• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սուրբ Գրիգոր Նարեկացի․ Տաղ Համբարձման

Սուրբ Գրիգոր Նարեկացի․ Տաղ Համբարձման

Սուրբ Գրիգոր Նարեկացու Գանձարանում առանձնահատուկ տեղ ունեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձմանը նվիրված տաղերն ու փոխերը։ Իր տաղերում և  և դրանց վերջին դրվագ համարվող փոխերում Նարեկացին օգտագործելով բանաստեղծական արտահայտության միջոցները, խորհրդաբանորեն ներկայացնում է եկեղեցական այս կամ այն տոնի նշանակությունը։ Համբարձման նարեկացիական երկու տաղերում և փոխերում օրվա սուրբգրային ընթերցումներին համապատասխան, Հիսուս Քրիստոս հեթանոսների ու չարի դեմ պատերազմող ու հաղթանակող Թագավոր է։ Նա  Հարությունից հետո 40 օր եղել է երկրի վրա ու հանդիպել աշակերտներին ու հավատացյալներին, ներկայացրել իր վարդապետությունը։  Նրա սխրանքը հիացնում է երկնային զորքին՝ հրեշտակներին, որոնք նրան երկինք են հրավիրում, փառք տալիս ու ավետում Համբարձումը։ Փոխերում արդեն Համբարձման դրվագի մյուս մասնակիցներն են՝ առաքյալները։ Նրանք փառք են տալիս Փրկչին և խնդրում նրան կատարել խոստումն ու չմոռանալ իրենց։ Ներկայացնում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու Համբարձման տաղերից  ու փոխերից մեկը գրաբար և Հենրիկ Բախչինյանի վերծանությունը։
 

Գանձ Համբարձմանն Քրիստոսի Աստուծոյ

Էբ Տաղ

 

Էն է Ինք Էէն.
եղանի էակ եղելի՝ անեղից, աներբից.

յաւիտեան անհաս՝ իմանի անկէտ, այժմուս՝ հասու

ծոցածագենի Ծագումն, Ծի՛ր մըշտածաւալ, անփոխ

Մինն յԷից զարմից, յԵրազգայից համագոյ՝

Շաւիղ անքայլ ոտից ընթաց:

 

—Ես Էին նըման՝ Աննըմանին իմոյ՝ զիմն առեալ,

առից Պատճառ բերեալ վերամբարձ Երկնից օդng.

մատինայօրին պատկեր ի նոյն տիպ զարդարեալ.
վեհ, երագընթաց Շաւիղ կամ՝ ել ի Նա գոյ:


Տաղաւար եղեւ առ Կոյսն, Առաքողին կամք պարտեալ

ընդունակ ժամու. եհաս, ահա, ժամ կատարման․

ի խաչըն բարձրանալ դիտին՝ առ Հայր համբարձումըն:

 

Ամբարձ յերամից յԵրազգայից վերասլացիկ Սա զարմացմամբ,

թեւատրոհաթեւ շառաչմամբ՝ բոյլ հիւթ ճոխարան դասուց․

մի առ մի հրաւիրէր. — Փոյթ յասպարէզ մատիք: 

 

— Ո՞վ է Սա՝ սաստիկաշունչ Բոսորայ երփնազարդեալ:

— Սա այն Թագաւորն է քաջ՝ կորովաբար ի պատերազմէ եկեալ:

— Ի վե՛ր համբարձէք, իշխա՜նք, ըզդրունս:

 Առ Հայր զաւետիս պատմեալ.

