«․․․Իսկ Չիբուխլո՞ւն... Սևա՞նը...
— Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության...», -այսպես է ավարտվում հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից մեկը՝ Մուրացանի «Առաքյալը» վիպակը։ Խիզախության, անձնազոհության, հայրենիքին նվիրումի մասին ոգեշնչող վիպակը շարունակության մեջ վերածվում թուլամորթության մասին պատմության։ Մուրացանի ուշ ռոմանտիկական արձակում սա հաճախադեպ երևույթ է։ Նրա վիպակների ու պատմվածքների հերոսները կյանք են մտնում մեծ գաղափարներով ու առաքելության գիտակցությամբ, բայց ոչ միշտ են հաղթահարում փորձությունները։ Երևան է գալիս, թե որքան հեղհեղուկ են նրանց համոզմունքները։ Պետրոս Կամսարյանը, որ սկզբում իր միջավայրի ու ընթերցողներիս հիացմունքին է արժանանում, հայտնվելով հայկական հեռավոր գյուղում գրեթե անմիջապես կորցնում է ոգևորությունը, քանի որ բախվում է կենցաղային դժվարությունների և ստիպված է ընտրություն կատարել Բորժոմի շքեղ կյանքի ու հետամնացա գյուղի միջև։ Ընտրությունն ակնհայտ է և այն կատարվում է։ Ավելին՝ հերոսը հրաժարվում է գաղափարից ու ջնջում բոլոր հետքրերը, նույնիսկ ոսկեզօծ տետրը, որտեղ ամփոփված էին նրա ապրումները, հայտնվում է Աղստևի ալիքներում։ Հերոսի հետևությամբ ընթերցողը նույնպես ակամա հայտնվում է բարդ ընտրության առջև։ Մուրացանը մարտահրավեր է ներտում նաև մեզ։ Ինչպե՞ս կվարվեինք մենք Կամսարականի փոխարեն, կկարողանայինք մեր հարմարավետ կյանքը զոհել հանուն մեր հայրենակիցների բարօրության։
Մուրացան․ Առաքյալը
(հատված)
Այսպես անցան մի երկու ժամեր, բայց ի՛նչ ժամեր... պետք էր Կամսարյանի տեղը լինել` հասկանալ կարենալու համար, թե որպիսի՛ տանջանքի ու նահատակության ժամեր էին դրանք։ Եվ եթե դուք, ո՛վ համալսարանական ընկերներ, որոնք ոգևորվող Կամսարյանի խոստումը լսելուց նրան ծափահարել և ձեռքերի վրա օդն էիք բարձրացրել, գտնվում լինեիք այդ վայրկենին նույն հոտած ախոռին կից սենյակում և տեսնեիք նրա անլուր տանջանքը, անպատճառ կասեիք,— թո՛ղ եղբայր, ի՞նչ ես տանջում քեզ... վեր կաց, հավաքիր իրերդ, գնա այնտեղ, ուր մարդիկ ապրում են իսկական մարդո՛ւ և ոչ անասունի նման։
Բայց թե ի՞նչ էր խոսում ու մտածում այդ միջոցին ինքը Կամսարյանը, այդ մասին լավ է լռել, որպեսզի եթե երբևիցե նման ոգևորությամբ վառվին ուրիշ երիտասարդներ, նրանց անծանոթ մնա առաջին ոգևորվողի հուսահատ տրտունջը։
Անտանելի ժամերի հետ միասին, վերջապես անցավ և անձրևը, դադարեց քամին և աղոթարանն սկսավ հետզհետե պարզվիլ ու բացվիլ։
Կամսարյանը որոշեց դուրս գալ յուր տանջարանից։ Բայց որովհետև սրահի առաստաղից դեռ կաթկթում էր ջուրը և, հետևապես, նրա տակ պառկել անհնարին էր, ուստի կիսով չափ հագնվելով, նա դուրս եկավ սրահը և այդտեղ դրված թախտը մի կերպ քաշելով տարավ բակը, ուր օդը թարմ և մաքուր էր։ Ապա անկողինն էլ ներսից հավաքելով մի լավ թափ տվավ, որպեսզի անամոթ լուերին հալածե և նորեն փռելով թախտի վրա, մեջը մտավ ու պառկեց։ Դրսի թարմ օդն ու կրած նեղություններից զգացած հոգնությունը շուտով քուն բերին երիտասարդի աչքերին։
Խաղաղության հրեշտակը շատ անգամ անգործությունի՞ց, թե որոշ նպատակով, յուր խնամքին հանձնված մահկանացուների հետ կատակներ է անում։ Նա ծանր ու զարհուրելի երազներ է տալիս նրանց, որոնք արթնության ժամանակ շրջապատված են լինում կյանքի դյուրություններով և ընդհակառակն, հեշտալի ու քաղցր երազներով գգվում է նրանց, որոնք արթնության միջոցին գտնվում են ծանր ու անհամբույր վիճակում։
