Ի թիվս իր բազմազան ու բազմաբնույթ այլ ստեղծագործությունների, Պարույր Սևակը հեղինակել է նաև մանկական բանաստեղծություններ։ «Ձեր ծանոթները» խորագրով շարքում ընդգրկված են բանաստեղծություններ տարբեր կենդանիների, թռչունների, ծաղիկների ու բնաշխարհի մասին։ Մանկանը՝ շրջապատող աշխարհին ծանոթացնելուն ուղղված այս գողտրիկ ոտանավորումներում՝ նուրբ հումորով, առակային ոճով ու երբեմն էլ խրատական տոնայնությամբ, բանաստեղծը պատմում է այս կամ այն կենդանու կամ թռչնի մասին։ Բանաստեղծն առանձնացնում է բանաստեղծությունների հերոսների բնութագրական հատկանիշները և պատմում դրանց առաջացման սրամիտ ու ուրախ պատմությունները։ Այս փոքրիկ ժողովածուն մի քանի հրատարակություն է ունեցել (1971, 1992)։ 2019 թվականին Հովհաննես Թումանյանի և Պարույր Սևակի թանգարանները համատեղ հրատարակեցին երկու բանաստեղծների մանկական ստեղծագործություններն ներառող պատկերազարդ մի հատոր, որտեղ ընդգրկված էին Պ․Սևակի այս գործերը։ Ներկայացնում ենք Պ․ Սևակի մանկական բանաստեղծություններից մի քանիսը։
Էշը
Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Ամեն մեկին անուն դրեց,
Անուն դրեց
Ու խնդրեց`
Չմոռանալ անունն իրենց:
Եվ ցրվեցին ու հեռացան,
Անունն իրենց չմոռացան:
Միայն մեկը եկավ ձորից,
Իր անունը հարցրեց նորից:
Ստեղծողը քնքշանքով
Ասաց. «Էշ է անունը քո»:
Էշը գնաց:
Երկու օրից
Վերադարձավ էշը նորից.
Մոռացել էր իր անունը:
Նորի՛ց գնաց,
Եկավ նորի՛ց,
Ու կրկնվեց նորից նույնը.
Մոռացել էր իր անունը:
«Քո անունը Էշ է, Իշուկ:
Երկու տառ է, ո՞նց չես հիշում»:
Բայց այդպես էլ նա չհիշեց,
Ու ետ եկավ մի օր նորից:
Եվ այս անգամ մի լա՜վ քաշեց
Ստեղծողը ականջներից:
Քաշեց, ասաց. «Անունդ Է՜շ է»,
«Անունդ Է՜շ է»,- ասաց, քաշե՜ց:
Եվ այն օրից խելոք էշը
Իր անունը արդեն հիշեց.
Էլ հարցնելու կարիք չկար,
Բայց ականջը... մնաց երկար:
Ուղտն ու ծիտը
Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Երբ որ հերթը ուղտին հասավ,
Ուղտին տվեց բարձր հասակ,
Մեջքը`շատ հարթ ու հավասար,
Ոտքը` երկար, բայց ոչ բարակ,
Վիզն էլ` սիրուն մի աշտարակ:
Եվ մի օր Ստեղծողը
Ուզեց բոլոր զավակներին
Իր մոտ կանչել,
Լավ ճանաչել:
Հավաքելն էլ դժվար բան չէր.
Սրան ճամփեց` նրա՛ն կանչի,
Նրան ճամփեց` սրա՛ն կանչի:
Ուղտն էլ գնաց ծտին բերի.
«Քեզ կանչում են, դե՛, շո՜ւտ արի»:
Իսկ ծիտն ասաց.
«Սրա՜ն դու տես,
Մի այնպիսի՛ քացի կուտես,
Որ յոթ տապակ կպտըտես»:
Նայեց ծտին
Ուղտը հսկա
Ու ծիծաղեց
Ուղտը քահ-քահ,
Ու ծիծաղեց հսկան այնքա՛ն,
Որ ծիծաղից գետին փռվեց:
Ու ծիծաղեց... վի՛զը ծռվեց,
Մե՛ջքը ծռվեց,
Ո՛տքը ծռվեց:
Վիզ, մեջք ու ոտ ծռվեց գնաց
Եվ այդպես էլ... ծռված մնաց...
