• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Րաֆֆին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասին

Րաֆֆին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասին

Քրիստոնեությունը Հայաստան բերած Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունն արտացոլվել է մատենագրության և գեղարվեստական գրականության մեջ, տարածվել բանավոր ավանդության մեջ՝ հավատը զորեղացնող, ներշնչող  տարբեր լեգենդների ու զրույցների միջոցով։ Հանուն հայոց առաջին լուսավորիչների Պատմական Հայաստանի տարբեր վայրերում հոյակերտ վանքեր ու եկեղեցիներ են կառուցվել, որոնց շուրջ նույնպես ուշագրավ զրույցներ են հյուսվել։ Սուրբ Թադեոսի ու Բարդուղիմեոսի մասին այսպիսի հիշատակներ ներկայացնում Րաֆֆին իր նշանավոր Կայծեր վեպում։ Ներկայացնում ենք այդ հատվածները։
 
Սուրբ Թադեոսը Հայաստանում

 

Հայոց-Ձորում դրվեցավ քրիստոնեության սկիզբը՝ մեր Աբգար թագավորի օրոք: Ես սիրում էի ժողովրդի պատմածը, կենդանի ժողովրդի պատմածը, որ նա ավանդաբար լսել էր իր նախորդներից: Ես կդնեմ այստեղ այդ ավանդությունը, ավելի այն պատճառով, որ նրանով բացատրվում է Անգղ գետի անվան ծագումը: Այսպես է պատմում ժողովուրդը: 

Այն խոստման համեմատ, որ Փրկիչը արել էր մեր Աբգար թագավորին, նրա համբառնալուց հետո, Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալներին վիճակվեցավ գալ Հայաստանը լուսավորելու: Բարդուղիմեոս առաքյալը եկավ Աղբակա կողմերը, իսկ Թադեոս առաքյալը՝ Հայոց–Ձորը, բերելով իր հետ աստվածամուղ գեղարդը, սուրբ Աստվածածնի քողը եւ անուշահոտ յուղի շիշը, որով Փրկչի գլուխը օծեցին: Նա սկսեց քարոզել եւ իր բերած սրբություններով հրաշքներ գործել: Անգղ գետի ափի մոտ, ճիշտ այն տեղում, ուր այժմ Սուրբ Աստվածածնի վանքն է կանգնած, կար մի մեհյան: Աստվածամայրը երազում երեւում է Փրկչի առաքյալին եւ ասում է, որ այդ մեհյանի տեղում իր համար մի տաճար կանգնեցնե: Առաքյալը մի հրաշքով կործանում է մեհյանն ու կուռքերը եւ սկսում է տաճարը կառուցանել: Այդ ժամանակ սկսվում է մի խուլ, աներեւույթ կռիվ առաքյալի եւ կուռքերի մեջ: Ինչ որ առաքյալը ցերեկով շինել էր տալիս, դեւերը գիշերով քանդում էին եւ քարերը ձգում էին Անգղ գետի մեջ: Այդ քարերի կուտակումներից կազմվեցավ այս բարձրությունը, որի վրայից գետը ջրվեժի նման ցած է թափվում եւ կորչում է Սաչան: Հետո առաքյալը, աստվածամոր խորհրդով, իր հետ բերած հրաշագործ յուղով օծում է մի խաչքար եւ կանգնեցնում է շինվելիք տաճարի տեղում: Այնուհետեւ դեւերը այլեւս չէին համարձակվում մոտենալ շինվածքին, բացի դրանից, նրանք սեւ ագռավների կերպարանք էին ստանում եւ աչքի էին երեւում: Բայց որովհետեւ նրանք օդի մեջ աղմուկ էին բարձրացնում եւ վերեւից անհանգստացնում էին բանվորներին, այդ պատճառով անգղների կերպարանքով հայտնվում են աստծո հրեշտակները եւ սկսում են պատերազմել ագռավների հետ: Անգղները հաղթում են, բոլոր ագռավներին կոտորում են եւ նրանց դիակները նետում են գետի մեջ, միեւնույն տեղում, ուր նրանք ձգել էին տաճարի քարերը:

Ի հիշատակ այդ հաղթության, գետը կոչվեցավ Անգղագետ, իսկ գյուղը, որտեղ կառուցվեցավ Ս. Աստվածամոր տաճարը, կոչվեցավ Անգղ գյուղ: Առաքյալի հրաշագործ յուղով օծած խաչքարը միչեւ այսօր էլ մնում է տաճարի մեջ, եւ նույն քարից անընդհատ  կերպով ծորում է հրաշագործ ձեթ, որը ուխտավորները տանում են իրենց հետ եւ գործ են դնում զանազան ախտերի բժշկության համար: Պատմում էին, թե առաջ այդ ձեթը այնքան շատ եւ առատությամբ էր բխում, որ բավականացնում էր վանքի բոլոր կանթեղների լուսավորությանը: Բայց մի վարդապետի ագահության պատճառով ձեթը նվազեցավ, երբ նա սկսեց վաճառել: 

 

 

 Բարդուղիմեոս առաքյալի վանքը

 

Բարդուղիմեոս առաքյալի վանքը այն հնադարյան վանքերից մեկն էր, որ իր գոյությունը պահպանում է Լուսավորչի ժամանակներից: Ամբողջ 16 դար, պատերազմելով բնության խստությունների եւ բարբարոս ձեռքերի դեմ, այդ վանքը կանգնած էր որպես հսկայական հիշատակարան կրոնասեր հայի նախնի ճարտարապետության: Նա վկա եղել բազմաթիվ եղեռնական անցքերի. նա տեսել էր կրակապաշտ պարսիկների, արաբ ների եւ մոնղոլների բոլոր անգթությունները: Նա իր հոյակապ կողքերի վրա կրում բազմաթիվ հիշատակարաններ, թե քանի՜, քանի՜ անգամ կործանված է եղել եւ կրկին հայկական ջերմեռանդությունը նորոգել է նրան: 

Այդ վանքը բավական ամուր դիրք ունի. նա կառուցված է մի բլուրի բարձրավանդակի վրա, որի գագաթը արհեստական բանվածքով ավելի եւս բարձրանալով՝ նրա վրա դրած է վանքի հիմնարկությունը: Բլուրը երեք կողմից շրջապատում է ահագին խորությամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որ սովորաբար կոչվում է «Վանքի գետ»: Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թեւքի հետ, որի վրա դրված է մի հայոց գյուղ, որը, վանքի սեփականությունը լինելով, կոչվում է «Վանքի գյուղ», եւ նա հարյուր քայլ հազիվ հեռու  կլինի վանքից: Վանքը պատած է պարիսպներով եւ աշտարակներով, նա ունի իր մեջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանության համար եւ շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսության համար, իսկ նրանց թանկագին հարստությունները պահված էին տաճարի 
գաղտնի պահարաններում: 

Art 365

29.11.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.