• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մխիթար Սեբաստացին ու «Սևանի Աստվածամայր»-ը

Մխիթար Սեբաստացին ու «Սևանի Աստվածամայր»-ը

2026 թվականին լրացավ հայ հոգևոր-եկեղեցական գործիչ, հայագետ, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակը (1676-1749)։ Ծնվելով Սեբաստիայում, ապա սովորելով Սբ․ Էջմիածնում, Սևանի ու Կարինի վանքերում, Սեբաստացին միաբանություն է հիմնում Կոստանդնուպոլսում 1701 թվականին։ 1715 թվականին միաբանությունը հաստատվում է Վենետիկում, իսկ երկու տարի անց արդեն Սուրբ Ղազար կղզում։

 

Մխիթար Սեբաստացու կյանքի հայաստանյան շրջանից պահպանվել է մի սրտառուչ ավանդություն կամ լեգենդ՝ Սևանի վանքում նրա բժշկման մասին։ 

Այսպես, 1692 թվականին Մխիթարը Կ․ Պոլսից գալիս է Սուրբ Էջմիածին, ապա որոշ ժամանակ անց տեղափոխվում Սևանի վանք։ Ըստ կենսագիրների, նա այդ ժամանակ տառապում էր ուժեղ ակնացավից և Սևանավանքում կարողանում է բժշկվել՝ Տիրամոր հրաշագործ սրբապատկերի առջև աղոթելով։

Այս ավանդութունը փոքր-ինչ այլ կերպ է հաղորդում Մխիթար Սեբաստացու կենսագիր Ստեափանոս Ագոնցը (Գիվեր), իր՝ «Պատմութիւն կենաց և վարուց տեառն Մխիթարա Սեբաստացւո» գրքում (Սուրբ Ղազար, 1810)․

«Եւ յաւուր միում՝ մտեալ առանձինն յեկեղեցին, և անկել առաջի պատկերի Աստուծամօրն, կայր յաղօթս ցաւագին անձամբ, և սրտառուչ պաղատանօք աղաչէր զմայրն ողորմութեան այցելու լինել ինքեան. և արտասուքն իբրև վտակս ջուրց հոսէին յաչաց նորա։ Ապա զկնի երկար այսպիսի արտասուաթոր պաղատանաց, անկաւ թմբրութի՚ի ի վերայ նորա: Եւ ահա երևեցաւ նմա օրնաբանեալ Կոյս Մարիամ՝ Աստուածածինն յայտնի և պայծառ տեսլեամբ, զի կայր անդ դէմ յանդիման ՚ի հանդերձս համակ ծաղկէնկարս և առ նովաւ երկու կուսանք իբրև սպասաւորք մեծի օգոստատիրուհւոյն: Եւ մինչդեռ ՚ի զարմացման էր Մխիթար ընդ սխրալի տեսիլն, ազդ արարին նմա կուսանքն՝ թէ նա ինքն է մեծ տիրուհին ամենասուրբ Աստուածամայրն, որ հայեցեալ պատանւոյն, հրաշացաւ ընդ գերահրաշ գեղ նորա. և 'ի խորս խոնարհութե ընկղմեալ՝ և իբր 'ի չիք դարձել 'ի միտս իւր, լցաւ անպայման խնդութեամբ։ Եւ ամենօրհնեալ կոյսն մխիթարեալ զնա և քաջալերեալ՝ ասէ. զի՞նչ կամիս, և զինչ խնդրես. խնդրեա և տացի քեզ»:

Ըստ Ղևոնդ Ալիշանի, Մխիթարը ոչ միայն բժշկվում է, այլև իր հետագա գործունեության համար ստանում է Տիրամոր օրհնությունը․

«Սեբաստացի սարկաւագն Մխիթար, յայնժամ 18 ամաց, եկեալ այսր յուխտ, յամի 1692, արժանաւորեցաւ խոստման Տիրամօրն, օգնական յինելոյ աստուածասէր ըղձանացն, մինչ աղերս արկանէր աոաջի պատկերի նորին, որ եւ ցարդ պահի անդ, թէ եւ հնացեալ եւ խանգարեա, որոյ է օրինակս. եւ քաջալերեալ՝ յաջողեցալ նորին Տիրամօր շնորհօք հաստատել զկրօնս իւր, շինելով վանըս նախ ի Մեթոն Մոռէայ, եւ ապա ի Վենետիկ…»։

Հետագայում «Սևանի Աստվածամայր» սրբապատկերը մխիթարյան հայրերը, մասնավորապես Ղ․ Ալիշանը ցանկացել են տեղափոխել Սբ․ Ղազար, սակայն դա չի հաջողվել։ 

Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի հանձնարարությամբ նկարը կրկնօրինակում է նկարիչ Ենովք Նազարյանցն ու այն ուղարկում է Վենետիկ։ Իսկ Սուրբ Աստվածամոր զորավոր  սրբապատկերը Սևանի վանքից տեղափոխվում է Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ էլ այսօր պահվում է։ 

«Սևանի Աստվածամայր»-ը հայկական հնագույն պահպանված սրբապատկերներից է։ Այն ստեղծել է անհայտ նկարիչը 16-րդ դարի վերջին կամ 17-րդ դարի սկզբին։ Սրբապատկերն առանձնանում է հայկական պատկերագրության ոչ այնքան բնորոշ թեմայով․ այն ներկայացնում է Աստվածամոր չարչարանքների թեման, որը տարածված էր իտալական արվեստում 15-16-րդ դարերում։ 

Art 365

27.07.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.