• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպես ստեղծվեց Մատենադարանի ձեռագրական հավաքածուն

Ինչպես ստեղծվեց Մատենադարանի ձեռագրական հավաքածուն

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանն ունի աշխարհի հայկական ձեռագրերի ամենամեծ հավաքածուն: Հայերեն մոտ 15 000 մատյան է պահվում Մատենադարանում։ Իսկ ձեռագրական ամբողջ հավաքածուն, շուրջ 23 000 ձեռագրական միավոր է, այդ թվում, հայերենից բացի նաև հունարեն, լատինատառ, սլավոներեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, հնդկերեն, չինարեն, ճապոներեն և այլ լեզուներով արժեքավոր նյութեր: Այս բացառիկ և ընդգրկուն հավաքածուն ձևավորման երկարատև ու փորձություններով լինի պատմություն է ունեցել՝ դառնալով հայ ժողովրդի գրի նկատմամբ պաշտամունքի, մշակույթի հանդեպ հոգատարության, անձնազոհության ու հարատևելու կամքի արտահայտություն: Բազմաթիվ են մարդկային մեծ զոհողությունների  գնով ձեռագրերի փրկության պատմությունները, որոնք էլ ավելի արժեքավոր են դարձնում Մատենադարանում հավաքված ձեռագրական ժառանգությունը:

 

 Պատմական Հայաստանի տարբեր վայրերից՝ նշանավոր վանքերից ու ձեռագրական կենտրոններից փրկված և Երևանի Մատենադարանում հանգրվանած ձեռագրերը միաժամանակ ուրվագծում են հայ ժողովրդի բնակության վայրերի, նաև հայոց մշակութային ինքնության յուրահատուկ քարտեզը, պատկերացում տալիս արդեն գոյություն չունեցող մշակութային ու հոգևոր կենտրոնների, ձեռագրապահոցների ու գրադարանների մասին:

Մատենադարանի ձեռագրական հարուստ հավաքածուն ձևավորվել է տարբեր ժամանակներում։ Շտեմարանի հիմքը «Էջմիածնի հավաքածուն» է: Այն ընդգրկում է հայ հոգևորականների ու աշխարհիկ մարդկանց եռանդուն մշակութապահպան գործունեության շնորհիվ դարերի ընթացքում հայոց հոգևոր կենտրոնում հավաքված, հետագայում Երևանի Մատենադարան տեղափոխված  մատյանները: Հայոց կաթողիկոսական Մատենադարանի վաղ շրջանի պատմության մասին տվյալները սակավ են, հայտնի են սակայն մի շարք փաստեր, որոնք մատնանշում են հավաքածուի ձևավորման կարևոր հանգրվանները: Գրերի գյուտից անմիջապես հետո Էջմիածնում և այլ վանքերում ստեղծվում են Մատենադարան-գրադարաններ, որոնք դարերի ընթացքում հարստանում են նորանոր մատյաններով: Նոր ժամանակներում, օրինակ  հիշվում է, որ 1848 թ. Շամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքից 69 ձեռագիր Էջմիածին է բերվել Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ: Այս ձեռքբերումը կարևոր է նրանով, որ բերված մատյանների մեջ էր նաև 6-րդ դարի փղոսկրե կազմով, նույն դարի չորս մանրանկար ունեցող, սակայն 989 թ. գրված նշանավոր «Էջմիածնի Ավետարանը»:

Հավաքածուի ձևավորման մեկ այլ կարևոր դրվագ է՝ Գևորգ 4-րդ կաթողիկոսի գահակալության շրջանում՝ 1866-1882 թթ. 331 ձեռագրերի հավաքումը: Այս հավաքածուն կաթողիկոսի անունով կոչվում է «Գևորգյան»։  Այստեղ զգալի է հենց կաթողիկոսի նվիրած ձեռագրերի թիվը՝ 53: Նշանակալի է նաև Կարինի և Վիրահայոց առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հավաքածուն՝ 91 ձեռագրով, որոնց թվում են Արևմտյան Հայաստանի տարբեր վանքերից բերված արժեքավոր մատյաններ: Օրինակ՝ հայերեն հնագույն թղթե ձեռագիրը՝ գրված 981 թվականին: Նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հնագույն ամբողջական օրինակը։ 

Նշանակալի են նաև այս հավաքածուի մաս կազմող Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի 76 ձեռագրերը։ 

Մատենադարանի հավաքածուի համալրման հաջորդ կարևոր աղբյուրը՝ 1893-1915 թթ․  Արևելյան Հայաստանից ու Էջմիածնապատկան թեմերից ու անհատական հավաքածուներից հավաքված  ձեռագրեր են: Այս առումով նշանակալի է

 Խաչիկ վարդապետ Դադյանի տարբեր տեղերից հավաքած 132 հայերեն և 30 արաբատառ ձեռագրերը, Արտազի Թադեոս առաքյալի վանքի 74 ձեռագրերը, Սևանավանքից Էջմիածին բերված 105 ձեռագրերը: Հարյուրավոր արժեքավոր մատյաններ Տաթևից, Թավրիզից, Խոյից, Սալմաստից և հայկական գրչության այլ կենտրոններից:

