Նախընրտական թոհ ու բոհն իր տեսանելի ու անտեսանելի ընթացքներով, քաղաքական հղումներով, սակայն փիլիսոփայական ընդհանրացումներով պոեզիայի նյութ է դառնում Արմեն Շեկոյանի «Անտիպոեզիա» (2000 թ․) ժողովածուում և նրա այլ գրքերում։ Մասնավորապես այս գրքի «Նախընտրական բուկլետ» շարքը բացվում է այսպիսի պարոդիկ բնաբանով․
Ընտրեք ինձ ,
և ձեր հոգիները կթեթևանան
Շարքը սկսվում է կենսագրական անդրադարձներով, ինչպես բնորոշ է նախընտրական բուկլետներին, ընթանում ժամանակի քաղաքական անցուդարձների արձագանքներով, ապա ընդհանրանում ընտրության գաղափարի բանաստեղծական-փիլիսոփայական իմաստավորմամբ։ Ի՞նչ է ընտրությունը, ո՞ւր է այն մարդուն կամ երկիրը տանում և, ի վերջո, կա՞ արդյոք ընտրություն։ Ներկայացնում ենք Արմեն Շեկոյանի «նախընտրական» բանաստեղծությունների մի փունջ։
ՀԵՐԹԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ
Ընտրություններ, որոնց դարձյալ
ես չեմ մասնակցում:
Կոխ է, փույթ չէ դարձյալ, թե ով
և ում կկոխվի
(հեչ Սովետի քանդվելով
կյանքս չփոխվեց,
ուր մնաց թե՝ նախագահի
փոխվելով փոխվի):
***
Էլի շփոթ է հայոց պնակում,
Ու սրտիկն էլի հանգիստ կյանք չունի:
Էլի ճգնում են նույն ժամանակում.
վրդ. Կոմիտասն և ընկ. Փանջունին:
ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ
Սպառեցի ինձ իմ դերի մեջ:
Իմ հին շորերն են դեռ իմ հագին:
Լխկել է արդեն իմ փուչ հոգին
այս քաղաքական ջրերի մեջ:
Տեր՝ իմ ամեն ինչ տարբերակող,
փչացրեցի քո տվածն անգին:
Կարո՞ղ ես փրկել իմ փուչ հոգին
մեծամասնական տարբերակով:
ՆԱԽԿԻՆՆԵՐ ՈՒ ՆԵՐԿԱՆԵՐ
Դուք մոտիկ եք իրարու,
բայց հեռու եք իրարից:
Ձմեռ լինի, թե գարուն՝
դուք կառչած եք իրարից:
Դուք հեռու եք իրարից,
բայց մոտիկ եք իրարու:
Եվ կապ չունի հիրավի՝
է՞գ եք արդյոք, թե՝ արու:
Դուք կառչած եք իրարու,
բայց հեռու եք իրարից:
Դուք մոտիկ եք իրարու,
զի կառչած եք իրարից:
Մի՛ նեղսրտեք, դիմացեք՝
կառչած այդպես անդադար:
Գործն է անմահ, իմացե՛ք,
որ խոսվում է դարեդար:
ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Նրանք ՀՅԴ-ում ՀՀՇ-ին են ծառայում,
նրանք ՀՀՇ-ում ՀՅԴ-ին են ծառայում,
նրանք Երևանում Մոսկվային են ծառայում,
նրանք Մոսկվայում Վաշինգտոնին են ծառայում,
նրանք Վաշինգտոնում Իսրայելին են ծառայում,
նրանք Իսրայելում սատանային են ծառայում
և միակը,
միակը,
միակը,
ում նրանք չեն ծառայում,
իրենց Հայրենիքն է:
ԳՆՉՈՒԱԿԱՆ ՄԵՂԵԴԻ
Փողոցներում եմ իմ խոկը խոկում:
Ես հայոց միջի միակ գնչուն եմ:
Եվ չեմ տրտնջում ու չեմ բողոքում,
զի բողոքելու իրավունք չունեմ:
Ճակատագիր է սա հույժ կամավոր:
Ինձ ոչ քծնում են, ոչ նշավակում:
Ոչ ոք չի ընտրում ինձ պատգամավոր:
Ոչ ոք նախարար չի նշանակում:
կամավոր ընկա այս համակ թախտից:
Այս համակ վարդից քաղեցի լոկ փուշ:
Եթե հադգնեմ բողոքել բախտից,
Լյուբոյըդ կարա ինձ ասի՝ ապո՛ւշ:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պրծավ. քեզ արդեն չեն կարող փրկել
ոչ Որդին, ոչ էլ հերը՝ Եհովան:
Կշարունակես պիղծ երգեր երգել,
որ քեզպեսները երգերդ գովան:
Գողականները դառան դեպուտատ՝
Աժ տանելով իրենց կուռ վաշտը:
Դեռ ինչքա՜ն պիտի խփվես պատեպատ,
որպեսզի լցվի դատարկված դաշտը:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Դեպուտատները ելքը չգտան:
Մեջս մի տեսակ վախ կա ու դողոց:
Ոչ լույսի վարձն եմ մուծել, ոչ էլ՝ տան:
Ո՞նց տանը նստեմ: Ո՞նց դուրս գամ փողոց:
Դրսում ոչ կյանք կա, ոչ էլ՝ կարգին ձյուն:
Քունքս խուտուտ է գալիս ահավոր:
Հիմա՛, հենց հիմա՛ ես հասկացա, որ
միայն զենքով կա հային փրկություն:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ-1700
Գործի ենք գցել մեր շարժիչը
ու շարժըվում ենք գիշեր ու զօր:
Ատելությունն է մեր շարժիչը՝
մեր ուղեկիցը հանապազոր:
Անզուսպ ատում ենք թալանողին,
իսկ թալանվողին՝ առավել ևըս:
Եվ այպանում ենք կալանողին,
կալանավորին՝ առավել ևըս:
Ատում ենք նաեւ բողոքավորին,
իսկ գոհացողին՝ առավել ևըս:
Ատում ենք նաեւ պատգամավորին,
բոյկոտողներին՝ առավել ևըս:
Ատում ենք մենք մեր զինվորականին,
կղերականին՝ առավել ևըս:
Ատում ենք նաև մեր շինականին,
առևտրականին՝ առավել ևըս:
Մեր հարևանն է մեր թշնամին,
մեր բարեկամը՝ առավել ևըս,
մեր թշնամին են ցուրտն ու քամին,
շոգն ու արեւը առավել ևըս:
Եվ մենք ազգովի մեր կյանքն ենք ատում,
մեր ճակատագիրն՝ առավել ևըս:
Ատում ենք հստակ՝ քնած թե արթուն,
քնած ժամանակ՝ առավել ևըս:
Լուսանկարի բնօրինակը՝ www.aravot.am կայքից։