Մեր ազգային դյուցազներգության կենտրոնական հերոսին՝ Սասունցի Դավթին նվիրված Երվանդ Քոչարի նշանավոր արձանը մի բացառիկ ու հանճարեղ ստեղծագործություն է, որ ոչ միայն պատկերացում է տալիս հայկական էպոսի մասին, այլև խորհրդանշորեն ներկայացնում է մեր ժողովրդի ոգին ու իդեալները։ Այս արձանը կայարանամերձ հրապարակում կանգնեցվել է 1959 թ․։ Մինչ այդ՝ 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի ստեղծման 1000-ամյակը Երվանդ Քոչարը ստեղծում է Դավթի արձանի մեկ այլ տարբերակ, որը շուտով ոչնչացվում է։ Թվում է, թե մեծ նկարչի ու քանդակագործի՝ էպոսի նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է հոբելյանական իրադարձություների առիթով, սակայն Վիգեն Իսահակյանը՝ Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» գրքում պատմում է 1930-ական թվականների սկզբին Փարիզում՝ Քոչարի արվեստանոցում, քանդակագործի ու Ավետիք Իսահակյանի միջև կայացած մի զրույցի մասին, որն էլ թերևս ներշնչել ու ուղղորդել է Քոչարին` անդրադառանալու հայկական ազգային էպոսին։
Քոչարի կյանքը ամբողջապես փոխվել էր։ Էլ չէր ապրում իր արվեստանոցում, մանր պատվերներ չէր կատարում։ Իր գործերը Ռոզենբերգի պատկերասրահում բավականին լավ վաճառվում էին։ Գրպանը փող էր մտնում։ Բոլորովին վերջերս կրկին ամուսնացել էր և նոր բնակարան էր վարձել։ Հրավիրել էր հորս ու մորս նորաբնակությունը տոնելու և ծանոթացնելու կնոջ հետ։ Գնացինք, հեռու չէր Մոնպառնասից։ Այն գտնվում էր մի մեծ, հնակառույց տան ամենավերջին հարկում։ Դուռը բացեց Քոչարը. լավ տեսք ուներ, լավ սափրված էր, երեսը սպիտակ, երևի դիմափոշի էր քսել, նոր կոստյումն էր հագել, փողկապը կապել, աչքին մոնոկլ ամրացրել։ Տանտիրություն էր անում։ Ծանոթացրեց իր նոր կնոջ հետ. Մելինե էր անունը, ես նրան տեսել էի արդեն։ Փարիզում ծնված, շատ գեղեցիկ երիտասարդ հայ կին էր։ Աչքերը՝ կարծես վիթի, կազմվածքը՝ նուրբ, էլեգանտ, փարիզյան։ Ծնողները բարեկեցիկ արևմտահայեր էին՝ վաղուց հաստատված Ֆրանսիայում։ Բնակարանը մեծ էր, 5-6 սենյակ, սակայն դատարկ։ Քոչարը դեռ չէր կահավորել, ուներ մի մեծ բազմոց, մի սեղան և 6 աթոռ։ Պատերին կախել էր իր նկարները, սենյակների անկյուններում տեղադրել իր քանդակները։ Քոչարը հրավիրեց սեղան նստել, սակայն 7 հոգի էինք, և միայն 6 աթոռ կար, ի՞նչ անեինք. հնարը գտանք. Քոչարը և Մելինեն պիտի միասին տեղավորվեին մի աթոռի վրա, դժգոհ չէին...
Մելինեն լավ պատրաստություն էր տեսել՝ անուշ մրգեր, քաղցրավենիք, հրուշակեղեն և շամպայն, իսկական ֆրանսիական շամպայն, Շամպայնի նահանգից, որը մի ուրիշ բան է...
Հայրս, բաժակ բարձրացնելով նորապսակների կենացին, ասաց.
- Երվանդ, գիտեմ, թե ինչքան ես տանջվել քո ստեղծագործ կյանքում, տակավին Վենետիկից, հիմա դու կանգնած ես մեծ ճանաչումի ճամփին, անշուշտ հռչակ և փող կվաստակես, սակայն գլուխդ չկորցնես, մաղթում եմ քեզ և կնոջդ երկար ու երջանիկ կյանք։
Խմեցինք, խոսեցինք, ծիծաղեցինք։ Հայրս վեր կացավ՝ դիտելու Քոչարի նոր ու հին գործերը։ Հավատում էր Քոչարի տաղանդին, որոշ գործեր շատ բարձր էր գնահատում։ Գիտեր Քոչարի հնարավորությունների անսահմանությունը գեղարվեստի բոլոր ժանրերում՝ լիներ գծագրություն, ծաղրանկար, փորագրություն, նկարչություն թե քանդակ։ Սակայն նրա նոր գործերին պատկանող «նկարչություն տարածության մեջ» շարքը տարակուսանք էր հարուցում իր մեջ։ Դրանք հմայիչ էին, կախարդական, տաղանդը աչքի էր զարնում, սակայն աբստրակտ գործեր էին, հողից կտրված, անընթեռնելի։ Քոչարը իր մետաղյա կոնստրուկցիաների վրա նկարել էր մի տեսակ՝ դիցաբանական ֆիգուրաներ` Վեներա, Ապոլլոն, Մարս, Նեպտուն և ուրիշներ։ Կատարումը, գծագրությունը, գույների հարստությունը ազդեցիկ էին, գրավիչ։ Մեծ տպավորություն էին թողնում։
Քոչարն իր կոնստրուկցիաները ցուցադրելիս պտտեցնում էր իրենց առանցքի շուրջը, և նկարած պատկերները՝ աչքիդ առաջ՝ ձևափոխվում էին, կարճանում, երկարում, ինչ խոսք՝ հետաքրքրական էր։ Հայրս նայեց ու դիմեց Քոչարին. «Երվանդ, դու ծանո՞թ ես մեր էպոսին, գիտե՞ս մի բան Սասունցի Դավթի մասին, նրա որդու՝ Մհերի մասին...»
