• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ներսես Շնորհալի․ Թուղթ ընդհանրական [եպիսկոպոսներին և իշխաններին]

Ներսես Շնորհալի․ Թուղթ ընդհանրական [եպիսկոպոսներին և իշխաններին]

Ներսէս՝ ծառայ Քրիստոսի եւ Նրա ողորմութեամբ՝ Հայոց կաթողիկոս. հայ ժողովրդի բոլոր հաւատացեալներիդ՝ արեւելքում՝ մեր Հայաստան աշխարհի մէջ բնակուողներիդ, արեւմուտքում՝ պանդխտութեամբ թափառողներիդ, տարբեր երկրներում այլալեզու ազգերի մէջ դեգերողներիդ, մեր մեղքերի պատճառով աշխարհի բոլոր ծագերում՝ քաղաքներում, դղեակներում, գիւղերում ու ագարակներում, ցրուածներիդ. ձեզ բոլորիդ՝ քահանայապետերիդ եւ քահանաներիդ, վանականներիդ եւ քաղաքաբնակներիդ, իշխաններիդ եւ հպատակներիդ, հեծեալ եւ հետեւակ զինուորների դասերիդ, գաւառապետերիդ եւ գործավարներիդ, տանուտերերիդ եւ երկրագործներիդ, վաճառականներիդ եւ արհեստաւորներիդ եւ նրանց, ովքեր սեփական կամքի ընտրութեամբ եւ յօժա րութեամբ ընթանում են այս կեանքի զանազան ճանապարհներով, աշխարհիկ կամ գերաշխարհիկ կեանք վարող արանց եւ կանանց, մանուկներին եւ երիտասարդներին, չափահասներին եւ ծերերին. սիրոյ եւ խաղաղութեան ողջոյն թող հասնի աստուածընկալ եւ փրկական սուրբ Նշանից, Հոգու հրեղէն լեզուները ընդունած առաքելական նշխարներից, մեր սուրբ Լուսաւորչի Աջից եւ Աթոռից:

Սուրբ Ներսես Շնորհալու հայ ժողովրդին ուղղված այս դիմումով է բացվում նրա նշանավոր գրությունը՝ «Թուղթ ընդհանրականը»։ Այս ուղերձը ոչ միայն հոգևոր-կրոնական, այլ առաջին հերթին բարոյական, ապա նաև իրավական, նույնիսկ քաղաքական բացառիկ տեքստ է, որը ընդգրկուն պատկերացում է տալիս 12-րդ դարի հայ իրականության մասին։ Ներսես Հայրապետի խոսքում բացահայտվում են միջնադարյան Հայաստանում հասարակության տարբեր դասերի միջև հարաբերությունները, իշխանական-ֆեոդալական վարք, հոգևորականության բարոյական նկարագիրը, հասարակ մարդկանց բարքերը։  Հեղինակի գլխավոր մտահոգությունը՝ տարբեր խավերի միջև առկա հակասություններն են, որոնց ակունքը բարոյական անկումն է, քրիստոնեկան, հոգևոր արժեքների անտեսումը, խոտոր ընթացքը։ Այս ամենն է, որ թուլացնում է երկիրն ու ժողովրդի, ստեղծում անառողջ հարաբերություններ խոցելի դարձնում արտաքին հարձակումների առջև։ Հեղինակը հասկանում է, որ հասարակության  ախտերը շատ դժվար է բժշկել, քանի-որ հիվանդները չեն ցանկանում լսել բժիշկներին, մերժում են խրատները, ընդդիմանում Աստծու խոսքին։ 

Ինչպէ՞ս կարող ենք քահանայապետական դատաւրութիւն անել մի այնպիսի ազգի մէջ, որը ոչ միայն աստուածային օրէնքների դատաստանին չի ենթարկւում եւ չի հնազանդւում, այլեւ անիրաւ դատաւոր է դառնում Եկեղեցու դատաւորների վրայ եւ, սեփական աչքում գերան ունենալով հանդերձ, չարաչար բամբասանքներով ու անդուռ բերանով անդադար դատում է նրանց վարքի յանցանքների շիւղերը:  

Ներսես Շնորհալու համար, իհարկե, ախտերի բուժման միակ ճանապարհը ճշմարիտ հավատն է, որից ծնվում է միմյանց նկատմամբ սերը, միմյանց համար աղոթելու ձգտումը, խրատները խոնարհությամբ ընդունելն ու աստվածահաճո ընթացքը։ 

