• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Երվանդ Օտյան․ Ընկեր Բ․ Փանջունի

Երվանդ Օտյան․ Ընկեր Բ․ Փանջունի

     Սեպտեմբերի 19-ին է ծնվել է հայ երգիծաբանության նշանավոր դեմքերից մեկը՝  Երվանդ Օտյանը (1869–1926)։  Ե․ Օտյանը լրագրող էր, հրապարակագիր և արձակագիր, որի ստեղծագործության կենտրոնում հասարակական ու քաղաքական կյանքի հակասություններն են։ Նրա կյանքը անցել է պատմական ու քաղաքական մեծ ցնցումների միջով՝ Կ․Պոլիս, տարագրություն,  եվրոպական և մերձավորարևելյան տարբեր քաղաքներ, իսկ 1915-ից հետո՝ աքսոր և վերապրում։ Այս փորձառությունն էլ երգիծանքի միջոցով արտահայտվում է Ե․ Օտյանի ստեղծագործություններում։
      Ե․Օտյանի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ընկեր Փանջունի» երգիծավեպն է։ Այն կառուցված է մի կերպարի շուրջ, որի անունն այսօր էլ գործածվում է հասարակական  որոշակի վարքագիծ բնորոշելու համար։ Փանջունին մշտապես խոսում է մեծ գաղափարների՝ հեղափոխության, սոցիալական արդարության, ազգային վերափոխման մասին, սակայն նրա խոսքն ու իրական գործողությունները շարունակաբար հակասում են միմյանց։ Այս վեպը եռագրություն է, որի առաջին մասում հերոսը հայտնվում է Ծապլվարում՝ պայմանական հայկական գյուղում՝ համոզված լինելով, որ կարող է «արթնացնել, լուսավորել, հեղափոխել» գավառը, և հենց այստեղ է բացահայտվում կերպարը․ գաղափարը վերածվում է ինքնանպատակ ճառի, իսկ գործողությունը՝ գաղափարի ծաղրանկարային նմանակման։ Թեև այս կերպարի մեջ կարելի է տեսնել որոշակի կուսակցությունների ու գործիչների հետ նմանություններ, սակայն երգիծանքի թիրախը որևէ առանձին կուսակցություն, անձ կամ գաղափարախոսություն չէ։ Հեղինակի քննադատության առարկան այն հավերժական երևույթն է, երբ գաղափարը կտրվում է իրականությունից, իսկ խոսքը՝ գործից։
      Փանջունին կարող է բարձրաձայնել արդարության ու հասարակական բարեփոխման մասին,  բայց այդ ճառերը երբեք չեն վերածվում պատասխանատվության կամ իրական գործողության։ Այդ պատճառով էլ, նաև հաշվի առնելով հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքի իրողությունները՝ կերպարի ծիծաղելիությունը աստիճանաբար ստանում է նաև ողբերգական ենթատեքստ։
     «Ընկեր Փանջունին» վաղուց դուրս է եկել իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական ու հասարակական համատեքստից։ Օտյանի ստեղծած կերպարը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության մեջ գոյություն ունի բարձրագոչ խոսքի և իրական գործողության անհամապատասխանության խնդիրը։
     Հատկապես այսօր հանրային կյանքում, քաղաքականության մեջ, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բառերի առատությունը հաճախ կարող է ստեղծել գործունեության պատրանք, որը սակայն իրականում որևէ արդյունք չի ունենում։ Երգիծավեպի ուժը հենց այստեղ է. այն մեզ ծիծաղեցնում է, ապա նաև զայրացնում ու տխրեցնում ոչ միայն այն պատճառով, որ անհեթեթ է, այլ որովհետև նրա խոսքի տրամաբանությունը մեզ շատ ծանոթ է թվում։

 

Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար [հատված]

 

Կյանք մը որ տակավին իր ամբողջ շրջափոխությունները չէ կատարած և իր գործունեության ամենեն եռանդուն փուլին մեջ կը գտնվի, կարելի չէ լիակատար կերպով ներկայացնել և նույնիսկ անխոհեմ հանդգնություն մըն է այդպիսի կյանքի մը վրա դատաստան կտրել կամ կարծիք հայտնելը։
Ուստի ապագա կենսագիրներու թողլով ընկեր Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբը ներկայացնելու այնքա՜ն դժվար որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհանամ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերվարական նամականիի հերոսին վրա, պարզապես նյութեր՝ ապագա կենսագիրներու գործը դյուրացնելու նպատակով, և կամ սանկ ըսեմ՝ ատաղձներ այն հիշատակարանին համար զոր երախտագետ հայությունը օր մը պիտի կանգնե իր հերոսներուն ի պատիվ։
Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնած է 1875-ին։ Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցանելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով։ Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպվածեն՝ ընկեր Փանջունիի ունայնամտությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին։ Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանագրելով։
Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ'աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
— Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
— Բայց տանը մեջ ա՛լ դիմացվելիք բան չէ։
— Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը,— պատասխանեց բժիշկը։
Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ'առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ'ընե։
Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
— Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
— Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
— Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։
— Չէ՛, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան։
Ի զո՜ւր հայրը երկար– բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ'ընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ի՞նչ կ'ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
— Կը շինեմ կոր։
Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կ'անցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կա՛մ դասատուին, կա՛մ դասագրքին, կա՛մ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին։
Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ։
— Հինգ անգամ հինգ՝ քսանըհինգ կ'ընե,— կ'ըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ։
— Չէ՛,— կը համառեր Փանջունի,— հինգ անգամ հինգ՝ հիսուն կ'ընե։
— Ո՛չ, քսանըհինգ կ'ընե։
— Հիսուն կ'ընե։
Մյուսը տեսնելով որ դժվար,— ի՜նչ կ'ըսեմ անկարելի,— է խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռիվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.
— Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ'ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ'ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։
— Չ'ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ'ընե։
— Այդ անկարելի է։
— Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։
— Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։
— Չեմ կրնար ապացուցանե՜լ, չեմ կրնար ապացուցանե՜լ,— մռնչեց Փանջունի,— ա՛ռ քեզի համոզիչ ապացույց մը։
Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն։
Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացուց թե՝ հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքել վարժապետին։
Վարժապետը իսկույն կանչեց Փանջունին և՝
— Ինչո՞ւ ընկերոջդ գլուխը պատռեցի՞ր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին՝ «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»։
— Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիսթը հանդիսավորապես։
Հայրը տեսնելով իր զավկին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կճրտելով կը պոռար.
— Փորձա՜նք պիտի ըլլաս, փորձա՜նք...
Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ։ Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ։

 

Hayk Hambardzumyan

19.09.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.