Ամառն անցավ, սակայն ամռան գույներն ու ձևերը, տրամադրություններն ու զգայությունները արվեստասերին ողջունում են «Ռոսլին» արվեստի հանդեսի նոր համարի շապիկից ու էջերից։ Մարտիրոս Սարյանի «Ծաղկող լեռներ․ Ախուրյանի կիրճում» ջրաներկը, որը զարդարում է հանդեսի նոր համարի կազմը, Վարպետի դարասկզբի խորհրդապաշտական նկարչության առինքնող դրսևորումներից է, որն այս ոճի և ջրաներկի տեխնիկայով արված այլ նշանավոր նկարների, հատկապես «Հեքիաթներ և երազներ»(1904-1907) շարքի, նաև հետագայում ստեղծված այլ ջրաներկ պատկերների հետ ներկայացնում է Մ․ Սարյանի արվեստի մի ինքնատիպ արտահայտություն։
Երեխայի աշխարհընկալմանը բնորոշ պարզությամբ օժտված այս գործերը հիրավի երևակայական տեսիլքներ են, գեղարվեստական «հեքիաթներ» և ոչ գրական սյուժեների նկարագրություններ: Ջրաներկը Սարյանին հնարավորություն տվեց երևակայական գունաձևերի համադրման միջոցով արտահայտել ակնթարթային, անցողիկ զգացմունքներ, ապրումներ, որոնք թղթին են տրվում անմիջականորեն, այլևս փոփոխության չենթարկվելով, -գրում է արվեստաբան Սոֆյա Սարյանը։
Արվեստաբանը ներկայացնում է Վարպետի՝ ջրաներկին անդրադառնալու ժամանակագրությունն ու մղումները․ եթե ստեղծագործության վաղ շրջանում դրանք ծնունդն էին մի կողմից հայկական մանրանկարչությունից ներշնչման, մյուս կողմից՝ ռուսական սիմվոլիմզի ազդեցության, ապա հետագա տասնամյակների ջրաներկով արված նկարները, ժամանակի արվեստի պահանջներին համապատասխան ավելի ռեալիստական գծեր ու թեմաներ են ստանում, փոխվում են գույները։ Ի մասնավորի՝ 1915-ի հայոց արհավիրքից անմիջապես հետո ստեղծված «Հայկական պար» նկարում արդեն օգտագործված են միայն սև, չոր ներկերը։
Ջրաներկով արված իր վերջին նկարները Մարտիրոս Սարյանը ստեղծել է 1964 թվականին։ Հայրենի բնության առինքնող ու գունագեղ պատկերները Վարպետին կարծես վերադարձնում են իր ստեղծագործության առաջին շրջան, որտեղ իրականությունն ու երևակայությունը միահյուսված էին գեղեցիկ ու անավարտ սիմվոլիստական հեքիաթում։
Մարտիրոս Սարյանի ստեղծագործական կյանքի փուլերը, ռուսական նաև եվրոպական գեղանկարչության համապատկերում լավագույնս ներկայացվում են Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն․ կերպարվեստ» եռահատոր դասագրքի երրորդ հատորում, որին է նվիրված արվեստաբան Լիլիթ Սարգսյանի՝ «Վաղուց պահանջված դասագիրք» գրախոսությունը։ Հոդվածագիրն հատկապես շեշտում է գրքի հեղինակի՝ 20-րդ դարի արվեստի հսկայածավալ նյութի մեջ կողմնորոշվելու ու ընտրություն կատարելու նրբությունը․
Հեղինակը հենվել է արվեստի պատմության շարադրման այն մեծ փորձի վրա, որը կուտակել է հայ կերպարվեստի պատմությանը նվիրված իր և իր մասնակցությամբ խմբային հիմնարար աշխատություններն ստեղծելիս. նյութի համապարփակ ընդգրկմամբ հանդերձ հակիրճ ու հստակ շարադրանք, առավելապես փաստագրական-նկարագրողական սկզբունք, պատմամշակութային, գեղարվեստական համընդհանուր իրադրության ամփոփ ներկայացման ֆոնին կարևորագույն հանգուցակետերի, առանցքային վարպետների և նրանց ստեղծագործությունների առանձնացում, - գրում է Լ․Սարգսանը։
Լ․Սարգսյանը առանձնացնում է գրքի երրորդ բաժինը, որտեղ Ա․ Աղասյանը ներկայացնում է 1918-2000 թթ․ Հայաստանի կերպարվեստը։ Այստեղ ուշադրության է արժանի հատկապես Հայաստանի առաջին հանրապետության գեղարվեստին նվիրված բաժինը, որտեղ հայտնի անունների կողքին ներկայացվում են արվեստասերին ու արվեստաբաններին անհայտ հայ գործիչներ։ Դասագրքում հեղինակը 20-րդ դարի հայ արվեստը քննում է ընդունված պարբերաշրջաններով՝ 1920-1930, 1930-1950, 1950-1980, 1990-2000 թթ․, նշելով այս շրջաններին համապատասխան զարգացման ուղղությունները։ Ա․ Աղասյանը շեշտում է 20-րդ դարավերջի հայ կերպարվեստում ժամանակակից մոտեցումները ազգային ավանդույթների հետ համադրելու կարևորությունը, միջազգային մեծ ցուցադրություններին ու բիենալեներին հայ արվեստագետների մասնակցությունը, ինչը կարող ենք տեսնել 1980-ականներից հետո, նաև անկախության շրջանում ստեղծագործած նկարիչների ու քանդակագործների պարագայում։
