Արևմտահայ եղեռնազոհ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձեռագրերը երկար ու չարչարանաց ճանապարհ են անցել մինչ Հայաստանում հայտնվելը․ անցնելով Թուրքիա-ԱՄՆ-Մարոկկո հետագծով՝ դրանք, իր վերջո, Հայաստան են հասնում 1960-ական թվականներին։ Ուշագրավ է, որ այս գործին իր մեծ մասնակցությունն է ունենում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։
1915 թվականին մեծ բանաստեղծի ձերբակալության ժամանակ, ոստիկանությունն իր հետ է տանում է նաև նրա ձեռագրերը։ Վարուժանի կինը՝ Արաքսի Թաշճյանը, մեծ դժվարությամբ ու կաշառքով կարողանում ետ բերել այդ ձեռագրերը, որոնք հետագայում իր հետ տանում է Միացյալ նահանգներ։ Ավելի ուշ այդ արխիվի մի մասը Վարուժանի այրին թողնում է զավակների մոտ՝ ԱՄՆ-ում, իսկ մյուս մասը՝ իր հետ տանում Մարոկկո՝ Կասաբլանկա։ Արաքսի Թաշճյան-Աբիկյանի մահից հետո ձեռագրերը մնում են Ժ․Աբիկյանի մոտ։

Վարուժանի ժառանգները՝ Վերոն, Արմեն և Հայկ Վարուժանները 1963 թվականի ամռանը իրենց մոտ եղած արխիվը մի փոքրիկ արկղով ուղարկում են Երևանի գրականության և արվեստի թանգարան։
Արաքսի Թաշճյանի մահից հետո անորոշ է մնում Կասաբլանկայում գտնվող արխիվի ճակատագիրը։ 1966 թվականի գարնանը գրականության և արվեստի թանգարանի մի աշխատակցի հաջողվում է հասնել Կասաբլանկա և հանդիպել Ժ․ Աբիկյանի հետ։ Պարոն Աբիկյանը համաձայնում է ձեռագրերը Հայաստան փոխադրել, սակայն դրանք ապահով տեղ հացնելու համար խնդրում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի միջնորդությունն ու պատասխանատվությունը։
Վեհափառ հայրապետը սիրահոժար և մեծ ուրախությամբ համաձայնում է կազմակերպել մեծ բանաստեղծի արխիվի տեղափոխությունը։ 1968 թ. Նյու Յորքում նա հանդիպում է Դանիել Վարուժանի դստեր՝ Վերոն Վարուժան-Սաֆրասյանի հետ, ապա առանձին պատվիրակ գործաղում Փարիզից Կասաբլանկա, որն էլ ստանում է արժեքավոր ձեռագրերը։ Նույն թվականի հուլիսին Վարուժանի արխիվը վերջապես հանձնվում է Գրականության ու արվեստի թանգարանին։
Վեհափառ Հայրապետի միջնորդությամբ ձեռք բերված նյութերն են․ Վարուժանի ձեռագիր տետրը՝ «Ցեղին սիրտը» և «Հեթանոս երգեր» ժողովածուների 58 բանաստեղծություններով, տասնյակի հասնող անտիպ գործեր՝ բանաստեղծի վաղ շրջանի ստեղծագործություններից, «Արմենուհի» պոեմի ինքնագիր մի տարբերակ։ Բացի այս տարբեր նյութեր բանաստեղծի՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտական շրջանից։
Աղբյուրը՝ Գոհար Ազնավուրյան, Էջեր Դանիել Վարուժանի գրական
ժառանգության պատմությունից, Էջմիածին, 1968, Ժ։