• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ռափայել Պատկանյանն ու Նոր Նախիջևանի առաջին մանկապարտեզը

Ռափայել Պատկանյանն ու Նոր Նախիջևանի առաջին մանկապարտեզը

Շատերը չգիտեն, որ  Արաքսի արտասուքը, Երնեկ թե այս նոր տարին, Արի իմ սոխակ, Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը և այլ սիրված բանաստեղծությունների ու պատմվածքների հեղինակ Ռափայել Պատկանյանը (1830-1892 թթ․) իր հայրենի Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով) նաև կրթադաստիարակչական նշանակալի գործունեություն է ծավալել։ Մասնավորապես հենց Ռ․ Պատկանյանի ու նրա կնոջ՝ Օլգա Մելիք-Զարմյանի նախաձեռնությամբ է հայաշատ այս քաղաքում բացվում առաջին նախադպրոցական կրթարանը։ 

 

19-րդ դարի երկրորդ կեսին նախադպրոցական կրթության գաղափարն աստիճանաբար տարածվում էր Եվրոպայում և Ռուսական կայսրությունում։ Մանկապարտեզը նոր կրթական հաստատություն էր, որտեղ երեխաների զարգացումը կազմակերպվում էր խաղի, շարժման, հաղորդակցության և տարիքին համապատասխան զբաղմունքների միջոցով։ Նոր Նախիջևանում նման հաստատություն ստեղծելու նախաձեռնությունը կարևոր քայլ էր քաղաքի հասարակական կյանքում։

Մանկապարտեզի բացման մասին տեղեկատվություն կարելի է գտնել «Донская пчела» թերթի  1878 թվականի հունիսի 11-ի համարում․ 

«Լսել ենք, որ Նոր Նախիջևանում մոտ ժամանակներս բացվելու է մանկապարտեզ, որտեղ դաստիարակության համար կընդունվեն երկու սեռի՝ չորսից յոթ տարեկան երեխաներ։ Մանկապարտեզների կրթական օգտակարությունը հայտնի է, և դրանք բացված են գրեթե բոլոր բարեկարգ քաղաքներում…»։

Հայտարարության մեջ հիշատակվում են նաև մանկավարժ Ռափայել Գաբրիելովիչ Պատկանյանը և նրա կինը՝ որպես նախաձեռնության հեղինակներ։

Այսպիսով՝ մանկապարտեզը նախատեսված էր և՛ աղջիկների, և՛ տղաների համար՝ չորսից յոթ տարեկան երեխաների տարիքային խմբում։

Նախադպրոցական կրթարանի բացումը պատահական չէր Ռափայել Պատկանյանի համար։ Նա երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ։ 1881 թվականին Ռաֆայել Պատկանյանը հիմնադրել է արհեստագործական ուսումնարան, որտեղ աղքատ ընտանիքների երեխաները կարող էին անվճար կրթություն և մասնագիտական պատրաստություն ստանալ։

Պատկանյանի համար կրթությունը միայն գրագիտություն ձեռք բերելու միջոց չէր։ Նա կարևորում էր երեխայի ֆիզիկական, մտավոր և բարոյական զարգացումը, առողջ միջավայրը և տարիքին համապատասխան դաստիարակությունը։

Նրա հիմնադրած արհեստագործական ուսումնարանի գործունեությունը ևս ցույց է տալիս այս մոտեցումը։ Այնտեղ հանրակրթական առարկաների հետ մեկտեղ սովորեցնում էին կոշկակարություն, դերձակություն, հյուսնություն, դարբնություն և այլ արհեստներ։ Երեխաները ստանում էին նաև սնունդ ու հագուստ։ Իր «Մանկապարտեզը Նոր Նախիջևանում» հոդվածում Ռ․ Պատկանյանը գրում է․ 

«Երեխային պետք է մաքուր օդ, անընդհատ և ճիշտ շարժում, լիարժեք սնունդ (որքան ավելի էժան ու պարզ, այնքան լավ), հանգիստ քուն, աստիճանական մտավոր զարգացում, պարզ հագուստ, մշտական խելամիտ խորհուրդ և մոր հովանավորությունը»։

Այս խոսքերը հատկապես ուշագրավ են իրենց ժամանակաշրջանի համատեքստում։ Պատկանյանը երեխայի դաստիարակությունը դիտարկում էր ոչ միայն որպես բարոյական կամ մտավոր կրթության խնդիր, այլև որպես ֆիզիկական առողջության, սննդի, շարժման և հոգատարության ամբողջություն։

Ռ․Պատկանյանի մանկավարժական հայացքները կարող ենք տեսնել նաև նրա բանաստեղծություններում, որտեղ նա փորձում էր ձևավորել կրթության նկատմամբ համապատասխան վերաբերմունք։ Ի մասնավոր «Ժրաջան տղա» ստեղծագործության մեջ նա երեխային չի հորդորում հրաժարվել մանկության ուրախություններից։ Ընդհակառակը՝ արևը, թռչուններն ու հասուն պտուղները նրա համար մանկության բնական աշխարհի մասն են։ Սակայն այդ աշխարհը լիարժեք վայելելու համար երեխան նախ պետք է սովորի․ 

 

ԺՐԱՋԱՆ ՏՂԱ

 

Տըղան սիրում է ձեզ շատ, արեգակ,
Դաշտ ու պարտեզում ճըռվըռող թըռչնակ,
Ճյուղերից կախ-կախ պտուղներ հասուն
Բայց ձեզնից ավել պիտ սիրե ուսում։

Ուրեմն թողեք, նախ դըպրոց երթա,
Ընկերների հետ դասերը նա տա,
Եվ երբոր յուր սուրբ պարտքը կատարե,
Որքան որ ուզե` թո՛ղ նա ձեզ սիրե։

Այնուհետև ցոլա՛, պայծառ արեգակ,
Այնուհետև երգե դու նախշուն թռչնակ,
Ու անուշ համը հասուն պըտուղին.
Թող լինի վարձը ժրաջան տըղին։

Աղբյուրը՝  Н.В. Мирзабекова, Армяне Дона. Серия «Народы Дона». Ростов-на-Дону: 2022․

 

 

Hayk Hambardzumyan

21.11.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Հրատարակչություն
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.