Մեր Կամսարյանին էլ նա անուշ քուն տալուց հետո, տարավ հանկարծ Բորժոմ։
Օ՛հ, ի՛նչ երջանիկ հակադրություն։ Առավոտ է։ Փառաշեն վիլլայի պատուհանները ողողված են արևի պայծառ շողերով, բայց բաց կանաչ մետաքսյա վարագույրը չէ թողնում, որ նրանք թափանցեն ննջարանը, ուր այդ վայրկենին Պետրոս Կամսարյանը` անկողնու մեջ նստած, առավոտյան թեյն է վայելում։ Նա այդպես սիրում էր անել, երբ օրը կյուրակի էր, և յուր գործը ոչ այլ ինչ, եթե ոչ հագնվել և ժամը 12-ի մոտ ելնել այցելության։ Կանաչ վարագույրի ստեղծած փափուկ ու քնքուշ լույսը գգվում է ննջարանի հարուստ զարդարանքը այնպիսի գույներով, որ կարծես թե նրանց վրա նայում ես երփներանգ ծիածանի միջից։ Ամեն տեղ պերճություն, թավիշ ու կերպաս. ամեն տեղ ընտիր ճաշակի նրբություն... Իսկ երիտասարդի անկողի՞նը. դա կոմֆորտի վերջին խոսքն է։ Մահճակալն ամբողջովին ձուլված է բրոնզից և զարդարված ոսկեքանդակ փղոսկրով։ Նրա հատակն ուռցրել են փափուկ, փետրալից օթոցներ, որոնք ծածկված են ձյունի պես սպիտակ սավանով, իսկ գեղեցիկ վանդակազարդ սնարը` կիսով չափ փակում են աղվափետրով լի բարձեր` ծածկված նուրբ կտավով և զարդարված ծակոտկեն ժանյակներով (կրուժևա)։ Թեթև բեհեզից կարած և շքեղ մետաքսով երեսած վերմակը, որ այժմ կիսածալ ընկած է մի կողմ, լրացնում է կազմածքը հարուստ անկողնի, որի մեջ նստած է երիտասարդը` ճենապակյա ոսկեզօծ գավաթը ձեռին։ Մահճի առաջ դրված փոքրիկ նգույրի վրա գտնվում են սեր, կարագ, ընտիր շաքարահացեր։ Երիտասարդը վայելում է, և միևնույն ժամանակ, խոսում յուր մոր հետ այն մասին, թե ինչպե՛ս ինքը հիմարություն էր արել «կռոների» երկիրը գնալով և այնտեղ անլուր տանջանքների ենթարկվելով։ Լիդիա Պավլովնան կարեկցում էր որդուն և, միևնույն ժամանակ, աշխատում, որ յուր քնքուշ հոգատարությամբ մոռացնել տա նրան կրած նեղությունները։
Բայց տեսարանը փոխվում է։ Բնության ու արհեստի շքեղություններով զարդարված «Հանքային» պարկում, կարկաչահոս Բորժոմկայի ափին, ծառերով հովանավոր մարմանդի վրա խմբված է ամառանոցաբնակ տիկնանց, երիտասարդների ու երիտասարդուհիների մի փայլուն բազմություն, որի մի մասը կրոկետ է խաղում, մյուսը զվարճախոսում է, իսկ իրեն` Կամսարյանին շրջապատողները ճառում են բարձրի, գեղեցկի և վսեմի մասին... Հանկարծ մի սիրուն, արծաթահնչյուն ձայն առաջարկում է բազմությանը` թողնել խաղերն ու զրույցը և կատարել մի զբոսանք, անցնելով Բորժոմկայի յոթ կամուրջները։ Ամենքն համաձայնում են, որովհետև առաջարկողը գեղանի Ադելինան է, փայլո՛ւն բազմության այդ վայրկենի թագուհին... Եվ խմբակն իսկույն բաժանվում է զույգ-զույգ, եռյակ կամ քառյակ մասերի, որպեսզի ալլեաներով ու նեղ կամուրջներով անցնելու ժամանակ իրար չխանգարեն։
Կամսարյանն, ի հարկե, յուր թևն է առել չքնաղ Ադելինային, որ այդ վայրկենին քնքուշ էր ավելի, քան գարնան վարդը, գրավիչ ու քաղցրաբույր, քան ծաղկոցի շուշանը և սիրախոս ու գեղաձայն, քան այգածին սոխակը։
Խմբակի մասերը դիմում էին առաջ խոսելով, ճչալով, կամ ուրախ կարկաչելով, երբեմն իրար միանալով, իսկ հաճախ անջատ քայլերով։ Չորրո՞րդ թե հինգերորդ կամուրջն Էին անցնում, երիտասարդը չէր հիշում, և ահա խիտ ծառերի մի սիրուն պուրակ շրջապատեց նրանց։ Մի վայրկյան նրանք տեսան իրենց միայնակ և կանգ առին հովանավոր ծածկարանի մեջ։
Գեղանի կույսի լուսավառ հայացքը սևեռվեց երիտասարդի սիրահույզ աչերին և վարդագույն շուրթերը ժպտի աննման ծիածանի միջից շշնջացին կիսաձայն.
