• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մեղա, մեղա Արարատին․ նահանջ ապաշխարությամբ

Մեղա, մեղա Արարատին․ նահանջ ապաշխարությամբ

        Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը (1929) սփյուռքահայ  արձակի առանցքային ստեղծագործություններից է։ Այն խտացնում է օտար ափերին հաստատված ինքնության ճգնաժամ ապրող հայ մարդու ողբերգությունը։  Ողբերգություն, որը ձևավորվում է Փարիզում ապրող հայ երիտասարդության, մասնավորապես գլխավոր հերոս Պիեռ-Պետրոսի հայությունից՝ հոգեբանական,  լեզվական-մշակութային աստիճանական օտարացման պատճառով։ Նոր կյանք ու իրականություն իտեգրման ձգտումների, հուսահատության,  միջավայրի ազդեցության հետևանքով հայ երիտասարդը կանգնում է երկընտրանքի առջև, որն էլ ի վերջո տանում է դեպի ազգային հիշողության մերժման, մոռանալու ու հանգիստ ապրելու ցանկության ու ինքնության կորստի։
       Վեպի կենտրոնական դրվագներից մեկում ազգային ինքնության, գուցե նաև կորսված հայրենիքի նկատմամբ պարտքի խորհրդանիշ է դառնում Արարատ լեռը։ Խոստովանության կարգն ու ապաշխարական աղոթքները հիշեցնող, «Մեղա, մեղա» կրկնություններով ծիսական այս հատվածում խտանում են վեպի գաղափարները։ Ապաշխարական տոնայնությունը ցույց է տալիս, որ նոր իրականություն ինտեգրումը, մոռացումն ու թմբիրը, երջանկություն չեն բերում,  այլ ընդհակառակը, ծնվում է մեղքի գիտակցություն, ինչն էլ ավելի է խորացնում հերոսների հոգեբանական ճգնաժամը։ Ազգային ինքնության կորուստը վերածվում է մեղքի։ Այս մենախոսություն-աղոթքը վերջնականապես փաստում է, որ ինքնությունից նահանջն արդեն փաստ է, դիմադրությունը՝ գուցե ուշացած։ Իսկ  մեղքերի խոստովանությամբ և ապաշխարությամբ կլինի՞ արդյոք ներում, դժվար է ասել․․․
 
Նահանջը առանց երգի
(հատված)

 

   ․․․Այս Հայը բան մը իր իտէալը չ՚ըներ եւ չի պայքարիր անոր համար։ Հոգւով մարմնով չի նուիրուիր գաղափարի մը իրագործման, աւելին տալու շտապին մէջ ինքզինքէն դուրսչ՚ելլեր խենթութեամբ եւ իր էութիւնը յարատեւ բարձրացումի մը չի հպատակիր։ Աստուածային կիրքը բացակայ է իր մտածումներէն եւ զգացումներէն, որոնք անվերջանալի միօրինակութեան մը մէջ կը մրափեն։ Խելացի, ուշիմ եւ գործունեայ ցեղի մը զաւակը ըլլալուն հակառակ, այդ յատկութիւնները ի սպաս կը դնէ միայն ի՛ր կաշիին շահերուն։ Հաւաքականութեան հանդէպ պահած իր անտարբերութիւնը թանձր ու անթափանց կեղեւի մը պէս կու գայ իր հոգին կը չէզոքացնէ, կը բթացնէ։ Ի՜նչ անհանդուրժելի նեխութիւն, երբ մանաւանդ զարգացում մըն է ստացած. դպրոցէն հեռանալուն պէս դասարանի ու փողոցի կեանքերը բաժնող մեծ անդունդը կը տեսնէ եւ իր առաջին հոգը կ՚ըլլայ մոռնալ ինչ որ սորված էր, իբրեւ անտեղի, աւելորդ, անհեթեթ։ Եթէ կրցաւ մոռնալ, անոր տեղ բան մը չի դներ բնաւ. միայն կը ջանայ իր պարապութիւնը ոսկեզօծել։ Թողէք զայն, ոսկերիչ պիտի ըլլայ։ Եթէ չմոռցաւ, դեռ պիտի շարունակէ կարդալ, հետաքրքրուիլ, առանց սակայն իր չէզոքի դերէն հրաժարելու։ Թողէք ա՛յս ալ. նորէ՜ն խարդախ ոսկերիչ՝ այս անգամ բառի»։

