում է  սրբուհու տապանը։ Սուրբ Գայանյանց կույսերի նահատակության վայրում էլ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը կառուցում Սուրբ Գայանե վանքը: Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի գրիչին է պատկանում նաև հայ միջնադարյան գրականության ամենաուշագրավ ստեղծագործություններց մեկը՝ Անձինք նուիրելաք շարականը: Շարականը մեր բանաստեղծության առաջին ակրոստիկոսն է և կազմված է 36 տնից, որոնք սկսում են մեր այբուբենի տառերով: Ներկայացնում ենք շարականի բնագիրն ու Գեղարդ երգչախմբի կատարումը: 

 

Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի,
Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք,
Ի պարծանըս ձեր բարձրացեալ տոնէ
Մայր Սիովն դըստերօքըն իւրովք։

Բարբառք երկնաւորք լըցին զերկիր,
Քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս,
Ողջակէզք բանաւորք և զոհք փըրկութեան
Եւ որոջք անարատք ընծայեալք աստուծոյ։

Գեղեցկութիւնք մարմնաւոր պայծառութեան ձերոյ
Յիմարեցոյց զթագաւորն և պակեան հեթանոսք
Ի գեղ սքանչելի աստուածատուր կուսանացըն.
Տարփացեալ զուարթունքն ընդ մարդկան տօնեցին։

Դարձեալ վերստին արարչագործ զօրութեամբ
Եւ դարձեալ եդեմ աստուածատունկ զարդարի,
Քանզի ծառըն կենաց տընկեցաւ ի դրախտին,
Բերելով մեզ պըտուղ զերանելին Հռիփսիմէ։

Երկունք մահաբերք անիծիցըն լուծան,
Եւ Ադամ վերըստին աստուածակերպ ճոխանայ,
Փոխանակ Եւայի՝ դըստերք նորա.
Մարտիրոսք և կուսանք ընծայեալք աստուծոյ։

Զօրք հրեշտակաց ընդ մարդկան տօնեցին,
Եւ կանայք ի յերկինս գըրեցան զինաւորք,
Կուսութեամբ ընդ մահու պատերազմեալք յաղթեցին,
Խաչակից լինելով կուսածին արարչին։

է՜ զարմացումըն և ի վեր քան ըզհրաշըս
Խորհըրդոց և բանից հրեշտակաց և մարդկան,
Քանդի Էնըն աստուած ամենազօր զօրութեամբըն
Խոնարհեալ տեսանէր ըզհանդէս կուսանացըն։

Ընկերք միամիտք մարմնական կենցաղոյս,
Նախատակք հաւասարք և հոգւով միացեալք,
Միաբան ընթացեալք ի տեղի ճակատու
Զինեցան հաւատով և կացին յանդիման։

Թուլացան կորովիք հաստաձիգ աղեղանց,
Եւ տըկար կանայքըն վառեցան զինու,
Թագաւորն պերճացեալ զօրութեամբ և փառօք
Ի մանուկ ի կուսէն պարտեալ ամաչէր։

Ժողովեալ բազմութեան ազգաց և ազանց,
Ոչ զօրէին առ մի նահատակ,
Քանզի հասեալ ի թիկունըս աներևոյթ օգնութիւնն,
Խորտակեաց յայտնապէս ըզգաղտնի պատերազմըն։

Ի վերայ միոյ պատուական մարգարտի,
Խաղացին ցընծալով ամենայն հեթանոսք,
Արևմուտք յարևելըս ընթացեալըք հասին
Քարոզել յայտնապէս ըզչըքնաղ տեսութիւն։

Լուան թագաւորք և լըցան խընդութեամբ,
Որսալ յանձն առին ըզգաղտնի մեծութիւնն.
Պարգևել իրերաց խոստանային բանիւք
Եւ ծածուկ հընարիւք գողանալ ի միմեանց։

Խորհուրդ հոգևոր յըղութեանցըն յայտնիւր,
Եւ երկունք փըրկութեան աշխարհի ճեպէին.
Քանզի կամըք վերին հրամանին քաղցրացեալ,
Իջուցին ի վերուստ ըզպարգևս փըրկութեան։

Ծընան կուսանք ազգըս բազումըս
Եւ մարըք՝ մանկունք զհրապարակըս ծերոց,
Ի գիրկըս սըրբութեան աղօթից և պահոց
Աճեցին հաւատով զարգացեալք ի Քրիստոս։

Կանայք պատուականք քաղաքաւ և ազգաւ,
Վաճառականք առատք անյայտ մարգարտին,
Եղին զանձինըս գրաւականըս բաղմաց
Եւ եղեն փըրկանք անծանօթ աշխարհին։

Հռիփսիմէ՛, մեծ խորհուրդ և անուն ցանկալի,
Ընտրեալ ի յերկրի և դասեալ ընդ հրեշտակըս.
Եղեր օրինակ սըրբութեան կուսանաց
Վարդապետութիւն արանց արդարոց։

Ձեզ նմանիլ կարօտին ամենայն հոգիք
Միացեալք սըրբութեամբ և սիրոյն Քրիստոսի,
Զի մահուամբ ձերով մեզ ճանապարհ հորդեցիք
Ելանել ամենայն մարդոյ առ աստուած։

Ղեկավարըք ճարտարք հոգևոր հըմտութեամբ,
Թեթևաբեռն մարմնով և մըտօք սըլացեալք,
Ընդ երկայն ասպարէզս ծովածուփ կենցաղոյս
Անվընաս նաւեցիք և հասիք առ Քրիստոս։

