Ինչպես Եվրոպայում, միջնադարյան Հայաստանում նույնպես արհեստագործության զարգացմամբ պայմանավորված, զարգանում են նաև
«ծածուկ արվեստները», մասնավորապես ալքիմիան։ Այս գիտության կամ արվեստի զարգացումը Հայաստան մուտք է գործում արաբական աշխարհից։ Հայ միջնադարյան ձեռագրերում ալքիմիկոսները կոչվում էին «աքսիր շինողներ» (15-րդ դ.), «քիմիականք» (16-րդ դ.), իսկ ալքիմիական ձեռագրերը ՝ «Վկայական գիր», «Աքսիրի գիրք», «Քիմիական գիրք»: Հիմնականում մետաղների հետ կապված այս արհեստի տեխնելոգիան պահվում էր խսիտ գաղտնի, փոխանցվում հորից՝ որդուն, կամ ամենամոտ ազգականին։
Ալքիմիական ձեռագրերը ներկայացնում են ոչ միայն կեղծ արծաթ կամ ոսկի ստանալու ձևերը, այլև նկարագրում կենցաղում պիտանի նյութերի ստացման եղանակներն ու տարբեր քարերի, քիմիական նյութերի դասակարգման ուշագրավ սկզբունքներ։ Ընդ որում, այդ նկարագրությունները հաճախ կատարվում էին գաղտնագրերով ու ծածկագրերով՝ յուրահատուկ գաղտնի այբուբենով, որը շատ դժվար է վերծանել։ Մասնավորապես, ուշագրավ է ալքիմիայի մեջ օգտագործվող նյութերի դասակարգման եղանակը։ Այսպես, ի թիվս դասակարգման այլ սկզբունքների, ձեռագրերում նյութերը բաժանվում են չորս մեծ խմբի․
1. Անասունք — այն բոլոր նյութերը, որոնք կենդանական ծագում ունեն:
2. Բույսք- նյութեր, որոնք բուսական ծագում ունեն:
3. Մեռեալք — նյութեր, որոնք կենդանական և բուսական ծագում չունեն։
4. Ժողովք — նյութեր, որոնք բաղադրյալ են:
Էլ ավելի խորհրդավոր է հաջորդ դասակարգումը, ըստ որի նյութերը բաժանված են 2 մեծ խմբի՝
1․Նյութեր, «որք ունին յինքեանս հոգիս», այսինքն՝ հոգի ունեցող։
2․Բոլոր այն նյութերը, «որ ոչ ունին հոգի»՝ հոգի չունեցող։
Հոգի ունեցող նյութերը, որոնք հոգի, այսինքն ըստ միջնադարյան պատկերացումների շունչ ունեն, այն տարրերն էին, որոնք կրակի ազդեցությամբ ցնդում են, կամ գոլորշիանում: Ձեռագրերից մեկում այս մասին նշվում է․
«Իսկ որ ի կրակէ փախչի և թռչի, նա հոգի է, զի մարմինն հող է և ծանր, և հոգին անաւսր է և հողմ»:
Հոգի ունեցող նյութերը 7 տեսակ են՝ սնդիկ, նաշատիր, մկնդեղ (զառիկ)՝ դեղին և կարմիր, ծծումբ՝ սովորական և կարմիր:
Սնդիկը շնչերի կամ հոգիների շարքում միշտ առաջինն է հիշատակվում: Նաշադիրը համարվում է երկրորդ հոգին, որը հայտնի է եղել 2 կերպով:
Զառեկը (մկնդեղ) մեկ կամ երկու տեղ է գրավում, իսկ ծծումբը հոգիների մեջ համարվում է վերջինը: Ծծումբը համարվում է ոսկու հետ առնչվող նյութ։
Իսկ ոսկին, արծաթը, պղինձը, կլայեկը և արճիճը կոչվել են մարմին նյութեր, այսինքն՝ անհոգի:
«Եւ գիտացիր զի մարմինքն հինգ են, այսինքն՝ ոսկին, արծաթն, պղինձն, կլայեկն և արճիճ, որք անուանին ի փիլիսոփայից ըստ անուանց աստեղաց վասն խորհրդաբար համեմատ բնութեանց իւրեանց և սակս չհասկանալոյ անարժանից»:
Ոսկին ալքիմիկոսների նպատակն էր, ամենաբարձր նյութը, որին ձգտում են մյուս նյութերը, սակայն այն ստանալը դժվար էր։ Ձեռագրերում բավականաչափ նկարագրվում էին այն բոլոր միջոցները, որոնցով հնարավոր է արծաթ ստանալ։ Պղինձը նույնպես համարվում էր ոսկի ստանալու միջոց։ Կլայեկը կապվում էր արծաթի հետ։
Դժվար է ասել, արդյո՞ք հայ ալքիմիկոսներին հաջողվել է այս նյութերի համադրությամբ ոսկի ստանալ, սակայն դրա համար նախատեսված խորհրդավոր միջոցներն ու ծածկագրված գաղտնի գիտելիքները պահպանվել են հայկական ձեռագրերում։
Աղբյուրը՝ Կ․ Ղաֆադարյան, Ալքիմիան պատմական Հայաստանում, Երևան, 1940։