Արագիլը
1
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ես Գարունի օրագիրն եմ,
Առաջին Գ նրա գիրն եմ,
Որ գրում եմ ինքս ինձնով,
Երբ կանգնում եմ իմ մի ոտիս
Ու մի թևով բռնում գոտիս:
2
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ես սպիտակ-սպիտակ եմ,
Բայց Գարունի սևագիրն եմ:
Երբ ձեզ մոտ եմ` մի թռչուն եմ,
Որ գարուն է միշտ ձեզ բերում:
Երբ ձեզ մոտ չեմ` թևեր չունեմ
Ու չեմ թռչում ես ամպերում:
Երբ ձեզ մոտ չեմ` ճիշտ ձեզ պես էլ
Երկու ձեռքով մարդ եմ ես էլ:
Աշխատում եմ ամբողջ աշուն,
Ձեզնից էլ շատ, ձեզնից էլ շուտ:
Աշխատում եմ ամբողջ ձմեռ...
Ձեր գործից շատ է գործը մեր
Ու մեր բեռը`այնքա՛ն ծանըր,
Որ թվում է ձերը մանըր:
Երբ հասնում է գարունը տաք,
Արեգակն է վերից շողում,
Ու բացվում է սառույցը փակ,
Քիչ է մնում փափկած հողում
Խրվենք գնանք մինչև հատակ:
Դրա համար առնում թևեր,
Հողից պոկվում, թռչում ենք վեր,
Ու գալիս ենք աշխարհը ձեր,
Ուր ձեր բեռը թեթև է դեռ,
Եվ ձեր բեռան ծանրության տակ
Դեռ չենք գնում դեպի հատակ:
3
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ձեր փրկության հեռագիրն եմ:
Դուք մի՛ հարցրեք սրան-նրան,
Թե ինչո՞ւ եմ ես միշտ կանգնում
Ոչ թե երկու ոտի վրա,
Այլ` մի ոտի:
Ով չգիտի
Թող հիմա նա
Լավ իմանա.
Ես կանգնում եմ միշտ մի ոտի,
Որ դրանով թեթևանա
Ձեր աշխարհի ծանըր բեռը,
Որ ձեր հողն էլ, ինչպես մերը,
Շատ չփափկի ձեր բեռան տակ,
Ու չխրվեք մինչև հատակ
Կամ ստիպված առնեք թևեր,
Ձեր հին բույնը թողնենք ավեր...
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Իմ աշխարհի տարագիրն եմ...
Մանուշակը
Մանուշակը մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,
Եղել է մի շա՜տ գեղեցիկ,
Մի շա՛տ քնքուշ,
Անո՛ւշ աղջիկ:
Բայց եղել է շատ բացբերան.
Սրա խոսքը տարել նրան,
Նրա խոսքը բերել սրան,
Ինչքան գաղտնիք են վստահել,
Ոչ մի գաղտնիք նա չի պահել:
Խրատել է մայրը նրան,
Իսկ նա` էլի միշտ բացբերան:
Խրատել է մայրը մեկ է՛լ,
Իսկ նա գլուխ չի էլ թեքել:
Մի՛շտ խելքի է մայրը գցել,
Իսկ նա լեզուն չի էլ կծել:
Երբ տեսել է` օգուտ չկա,
Անիծել է մայրն աղջըկան.
«Դաշտերն ընկած`
Ապրես ծնկած,
Հե՛նց զորանաս`
Շո՛ւտ չորանաս,
Ու լեզուդ էլ
Բաց բերնիցըդ թող դուրս չգա,
Այլ բկիցըդ,
Ծոծրակիցըդ»:
Դրա համար
Մինչև հիմա
Մանուշակը ցողուն տալիս
Դեռ նոր ցցված`
Կեռանում է
Դեռ նոր բացված`
Թառամում է,
Իսկ ծաղիկն էլ դուրս է գալիս
Ոչ թե բերնից,
Այլ բկիցը
Եվ մինչևիսկ ծոծրակիցը...