• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպես հայ արքայազնը դարձավ Ֆլորենցիայի պահապան սուրբ

Ինչպես հայ արքայազնը դարձավ Ֆլորենցիայի պահապան սուրբ

Շատերն են այցելում Ֆլորենցիա, հիանում իտալական այս նշանավոր մշակութային կենտրոնի տաճարներով ու արվեստով, սակայն քչերը գիտեն այս քաղաքի պահապան, հայազգի Սուրբ Մինասի ու նրան նվիրված տաճարի մասին։  Սուրբ Մինասը (San Miniato, Miniatus, St. Minias of Florence) Ֆլորենցիայի ամենահին ու տպավորիչ պատմություն ունեցող նահատակներից է։ Նրա անվան շուրջ հյուսված լեգենդները ներկայացվում են  վաղքրիստոնեական վկայաբանական գրականության ուշագրավ մոտիվներով։

 

Հայ արքայա՞զն, թե՞ նահատակ զինվոր

 

Ըստ ավանդության  Մինասը եղել է հայ  արքայազն, որը գալիս է Իտալիա և քրիստոնեություն ընդունում։ Հայ թագավորի որդի լինելու ավանդությունը արտացոլվել է նաև նրան նվիրված տաճարի խճանկարում, որտեղ նա պատկերված է ու արձանագրությամբ հիշատակվում է որպես հայոց թագավոր՝ REX ERMINIE.

Ավանդություններից մեկում նա ներկայացվում է որպես հռոմեական բանակում ծառայող հայ զինվոր, որը քրիստոնյաների  հալածանքների շրջանում` Դեցիոս կայսեր օրոք հրաժարվում է ուրանալ հավատքն ու, ի վերջո, նահատակվում։ Թեև հայ սրբի մասին կենսագրական հավաստի տվյալներ չկան, սակայն այս լեգենդներում արտացոլվում է հայերի միջոցով Իտալիա, նաև ընդհանրապես Եվրոպա արևելքից թափանցող քրիստոնեկան ազդեցության պատմությունը։ 

 

Կրակների ու առյուծների մեջ

 

Ինչպես վարքագրական ու վկայաբանական ավանդույթի հետագայի շատ այլ սրբեր, Մինասը նույնպես հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածներին, ինչի համար էլ ենթարկվում է  կտտանքների։ Նրան գցում են կրակների մեջ, ապա գցում  առյուծների գուբը։ Սակայն, Սուրբ Մինասը աղոթքով ու անխախտ հավատքով հաղթահարում է բոլոր այս փորձությունները։  Ի վերջո, նրան գլխատում են ներկայիս Ֆլորենցիայի Piazza della Signoria հրապարակի տարածքում։ 

 Գլխատումից հետո Մինասը վերցնում է իր կտրած գլուխը,  անցնում Առնո գետն ու բարձրանում այն սարի վրա, որտեղ այսօր գտնվում են նրա անունը կրող եկեղեցին, որն այդպես էլ կոչվում է՝ San Miniato al Monte՝ Սուրբ Մինաս լեռան վրա։

Մինասի մասունքները ամփոփված են եկեղեցում։ Այս զրույցով Մինասը համալրում է  «Կեֆալոֆոր» սրբերի շարքը, այն սրբերի, որոնք սովորաբար պատկերվում են իրենց գլխատված գլուխը ձեռքներին։ 

Մինասը դառնում է Իտալիայի առաջին մարտիրոսներից մեկը և եկեղեցական գրականության մեջ  համարվում  Ֆլորենցիայի առաջին նահատակ, որը ծնվելով Հայաստանում դառնում է  օտար երկրի հոգևոր պաշտպան՝ արտացոլելով քրիստոնյա Հայաստանի ու հայերի մասին վաղ քրիստոնեական և միջնադարյան պատկերացումները։ Հայաստանը ընկալվում էր որպես աշխարհի փրկության կենտրոն, իսկ հայերը որպես աստվածային խոսքի ու լույսի տարածողներ ու պաշտպաններ։ Նրա հիշատակի օրը նշվում է հոկտեմբերի 25-ին։

Ֆլորենցիայի Սուրբ Մինասի անունը կրող San Miniato al Monte եկեղեցին քաղաքի ամենանրբաճաշակ տաճարներից է։ Այն առանձնանում է իր սպիտակ-կանաչ մարմարե ճակատամասով, ճարտարապետական նուրբ գծերով ու Մինասի պատկերով խճանկարով։ 

 

Մինասը Տոսկանիայում

 

Այս սրբի պաշտամունքի վկայությունն է նաև այն, որ նրա անունով փոքրիկ քաղաք կա Տոսկանիայում՝  San Miniato-ն։ Այն ձևավորվել է միջնադարյան ամրոցի և վանական կենտրոնի շուրջ։ Սուրբ Մինասը հիշատակվում է նաև մեր եկեղեցում։ 

Սուրբ Մինասի կերպարից է ներշնչված ու նրա նահատակության խորհրդանշական պատմությունն է ներկայացնում  Կոստան Զարյանի Պատրանքների ուխտավորը դրամատիկական պոեմը կամ դրամերգը, որը բացվում է հետևյալ նախերգանքով․

 

Սուրբ Մինիատոսին՝ գլխատած մեր եղբօրը:
Նրա մաքրամաքուր ու թագաւորական
արիւնին,
որ լուսաւորեց Տոսկանայի գեղապայծառ
ու ծաղկաւէտ բլուրները․
որ պարզեց
իր մարտիրոս ազգի ջահը.
որ հաստատեց
նրա Հաւատքը ու նրա օրէնքը
Հեռաւոր երկրում՝ բեղմնաւոր փթթումների`
Սուրբ Մինիատոսին, Թագաւոր Հայաստանի,
այս երգը յիշումների,
ասւած
բոլոր սուրբերի,
բոլոր ցաւերի համար:

Art 365

04.11.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.