Ապրիլի 22-ին նշվող Երկրի օրը (Earth Day) 20-րդ դարի երկրորդ կեսից վերածվել է ոչ միայն բնապահպանական նախաձեռնության, այլև դարձել մշակութային և գաղափարական կարևոր իրադարձություն։ Երկրի օրը նշելու անհրաժեշտությունը ծնվել է արդյունաբերության զարգացման հետևանքով խորացող բնապահպանական ճգնաժամի սպառնալիքներից և ժամանակի ընթացքում դարձել է մի օր, երբ մարդկությունը հնարավորություն ունի տարբեր միջոցներով անդրադառնալու մարդու և բնության հարաբերությանը, փնտրելու բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհներ։ Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունի գրականությունը, քանի որ այն ոչ միայն արտացոլում է բնությունը ուղղակի նկարագրությունների մակարդակում, այլև ձևավորում է նրա ընկալման ձևերն ու նրա հետ մարդու հարաբերության կերպերը։ Համաշխարհային գրականության մեջ բնությունը երբեք չի սահմանափակվել միայն պարզ նկարագրություններով․ ծառը, ծաղիկը, սարը, քարը, գետերը, լճերը, կենդանիները գրական մեծ ստեղծագործություններում հաճախ գործողությունների միայն լուռ վկաներ չեն այլ որոշակի գործառույթներ ունեցող խորհրդանիշեր, երբեմն նույնիսկ լիրիավ գործող անձեր։Դարերի ընթացքում գրողները բնությանը վերագրել են տարբեր դերեր՝ աստվածային կարգից մինչև քաղաքակրթության ճգնաժամի ազդանշան։ Այս համատեքստում Երկրի օրը կարելի է դիտարկել նաև որպես լավ առիթ ընթերցողների համար՝ վերադառնալու և գոնե այսօր վերընթերցելու այն ստեղծագործությունները, որտեղ բնությունը ներկայանում է իր ամբողջ էությամբ՝ գեղեցկությամբ, մարդու հանդեպ հոգատարությամբ ու վտանգավորությամբ, ներդաշնակությամբ ու անկանխատեսելիությամբ։ Ստորև ներկայացնում ենք հայ ու համաշխարհային գրականության հինգ գործ, որոնք մեզ կրկին դեպի բնություն կտանեն։
1. Հենրի Դեվիդ Թորո, Ուոլդեն կամ կյանքն անտառում (Walden)
Անգլիացի գրող, փիլիսոփա, նատուրալիստ Հ․ Դ․ Թորոյի այս գիրքը համաշխարհային գրականության այն հիմնարար գործերից է, որտեղ բնությունը դառնում է ոչ միայն թեմա, այլև կենսափիլիսոփայական փորձառության տարածք։ Թորոն պատմում է իր երկու տարվա ինքնամեկուսացման մասին Ուոլդեն լճի ափին։ Այստեղ հերոսը փորձում է ապրել հնարավորինս պարզ և ինքնաբավ կյանքով։ Այս փորձը գրքում վերածվում է մարդու և բնության հարաբերության խորքային վերաիմաստավորման։ Բնությունը հանդես է գալիս որպես մի միջավայր, որտեղ մարդը կարող է ազատվել սոցիալական պայմանականություններից և վերագտնել իր ներքին հավասարակշռությունը։ Թորոյի համար անտառը ոչ թե փախուստ է իրականությունից, այլ իրականության առավել մաքուր և անկեղծ ձև, որտեղ բացահայտվում են գոյության հիմնական օրենքները։ Այս գործը կարևոր է նաև այն պատճառով, որ այն նախանշում է հետագա բնապահպանական մտածողության հիմքերը՝ առաջարկելով ապրելակերպի մի մոդել, որը հիմնված է չափավորության և բնության հետ ներդաշնակության վրա։

2․ Էռնեստ Հեմինգուեյ, Ծերունին և ծովը (The Old Man and the Sea)
Հեմինգուեյի այս նշանավոր վիպակը ներկայացնում է ծեր ձկնորս Սանտյագոյի և ծովային տարերքի, նրա և մեծ ձկան զարմանալի էպիկական բախում։ Ծովը միաժամանակ և՛ վտանգավոր է, և՛ գեղեցիկ, և՛ անխուսափելիորեն անհրաժեշտ մարդու գոյության համար։ Սանտյագոյի պայքարը մեծ ձկան հետ վերածվում է ոչ թե հաղթանակի կամ պարտության պատմության, այլ մարդու արժանապատվության հաստատման։ Բնությունը այստեղ չի ենթարկվում մարդուն, այլ գործում է իր սեփական օրենքներով, և հենց այդ օրենքների ճանաչումն է, որ ձևավորում է հերոսի ներքին ուժը։ Էկոքննադատության դիտանկյունից այս ստեղծագործությունը կարևոր է, քանի որ այն ցույց է տալիս մարդու և բնության հարաբերության բարդությունը՝ բացառելով պարզ հակադրությունը և առաջարկելով փոխադարձ հարգանքի և սահմանների գիտակցման գաղափար։

