Գրեթե կենդանի էակ՝ հսկա, վիրավոր, բայց չընկճվող դևի կերպարանքով, որի «կոշտ մեջքին» ու «բաց գլխին» հասցված հարվածները չեն կարողանում վերջնականապես ոչնչացնել նրան։ Ոչ միայն բռնության, խավար անցյալի ու ողբերգական ներկայի, այլև գոյատևման ուժի խորհրդանիշ․ այսպես է տեսնում ու նկարագրում Երևանի բերդը Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում։
Բերդը որպես կերպար Խ․ Աբովյանի համար հատկապես կարևոր է, որովհետև այն դառնում է Հայաստանի բազմադարյա պատմության մարմնացումը։ Գրողի հայացքը Երևանի բերդի բարձունքից ուղղվում է ամբողջ հայոց աշխարհի վրա՝ Հայկից ու Բելից մինչև Արա Գեղեցիկ, Տիգրան Մեծ, Տրդատ, Վարդան Մամիկոնյան, Վռամշապուհ, Բագրատունիներ ու Ռուբինյաններ։ Սա պատմական հերոսակն դեմքերի ու հիշողությունների պատահական թվարկում չէ․ այն բերդի ավերված ներկային հակադրությունն է հայոց անցյալի պետականության, ռազմական ուժի, մշակույթի և հոգևոր ու քաղաքական ինքնուրույնության հիշողությունը։
Առավել ցավալի է այն, որ բերդը դեռ կանգուն է, բայց վաղուց չկա այն աշխարհը, որի պաշտպանության ու ինքնիշխանության համար կառուցվել է բերդը։ Սակայն վեպի այս պատկերում այն միայն պարտության նշան չէ, այլ նաև հարատևության։
Բերդի պատկերը հիշեցնում է, որ պատմությունը միայն կորուստների կամ փառավոր անցյալի մասին չէ։ Այն նաև այն մասին է, թե ինչ է ժողովուրդը կամ հասարակությունը կարողանում պահպանել, վերաիմաստավորել և փոխանցել հաջորդ սերունդներին։ Աբովյանի համար բերդի պատերը, Զանգվի ընթացքը և հայոց պատմության հիշողությունը միավորվում են մեկ մեծ պատկերում՝ վիրավոր, բայց դեռ կանգուն Հայաստանի կերպարում։
Ներկայացանում ենք Խ․Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի այս տպավորիչ հատվածը՝ Արսեն Սարգսյանի ժամանակակից արևելահայերեն փոխադրությամբ։
Լեռ քարափի վրա, ցից գլուխը բարձրացնում, հանդարտ նայում է հազար գլխանի դևի պես, Երևանի հազար տարեկան
քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով պատված, պարիսպներով ամրացված, սուր–սուր ատամները գլխին շարած, հինգ մետրաչափ հաստ պարսպով երկու տակ բռնած, մի ոտքը Կոնդում, մի ոտքը Դամուրբուլաղի գլխին դրած, մի բերանը հյուսիս, մեկը հարավ բացած, չորացած գլուխը երկինք ցցած, լայն փեշերը երկրում փռած, անամոթ երեսը կոկած, սվաղած, հազար բույն, հազար պատուհան աչքերը դես ու դեն չռած, զույգ ճանկերով Զանգվի քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը գրկած, կրծքին սեղմած՝ անմազ, անլեզու, մարդակեր բերդն ու դեղնած երեսը հեռվից ծածկում, ագահ աչքերը գետնին հառում, որ միամիտ տեսնող ավելի շուտ խաբի, ավելի հեշտ իր ծոցը քաշի, որ միանգամից անձայն, անշշուկ կուլ տա, ոչնչացնի:
Արդյո՞ք խորամանկ, խաբեբա պարսիկները շինեցին, թե՞ կատաղի, անհաշտ օսմանցի թուրքերը նրա հիմքը դրեցին, անհայտ է, ոչ գիր կա, ոչ տարեթիվ: Նրա պատմությունը խավարի մեջ է, մարդ ճիշտը չգիտի, չի լսել: Բայց հազարավոր ժամանակներ անահ, անվախ, պինդ երեսը լիրբ գազանի պես դեմ տված, որքան հրացանի գնդակ, թնդանոթի արկ էլ նրա կոշտ մեջքին, նրա կակուղ կրծքին, նրա բաց գլխին դիպան, ոչ մի բան չազդեց նրա վրա, նրան օգուտ չտվեց: Կորցրած թևերը, ջարդված ոսկորներն էլ նորից պնդացրած՝ գլուխը բարձրացրեց, դարձյալ շունչ առավ, կանգնեց, ուղղեց ուսերը, ոլորեց, սարքեց ու վերստին սպառնալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հետ խաղացողի թուլությունը, փոքրոգությունը, անզորությունը, հիմար հանդգնությունը ծաղրելով, ծիծաղելով, ծափ տալով՝ ծայրին կանգնեց, մատը ցցեց այս հողաշեն, այլ ոչ քարաշեն բերդն ու խենեշ դեմքով, իր կոտրած ոտքերը Զանգու գետի բերանը խցկելով` մնաց տեղում նստած:
Զանգու գետը, որ գիշեր–ցերեկ անքուն, անդադար, գժված, կատաղած՝ նրա բաց կրծքին, նրա անիրավ սրտին իր պլոկած ջրի անբերան թրով, քարի ուրագով հատում էր, զարկում, բայց տեսնելով, թե չի կարողանում իր վրեժն առնել, նրան քանդել՝ գոռալով, գանգատվելով, կականով ու ողբով, քիչ–քիչ ձայնը ներս էր գցում ու մունջ–մունջ դեմքը փակում, Զանգիբասարի ծոցն է մտնում ու հույսը կտրած, սիրտը կոտրած՝ տխուր դես ու դեն ցրվում, ցնորվում ու հազար բարիք, հազար պտուղ և արդյունք տալով, բաշխելով՝ ճամփան մոլորում, կորչում ու չի կարողանում գոնե իր սիրուն քրոջը՝ Արաքսին մի լուր տանի, որովհետև Երևանի ծարավ, կարոտ բնակիչները նրա ճամփան բռնում–կտրում, նրան սիրով գրկում, իրենց մեջ, իրենց հանդն են տանում, որ նրա սուրբ, կաթնահամ ջրով իրենց այրված սրտերը հովացնեն, իրենց դառը քրտինքը նրանով լվանան ու նրա տված բերքով, պտուղներով իրենց գլուխը պահեն, ապրեն:
Երևանի բերդը, Հայաստանի հողը, հազար տարի շարունակ դարձել էր գողի և ավազակի բնակարան: Այն հողը, այն հիանալի աշխարհը, որտեղ որ Դրախտն էր եդեմական, ուր Աստված, ամբողջ աշխարհը ջրհեղեղով երբ կործանեց, հայոց սուրբ Մասիս սարը միայն արժանի համարեց, որ Նոյյան Տապանը նստի ու հայոց երկրից նորից մարդկությունը բազմանա և ուրիշ երկրներ էլ կառուցեն, շինեն: Այն սուրբ հողը, ուր անպարտելի Հայկն անաստված Բելի չար մտքին հակառակվելով, իր ընտանիքը, իր քաջ, պատվական զորքը հավաքեց, եկավ ու Հայաստանի զարմանալի սարերի, սիրուն դաշտերի տեսքով հիացած, զմայլված, Զանգվի դրախտանման ձորը, Զանգվի փրփրադեզ, անահ ջուրը, Երասխի մարմանդ ծոցը, Մասիսի և Արագածի–Ալագյազի երկնանման գագաթները, Սևանի շրջակա ծաղկափթիթ ձորերն ու սարերը տեսնելով՝ իր նիզակը ցցեց և իր սուրբ անունով Հայաստան կոչեց ու Բելի անհոգի մարմինն իր նետ ու աղեղին մատաղ արեց:
Այն սուրբ տեղը, ուր երբ Շամիրամը աշխարհ տիրելով ոչ մի տեղ չգտավ այն պատկերը, որն իր սիրտն էր ուզում ու մեր հրեշտականման Արայի գեղեցիկ տեսքին կարոտ՝ զորք ժողովեց, եկավ, որ եթե նրա սուրբ սիրտն արցունքով, սիրով չգրավի, ուժով նրան գերեվարի, որ գուցե նրա սուրբ շունչն իր դեմքին դիպչի ու մեռած ժամանակն էլ նրա մարմինն իր առջևը դրած՝ գիշեր–ցերեկ սգում էր, որ կամ նա կենդանանա, կամ ինքը նրա ոտքերի տակ հոգին տա: Այն աշխարհը, ուր Զարմայր Նահապետը Հեկտորի կողմն անցավ ընդդեմ Աքիլլեսի, Պարույրն Արբակի հետ Սարդանապալին այրեց–ոչնչացրեց, Տիգրանը՝ Կյուրոսի հետ Աժդահակի հոգին առավ, Վահեն Դարեհ Կոդոմանի հետ Ալեքսանդր Մակեդոնացու ճամփան ուզեց փակի, Վաղարշակ Պարթևն իր եղբայր Արշակի ոտքն իր երկրից կտրեց ու Հայաստանի համար կարգ ու կանոն սահմանեց, նախարարներ հաստատեց:
Տիգրանը՝ արքայից արքան, ասորիների աշխարհն իր ձեռքի տակ հավաքեց ու կարթագենյան հսկային՝ Հաննիբալին զորապետին, իր մոտ հրավիրեց: Այն աշխարհը, որտեղ քաջահաղթ Տրդատը Հռոմին իր քաջությամբ և իմաստությամբ զարմացնելուց հետո եկավ, իր հայրենական հողին տիրեց և ալանների ու պարսիկների շունչն ու ոտքը կտրեց: Այնտեղ, ուր Որդին Աստծո երևաց ու Սուրբ Լուսավորչին՝ Իջման տեղի կերպը լույսով ցույց տվեց: Այնտեղ, ուր Վարդան Մամիկոնյանը և նրա ընտիր Վահան եղբայրը անօրինակ քաջությամբ, որ աշխարհը դեռ չէր տեսել, իրենց օրենքն ու սուրբ եկեղեցու պատիվն արյամբ գնեցին: Այն տեղը, ուր Վռամշապուհն ամբողջ աշխարհի լուսավորությունը և իմաստությունն իր կողմը գրավեց, իր երկիրը բերեց: Այն ընտիր աշխարհը, ուր Ռուբինյանները, Բագրատունիներն իրենց հազար թշնամու ձեռքով անտեր մնացած Հայրենիքը նորից գերեզմանից հանեցին, նորից նոր հոգի տվեցին: Այն օրհնյալ հողը, ուր ասորեստանցիները, պարսիկները, հոները, ալանները, մակեդոնացիները, հռոմեացիները, արաբները, օսմանցիները ջրհեղեղի պես եկան, հարյուրավոր ազգ և աշխարհ ոտնակոխ արեցին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատնեցին, որտեղ սար չի մնացել, որ արյուն չտեսնի, քար չի մնացել, որի տակ մարդ չլինի սպանված ու մեր հարևան հարյուր ազգերն այնպես են հողի հետ հավասարվել, կորել, որ այսօր ոչ նրանց շունչը կա, ոչ անունը, բայց Հայոց սուրբ ազգը, անհաղթելի Հայկի որդիներն իրենց կյանքը, թագավորությունը, մեծությունը, փառքը, իշխանությունը, զորքը կորցնելուց հետո տեսան, թե այս աշխարհակործան ջրհեղեղին, այս գազան ազգերին, որ մեկը մյուսի ոտքից ճոլորակ՝ ուր որ կամենում էին գնալ՝ Եվրոպա թե Ասիա, Հայոց հողով պետք է անցնեին, չեն կարող դիմանալ, աչքերը երկինք հառեցին, գլուխները գոգները դրեցին ու հազար թրի տակից, հազար կրակի միջից՝ սիրտ սրտի տված, հոգի–հոգով միաձույլ, մինչև այսօր էլ իրենց գլուխը, իրենց սուրբ հավատը, իրենց սուրբ օրենքն այն վեհանձնությամբ պահպանեցին, որի օրինակն աշխարհում ոչ եղել է, ոչ կլինի:
Աղբյուրը՝ Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի, Երևան, Զանգակ, 2022։