Ճըշմարիտ որթոյն Քրիստոսի շառաւիղք
Եւ ողկոյզըք ճըմլեալք երկնաւոր մըշակին,
Կոխեցայք ճըգնութեամբ ի հընձանըս ձեր,
Զի ուրախ լինիջիք անմահական բաժակաւըն։

Մերժեցին ըզկարիս մարմնական կենցաղոյս,
Զի ծանեան եթէ երազ է և սուտ պաճուճանք,
Ոչ հեշտացան ի գըրգանըս փափկութեան,
Իմացան եթէ սընոտի է անցաւոր մեծութիւնս։

Յանդաստանս հոգևորս աղօթից և պահոց,
Վաստակեայըք յուսով զամենայն ժամանակըս,
ժուժկալեալք փորձութեանց և պէս պէս լըլկանաց
Եւ եղեալք ժառանգորդք անթառամ պըսակին։

Նախանձելի յօրինեցին զառագաստ կուսութեան
Նոր նորոգեալ արեամբ և հըրով մատնեցին
Զանձինըս սուսերաց և ջահից, և անշէջ
Լապտերօքն հետևեալ մըտին յառագաստ։

Շինուածք երկնաւորք ի յերկրի հաստատեալք
Եւ արձանք լուսեղէնք ի յերկինըս կանգնեալք.
Ինքեանըք ելին և այլոց ցուցին
Զճանապարհս ցանկալի զվերին Երուսաղէմի։

Ո՜վ զգաստութիւն իմաստուն կուսանացն,
Որոց ոչ յաղթեաց յեղգութիւն և քուն,
Այլ արթունք և պատրաստք մընալով երկրնաւոր հարսանեացըն,
Զի մըտցեն ի յառագաստ անմահ փեսային։

Չունի ոք ի նոսա անուն չարութեան
Եւ ոչ նախատինըս յիմար կոչելոյ,
Քանզի միով պընդութեամբ հոգւով արութեան
Միաբան քաջացան առ հասարակ ցընծասցեն։

Պարակցեալք քաջազէն բըռնութեամբ ի յերկրէ
Ի յերկինս տարադէմ գընացին փախըստեայք.
Ինքեանըք ելին և մեզ ուսուցին
Բազում նեղութեամբ մըտանել յայն հանգիստն։

Ջերմեռանդն աղօթիւք և սիրովն առ աստուած
Հայցեցին ըզհընարս փըրկութեան,
Բառնալով ըզխաւար դիւապաշտ մոլութեանց յաշխարհէ,
Պայծառացեալք լուսովըն, որ ի հօրէ ծագեցաւ:

Ռահըս յոլովըս առաքինութեան յայտնեցին
Որդւոց մարդկան վերանալ յաշխարհէ
Անստերիւր հոգևորակա՜ն վարուք ելանել
Ի բանակս երկնաւորս անմարմին հրեշտակացըն։

Սոքա են քարինք սուրբք հիմնեցեալք ի յերկրի,
Զոր կանխաւ տեսեալ գուշակեաց մարգարէն.
Ի նոյն ի նիւթոյ շինեցաւ կաթուղիկէ եկեղեցի,
Բարձրացեալ փառօք ի պարծանըս խաչին։

Վասըն ձեր, երանեալ նահատակք,
Զօրըք հրեշտակաց անմարմին զուարթնոցըն
Ի յերկնից ի յերկիր հեղան, և մարդիկք
Խառնեցան ի գունդըս զինուորաց Քրիստոսի։

Տօնեսցուք ստուգութեամբ ի հընձանըս նոցունց,
Զի արբեալք լիցուք անմահական բաժակաւըն,
Քանզի բաշխեն ըզբժշկութիւն հոգւոց և մարմնոց
Եւ զպարգևըս երկնաւորս սիրողաց իւրեանց։

Րաբունւոյն հրամանաւ աներևոյթ ազդմամբ
Յարևմըտից յարևելըս եկեալ հասին,
Զի լուսով հրեշտակական վարուք կուսութեան
Փարատեցին ըզխաւար դիւապաշտ մոլութեանցըն։

Ցընծութեամբ տօնեսցուք զյիշատակըս նոցունց,
Զի և նոցին հաղորդիցուք փըրկութեան.
Խընդրելով յարարչէն ըզպարգևս երկնաւորս
Եւ դասիլն ընդ նոսին ի յարկսըն լուսեղէն։

՚Իիւծեալք մաշեցան յուսացեալք ի մեծութիւն,
Եւ կանայք վեհազինք գերազանցեալք յաղթեցին,
Բուրվառք ոսկեղէնք հրով հոգւոյն վառեցան,
Ջահազգեցեալք ի Քրիստոս և դասեալք ընդ հրեշտակըս։

Փառաց ի փառըս բարձրացեալ՝ պարծին
Ի պատիւ և ի փառս երեսուն և եօթեանքն,
Քանզի այս է թիւ երանեալ կուսանացըն,
Որք անթառամ պսակեցան յանվախճան յաւիտեանն։

Քեզ, որ ցընծութիւնդ ես, Քըրիստոս աստուած,
Եւ ուրախութի՜ւն ամենայն արդարոց,
Քաղցրասցին վասըն մեր աղաչանք սըրբոցըն,
Շնորհելով զթողութիւն մեր բազում յանցանացն։

Art 365

06.06.2023

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.