5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի պատմության ամենաուշագրավ ու տպավորիչ հատվածներից է Ներսես Մեծի՝ սարկավագ ձեռնադրությունը, որից կարճ ժամանակ անց նա դառնում է Ամենայն hայոց կաթողիկոս։ Ներսես Պարթևը, թեև Սուրբ Գիգոր Լուսավորչի թոռ Հուսիկի թոռն էր, սակայն հոգևորական չէր, այլ զինվորական՝ Արշակ Բ-ի արքունի սենեկապետը։ Նա ազդեցիկ մարդ էր պալատում և արքան նրան էր վստահում շատ կարևոր քաղաքական գործեր։ Հենց Արշակ Երկրորդի հրամանով էլ, ըստ Փավստոս Բուզանդի իր կամքին հակառակ, Ներսեսը 353 թվականին հոգևորական է դառնում, ապա դառնում եպիսկոպոս ուղարկվում Կեսարիա և այնտեղ օծվում կաթողիկոս։ Սուրբ Ներսեսի սարկավագ ձեռնադրությունը պատմիչը ներկայացնում մանրամասն, հոգեբանական խորությամբ ու իրավիճակի ամբողջ դրամատիզմով։ Պատմիչը թվում է Ներսեսի արտաքին ու ներքին բարեմասնությունները և ստեղծում հոգևորականի կատարելատիպ, որը հետո դառնում նրա պատմության առանցքային, ազդեցիկ ու առինքնող կերպարներից մեկը։ Նա մարմնավորում է Փաստոս Բուզանդի և թերևս նաև այդ ժամանակների հայ իրականության մեջ հովվի ու առաջնորդի, սրբակենցաղ ու պարկեշտ մարդու իդեալը։ Ներկայացնում ենք այս ուշագրավ հատվածը Փավստոս Բուզանդի պատմությունից․
ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ապա Արշակ թագավորի մոտ ժողովի գումարվեցին նախարարական ցեղերի ու տոհմերի մեծամեծ նախարարները, գնդերի և դրոշակների տերերը, բոլոր սատրապները, նախարարներն ու ազնվականները, պետերը, իշխանները, զորավարներն ու սահմանապահները։ Ընդհանուր համաձայնությամբ խորհուրդ արին, որ հավաքվեն ու մտածեն իրենց առաջնորդների մասին, թե ո՞վ է արժանավոր հայրապետական աթոռը նստելու և Քրիստոսի բանավոր հոտը հովվելու։
Բոլոր ժողովականների մեջ այս միտքն ընդհանուր հավանություն գտավ, առաջնորդ ընտրեն Գրիգորի տան մնացորդներից, նրա սերունդից։ Որովհետև բոլորն ասում էին թագավորին. «Ինչպես որ աստված նորոգեց ձեր թագավորությունը` պետք է նույնպես նրա սերունդից նորոգել հոգևոր նահապետությունը. երբ այդ աթոռը նորոգվի՝ ասում էին, ապա և պայծառ վարքերը կնորոգվեն Հայոց աշխարհում»։
Ապա աշխարհաժողով բազմությունը հականե հավանե հիշեց Ներսեսին, Աթանագինեսի որդու, Հուսիկ քահանայապետի թոռանը, Վրթանեսի որդու, որ առաջին մեծ քահանայապետ Գրիգորի որդին էր. նրա մոր անունն էր Բամբիշ, որ Տիրան թագավորի քույրն էր։ Սա մանկության հասակում աշխարհականի կյանք վարելով ամուսնացած էր. տղայության հասակից ի վեր սնվել ու սովորել էր Գամիրքի Կեսարիա քաղաքում, հավատարիմ ուսուցիչների ղեկավարությամբ և սիրելի էր դարձել իր ընկերակիցներին։ Իսկ այս ժամանակ նա զինվորական պաշտոնյա էր, Արշակ թագավորի սիրելի սենեկապետն էր, թագավորի կյանքի բոլոր կարգերին հավատարիմ ներքուստ և արտաքուստ:
Սա մի մեծ տղամարդ էր` ցանկալի բարձր հասակով, գրավիչ գեղեցկությամբ, որի նման գեղեցիկ աշխարհի վրա ուրիշ տեղ չէր գտնվում. տենչալի, ցանկալի, զարմանալի և պատկառելի բոլոր նայողների համար և զինվորական կրթությունների մեջ նախանձելի արիությամբ։ Աստծու երկյուղը սրտումն ուներ, խստիվ պահպանում էր նրա պատվիրանները, մարդասեր, սուրբ և պարկեշտ էր, շատ իմաստուն էր, անաչառ, իրավադատ, հեզ, քաղցր, խոնարհ, աղքատասեր, ամուսնական կյանքում օրինավոր, աստծու սիրովը լցված:
Ընկերների հետ վարվում էր պատվիրանի համաձայն—սիրել ընկերոջը ինչպես ինքն իրեն: Զինվորական աստիճանի մեջ էլ նա այսպես կատարյալ էր առաքինի վարքով: Նա դեռ մանկության հասակից ապրում էր տիրոջ պատվիրանների համաձայն, արդարությամբ, անարատությամբ, ընկերներին ծառայություններ անելով: Նա ձանձրանալ չգիտեր, աստծու նախանձը սրտումն ուներ, սուրբ հոգով եռում էր. ամեն բանով կատարյալ էր: Աղքատներին, տառապյալներին սիրում էր, նրանց վրա խնամք ուներ, մինչև իսկ իր զգեստներն ու կերակուրը նրանց հետ կես էր անում։ Նեղվածներին, դժվարության մեջ ընկածներին օգնում էր, զրկվածներին հովանավոր ու պաշտպան էր դառնում։
Արդ՝ մինչդեռ նա զինվորական զգեստ հագած, զարդարված էր գեղեցիկ պատմուճանով և վայելուչ զարդերով, ցանկալի գեղեցկությամբ, երկայն հասակով, չքնաղ վարսերով, կանգնած էր թագավորի սպասավորության, նրա սնարքում, գոտուց կախված արքայական պողպատյա սուրը՝ ականակուռ մարգարտազարդ ոսկի պատյանով, — ատյանի ամբողջ բազմությունը ձայն բարձրացնելով միաբերան աղաղակեց. «Ներսեսը լինի մեր հովիվը»։
Երբ նա լսեց՝ բողոք բարձրացրեց, չէր կամենում, հրաժարվում էր ասելով, թե ինքն անարժան է: Բայց նա տեսավ, որ բոլորը նույն բանի վրա պնդելով թագավորի առաջ նույնն էին աղաղակում. «Ուրիշ ոչ ոքի չենք ուզում մեզ հովիվ, այլ միայն դրան. ուրիշ ոչ ոք չպիտի նստի այն աթոռը, այլ միայն դա»: Իսկ նա, քանի որ իր խոնարհությունից իրեն արժանավոր չէր համարում այդ (աստիճանին), առաջ եկավ, սկսեց մի քիչ սուտ խոսել իր մասին, սկսեց իրեն բամբասել այնպիսի մեղքերի և անօրենությունների մեջ՝ չէր գործել:
Երբ բազմությունը այս լսեց, և գիտեր որ նա իր մասին ստեր է հնարում՝ բոլորը միասին թագավորի հետ ծիծաղից թուլանում էին: Իսկ բոլոր զորքերը միաբերան աղաղակում էին. «Թող մեր վրա, մեր գլխների վրա դառնան քո գործած մեղքերը. թող մեր վրա, մեր որդոց վրա թափին քո (անօրեն) գործերը. բայց դու քո հոր Գրիգորի գործերը, նույն առաջնորդությունը նորոգիր մեր մեջ»։
Իսկ նա որովհետև ուրիշ բան չգտավ նրանց պատասխանելու, որ զորքի համար վիրավորանք կլիներ՝ ասաց. «Դուք անօրեն եք ու պիղծ. ես չեմ կարող ձեզ հովիվ լինել և ձեր մեղքերը ինձ վրա վերցնել. ես չեմ կարող աչառություն անել, չեմ կարող ձեր գործած չարիքներին համբերել։ Դուք այսօրր զուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք, դուք ինձ կապում եք ձեզ հետ` ձեր գլուխը թակելու համար։ Ինձ հանգիստ թողեք, թերևս առանց հոգսերի իմ տառապանքներով ու մեղքերով լի կյանքը ըստ իմ անարժանության անցկացնեմ՝ հանդերձյալ հավիտենական դատաստանին սպասելով»։
Բայց զորքի բազմությունը բողոք բարձրացնելով ձայն տվեց.
«Հենց դու մեղավորդ պետք է մեզ հովիվ լինիս»։ Աստծու տեսչությունից էր, մարդիկ այսքան պնդում էին։ Այն ժամանակ
Արշակ թագավորը, չարացած ու զայրացած` դեպի ինքն իրեն էր քաշում սուրը արքունական կամարով, որը նա կրում էր իբրև սենեկապետ` թագավորին սպասավորելիս, և նրա վրայից հանում էր: Ապա հրամայում էր նրան իր առաջ կապել, խուզել նրա գանգուր վայելուչ վարսերը, որոնց նմանը ոչ մի տեղ չէր գտնվում․ նույնպես հրամայում էր պատառել, վրայիցը հանել վայելուչ պատմուճանը: Հրաման տվեց, բերին կրոնավորի զգեստներ ու նրան հագցրին: Ապա հրաման տվեց. կանչեցին ծերունի Փավստոս եպիսկոպոսին և նրան ձեռնադրել տվին սարկավագ։
Բայց մինչ մազերը խուզում էին՝ նրանց գեղեցկության պատճառով շատերը (ափսոսալով) լաց էին լինում, երբ տեսնում էին, թե ինչպես կերպարանքը փոխվելով գեղեցկությունը կորավ: Բայց երբ տեսան երան քրիստոնեական գեղեցկությամբ զարդարված՝ շատերն ուրախացան, որ բարերար (աստծու) շնորհքով նա հրավիրվեց Քրիստոսի տան հոգաբարձուն լինելու։