— Ինչո՞ւ այդքան ուշացար... Եթե գիտենայիր թե որքա՛ն անձկությամբ էի սպասում քեզ... որպիսի՛ կարոտով, իմ օրերն անցնում...
Եվ շուշան բաղուկները պատեցին իսկույն պարանոցը երիտասարդի, որ գրկեց նրան քնքշաբար և սեղմեց կրծքին մեղմով... Հրատապ շուրթերը հանդիպեցին իրար և արքայությունը մի վայրկյան իջավ երկրի վրա...
Հանկարծ մի ահավոր գոռոց շրջապատը թնդացրեց։ Երիտասարդը վեր թռավ։ Առաջին բանը, որ աչքին զարկավ, աթարի դեղն էր, որի շուրջն անձրևը գոյացրել էր տիղմի ընդարձակ ճահիճ... Սա ուրեմն դարձյալ չարաբաստիկ Չիբուխլուն էր։ Բայց ի՞նչ գոռոց էր այն, որ զարթեցրեց երիտասարդին յուր անուշ քնից ու երազի արքայությունը փոխեց իրական դժոխքի։ Դա խանդակաթ բառաչն էր տանուտերի այն կովի, որին Սալբին կթելուց հետո բաց էր թողել յուր հորթին մոտենալու համար, իսկ անմիտ անասունը չհամբերելով այնքան, որ հասնի հորթուկին, շտապել էր ճամփի կիսից յուր զվարթ ձայնով ավետել նրան յուր գալուստը, առանց մտածելու, թե այդտեղ քնած է Կամսարյանը, որ անուշ երազ է տեսնում։
— Фу, что за безобразие,— բացականչեց երիտասարդը, այս անգամ արդեն ռուսերեն, և բարձրանալով տեղից, սկսավ շուտ-շուտ հագնվիլ։ Երբեք գյուղն ու գյուղացին այնքան զզվելի չէին երևացել Պետրոսի աչքում, որքան այս վայրկենին։ Այդ պատճառով հենց որ տանուտերը երևաց, նա դիմեց նրան դժգոհությամբ. — Ի սեր աստուծո, տանուտեր, մարդ ղրկիր Սեմյոնովկա, որ շուտ տրոյկա բերեն (սայլակ), ես մինչև երկու ժամը պիտի ճանապարհվեմ անպատճառ։
— Տրոյկը ուր որ ա, էս ա կխասնի, ես իրիկվան եմ ապսպրե... — ասաց տանուտերը և սկսավ հարցուփորձել, թե ինչպե՞ս է պատահել, որ նա քնելու թախտը դուրս է բերել բակը, կամ անձրևի ժամանակ ո՞րտեղ է պատսպարվել։
Պետրոսը պատմեց յուր գլխին եկածը դժգոհությամբ լի խոսքերով, որոնք ծանր ազդեցություն արին տանուտերի վրա։ Սա անկեղծ ցավ հայտնեց, որ չէ իմացել անձրևի գալը, ապա թե ոչ կարող էր հենց ներսի տանը քնելու տեղ պատրաստել երիտասարդի համար։ Շատ բարկացավ նաև Սալբիի վրա, որ բաց էր թողել «անիծուկ կովը», իսկ սա յուր բառաչով խանգարել էր «աղի» անուշիկ քունը։
Հենց այս զրույցի և բացատրությանց ժամանակ լսվեցավ հեռվում փոստային սայլակի զանգի ղողանջը։
— Հրեն տրոյկը գալում ա,— ավետեց տանուտերը։
— Այդպես շո՞ւտ,— զարմացավ Կամսարյանը և ուրախանալով, որ վերջապես ազատվում է նեղություններից, յուր սրտում հաշտվեցավ բոլոր անցածի հետ, մոռանալով թե՛ անձրևը, թե՛ լվաները և թե՛ կովի բառաչը։
Շուտով հասավ սայլակը` եռալուծ ձիաներով։
— Տոնակա՛ն, դո՞ւ ես էկե,— հարցրեց տանուտերը ծանոթ կառապանին։