Այդպիսի մի արվեստագետի է ներկայացնում արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանն իր՝ քանդակագործ, նկարիչ Սամվել Ղազարյանի ցուցահանդեսին նվիրված «Քաոսից հարմոնիա տանող ճանապարհով» հոդվածում։ Հոդվածագիրն առանձնացնում է Ս․ Ղազարյանի 1992 թվականին Ռավեննայի X միջազգային բիենալեում հատուկ մրցանակի արժանացած «Աստվածամայր» կամ «Լույս» աշխատանքը և մի շարք այլ աշխատանքներ, որոնք արժանացել է են միջազգային ճանաչման։ Ա․ Տեր-Մինասյանը փաստում է՝ քանդակագործի ավանդական, հատկապես պատմական ու քրիստոնեական թեմաներով, սակայն մոդեռնիստական արտահայտչամիջոցներով ստեղծված քանդակների ինքնատիպությունը, քաոսից դեպի ներդաշանակություն ընթացքի պատկերման վարպետությունը։
Նույն ժամանակաշրջանի մեկ այլ ինքնատիպ վարպետի է նվիրված Տաթևիկ Համբարձումյանի հոդվածը։ Քանդակագործ, խեցեգործ, մոնումենտալիստ Վլադիմիր Աթանյանը թեև կյանքի վերջին տասնամյակներն անցակցրել է ԱՄՆ-ում, սակայն նրա մենումենտալ-դեկորատիվ աշխատանքերն այսօր էլ զարդարում են մեր մշակութային կենտրոնները, Երևանի փողոցներն ու զբոսայգիները, հիացնում իրենց հորիվածքով, մշակութային տարբեր շերտերի համադրությամբ։ Այդպիսի հայտնի աշխատանքների թվում են՝ «Էրեբունի-Երևան»(1975) հարթաքանդակը՝ Մաշտոցի պողոտայում, «Հայկական կենդանակերպի նշաններ» շատրվանը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, Դավիթ Անհաղթ զբոսայգու հարթաքանդակները՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ի վերջո, վարպետի նշանավոր ու տպավորիչ «Գորանին» Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում։
Ամառային «Ռոսլին»-ի նկարչական մասում տարբեր սերունդների երեք նկարիչների ներկայացնող հոդվածներ են։ Սուրեն Ազիզյանին նվիրված ակնարկում նկարչի տիկնոջ Արշալույս Փափուճյանի հուշերի, կենսագրության դրվագների ու ստեղծագործությունների համադրությամբ արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանը անդրադառնում նկարչի ստեղծագործական ճանապարհին։ Հոդվածագիրն հատկապես ընդգծում է Հայրենական պատերազմին նկարչի մասնակցությունն ու դրա ազդեցությունը նրա ետպատերազմյան նկարչության, ոճի փնտրտուքների վրա․
Սուրեն Ազիզյանի արվեստը խոսում է լռությամբ՝ դիտողին թողնելով հոգևոր ընթերցման ազատությունը, որն իր պարզ և ազնիվ մեկնաբանմամբ հասանելի է դիտողին: Նրա գեղարվեստական լեզուն կառուցված է նրբակերտ գունային հարաբերությունների, ճշգրիտ գծանկարային կառուցվածքի և սիմվոլիկ համատեքստերի հիման վրա, փոխանցելով ժամանակի, ճակատագրի ծանրությունը, բայց միաժամանակ` կերպարների ներքին ուժը, -ամփոփում է Հ․ Վարդանյանը։
Հայ գեղանկարիչների արդեն նոր սերնդի ներկայացուցիչներից մեկին՝ Արման Թադևոսյանին է նվիրված Գայանե Պողոսյանի «Հոգևոր փոխակերպումների նկարիչը» ակնարկը։ Ծնունդով գյումրեցի, ֆրանսիայում հաստատված նկարիչի եռապատկեր հորինվածքներում յուրահատուկ տեխնիկայով պատկերվում են քրիստոնեության պատկերագրության թեմաներն ու դրանց մոտիվային վերաիմաստավորումները՝ «Խաչելություն», «Ողբ», «Երրորդություն»։ Նկատելի է որմնանկարչության մեծ ազդեցությունը նկարչի արվեստի վրա․