Ներկայացնում ենք հատվածներ Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական» երկի աշխարհաբար փոխադրությունից, որտեղ Բազմաշնորհ Հայրապետն իր խոսքն ուղղում է եպիսկոպոսներին ու իշխաններին։ 

 

Աշխարհի մեջ գտնվող եկեղեցու առաջնորդներին, որոնք եպիսկոպոս են կոչւում

 

Խոսենք նաեւ սուրբ եպիսկոպոսներիդ դասի հետ, որ Աստուծոյ կողմից տեսուչ էք կարգուած աշխարհի մէջ գտնուող հաւատացեալների հոգիներին: Եւ թէպէտ եւ առաջին հերթին վանականներին ուղղեցինք բարեկարգութեան մասին [մեր խօսքը) եւ յետոյ՝ ձեզ, սակայն ըստ աստիճանի առաջինը դուք էք:
Ամէն ինչից առաջ աղաչում եմ ձեզ, որ սթափուէք եւ իմաստութեամբ ճանաչէք ձեր աստիճանի բարձրութիւնը եւ դերը, թէ՝ որտեղի՞ց սկսուեց, ինչի՞ համար հաստատուեց, եւ ի՞նչ հրամայեցին անել նրանք, ովքեր այն հաստատեցին: Քանզի երբ մէկն այս ամէնն իմանայ, ինչպէս պէտք է, այս երեքից մեկը կշահի, կամ՝ ճանաչելով սրա ծանրութիւնը եւ դժուարակրութիւնը եւ գիտենալով իր տկարութիւնը՝ որպէս դիտին եւ հեշտալի բաների յօժարութեամբ չի դիմում, այլ հրաժարւում է, թէեւ բռնադատուի իր մտքի ախտերից կամ մերձաւորներից, ինչպէս որ առաջին սրբերն արեցին եւ սովորեցրեցին, կամ՝ եթէ յանձն է առնում, ջանում է Աստծուն հաճելի կերպով վարել գործի տնտեսութիւնը, կամ՝ երբ չի կատարում արժանին՝ ճանաչելով իր մէջ բարու պակասն ու վնասը, խղճմտանքով դատում է իր անձը՝ իրեն յանցաւոր ճանաչելով:
Արդ, ասենք, թե որտեղից սկսուեց եպիսկոպոսութիւնը: Եպիսկոպոսութիւնը սկիզբ առաւ ըստ Մելքիսեդեկի կարգի, Նրանից, Ով քահանայապետութիւնը երդումով վերցրեց Հօրից՝ ոչ ըստ Իր Աստուածութեան, այլ՝ մարդկու
թեան, ոչ թէ կենդանիներից պատարագներ մատուցելով՝ ըստ Ահարոնեան քահանայութեան, այլ Խաչի վրայ Իր անձը մատուցեց որպես կամաւոր պատարագ Հօրը՝ մեզ հետ հաշտեցնելու համար: Եւ նոյն այդ քահանայապետութիւնը, որը Նա Հօրից ընդունեց, որպէսզի, խաչի մահուամբ մեռնելով, Իր արիւնով գնի մարդկանց, երկինք համբարձուելիս Իր աշակերտներին շնորհեց՝ ըստ Ղուկասի Աւետարանի, թէ՝ «Դրեց ձեռքը նրանց վրայ, օրհնեց նրանց եւ ապա եր-կինք էր վերանում» [տե՛ս Ղուկ. ԻԴ 50]: Նոյն օրինակը պահանջեց նաեւ նրանցից՝ ասելով, թէ՝ ինչպէս Ես քահա-նայութիւնս ընդունեցի մարդկանց համար՝ ո՛չ հեշտութեամբ, այլ՝ չարչարանքով ու մահուամբ, նմանապէս դո՛ւք էլ մահու չափ նահատակուեցէք հօտիս ոչխարների համար, որ Իմ արեամբ գնեցի: Եւ նրանք գործեցին՝ ըստ հրամանի մեռնելով այն ժողովրդի համար, որ Տէրն իրենց վստահեց:
Եւ երբ Քրիստոսի առաքեալները պատրաստւում էին աշխարհից ելնել, այնտեղի հաւատացեալներից երկիւղածների եւ իմաստունների ընտրելով՝ իրենց փոխարէն ժողովուրդի գլուխ նշանակեցին քաղաքներում եւ գաւառներում, որոնց եւ եպիսկոպոս անուանեցին, որ թարգմանում է տեսուչ։ Այս ասացինք այն բանի մասին, թե որտեղից սկսուեց:
Պէտք է գիտենալ նաեւ այն, թէ ի՞նչ նպատակով Քրիստոսի եւ Իր առաքեալների կողմից հաստատուեց եպիսկոպոսական պաշտօնը: Յայտնի է. որպէսզի քահանա-ներին եւ ժողովրդին գլուխ եւ հրամանատար լինեն, որպէս տեսուչ մտքի աննիրհ աչքերով բոլորի վրայ հսկեն, խոտո րուածներին ուղղեն եւ ուղիղներին իրենց ուղղութեան մէջ հաստատուն պահեն:

Եւ թէ եպիսկոպոսը ինչպիսին պէտք է լինի կամ ինչ պէտք է անի, Պօղոսը դա ցոյց է տալիս Տիմոթէոսին՝ գրելով. թէ' «Եպիսկոպոսը պէտք է լինի անարատ՝ որպէս Աստուծոյ տնտես, հեզ, ցածր, պարկեշտ, հիւրասէր, բարեսէր, արդար, սուրբ, ժուժկալ, ո՛չ արծաթասէր, ո՛չ կռուող, ո՛չ խփող, այլ՝ հանդարտ» [տե՛ս Ա ՏԻՄ. Գ 2) եւ տակաւին ուրիշ բաներ:
Անարատ ասելով՝ պատուիրում է մաքուր լինել հոգու եւ մարմնի ամէն տեսակ արատներից: Իսկ որպէս Աստուծոյ տնտես՝ հետեւեալն է յայտնում. եթէ մարդիկ իրենց նիւթական գոյքի վրայ անարատ մարդկանց են ընտրում որպէս տնտես, այսինքն՝ մէկին, որն աւազակօրէն չգողանայ, չծուլանայ գոյքերը խնամելու եւ պահելու մէջ, որքա՞ն աւելի անարատ, արթուն եւ զգոյշ պէտք է լինեն Աստուծոյ տան տնտեսները, որ սուրբ Եկեղեցին է: Նիւթական եկեղեցու մասին չէ, որ խօսում եմ, այլ՝ մարդկանց հոգիների, որոնք կենդանի Աստուծոյ տաճարներ են: Աստուծոյ տնտեսը պէտք է իր ամբողջ զօրութեամբ անխախտ պահի աստուածաբնակ այդ տաճարների կառոյցը եւ թույլ չտայ, որ իր ծուլութեան պատճառով սատանան հոգեւոր այդ գանձերից գողանայ՝ ո՛չ իրենը եւ ո՛չ էլ նրանցը, որոնց տնտեսութեան գործն է ստանձնել, նաեւ տէրունական հրամանով ամէն օր ճիշտ ժամին խօսքի կերակուրը մատակարարի նրանց [տե՛ս Մատթ. ԻԴ 45]:
Հեզ, ցածր, պարկեշտ, հեզութեամբ յիշեցնում է նմանուել Մովսէսին եւ Դաւթին, որոնք հնում Իսրայէլի ժողովըրդի հովիւներն էին, եւ նոր հովիւներս նոյնպէս պէտք է հեզութեամբ եւ հանդարտութեամբ հովուենք այս ժողովըր
դին, ինչպէս հովիւները՝ հօտին, եւ ոչ թէ՝ գոռոզութեամբ եւ բռնութեամբ, ինչպէս աշխարհի իշխանները:
Ցածր ասելով՝ խոնարհութիւն է ուսուցանում, քանզի վայել չէ եպիսկոպոսին հպարտ եւ գոռոզ լինել հաւատացեալ ժողովրդի նկատմամբ, ինչպէս բռնաւորների գործակալները, այլ հեզութեամբ եւ խոնարհութեամբ վարուել ամենքի հետ, ինչպէս Քրիստոսն ինքն է օրինակ տալիս՝ ասելով. «Սովորեցէ՛ք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. ԺԲ 29]: Եւ դարձեալ՝ ցոյց տալով խոնար-հութեան օգուտը եւ հպարտութեան վնասը՝ ասում է. «Ով իր անձը բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ ով իր անձը խոնարհեցնում է, պիտի բարձրանայ» (Մատթ. ԻԳ 12]: Եւ Պօղոսն էլ, Տիմոթէոսին զգուշացնելով եպիսկոպոսութեան աստիճանի չկոչել հոգով եւ մարմնով անկատարներին, ասում է. «Պետք չէ, որ լինի նորադարձ, որպէսզի հպարտանալով չընկնի սատանային վիճակուած դատաստանի մէջ» [տե՛ս Ա Տիմ. Գ. 6], քանզի սատանան, Արարիչ Աստուծոյ դէմ հպարտանալով, երկնքից ընկաւ եւ դատապարտուած է յաւիտենական դատաստանին եւ մշտնջենաւոր տան-ջանքներին: Ահա՛ թէ ինչու է հրամայում խոնարհ լինել, որպէսզի, նոյն ախտից բռնուելով, նրա դատաստանին եւ պատժին կցորդ չլինեն:
Պարկեշտ. պարկեշտ անունը թէեւ մէկն է, բայց հոգու եւ մարմնի բոլոր շարժումներին է համապատասխանում. չլինել շատախօս, ուտելու, խմելու եւ հագնուելու մէջ

