Սուրբ Գրիգոր Նարեկացին առաջին հերթին հայտնի է իր Մատյան ողբերգության երկով՝ Նարեկ-ով և տաղերով, սակայն նա այլ ուշագրավ ստեղծագործություններ ևս հեղինակել է։ Դրանց թվում առանձնանում է թերևս նրա ամենաքիչ հայտնի ստեղծագործությունը՝ Ապարանքի Սուրբ Խաչի պատմությունը(Պատմութիւն Ապարանից Ս․ Խաչին) ներբողականը։ Այս երկում ներկայացվում է հետևյալը․ Բյուզանդիայի կայսրեր Բարսեղ Բ-ն և Կոստանդին Ը-ն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը, այլ սրբազան մասունքների հետ նվիրում են Վասպուրականի Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում գտնվող վանքին։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, որպես ականատես նկարագրում է մասունքի հաստատման արարողությունը, նաև այս իրադարձության նախաձեռնող ու մասնակից հայ հոգևորականներին ու ազնվականներին, հասարակական ու քաղաքական իրավիճակը, վանքը և այլն։
Հեղինակը երկը սկսում է Բյուզանդիայի կայսրեր Բարսեղ Բ-ի և նրա եղբայր Կոստանդին Ը-ի փառաբանությամբ։ Այս հատվածը պատահական նախաբան չէ․ հեղինակը ներկայացնում է այն քաղաքական ու կրոնական իրավիճակը, որի շրջանակում կայսերական նվիրատվությունը դառնում է հայոց եկեղեցական ու քաղաքական կյանքի կարևոր իրադարձություն։ Պատումի կենտրոնական դեմքերից է Ստեփանոսը՝ Մոկաց եպիսկոպոսը, որի պատվերով էլ Գրիգոր Նարեկացին գրել է երկը։ Պատմության մեջ կարևոր դեր ունի նաև Մոկաց աշխարհի իշխանական տոհմի ներկայացուցիչը՝ նշանավոր Դավիթ եպիսկոպոսի և Ստեփանոսի ազգականը՝ Մանգլավտ անվանված հայ իշխանը, որը Բյուզանդիայում ծառայության էր անցել։ Մանգլավտը, որը այսօր օգտագործվող մանկլավիկ բառն է, ոչ թե անուն է, այլ կոչում։ Մանկլավիտեսը՝ Բյուզանդիայում արքայական թիկնազորի ավագ սպան էր։ Կայսրերը հայ իշխանից լսելով վանքում թաղված Դավիթ եպիսկոպոսի գերեզմանի բուժիչ զորության մասին՝ որոշում են Ապարանքի վանքին նվիրել Քրիստոսի Խաչափայտի մասունքը։ Այն տեղադրվում է հատուկ պատրաստված խաչաձև պահարանում։ Մասունքի հետ Հայաստան են ուղարկվում նաև Քրիստոսի չարչարանքներին առնչվող այլ սրբազան առարկաների մասունքներ՝ փշե պսակից, սպունգից, մեխ, նաև Սուրբ Աստվածամոր մասունքներ։
Մասունքների ընդունելության համար Ապարանքի վանքում կատարվում են անհրաժեշտ նախապատրաստությունները։ Ստեփանոս եպիսկոպոսը կարևոր դեր է ստանձնում վանքի բարեկարգման և եկեղեցական հանդիսության կազմակերպման գործում։ Սուրբ Խաչի մասունքի տեղադրումը տեղի է ունեցել 983 թվականին՝ վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հանդիսությանը ներկա են եղել Վասպուրականի Արծրունի թագավորները՝ Աշոտ-Սահակը, Գուրգեն-Խաչիկը և Սենեքերիմ-Հովհաննեսը։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ իրադարձությունը ունեցել է համազգային ու պետական նշանակություն։ Սուրբ Գրիգոր Նարեկացին մանրամասն նկարագրում է վանքը, նրա գեղեցկությունը, ճարտարապետական միջավայրը և մարդկանց։ Այդ նկարագրությունները միայն արտաքին զարդարանք չեն, այլ ընդգծում են այն գաղափարը, որ սրբության ներկայությունը վայրը վերածում է առանձնահատուկ հոգևոր տարածքի։ Ներկայացնում Սուրբ Գրիգոր Նարեկացու այս ուշագրավ երկից մի հատված՝ նարեկագետ Աշոտ Պետրոսյանի արդի հայերեն փոխադրությամբ։