Դասական տեսակետից «անպատկեր» այս մարմնավորումներում առաջնային նշանակություն է ստանում գույնը` որպես հորինվածքում թաքնված ներքին էներգիայի և զսպված դրամատիզմի հաղորդիչ: Հորինվածքներում պահպանվում է իրական մարմինների ձևաբանական ուրվագծի թափանցիկացված և վերացականացված մոդելը, որը դիտողի մոտ նյութականանում է մտավոր և էմպիրիկ հիշողության արդյունքում: Վերացական այս յուրահատուկ աշխարհում իրականի ու անիրականի սահմանաբաժանին կարևորվում է մարմնի և հարթության հպումային փոխներազդումը, որտեղ գույնը զուտ տեսողական և ես շոշափողության փոխանցման միջոց է մտախորհրդապաշտական մակարդակում նյութեղեն մարմնի արձանագրման համար, որտեղ արվեստագետի մտահղացման շնորհիվ մարմնի ուրվագիծը ստանում է մարմնականից անկախ և ինքնուրույն գործառույթ: Մարմինների ար շարժումները կտավի վրա վերածվում են դրոշմուրվապատկերի` տեղի տալով դիտողի անհատական խորհրդածության և մտովի լրացման,- գրում է արվեստաբանը։
Ուշագրավ տեխնիկայով են աչքի ընկնում նաև հանդեսի այս համարի «Եռաչափ խոստովանություն» բաժնի հերոսուհու՝ Վիկտորյա Շահբազյանի աշխատանքները։ Լինոփորագրություն, մենատիպ, չոր ասեղ․ ցիանոտիպ․ այս տեխնիկաների օգտագործմամբ Վիկտորյան ստեղծում է տպագրական գրաֆիկայի ուշագրավ աշխատանքներ։ Ելենա Դանիելյանի և Սիլվիա Մանուչարյանի անդրադար-հարցազրույցներում երիտասարդ նկարչուհին ներկայացվում է իր գրաֆիկայով, պատկերազրդումներով, կոնցեպտուալ նախագծերին մասնակցությամբ, սակայն Վիկտորյան շեշտում է, որ իրեն հոգեհարազատ է հատկապես տպագրական գրաֆիկան, քանի-որ այն փոխում է նկարչին, հասունացնում, ինքնուրույն ոճ ու ձեռագիր ստեղծելու հնարավորություն տալիս։
«Ռոսլին» հանդեսի այս համարի ճարտարապետական-պատմական անդրադարձում Բաքվի ճարտարապետության հայկական հետքն է։ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի «Հայկական լեռնաշխարհի «Արևելյան դարպասի» վերածնունդը և առեղծվածը» հոդվածը հանգամանալից ներկայացնում է հայ ճարտարապետ-շինարարների մեծ ներդրումը այդ քաղաքի ճարտարապետական ժառանգության մեջ։ Արդեն 19-րդ դարասկզբին Բաքվում երկու հայկական եկեղեցի կար, հետագայում կառուցվում է ևս մեկը, հայ ճարտարապետների կողմից նախագծվում են մասնավոր ու հասարակական նշանակության բազմաթիվ շենքեր, որոնցով պայմանավորվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Ուշագրավ է, որ ի թիվս այլ նշանավոր ու տաղանդավոր ճարտարապետների, Բաքվում մեծաթիվ շենքեր է նախագծել, նաև հիվանդանոց ու եկեղեցի, կուսակցական ու քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։
Հանդեսի այս համարի եկեղեցական մշակույթին նվիրված էջերում ընթերցողը կարող է գտնել Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու նշանավոր որմնանկարներին և Գևորգ Մադոյանի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանն ու «Էջմիածին» ամսագրին նվիրված ակնարկները։
Արվեստի հանդեսն այս համարից սկսում է «Հայ ժամանակակից թատրոնը» նոր շարք, որն այսուհետ ներկայացնելու է հայկական թատերաշխարհի անցուդարձն ու խնդիրները։ Շարքը բացում է այս նախագծի հեղինակ Աննա Ասատրյանի ծավալուն հարցազրույց-անդրադարձը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ։
Այս համարի նյութերի թեմատիկ-գաղափարական գծերը որոշակիորեն հատվում և ընդհանրանում են արվեստի հանդեսի խմբագիր Վրեժ Առաքելյանի՝ «Արվեստների երկրում» էսսեում։ Հրապարագիրը մտորում է հայկական քաղաքակրթության զարգացման առանձնահատկությունների, կայացման քարքարոտ ընթացքի ու մարտահրավերների շուրջ և փորձում հասկանալ այս ամենի ընկալումն ու արտածումը խորհրդահայ մշակութային կյանքում։ Սովետահայ մշակութային-քաղաքական առանձին իրադարձությունների դրվագումներով, հետահայաց անդրադարձով, մասամբ կարոտաբաղձությամբ, մասամբ էլ ժամանակի անդառնալիության գիտակցությամբ հրապարագիրը ներկայացնում է ժամանակի շունչն ու մտայնությունները ամփոփող առանձին նշաններ ու փնտրում ներկայի խարիսխը՝ հղում կատարելով Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեին։
«Ռոսլին» արվեստի հանդեսը լույս է տեսնում մեկենասությամբ Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների։