1951 թվականին է լույս է տեսել արձակագիր Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» վեպը։ Պատանի բնասերների հետաքրքրաշարժ արկածների, հայրենի բնության հանդեպ մեծ սիրո և, իհարկե, չքանաղ Սևանի մասին պատմող այս ուշագրավ ստեղծագործությունը թարգմանվել է տարբեր լեզուներով, խորհրդային շրջանում հրատարակվել ավելի քան երկու միլիոն տպաքանակով։ Վեպը հայ գրականության մանկապատենական առաջին գիտաարկածային գիրքն է։ Ժանր, որի կարիքը այսօր էլ զգում են պատանի ընթերցողները։ Սակայն, բացի հետաքրքրաշարժ պատումը, հեղինակը նրբորեն անդրադառնում է Սևանի ու շրջակա գյուղերի խնդիրներին, բնապահպանական կարևորագույն հարցերի։ Այն երեխաների ու պատանիների մեջ սերմանում է սեր ու հոգատարություն հայրենիքի ու բնության նկատմամբ, դաստիարակում պատասխանատվության զգացում, ընդգծում պատանի հերոսների խիզախությունը, ընկերասիրությունը, գիտելիքի ու ճանաչողության կարևորությունը։ Լճավան գյուղում ապրող պատանի հերոսները՝ Կամոն, Հասմիկը, Արմենը, Գրիգորը, Լճավանի օրինակով ընթերցողների մեջ մեծ հետաքրքրություն արթնացրին իրենց իսկ բնակավայրերի բնության նկատմամբ, նրանց մղեցին ճանաչել իրենց միջավայրը, գիտելիքներով զինված փորձել լուծել անլուծելի թվացող խնդիրներ։ «Սևանի ափին» վեպը ամառային արձակուրդներին ու հատկապես արձակուրդը Սևանի ափին անցկացնող երեխաների ու պատանիների, նաև նրանց ծնողների համար ժամանակն ուսանելի ու հաճելի ընթերցանությամբ անցկացնելու շատ լավ տարբերակ է։ «Art365»-ը խորհուրդ է տալիս ընթերցել այս վեպը մինչ ամռան ավարտը և ներկայացնում հատված գրքից։
ՍԵՎԱՆՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ
Ընթերցո՛ղ, եթե դուք հունիսին Դիլիջանից Երևան գալիս անցնեք Սեմյոնովկայի լեռնանցքը և դուրս գաք Սևանի դիմաց, չեք կարող զսպել ձեր հրճվանքը։ Եվ որքան էլ շտապելիս լինեք, անպայման կանգ կառնեք՝ մի պահ նայելու լեռների գրկում նիրհող կապուտաչյա գեղեցկուհուն:
Չքնաղ է Սևանը ամառնամուտին: Նրա շրջապատում վեր ելնող տխուր ու մերկ սարերը կանաչ պատմուճան են հագնում ու զարդարվում անթիվ-անհամար ծաղիկներով:
Տարվա այդ եղանակին, երբ նայում ես Սևանի ավազանին, երկու իրար խիստ հակադիր գույներ են շոյում հայացքդ. երբեմնի հովտում ընդարձակ տարածված կապույտը և նրա ափերից դեպի երկինք խոյացող լեռների զմրուխտ կանաչը:
...Լճավանցի մեզ ծանոթ պատանիները հունիսի մի պայծառ առավոտ, գյուղից դուրս, լեռան լանջի ծաղիկների մեջ նստած, նայում էին ներքևում տարածվող խաղաղ ջրերին և
կամաց երգում:
Պահակ Ասատուրը հրացանը գոգին, նրանց մոտ նստած, արծվի հայացքով խուզարկում էր կանաչ հանդերը, տեսակավոր ցորենի արտերը, շարահերկ կուլտուրաների դաշտերը.
որևէ տեղ անասուն հո չի՞ ընկել արտը:
Հորթերը փռված կանաչ լանջին, հանդարտ մնչոցով արածում էին (դպրոցական արձակուրդներից հետո Գրիգորը նորից հորթերն էր արածեցնում, ինչպես սովորաբար անում էր ամեն ամառ): Իսկ քիչ հեռու, խիտ ու բարձր ցանկապատի ներսից լսվում էր թռչնաբուծական նոր ֆերմայի ճտերի բազմաձայն ժխորը: Օդը հագեցած էր ծաղիկների քնքուշ բույրրով, և ամենուրեք լսվում էր անդուլ ու անխոնջ աշխատող մեղուների միալար բզզոցը: Լճի վրայից հազիվ նկատելի նուրբ գոլորշիներ էին բարձրանում և թափանցիկ, թեթև շղարշով պատում նրա մակերեսը: Կարծես մայր բնությունը անձեռագործ քող էր քաշում արևի տակ ննջող իր մերկ դստեր վրա․․․
Շրջակայքում անդորը էր տիրում, միայն Գիլլի լճի կողմից երբեմն խուլ ու տարօրինակ ձայն էր լսվում՝ «Բո՛լտ, բոլտ, բոլտ»: Բայց ուրախ ու պայծառ ցերեկը այդ ձայնը այն խորհրդավորությունը չուներ, ինչ խավարչտին, խաղաղ գիշերներին:
— Սա բնության ծաղր չէ՞, Արմեն, — դարձավ Կամոն ընկերոջը:
— Ի՞նչը
— Այն, որ մեր ֆերման կործանվում է առանց ջրի, իսկ ներքևում երկիրը խեղդվում է ջրի տակ...
Արմենը չպատասխանեց: Վերջին օրերս նրանք մտազբաղ էին և տխուր. սկսվել էր երաշտը:
— Ինչ կուզեք ասեք, Գիլլիի ջրերը սարերից են գալիս։ — ասաց Արմենը։ — Այո՛, ջուրը գալիս է սարերից, — շարունակեց նա քիչ լռելուց հետո։ Ինքդ մտածիր, Կամո, որտեղի՞ց են Գիլլիի այդքան առատ աղբյուրները: Մի ամբողջ գետ է դուրս գալիս Գիլլիից... Լեռնային հողը փուխր է, ապառաժները հրաբխային են, ջրերն իսկույն ծծվում են երկրի խորքերը, ջրամբարներ կազմում...
— Ու դուրս են գալիս լեռների ստորոտներո՞ւմ, — հարցրեց Կամոն:
— Այո՛... Գուցե հենց մեր հանդերի տակովն էլ սարերից ջրեր են հոսում...
Կամոն վեր թռավ տեղից:
— Իսկապես, մեր հանդերի տակով կարո՞ղ է ջուր հոսել
— Այո, կարող է լինել, ես այդ մասին շատ եմ մտածել: Կարելի է կտրել գետնի տակով ցած հոսող ջրերի ճամփան և լույս աշխարհ հանել նրանց...
— Գետնի տակի հետ ի՞նչ գործ ունեք, այ որդի, ղոչաղ եք, հրե, դիմացներդ ահագին ծով է, ջուրը վերև բարձրացրեք,— առարկեց ծերունին:
— Այո, և կբարձրացնենք էլ, — իր սովորության համաձայն տաքացավ Կամոն: Պետք է կառուցել էլեկտրակայան և նրա ուժով աշխատեցնել ջրհան մեքենաները, ինչպես էլեկտրականությամբ ջուր են բարձրացնում Այղր լճից ու Հրազդանից: Քանաքեռից վերև.․․ Հը՞, ինչ կասես, Արմեն Բայց ինչո՞վ կաշխատի կայանը, — հիշեց և ոգևորությունն անմիջապես իջավ:
— Դա հեշտ է, Գիլլիի շրջակայքում ինչքան ուզես վառելիք կա, տորֆ կվառենք և էլեկտրական էներգիա կստանանք, նրանով էլ ջուրը կբարձրացնենք լճից, — պատասխանեց Արմենը։ — Բայց դա այս տարվա բան չի, իսկ մեզ ջուրը հիմի է պետք:
— Լիճն էլ մեր հանդերի կողմը գալու տեղ, հակառակի պես կամաց-կամաց հեռանում է մեզանից — դառը հեգնանքով մեջ մտավ Գրիգորը:
— Այո, բավական հեռացել է... Լճի մակերեսը քանի՞ մետր է իջել, Արմեն, — հարցրեց Կամոն:
— Երեք:
— Միա՞յն... Եվ այսքան շա՞տ հողեր են ազատվել լճի տակից։
— Այդ նրանից է, որ մեր կողմը լիճը շատ ծանծաղ է:
— Ափսո՜ս, — ասաց Կամոն, — ափսոս այս գեղեցկությունը․․․