      «Վհատ, թոյլ ու ողողումէն առաջ իսկ կղզիացած սա հոգին, ամբողջ հայութիւնը հիմնովին սարսող դէպքերէ վերջ երկու գիծով միայն կը տարբերի նախորդ սերունդներէն։ Աւելի քիչ կը հաւատայ անկախութեան, եւ նուազ կ՚ատէ Թուրքը։ Նուազ կ՚ատէ, որովհետեւ կը ճանչնայ մարդկային մտքին բոլոր կարեւոր արտայայտութիւնները, զանոնք միշտ դատելով իր մեկուսացած պզտիկութենէն, առանց ճիչի, առանց գիրկընդխառնումի, առանց ճակատագրական մեկնումի։ Ինք կը ճանչնայ բոլոր իմաստասէրները եւ բոլոր վարդապետութիւնները. մէկ քանին կարդացած է։ Սակայն անոնցմէ ոչ մէկուն առջեւ ըսած չէ. «ահա ե՛ս եմ, ահա ա՛յսպէս»։ Գիտէ թէ Աստուած եւ կրօնք ըմբռնումներ են, երբեմն սփոփարար ուժեր են որոնք մարդկութեան հետ պիտի մեռնին։ Գիտէ թէ հայրենիքը ներկայ օրերու միջազգայնական գաղափարներուն առջեւ գէշ արգելք մըն է, իսկ ի՛ր հայրենիքը՝ գորդեան հանգոյց մը անլուծելի։ Գիտէ թէ բարի, չար, տգեղ, գեղեցիկ, բարոյական, անբարոյական բոլորն ալ յարաբերական բաներ են, թէ արուեստը միայն մեծ ազգերու առանձնաշնորհն է, քանի որ բարձր միջավայրի եւ երկար ժամանակի կը կարօտի։ Վերջապէս գիտէ նաեւ թէ սէրը փորձանք մըն է, կինը դրամ է, իսկ դրամը ամէն ինչ է։ Հիացում եւ առատ ներբող ունի օտարին բոլոր արժէքներուն, արժանիքներուն, մեծութիւններուն։ Շատ անգամ կուրօրէն կը փառաբանէ զանոնք. սակայն երբոր հաճի ակնարկը դարձնել իր ազգին, անմիջապէս տարակոյսով եւ թերահաւատութեամբ լեցուն քննադատի մը կը ձեւափոխուի։ Կը խորշի, կը կը սոսկայ հպատակութեան գաղափարէն. պզտիկութիւն կը համարէ ուրիշի մը մտածումը բաժնելով միաբանիլ եւ գործակցիլ անոր, երբոր հրամայողը ինք չէ։ Ինք ինք է եւ ինք բան չէ»։

     «Ի՜նչ պէտք, ի՜նչ պէտք սակայն ըսել այս բոլորը, որ արդէն իսկ այնքան անգամներ կրկնուած ըլլալու դժգունութիւնը ունի: Ին՜չ պէտք մանաւանդ զբաղիլ պարագաներով, որոնց լաւագոյն դարմանը բառերուն եւ խօսքերուն ուժը չի կրնար կազմել բնաւ: Այո՛, այս տիպարը պատահական չէ, միայն ժամանակի մը ծնունդ չէ. սակայն մինչդեռ անցեալի մէջ կարելի էր մասամբ զինքը անտեսել, իր վատառողջ մեղկացումը չէզոքացնել, թողլով որ ազգին թիւը բազմապատկելու իր միակ դերը կատարէ, հիմա անկարելի կը դառնայ իրեն հանդէպ անտարբեր մնալ։

Ոչ թէ որովհետեւ այժմ պատերազմ կայ ու կռիւ, ոչ թէ որովհետեւ այժմ ճակատամարտ կայ ու կենսապայքար, այլ որովհետեւ կայ բան մը աւելի ճակատագրական, աւելի աններող, կայ բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կ՚ոռնայ բոլոր քառուղիներէն. նահանջն է ան: Նահանջը, նահանջը հայերուն: Կռիւը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նոյնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս կու գայ պարտուած կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կու գայ: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտոյտ տուող զառիթափին վրայ սա նահանջը կը ջնջէ, կը ձուլէ, կ՚անհետացնէ ամէն բան:

Իրա՛ւ, բազմաթիւ չեն այսպիսի զարգացած անտարբերներ, սակայն անդին կամ ամբոխները անտաշ, անմիտ եւ ուծացած մարդոց, որոնք կարծես բնազդաբար, կարծես արիւնով ու ծուծով ճիշտ նման են նախորդին: Անոր պէս առաջինը կ՚ըլլան ընկրկող, մոռացող, ուրացող: Եւ կը կազմուի ահե՜ղ զանգուածը անոնց, որոնք կը նահանջեն ու այդ մեծ հոսանքին մէջ կը քշեն կտանին միւսներն ալ, ցանցառ բացառութիւններն ալ:

«Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին:

«Եղան Հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի. եղան ուրիշներ, որոնք տուին հաւատք, կուսութիւն. եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք. եղան դեռ վատեր, որ ուրացան ազգ ու լեզու, եւ հերոսներ՝ որ տուին արիւն, կեանք, օր ու արեւ: Իսկ մե՛նք, կը վճարենք իբրեւ վերջին փրկագին այն, որ պիտի գայ: Իբրեւ վերջին փրկագին` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմէ վերջ պիտի գային: Որովհետեւ այն, որ պիտի գայ, պիտի ըլլայ օտար, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա՛յ, մեղա՛յ Արարատին»:

Բնագրի աղբյուրը՝, www.digilib.am

Նկարը՝ Հենրիկ Սիրավյան, Արարատ լեռը, 1989։

Hayk Hambardzumyan

30.04.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.