աշխարհականներին չնմանուել, այլ՝ նրանց, որոնց համար խաչուած է աշխարհը: Նաեւ ճամփորդութեան ժամանակ զարդարուած եւ աչքի ընկնող ձիերի կամ ջորիների վրայ չբարձրանալ, այլ պատահած գրաստով գոհանալ, այն էլ՝ յոգնած մարմինը կրելու համար միայն: Ինչպէս լսում ենք, ոմանք սրընթաց ձիերով արշաւանքներ են անում եւ որսի շներով ու բազէներով վայրի երէներ եւ թռչուններ են հալածում: Այս բանն այնքան է պատշաճ եպիսկոպոսի զգեստը կրողին, որքան կրօնաւորին՝ գլխին քուսիթայի փոխարէն կարմիր գդակ կրելը եւ մազեղէն հանդերձի փոխարէն՝ բեհեզեայ զգեստ: Եւ կերակուրներն ու ըմպելիքները յաճախակի եւ անկարգօրէն չլինեն, այլ՝ պարկեշտութեամբ եւ չափաւորութեամբ՝ ըստ աստուածաշնչեան խրատի [տե՛ս Եփես. Ե 4]: Եւ անմտաբար խեղկատակի կամ գռեհիկ խօսքեր [չարտաբերել) եւ ոչ էլ անարգել որեւէ մէկին՝ լեզուն յեղյեղելով անամօթ եւ նուաստացուցիչ խօսքե-րով, այլ սրտից բարի խօսքեր բխեցնել՝ ըստ մարգարէի [տե՛ս Սաղմ. ԽԴ 1], որպէսզի լսողներին առաքեալի պէս օգուտ եւ շնորհ տան եւ ոչ թէ՝ վնաս կամ տաղտկութիւն՝ պատճառ լինելով, որ առաքելական աստիճանն աղարտուի:

 

Աշխարհի իշխաններին

 

Աստուածային պատուիրանների խրատը ուղղենք նաեւ ձեզ՝ աշխարհիկ կենցաղավարութիւն ունեցողներիդ: Նախեւառաջ՝ իշխաններիդ, որ մեր այս դժուար ժամանակներում տարբեր վայրերում տիրում էք զօրքերի եւ գաւառների վրայ՝ շատ, թէ՝ քիչ: Աղաչում եմ՝ անհնազանդ մի՛ եղէք Աստուծոյ օրէնքներին, այլ, ինչպէս դուք կցանկանայիք, որ ձեր ծառաները ձեր հրամանները հնազանդութեամբ եւ անթերի կատարեն, եւ ովքեր հրամայուածներից եթե որեւէ բան անկատար թողնեն, կպատժուեն ձեր կողմից, նոյնպէս էլ դո՛ւք Տիրոջը ծառայեցէք երկիւղով եւ հնազանդութեամբ, քանզի բնութեամբ Աստուծոյ ծառաներ էք, որպէսզի իբրեւ Տիրոջ դէմ ապստամբածներ չպատժուէք, այլ որպէս մտերիմ ծառաներ պատիւ ընդունէք երկնաւոր Թագաւորից:
Արդ, առաջինը այս պատուիրանն ենք աւանդում ձեզ. անիրաւութեամբ մի՛ վարուէք հպատակների հետ՝ ծանր եւ դժուարակիր հարկեր դնելով, որոնք չեն կարող կրել, այլ իւրաքանչիւրին օրէնքով եւ ըստ իր կարողութեան չափի դատէք, յիշէ՛ք, որ դո՛ւք էլ Տէր ունէք երկնքում, եւ Նրա առջեւ աչառութիւն չկայ» (Եփես. Ջ 9], ինչպէս ասում է առաքեալը:
Ոչ ոքի մի՛ զրկէք եւ մի՛ նեղէք աղքատներին ու տնանկներին, որպէսզի Աստուծոյ առջեւ չբողոքեն ձեր դեմ, եւ Աստուած էլ լսի նրանց բողոքը, ինչպէս Սողոմոն իմաստունն է ասում. «Աղքատին քեզ անիծելու պատճառ մի տուր» (տե՛ս Առակ. L 10), որպէսզի նրա Արարիչը, նրան լսելով, քեզ չարիքով չհատուցի:

Ձեր երկրի վրայ չար եւ անիրաւ գործավարներ եւ գաւառապետեր մի՛ նշանակէք, որպէսզի նրանց գործած անիրաւութիւնների պատճառով դուք էլ նրանց հետ չդատուէք Աստծուց. այլ մարդկանց վրայ գործավարութիւն անելու համար արդարամիտ ու արդարադատ մարդկա՛նց ընտրեցէք, որպէսզի արքունիքի սահմանած իրաւունքները չթողնեն վաստակաւորներին՝ մի փոքր կաշառքի փոխարեն զիջելով բազումը, կամ իրենք գողանան, եւ նրանց չնեղեն եւ հրամայուածից աւելի գանձեն, քանզի երկուսն էլ անիրաւութիւն են Աստուծոյ համար: Այլ այնպիսի իրաւադատ լինեն, որ կայսրինը տան կայսրին եւ Աստծունը՝ Աստծուն [Մատթ. ԻԲ 21]:
Անիրաւութեամբ մի՛ դատէք որեւէ մէկին, այլ ուղիղ դատաստա՛ն արէք, որպէսզի Աստուած էլ ձեզ քաղցրութեամբ դատի եւ ոչ՝ խստութեամբ: Կաշառքը, կողմերից մէկին սիրելը, ատելութիւնն ու ոխակալութիւնը կամ որեւէ մէկից սպասուելիք պատիւը թող պատճառ չլինեն, որ դատի ժամանակ անիրաւին արդարացնէք եւ արդարի իրատւնքները խեղաթիւրէք, որպէսզի սրանց պատճառով ձեր հոգիները արժանի չլինեն Աստուծոյ օրէնքների անէծքին:
Մի՛ անտեսէք այրու եւ աղքատի իրաւունքները, երբ ձեր առջեւ բողոքեն իրենց զրկողներից, այլ որբի դատը տեսէ՛ք եւ այրու իրաւունքը տուէ՛ք, ինչպէս Աստուած է պատուիրում մարգարէի միջոցով [տե՛ս Եսայ. Ա 17]: Անսացէ՛ք նրանց աղաղակին, փրկեցէ՛ք նրանց իրենց կեղեքիչներից, անիրաւների կողմից նրանց յափշտակուած ինչքերը վերադարձրէ՛ք, եւ այն ժամանակ Աստուած էլ ձեր աղաչանքները կլսի եւ կկատարի ձեր սրտի խնդրածները:

Ձեր իշխանութեան ենթակայ մարդկանց մի՛ ծառայեցրէք անբան կենդանիների նման, որոնք բնութեամբ ծառայ են մարդկանց, եւ խիստ ու անտանելի գործեր մի՛ տուէք նրանց, ինչպէս փարաւոնն էր անում Իսրայէլի որդիներին, ոչ էլ առանց կերակրի՛ թողէք նրանց, այլ ներողամտութեամբ եւ քաղցրութեա՛մբ [վարուեցէք]: Աշխատաժամերը պակա-սեցրէ՛ք, առատ կերակուրներով գոհացրէ՛ք նրանց աշխատանքի ընթացքում եւ չափից աւելի մի՛ [ծանրաբեռնէք], որպէսզի կարենան իրենց վաստակով իրենց աղքատ տնե րի եւ զաւակների կեանքն ապահովել եւ արքունական հարկերը վճարել:
Ձեր աշխատաւորների վարձը բռնութեամբ մի՛ կտրէք, որպէսզի չնմանուէք նրանց, որոնց առաքեալներն ու մարգարէները ամբաստանում են. «Ձեզանից զրկուածն աղաղակում է, եւ հնձողների աղաղակները հասան զօրութիւնների Տիրոջ ականջին» (Յակ. Ե 4): Թող ձեզ բաւ լինի, որ նրանց վաստակով հարստանում էք եւ չափից աւելի փափկանում, քանզի նրանց բնութիւնը ձերինից տարբեր չէ, այլ նոյն կաւից եւ շաղախից էք ստեղծուած, նոյնն է տերերի եւ ծառաների, հարուստների եւ աղքատների աշխարհ գալու սկիզբը եւ աշխարհից ելնելու վախճանը: Ամենքն էլ զուգահաւասար ծննդեամբ են աշխարհ գալիս եւ մահով ելնում այստեղից: Իսկ հարստութիւնն ու աղքատութիւնը, բարձրութիւնն ու խոնարհութիւնը, բարեբախտութիւնն ու պանդըխտութիւնը ծննդեան եւ մահուան միջեւ պատահող բաներ են, որոնք երազի են նմանտում, սա փորձով յայտնի է բոլորին՝ ե՛ւ իմաստունին, ե՛ւ տգէտին: Սրանցից ոչ մէկը հաստատ չէ։ Ուստի անցաւոր այս կեանքի համար մի կորցրէք յաւիտենական կեանքը: Քանզի թէեւ Քրիստոս ուղ
տի՝ ասեղի ծակից անցնելու օրինակով ասաց, թէ հարուստները դժուարութեամբ երկնքի արքայութիւն պիտի մտնեն [տե՛ս Մատթ. ԺԹ 24], սակայն եթէ ձեր հարստութիւնը Աստուծոյ կամքի համաձայն գործածէք, դժուարինը ձեզ դիւրին կլինի: Աբրահամն էլ հարուստ էր, բայց ոչ մի այն արքայութեան արժանացաւ, այլեւ նրա գիրկը Աստուծոյ արքայութիւն եղաւ եւ կոչուեց բոլոր արդարների օթեւան, նոյնպէս էլ՝ Յոբը եւ բոլ բոլոր արդար հարուստները, ինչպէս վկայում է Տէրը. «Կտեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստուծոյ արքայութեան մէջ» [Ղուկ. ԺԳ 28): Դո՛ւք էլ նրանց օրինակով արդարութեան ճանապարհով գնացէք, որովհետեւ նրանք ո՛չ նեղում էին, ո՛չ որեւէ մէկի ունեցուածքը յափշտակում, ո՛չ որեւէ մէկին անիրաւութիւն կամ նենգութիւն անում, այլ իրենց արդար վաստակով քաղցածներին կերակրում էին, մերկերին՝ հագցնում, հիւրերին՝ ընդունում, կարօտեալների պէտքերը հոգում, նեղեալներին՝ մխիթարում եւ տկարներին՝ զօրացնում, աղքատներին եւ տնանկներին ոչ միայն չէին նեղում, այլեւ փրկում էին իրենց կեղեքիչներից: Եւ ինչպէս որ նրանց մարմնաւոր փարթամութիւնը արգելք եւ
խոչընդոտ չեղաւ՝ երկնքի արքայութիւնը ժառանգելու, նոյնպէս էլ ձեր հարստութիւնը ձեզ չարիքի պատճառ չի լինի, եթէ նրանց պէս արդարութեամբ վարէք այն, այլ մանաւանդ՝ առիթ կլինի բարիքի՝ ըստ [Սողոմոն Իմաստունի, որ ասում է. «Մարդու կեանքի փրկանքը իր հարստութիւնն է»[Առակ. ԺԳ 8):

Բնագրի աղբյուրը՝ Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական

(գրաբարից աշխարհաբարի վերածեցին՝ Տ․ Մեսրոպ քահանա Արամյանը,

Տիգրան Խաչատրյանը, Սեդա Ստամբոլցյանը), Երևան, 1991։

 

Hayk Hambardzumyan

17.01.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.