— Ահա Սիրելի Քո սիրեցելոյ սըրտիդ, զոր վըկայեցեր.
«Դա սիրելի Որդի»:
Ի գիրկս Հայրենի նըստեալ՝ ի համբոյր սըրբութեան:

— Սուրբ Հոգին սիրով պատուեալ զիմ գընդին ըզհետ:

— Պարգեւըս քեզ պարտ է լընուլ անսուտ խոստման պարտիս
«Ընդ ձեզ եմ յաւիտեան»:

 

Վերծանություն

 

Աստուածն Ինքն Աստծուց է։ Լինելով անստեղծ, անժամանակ` եղաւ էակ նյութականն, լինելով յաւիտեան անտեսանելի, անսահման՝ այժմ եղաւ հասանելի: Նա՝ Ծագումը Հօր ծոցից, մշտածաւալ, անփոփոխ Ճանապարհը, Մեկը Աստուածութեան զարմից, համագոյ Երրորդութիւնից, ոտք չդիպած Շաւիղը:
— Ես իմ Աննմանին՝ Հայր Աստծուն եմ նման, որն ինձ, որպէս Սկզբնապատճառ, երկիր բերեց բարձրագոյն Երկնքից. Իր մատներով ստեղծած նոյն (մարդկային) պատկերով զարդարեց ինձ. վեհ, արագընթաց Շաւիղ եմ` Նրա մօտ ելնելու:
Բնակուեց Սուրբ Կոյսի մէջ, Առաքողի (Հայր Աստծու) կամքով ենթակայ եղաւ ժամանակին, հասաւ, ահա, ժամը վախճանի. բարձրանալով խաչին՝ համբարձուեց Հօր մօտ:
Սուրբ Երրորդութեան երամները (հրեշտակները) Նրա վերասլաց համբարձումից զարմացած, թեւերը շառաչմամբ թափահարելով, հոծ խմբերի բոյլով, կանչում էին միմեանց.
- Շտապ ասպարե՛զ ելէք:
- Ո՞վ է Սա՝ այսպէս սաստիկաշունչ Բոսորից գունազարդուած:
- Սա այն Թագաւորն է քաջ՝ խիզախօրէն պատերազմից եկած:
- Բարձրացրէ՛ք, իշխաննե՛ր, դռները վեր:
Հօրն աւետիս տուեցին
- Ահա Քո սիրող սրտի Սիրելին, որի մասին վկայեցիր. «Դա է իմ սիրելի Որդին»:
- Հօր գրկում նստեց՝ սուրբ համբոյրով.
- Սուրբ Հոգին սիրով փառաւորեց իմ խմբին (առաքեալներին) ինձանից յետոյ
- Պարգեւս պարտաւորեցնում է քեզ՝ կատարելու անսուտ խոստումդ. «Ձեզ հետ եմ յաւիտեան»:

Էգ Փոխ

 

Այն փոքրիկ հօտին տըրտմեալ

վըտակս արտասուաց բըղխեալ,

այն սակաւ գընդին՝

ողորմ աւաղուկ աղէտ:


Զաչս ի վեր համբարձեալ յերկինս.

— Որ ես Հայր որբոց յուսով,

ո՞ւմ յանձն արարեր ըզմեզ.

տարակոյս բաժին է մեր:

 

Յիշեա՛, յիշեա՛, մի՛ մոռանար, Տէ՛ր,

խոստացար անսուտ բանիւ՝

ընդ մեզ լինել զաւուրս կենաց՝

մինչեւ կատարած երկրի:

 

Վերծանություն

 

Այն փոքրիկ տրտմած հօտը արտասուքի վտակներ թափեց, այն սակավամարդ խումբն աղիողորմ աւաղեց:
Աչքերը յառեցին երկինք.
-Դու, որ յուսացող որբերի Հայրն ես, ո՞ւմ յանձնեցիր մեզ, տարակոյսն է բաժինը մեր:
Յիշի՛ր, յիշի՛ր, մի՛ մոռացիր, Տէ՛ր, խոստացար անսուտ խօսքով` մեզ հետ լինել կեանքի բոլոր օրերին՝ մինչեւ վախճանն աշխարհի:

 

Տաղի ու վերծանության  աղբյուրը՝ Հենրիկ Բախչինյան, Գրիգոր Նարեկացու Գանձարանը, Երևան, 2016:

Art 365

09.05.2024

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.