Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը՝ Նարեկը՝ բազմախորհուրդ ու զորավոր աղոթքների մի ժողովածու է։ Այստեղ խոստովանության, ապաշխարության, փառաբանության, պաշտպանության խնդրման և այլ աղոթքներ կան, որ հավատացյալները կարող ենք ընթերցել կյանքի բոլոր հանգամանքներում, հոգեկան խռովքների և ճգնաժամերի պահերին։ Ապաշխարության մոտիվները առանցքային են Նարեկում, քանի որ ըստ քրիստոնեական վարդապետության առանց մեղքերի խոստովանության ու ապաշխարության հնարավոր չէ հոգու փրկությունը։ Այս աղոթքները մարդուն սթափեցնում են, մղում ինքնաճանաչման, արված սխալների գիտակցման, որն էլ հոգևոր առողջացման, հոգեկան ներդաշնակության վերականգնման միակ ճանապարհն է։ Առանց հիվանդությունը ճանաչելու և ընդունելու, հնարավոր չէ առողջացումը։ Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյանի զորավոր աղոթքները այս ճանապարհին կարող են օգնել հավատացյալներին հասնել հոգևոր ներդաշնակության ու խաղաղության, պատրաստվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին։ Ներկայացնում ենք Նարեկի Ի Բանը Մկրտիչ Խերանյանի փոխադրությամբ։
ԲԱՆ Ի
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Տե՜ր անոխակալ և երկայնամիտ, ներող, բարեգութ, հզոր, ողորմած,
Ահա՛ ճշմարիտ են քո գործերը և դատաստաններդ խոստովանված,
Եվ որոշումներդ վկայված են, ո՜վ ծածկությունների տեսանո՛ղ:
Երեք երջանկահիշատակ երիտասարդների հետ,
Որոնք կիզանուտ բոցով փորձվեցին ու չվնասվեցին Բաբելոնի մեջ,
Նրանց թախծալի ե՜րգն եմ հառաչում.–
«Ես մեղանչեցի և անօրեն դարձա,
Ապստամբվեցի և պատվերներին քո չանսացի»:
Մաքուր լինելով հանդերձ՝ այսպես գոչեցին նրանք խոստովանաբար,
Իսկ ես, որ իսպառ մահապարտ եմ մի,
Ձայնակցելով նրանց այդ ողբերին,
Այս ողբերգությանս դեռ ուրիշնե՜ր էլ պիտի ավելացնեմ ես՝ ամեն բանով մահապարտս,
Դանիելի հետ՝ երանելի և սուրբ մարգարեի,
Որը հարազատ ազգական էր քեզ և Հուդայի տան ընտիր շառավիղ,
Նրա հաճելի և նվիրական պաղատանքների խոսքերն առնելով՝
Իմ պատժապարտի հեծեծանքներով դեռ ուրիշնե՜ր էլ պիտի կրկնեմ ես:
Գիտակցելով մեկտեղ՝ անպատշաճ ընթացք ունեցա,
Զարտուղելով շարունակ և դժնդակորեն սխալվելով.
Եվ այսպես՝ մեղանչեցի ես ամեն բանի մեջ, ամեն եղանակով:
Կամքիդ որոշակի սահմանից ես ի դուրս սլացա,
Որ և իսկական օրինակ է մի անմաքուր անօրենության:
Անչափելի չարիքներն հաճախակի կրկնելով՝ իրենց լրումին հասցրի,
Ինչ որ ճշգրիտ մի պատկեր է հանցավորության:
Սպառնացիր՝ չզարհուրեցի, խրատեցիր ինձ, և չանսացի,
Որ հայտնի նշան է ըմբոստության:
Արդարություն հարդարեցիր քեզ, ո՜վ բարերար,
Եվ ինձ՝ պատրաստեցիր ամոթ ու պատկառանք:
Քեզ՝ փառք վայելչական և ինձ՝ նախատինք հարմարավոր.
Քեզ՝ քաղցր հիշատակ և ինձ՝ մաղձ քացախյալ վերջում.
Քեզ՝ անլռելի բարեբանություն և ինձ՝ ողբ ու կոծ.
Քեզ՝ օրհներգություն խնկելի և ինձ՝ մերժումն ի բաց.
Քեզ՝ իրավունք բազմարժան և ինձ՝ ամենավարան պատասխանատվություն.
Քեզ՝ փառք անճառ գովեստներով և ինձ՝ մոխիր լիզելու անարգական պատիժ:
Բ
Արդ, ընդունեցիր դու, ո՜վ անկշիռ սահման ընտիր բարությանց,
Քոյիններից վեր առար կնդրուկներ ախորժանուշ՝ քեզ համապատասխան,
Իսկ ես ստացա այստեղ բազում պարսավանքներ սրանց դիմաց՝ կրկնակի բարդությամբ:
Եթե անբիծներն հանձն էին առնում այսպես աղոթել,
Իսկ ես պարսավի ինչպիսի՜ տողեր հյուսեմ ինձ համար,
Երբ քան բոլոր դժնաբարոներն առավել վրիպեցի:
Անառակ ընթացքովն իմ ես մոլորվեցի որպես վայրենամիտ,
Եվ հանդգնեցի իմ շրթունքներով երկրավոր խոսքեր բարբառել:
Մոլի դարձա անկասելի կերպով ամոթալի գործերի մեջ,
Փքվեցի և վերացա ես, որ փոքր-ինչ ժամանակից հետո մահվան հողն եմ իջնելու.