— Ես եմ եկել, բա ըսկի կթողա՞մ, որ իմ աղին ուրիշ մարդ տանի՞,— ասաց կառապանը վստահությամբ, չնայելով որ տանելիք աղին առաջին անգամն էր տեսնում յուր կյանքում։
— Ինչպե՞ս է, որ այդպես վաղ ես եկել,— հարցրեց երիտասարդը։
— Բա ըսկի կը եդանա՞մ։ Խոջա Միրզեն 6 շահի բաշխեց, ասավ` Տո՛նական քե տենեմ, ռավոտը ծեգը ծեգին Չըբըխլվում։
— Խոջան ի՞նչ ունի այս գործում,— զարմացավ Պետրոսը։
— Ինենց ա, իրիգվան Խոջի խետն եմ ապսպրե,— բացատրեց տանուտերը։
— Եվ նա քեզ վեց շահի բաշխե՞ց,— հետաքրքրվեցավ երիտասարդը։
— Բաշխեց, բա՛։ Ասավ, Տո՛նական, ընենց արա, որ էսօր ճաշի վախտը աղին հասցնես Դիլի։ Րևում ա լավ բարեկամդ ա, քե համար հոգում ա։
Երիտասարդը չպատասխանեց։ Նա մտածում էր այն մասին, թե ինչպե՞ս ժլատ ու գծուծ վաշխառուն սիրով զրկվել է յուր 30 կոպեկից, միայն այն պատճառով, որ իրեն (Կամսարյանին) իբրև վնասակար մարդու, մի փոքր ավելի վաղ հեռացնե գյուղից։ Այս մտածմունքը, սակայն, փոփոխություն չառաջացրեց երիտասարդի որոշման մեջ։ Նա սիրով սկսավ յուր իրեղենները կապկպել, որի ժամանակ մի փոքր տարակուսեց միայն բերած գրքերի մասին, չիմանալով, թե ինչ անե նրանց, որովհետև տեսնում էր, թե անօգուտ է այլևս այդ ծանրոցքը տանել Թիֆլիս, և այս գուցե այն պատճառով, որ չէր ուզում այնտեղ, յուր աչքի առաջ ունենալ այնպիսի իրեր, որոնք հիշեցնեին նրան յուր «առաքելության» պատմությունը։
Շուտով մի գեղեցիկ միտք փարատեց նաև այդ մտմտուքը։ Նա հիշեց, որ բողոքարկու աբեղան գրքեր էր խնդրել իրենից։ — Արի՛ այս կապոցը ղրկեմ նրան, և սա կլինի մի գեղեցիկ նվեր,— մտածեց երիտասարդը և գրքերի կապոցն առանձնացնելով, խնդրեց տանուտերին, հավատարիմ գնացողի ձեռքով հասցնել այն աբեղային։ Թե ի՞նչ օգուտ պիտի քաղեր վերջինս Маркс-ի «Полный курс охоты» և Освальд-ի «Ляговая собака» գրքերից Սևանի տկլոր կղզում, դրա համար Պետրոսը ավելորդ համարեց մտածել։
Մի ժամից արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Երիտասարդը կամեցավ վարձատրել մի բանով հյուրասեր տանուտերին, բայց վերջինս բացե իբաց մերժեց ընդունել որևէ վարձատրություն, ասելով թե` յուր պարտքն էր պատվել աստուծո հյուրին, եթե նույնիսկ ամիսներով նա ապրեր յուր տանը։ Միայն շատ երկար թախանձելուց հետո Պետրոսը կարողացավ մի թղթադրամ խրել հյուրընկալի ձեռքը, իբրև հագուստի նվեր Սալբիի և երեխայոց համար։
Արևը մի չվան բարձրացել էր Մարալինջից, երբ Կամսարյանն յուր սրտագին շնորհակալությունը հայտնելով տանուտերին և նրա կնոջը, ողջունեց նրանց վերջին անգամ և բարձրացավ սայլակը։ Տոնականը մի զորավոր բացականչությամբ խրախուսեց ձիերին և նրանք աշխույժով սլացան դեպի խճուղին։