3․Ջեկ Լոնդոն, Նախնիների կանչը (The Call of the Wild)
Ջեկ Լոնդոնի այս հայտնի վեպի հերոսը շուն Բակին է, որը Կալիֆոռնիայից տեղափոխվում է Ալյասկայի և աստիճանաբար վերագտնում իր նախնական բնազդները։ Վեպը բացահայտում է, թե որքան հարաբերական են մարդու ստեղծած մշակութային սահմանները, երբ դրանք բախվում են բնության ուժին։ Բնությունը այստեղ ներկայացվում է որպես փորձության տարածք, որտեղ գոյատևում են միայն նրանք, ովքեր կարողանում են հարմարվել նրա օրենքներին։ Միաժամանակ Ջ․Լոնդոնը ցույց է տալիս, որ այս վերադարձը դեպի «վայրի» վիճակ ոչ թե անկում է, այլ որոշ իմաստով ինքնության վերականգնում։ Այս գործը կարծես հարցականի տակ է դնում մարդակենտրոն աշխարհընկալումը և ընդգծում կենդանական աշխարհի ինքնուրույնությունը։

4․ Հրանտ Մաթևոսյան, Ահնիձոր
Հրանտ Մաթևոսյանի գրեթե ամբողջ ստեղծագործությունը կարելի է քննել և ներկայացնել էկոքննադատության, բնապահպանական խնդիրների բարձրացման տեսանկյունից։ Սկսած դեռևս իր առաջին ակնարկից՝ «Ահնիձորից», իր տարբեր ստեղծագործություններում մեծ գրողը ներկայացնում է մարդու և բնության բարդ հարաբերությունները, պետության միջամտությունն այդ հարաբերություններին, այդ միջամտության կործանարար ազդեցությունը բնական միջավայրի ու մարդկանց կյանքի վրա։
«Ահնիձոր» ակնարկը գրել եմ վաթսուն թվականին, «Տերը» կինովիպակը՝ ութսունին: Երկուսն էլ նույն բանն են ասում: Կարծում եմ, դեռ ուսանող՝ ասելիքս գտած եմ եղել, և նյութը այս քսան տարում չի փոխվել, գնալով բացահայտվել ու մեծացել է: «Մենք ենք, մեր սարերը» վիպակը փաստորեն կրկնել է «Ահնիձոր» ակնարկի ասելիքը: Այնտեղ «Արջը» վերնագրով մի հատված կա տեղի բնակչի և անտառի «եղբայրության» մասին, տեղի բնակիչն իրեն երկրի տեր է զգում, հետո բացահայտում է, որ իր անտառի, իր արջի, իր գյուղի առջև իր վիճակն այլ է, խորթության ու թշնամանքի երանգ է մտնում նրա և բնության միջև: Նյութս և ասելիքս, ոչ, չեն փոխվել, ծավալվել ու խորացել են և այդ ընթացքում հաճախ, ինչպես, օրինակ, «Տաշքենդ» («Անձրևած ամպեր») վիպակում, այրական դաժանություն է պահանջվել մարդու և մարդկանց, մարդու և բնաշխարհի միջև կատարվող կործանարար փոփոխություններին նայելու համար:
5. Անահիտ Ավագյան, Լեռան գագաթին արևը մոտ է
2024 թվականին լույս տեսած այս վեպում Սյունիքի մարզի և Շաքիի գյուղի ու համանուն ջրվեժի պատկերումով, հեղինակը ի թիվս սոցիալական, քաղաքական և շատ այլ խնդիրները, բարձրացնում է նաև մարդու աղետալի ու անհաշվենկատ գործունեության հետևանքով բնական միջավայրի ոչնչացման, ներդաշնակության խաթարման հարցերը։ Այս խաթարումն էլ ըստ հեղինակի հանգեցնում է համաշխարհային գլոբալ փոփոխությունների՝ համաճարակներ, պատերազմներ, կործանվող կյանքեր։ Ա․ Ավագյանը հորդորում է մարդկանց ազնիվ, բարեխիղճ ու հոգատար վերաբերվել մարդկանց ու բնությանը, իսկ բնությունը, ինչպես դարեր շարունակ, այսօր էլ անպայման վարձահատույց կլինի։
Լուսանկարը՝ Վահե Աղամյանի