ԻԱ. Արդ, արեգական լուսածագի հետ Սուրբ Նշանի նորանշոյլ փայլը տարածուեց Սիոն լեռան բնակութեան սահմաններից Հիւսիսի կողմերին, այն օրերին, երբ Վասպուրականի տանը տիրում էին երեք վեհ եւ հզօր հարազատ եղբայրները, արքայական արիւնից, սքանչելի սերունդից, տէրերի տնից, հսկաների աւազանից, թագազունների թուից, արիների բնութիւնից, ազնուականների ազգից, տիրողների տոհմից, գեղեցիկների գլխաւորութիւնից, զօրեղների զարմից, երկրակալ զաւակներից, երեւելի եւ երանելի նախնիներից սկզբնաւորուած, Նոյի որդի Սեմի դստեր՝ Ասուրի քրոջից, Նեբրովթի նախապետութեան ծննդաբանութիւնից Քուշի որդի Քամի զաւակից։ Որ նոյնիսկ Բաբելոնի նախակործան եւ վաղասասան բուրգի շինութեան խառնակ ժամանակ, նրանց յաջորդելով որպէս պետ եւ գլխաւոր հրամանատար, տիրեց Սենիարին, Քաղանին։ Ուստի եւ Ասուրը՝ Նեբրովթի մօրեղբայրը, Նեբրովթի` հրամանով շինեց Ասուրը, որից էլ մեծ եւ քաջագօտի Ասորիները, մինչեւ նրանից եօթներորդը` Նինոսը, որ իր անունով փոխեց եւ անուանեց Նինուէ:
ԻԲ. Արդ, վաղընջական դարերի, նախնական ժամանակների այսքան հեռաւորութիւնից, կռապաշտ ինքնակալների ապստամբ գոռոզութեան հետեւանքով աստուածապաշտ, ընտիր շառաւիղները սրանք էին. կրտսերը նախնական անուամբ՝ Սենեքերիմ, միջնեկը՝ Գուրգէն, եւ աւագն՝ Աշոտ: Բայց նորոգ աւազանի աստուածային որդեգրութեան փրկագործ ծնունդով անդրանիկին կոչեցին՝ Սահակ, երկրորդին՝ Խաչիկ, վերջինին` Յովհաննէս: Ամբողջ ժամանակ խոհեմութեամբ թագաւորած եւ հանճարի առաւելութեամբ փառաւորուած բարի եւ աստուածասէր այրերը յաւէտ հաճելի էին հանդիպողներին իրենց անհատական նկարագիր` պատկերով։ Իսկ սրբերին սիրելու, ընտրեալներին պատուելու, հեզերին յարգելու, ուղիղներին ընդունելու, եկեղեցիները զարդարելու, սրբատեղիները եւ Քրիստոսեան նշանները` պայծառացնելու, Փրկչի վկաներին սպասարկելու մէջ նրանք անմրցակից եւ անզուգական էին:
ԻԳ. Սրանք մեծ հաւատքով, գլխաւորելով` նախարարաց եւ սեպուհների խմբերը, ազատների բազմութիւնը, ընդառաջ են գնում դէպի Աստուածային Խաչը, որի մասին պատմեցինք: Եւ նուիրական մեծ ընծաներն իջեցնում են Մոկաց վիճակի Կորդուաց լեռների` ձորակների որոշուած ուխտատեղիում, եւ անսահման գգուանքով հանգչեցնում Սուրբ Ուխտի տաճարի մէջ:
Ընթացիկ ժամանակի հաշուառման չափումով, Յաբեթական տոհմի Հայկական տոմարի թուացոյցով չորսհարիւր երեսուներկու /983.Թ./թուականն էր: Եւ այնտեղ հաւաքուել էր տօնակատար ժողովրդի մեծ բազմութիւն. հռչակեցին՝ օրհնութեան պաշտամունքն այսուհետ դարձնել աւանդական: Եւ նրա շուրջ համախումբ՝ վառուող ջահերով ընծայաբար բուրաւէտ խնկարկումներով Հոգեւոր երկրպագութիւն արեցին՝ կնդրուկի եւ կասիայի անուշահոտութիւն մատուցելով: Եւ աղաղակում էին բերկրալի բերանով, օրհնառաք բարբառով, ընտիր շրթունքով, մաքուր լեզուով, երգերի հնչումով, օրհնութեան տաւիղով, ազդու գոչիւնով, ցնծութեան ձայնով, շնչաւոր քնարով, անձնաւոր փողով, հոգեւոր խրախճանքով, մարմնեղէն ծնծղայով, ձեռքի ծափերով, կաքաւող ոտքերի դոփիւնով, հոգեպարգեւ եւ աստուածաչունչ սաղմոսն ասելով․«Երկիւղածութեան նշան Դու տուիր, որ փրկութիւն գտնեն աղեղից» /Սաղմ.60/59.6:
Բնագրի աղբյուրը՝ Աշոտ Պետրոսեան, Սուրբ Գրիգոր Նարեկացի,