Գոռոզացա և բարձրամտեցի ես, որ տերն իսկ չեմ հոգուս գրավական եղող շնչառությանը:
Ամբարտավանացա՜ փոշիս շնչավոր, Ամբարհավաճեցի կավս ձայնավոր, Հպարտացա հողս անգոսնելի, Դեպի վեր ելա մոխիրս մերժելի, Բազուկ բարձրացրի՝ բաժակս փշրելի: Տարածվեցի առավել, քան իբր վեհ,
Եվ իբրև հետ մղված՝ դարձյալ ինքս իմ մեջ ամփոփվեցի:
Բարկության բոցով ցոլացա՝ տիղմս բանավոր:
Իբրև անմեռ մի՝ մեծամտեցի, ես, որ չորքոտանիների հետ մահից եմ կառչած:
Այս կյանքի սիրույն բացի գիրկս ես և դեմքիս փոխարեն քեզ թիկունք դարձրի.
Մտքիս թևերով մութ խորհուրդների միջից սլացա.
Անարատ հոգիս մարմնիս փափկությամբ հավետ հյուծեցի.
Զորությունն իմ աջ կողմի տկարացրի,
Իսկ ձախակողմիս ուժգնություն տալով՝ հաղթեցի նրան:
Հոգածությունդ իսկ տեսա ինձ համար,-
որն այստեղ գրել անկարող եմ ես, ու չպատկառեցի.
Վայրի հավքի պես սլացա դեպի սովորությունն իմ վաղեմի,
Ինչպես Ովսեեն Եփրեմի վերաբերյալ է ասել:
Աղոթավայրում ես այս կենցաղի զբաղումներով շրջանակվեցի.
Մտքիս երիվարը բանականության երասանակով ոտքի չհանեցի:
Հին չարությունների վրա ես ինքս նորերն ստեղծեցի,
Եվ, ինչպես Հոբն է ասում, անտանելի ծանր անուրներն ինձ վրա ես ինքս ծանրացրի:
Ինքս ինձ սփածանելի արի անկարկատելի, ըստ Երեմիայի.
Եվ առակողի խոսքի համաձայն,
Անունն անգրելի մի վիժվածի պես՝ մարդահամարից ջնջվեցի,
Եվ ըստ Եսայու՝ դաշտանավորի զգեստի նման զազրելի դարձա:
Որպես թրծված խեցեղեն աման՝ աննորգելի կերպով փշրվեցի:
Եդովմին ուղղած մարգարեական մեղադրանքների համաձայն, ե՛ս էլ
Անօրենության սատակիչ չորրորդ չափն իմ ինձ պատրաստեցի:
Եվ սո՞ւտ կլինի, որ ավելացնեմ ես այդ բոլորին,
Թե Մողոքի դիվանվեր վրանն անգամ առա ես՝ դժոխքը ժառանգելու համար:
Երկնայինը լքած՝ ես ինքս էլ ձևակերպեցի խայտառակ պատկերն Ռեփանի աստղի,
Որն Իսրայելից պաշտվեց Սինայում:
Գ
Եվ արդ, քանզի զրկվեցի ես նախկին շնորհի համարձակությունից,
Ելա նրանից, հեռացա դարձյալ և բաժանվեցի,
Եվ անպատվաստելի կերպով կտրվեցի,–
Ընդունի՛ր ինձ, Տեր, հոգուդ պատկերով կերպարանելով ինձ կրկին անգամ,
Ինձ, որ անարժան եմ ապրելու իբրև մահապարտ և չարագործ,
Իբրև ամոթահար ու ոտքի կոխան եղած բանսարկուի կողմից,
Որպես անբժշկելի մանրված,
Որպես մահվան հատակը հասած,
Որպես գարշելի դարձած,
Որպես կոչումիդ խոտան համարված,
Որպես միանգամայն կորստյան մատնված,
Որպես դեգերյալ, որպես վտարված,
Որպես տարակուսյալ, որպես թշվառացած,
Որպես վհատյալ, որպես կործանված,
Որպես խորտակված, որպես կոտրված,
Որպես թախծոտված, որպես խիստ տրտմած,
Որպես թշնամանված:
Իսկ նայելով վրաս, գթա՜ծ, մարդասեր, հզոր,
Ինչպես նաև աղերսական այս խոսքերիս՝
Ընդունիր ինձ դարձյալ որպես զղջացած, որպես խոստովանված,
Որպես ոտքիդ դիմած, որպես ապաշխարած:
Դու, որ կշռում ես, չափում ու համարում մեծ՝
Հառաչանքն հոգու, ձայնն հեծող շնչի,
Կսկիծը շուրթերի, ցամաքելը լեզվի, տխրությունը դեմքի,
Կամքը խորհուրդների և հոժարությունը սրտի խորքերից.
Դու, որ փրկությունն ես հոգիների
Եվ տեսնում ես չգործվածները,
Ստեղծիչն ես բոլորի և աներևույթ վերքերի բժիշկ,
Պաշտպանն ես քեզ հուսացողների
Եվ բարեխնամ Տեր ամենեցուն՝
Ամեն բանի մեջ քեզ փա՜ռք հավիտյան. ամեն։
Բնագրի աղբյուրը՝ www.zoraweb.com