Ֆրիդրիխ Նիցշեն իր հայտնի գրքերով՝ Այսպես խոսեց Զրադաշտը․ Գիրք ամենքի և ոչ ոքի համար, Բարուց և չարից անդին, Զվարթ գիտություն, Ողբերգության ծնունդը և այլն, վաղուց դուրս է եկել փիլիսոփայական մտքի պատմության շրջանակներից։ Ֆ․ Նիցշեն մշակութային ընդգրկուն երևույթ է, որի գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել գրականության, հոգեբանության, մշակութաբանության և 20-րդ դարի փիլիսոփայության վրա։ Ներկայացնում ենք Ֆ․Նիցշեի կենսագրության մի քանի ուշագրավ դրվագ, որոնք գուցե մնացել են նրա գաղափարների ստվերում և այդքան էլ հայտնի չեն։
1. Նիցշեն փիլիսոփայության դասախոս չէր, այլ՝ դասական բանասեր
Նիցշեի ակադեմիական կարիերան սկսվել է ոչ թե որպես փիլիսոփա, այլ որպես դասական բանասեր։ Նա ուսումնասիրել է հին հունական և լատինական գրականությունն ու մշակույթը։ Դեռ երիտասարդ տարիքում աչքի է ընկել իր բացառիկ ընդունակություններով։ 1869 թվականին՝ ընդամենը 24 տարեկանում, Նիցշեն նշանակվել է Բազելի համալսարանի դասական բանասիրության պրոֆեսոր։ Նրա առաջին խոշոր աշխատությունը՝ «Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց» (1872) նրա այդ շրջանի գիտական հետաքրքրությունների արգասիք է։ Միաժամանակ, այն ակնհայտորեն դուրս է գալիս ավանդական բանասիրական հետազոտության սահմաններից։
2. Ռիխարդ Վագների մեծ երկրպագուն, ապա՝ քննադատը
Նիցշեի կյանքում կարևորագույն նշանակություն ունեցավ մտերմությունը Ռիխարդ Վագների հետ։ Նրանք ծանոթացել էին Նիցշեի ուսանողական տարիներին, իսկ հետագայում փիլիսոփան հաճախ էր այցելում Վագներին և նրա ընտանիքին։ Սկզբնական շրջանում Նիցշեն Վագների արվեստի մեջ տեսնում էր գերմանական մշակույթի վերածննդի հնարավորությունը։ Նրա առաջին գիրքը՝ «Ողբերգության ծնունդը», մեծապես պայմանավորված էր Վագների երաժշտության նկատմամբ ունեցած հավատով։ Սակայն տարիների ընթացքում նրանց հարաբերությունները փոխվեցին։ Նիցշեն սկսեց քննադատել Վագների արվեստն ու գաղափարները։ 1870-ականների երկրորդ կեսին նրանց բարեկամությունն ավարտվեց։
3. «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական տրակտա՞տ, թե․․․
Ֆ․Նիցշեի ամենահայտնի գրքերից մեկը՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» (1883-1885) կարելի է համարել վեպի, մարգարեական խոսքի, առակի և փիլիսոփայական երկխոսության ինքնահատուկ համադրություն։
Գլխավոր հերոսը՝ Զրադաշտը, պատմում, դիմում, վիճում, հեգնում և երբեմն խոսում առակների լեզվով։ Այստեղ են հանդիպում Նիցշեի երկու հայտնի գաղափարները՝ գերմարդ (Übermensch) և հավերժական վերադարձ։
4. Կյանքը ճանապարհորդության մեջ
1879 թվականին առողջական խնդիրների պատճառով Նիցշեն ստիպված եղավ հրաժարվել Բազելի համալսարանի պրոֆեսորի պաշտոնից։ Դրանից հետո նա այլևս չունեցավ մշտական ակադեմիական աշխատանք։
Նրա կյանքի հաջորդող տարիները դարձան չընդհատվող տեղափոխությունների մի մեծ շրջան։ Ձմռանը նա հաճախ բնակվում էր Իտալիայում կամ Ֆրանսիայի հարավում, իսկ ամռանը՝ Շվեյցարիայի Սիլս-Մարիա գյուղում։ Նա ապրում էր համեմատաբար մեկուսի և աշխատում էր հյուրանոցներում ու վարձակալած բնակարաններում։
Հենց այդ տարիներին են ստեղծվել նրա ամենահայտնի աշխատությունները՝ «Զվարթ գիտություն», «Այսպես խոսեց Զրադաշտը», «Բարուց և չարից անդին», «Բարոյականության ծագումնաբանության մասին» և այլ գործեր։
5. Աստված մեռած է․․․ ի՞նչ նկատի ուներ Նիցշեն
Հատկապես աթեիստները Ֆ․ Նիցշեին հաճախ հիշում են «Աստված մեռած է» հայտնի ձևակերպմամբ։ Սակայն Նիցշեի գրքերում այն աթեիստական հայտարարություն չէ։ Այն կապված է եվրոպական մշակույթի խորքային փոփոխության և քրիստոնեական աշխարհի արժեքային հիմքերի ճգնաժամի հետ։
Նիցշեն քննադատում էր ոչ միայն կրոնը, այլև այն բարոյական համակարգերը, որոնք, նրա կարծիքով, կարող էին հակադրվել կյանքի ստեղծագործական ուժին։ Նրա փիլիսոփայության առանցքային հարցերից մեկը հետևյալն էր՝ ինչպե՞ս ստեղծել նոր արժեքներ այն ժամանակ, երբ հին արժեքների նկատմամբ հավատը փլուզվում է։