Այստեղից Սեմյոնովկա և այնտեղից Դիլիջան ուղևորությունն անցավ հաջող և առանց պատահարների։ Գիշերվա հորդ անձրևից հետո եղանակը հրաշալի էր, օդը թեթև ու կազդուրիչ, իսկ բուսականությունը` զվարթ և փայլուն։ Կամսարյանին թվում էր, թե Սեմյոնովկայից մինչև Դիլիջան տանող ճանապարհը, անշուշտ, յուր կյանքի վրա պիտի ավելացնե մի ավելորդ տարի։ Վասնզի այդ հովաշունչ ժամերին Մայմեխի թավշապատ լանջերի վրա, նրա թավուտների և անտառների մեջ խաղում էին այնպիսի հովեր ու սղոխներ, տոգորված կանաչի և ծաղկանց բուրմունքով, որ ամեն անգամ շունչ քաշելիս, նրան թվում էր թե շունչի հետ միասին մտնում է յուր թոքերը ոչ թե օդի ալիք, այլ կենսատու պալասան...
Դեռ կեսօր չէր, որ Կամսարյանը հասավ Դիլիջան։ Մինչև այստեղ նա շարունակ աշխատել էր չմտածել այն ամենի մասին, ինչ որ կարող էր յուր տրամադրությունը խանգարել։ Նա ջանացել էր մանավանդ, որ գաղափարական «ես»-ը չարթնանա և հիմար բաներ չշշնջա յուր ականջին,— «Այսպես պիտի լիներ... ուրիշ կերպ չէր լինի... որովհետև հնար չկա...» — այս դարձվածներով էր օրորել նա այդ «ես»-ին և նրա խիղճը քնացրել։ Բայց Դիլիջանում նա հիշեց հանկարծ Թարսաչայի կայարանի վերակացուին, հայոց նախկին «գյուղական ուսուցչին» և արդի «չորքոտանիների վարժապետին»։
«Ի՛նչ պատասխան պիտի տամ նրան, եթե հարցնե թե ինչո՞ւ վերադարձա»... — մտածեց Կամսարյանը և տեսավ, որ հարցը բավական լուրջ է։
Ավելի լավ է թողնել փոստի սայլակը և գնալ, մասնավոր կառքով... մտածեց նա և այդպես էլ արավ։ Փոստի կայարանում ճանապարհորդներին դյուրություն տալու համար հարմարեցված էր ճաշարանի նման մի բան։ Այդտեղ երիտասարդը կուշտ նախաճաշ արավ և ապա մասնավոր մի կառք վարձելով, շարունակեց յուր ուղին։
Այժմ նա դարձյալ ոչինչի մասին չէր մտածում և զբաղված էր դիտելով ճանապարհի նոր հանդիպող տեղերը, կամ լեռների ու ձորերի այն տեսարանները, որ կարծում էր թե գալիս ժամանակը չէր նկատած։ Միայն թե Աղստևի կամուրջին մոտեցած ժամանակ նա մի վայրկյան մտածեց այն մասին, թե երբ կառքը կմոտենա Թարսաչային, ինքը կհրամայե կառապանին, այնպես արագ անցնել կայարանի առջևից, որ «չորքոտանիների վարժապետը» մինչև իսկ չի որոշիլ, թե ո՞վ է նստած կառքում։ Եվ այս մտածմունքի մեջ նա ձեռքը տարավ ծոցը, որպեսզի պորտսիգարը հանե. սակայն նրա փոխարեն դուրս ելավ դարձյալ չարաբաստ Note-երի տետրը, որն այս անգամ արդեն ատելի լինելու չափ անհաճո երևաց նրան։ Առանց երկար մտածելու` երիտասարդը շպրտեց այն կամուրջի վրայից դեպի շառաչող գետը։
Ոսկեզօծ տետրակը փայլեց մի վայրկյան արևի առաջ և անհետացավ Աղստևի տխրակարկաչ ալիքներում...