Քոչարը հանկարծակիի եկած, պատասխանեց,
-Այո, ինչպես չէ, գիտեմ, մի քիչ. ու կմկմաց. երևաց, որ շատ բան չգիտեր։ Հայրս Քոչարին խորհուրդ տվեց, որ անպայման նորից կարդա. «Ուսումնասիրիր Սասնա էպոսը,— ասաց,— այնտեղ շատ բան կգտնես քո երևակայությանդ համար՝ Սասնա իշխան Դավթի, նրա որդու՝ Մհերի, Ձենով Օհանի կերպարները, Դավթի հրեղեն ձին, հազարաշող Թուր-Կայծակին...»:
Քոչարը ուշադիր լսում էր հորս խոսքերը և իսկույն հասկացավ դրանց իմաստը։ Այս խոսքերը բացեցին նրա աչքերը նոր հորիզոններ, ավելի հարազատ, կապված մեր հողի, մեր ազգի հետ։ Քոչարը, վերադառնալով՝ իրականությանը, ասաց. «Պարոն Ավետիք, ինչ լավ գաղափար տվիք ինձ, իսկույն, հենց վաղվանից: կսկսեմ ուսումնասիրել նյութը, իրոք, իմ երկիրը թողած՝ ո՞ւր եմ դես ու դեն ընկնում»։
Եվ իրոք, հաջորդ առավոտից Քոչարը նվիրեց իրեն նյութը ուսումնասիրելուն։ Կարդում էր՝ ինչ կկարողանար գտնել մեր էպոսի մեջ։ Փարիզում շատ նյութեր չկային։ Հայրս տվեց, որ կարդա Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը, իր «Սասմա Մհերը» տպված Վիեննայում դեռ 1922 թվին Քոչարը Փարիզի թանգարաններում որոնեց պատկերագրական նյութեր, զենքերի ու հագուստների նմուշներ, բազմաթիվ էսքիզներ գծեց, սակայն դժգոհ էր ինքն իրենից։ Մի երկու շաբաթ տառապեց, հետո եկավ հորս մոտ ու խոստովանեց.
— Պարոն Ավետիք, Ձեր գաղափարը՝ նկարչությամբ արտահայտել մեր պանծալի էպոսը, որ դուք ինձ տվիք, ինձ հանգիստ չի տալիս, մտածում եմ օր ու գիշեր, երբեք չեմ հրաժարվի, կմնա իմ մեջ մշտապես, սակայն այն իրականացնելու համար հարմար հող է պետք, հասկացողներ, իսկ այս կոսմոպոլիտ Փարիզում... միմիայն հայրենիքում կկարողանամ ամբողջապես իրականացնել իմ մտահղացումները։
Եվ իրապես. Քոչարը Երևանում 1939 թվին «Սասունցի Դավթի» հազարամյակի տոնակատարությունների օրերին իր շատ տաղանդավոր գծանկարներով զարդարեց էպոսի հոբելյանին նվիրված ճոխ հրատարակությունը։ Նույնպես և շատ կարճ ժամանակում կանգնեցրեց Սասունցի Դավթի հեծյալ արձանի առաջին մարմնավորումը, որ գիպսից էր կերտված։ Կարճ տևողություն պիտի ունենար, սակայն հոյակապ էր, տեղադրված էր Կայարանի հրապարակի վերևի մասում, երևում էր հեռվից և ամեն կողմից, տեղը լավ էր գտնված, այնտեղ էլ պետք է մնալ Քոչարը շարունակեց իր աշխատանքը։ Երկու տասնամյակ անց նա հասարակությանը հանձնեց իր վերամշակված, բրոնզից ձուլված Սասունցի Դավթի նոր արձանը։ Շատ շուտով այս կոթողը մեծ ճանաչում ստացավ։ Երևան այցելողները բոլորը համամիտ էին, որ այն մեր դարի ամենահաջող ձիարձաններից է։ Այն դարձավ Երևանի յուրովի խորհրդանիշը։