        Ձեռագրերի հավաքման առումով կարևոր էր Մատթեոս 2-րդ Իզմիրլյան կաթողիկոսի  1909 թ. կոնդակը, որով Վրաս­տա­նի, Բե­սա­րա­բիա­յի, Շա­մա­խիի, Արցախի, Աստ­րա­խա­նի, Ատր­պա­տա­կա­նի և Ե­րևա­նի ա­ռաջ­նորդ­նե­րին ու հոգևորականներին հոր­դո­րում էր ի­րենց թե­մե­րի վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի հայկակն ձեռագ­րե­րն ուղարկել Մայր Ա­թո­ռ: Այս ընթացքում հավաքվեց 911 ձեռագիր, որոնցով հանդերձ  1915 թ. սկզբին Մատենադարանն ուներ 4660 ձեռագիր։ Այս թվականին է, որ որոշում է կայացվում Էջմիածնի ձեռագրերի անվտանգությունը ապահովելու նպատակով դրանք տեղափոխել Մոսկվա: 1915 թ. փետրվարի 3-ին ձեռագրերը 140 սնդուկներով ուղարկվում են Մոսկվա և մինչեւ 1922 թ. ապրիլ  հանգրվանում Վերացման Սուրբ Խաչ հայոց եկեղեցում:

        Մատենադարանի ձեռագրական հավաքածուի նշանակալի մասն են կազմում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանից և հատկապես Վասպուրականից ու Տարոնից ցեղասպանությունից հետո հրաշքով փրկված ձեռագրերը: Ըստ հետազատությունների 1915-1916 թթ․ ընթացքում կազմակերպված, իսկ հետագայում դիպվածային ձևով, Վասպուրականից Էջմիածին է բերվել 1473 ձեռագիր, որոնց թվում  285 ձեռագիր Աղթամարից, 345 ձեռագիր Վարագավանքից, 335 ձեռագիր  Վան քաղաքից և շրջակա գյուղերի եկեղեցիներից, հարյուրավոր այլ ձեռագրեր հարակից վանքերից: Ձեռագրական այս գանձերի փրկության համար շնորհակալ պետք է լինել Վանա լճի Լիմ անապատի վերջին վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանին, որը հրաշքով փրկել ու Էջմիածին է բերել 1410 ձեռագիր: 1916 թ. Մուշի Ս. Կարապետ և Ս. Առաքելոց վանքերից Էջմիածին տեղափոխվեց 102 հայերեն ձեռագիր: Այս ձեռագրերի թվում է աշխարհում ամենից մեծ հայերեն ձեռագիրը՝ Մշո ճառընտիրը, որը պահպանվել, փրկվել ու մեզ է հասել երկու կանանց սխրանքով ու անձնազոհությամբ։ 

Սրանով հանդերձ, փրկվածների համեմատությամբ  բազմաթիվ անգամներ մեծ են այս շրջանի ձեռագրական կորուստները: Ըստ հաշվարկների 1915-1922 թվականներին ոչնչացվել կամ մեզ չեն հասել շուրջ 62.500 հայերեն ձեռագիր, այսինքն կրկնակի ավելին քան այսօր հաշվվում է աշխարհում:

Հայաստանի խորհրդայնացումից ու Էջմիածնի Մատենադարանի պետականացումից հետո ձեռագրական համալրումները շարունակվել են: 1922-1925 թթ. Երևանի, Գյումրիի, Թավրիզի եկեղեցիներից և այլ վայրերից հավաքված 234 ձեռագիր հանձնվում է Մատենադարանին: Մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը Հայաստանից ու խորհրդային մյուս հանրապետությունների եկեղեցիներից, թանգարաններից, գրադարաններից, հայկական դպրոցներից հավաքվել է մոտ 1400 ձեռագիր:

1939 թվականին Մատենադարանը Էջմիածնից տեղափոխվում է Երևան և ժամանակավորապես հանգրվանում է Հանրային գրադարանի նոր շենքում: Պատերազմից հետո և մինչ 1960-ական թվականներ գնումների ու նվիրատվությունների, նաև գիտական ու մշակութային այլ հիմնարկներից տեղափոխման շնորհիվ Մատենադարանի հավաքածուն համալրվում է նոր արժեքավոր նմուշներով: Անհատ նվիրատուներից անհրաժեշտ է նշել Հարություն Տեր-Ղազարյանի, Հովսեփ Դեդեյանի, Շավարշ քահանա Պալըմեանի, Արշակ Չոպանյանի և Թորոս Ազատյանի անունները: Այսպիսով 1962 թվականի դրությամբ Մատենադարանի միայն հայերեն ամբողջական ձեռագրերի քանակը 10171 էր։

Հետագա տասնամյակներում Սփյուռքի հետ կապերի սերտացման, պետական գնումների ու անհատների նվիրատվությունների շնորհիվ Մատենադարանի հավաքածուի համալրման ընթացքը շարունակվում է: Հատկապես Մատենադարանի նոր շենքի կառուցմամբ, ձեռագրերի պահպանության, վերականգնման ու ուսումնասիրության պատշաճ պայմանների ապահովման շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր շատ հայրենակիցներ սրբազան մասունքների պես պահվող իրենց ձեռագրերը նվիրաբերում են Մատենադարանին: Մատենադարանը սկսում է ընկալվել որպես այն միակ ու վստահելի վայրը, որտեղ պետք է հավաքվեն աշխարհասփյուռ հայ ձեռագիր մատյանները: 1963-1992 թվականներին հայերէն ձեռագրերի հիմնական հավաքածուն համալրվել է 857 միավորով:

Գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ ստանալուց հետո Մատենադարանում մեծ թափ է ստանում մատյանների հավաքչությունը: Այս շրջանում Մատենադարանին ամենից մեծ թվով ձեռագրեր են նվիրել Հարություն Հազարյանը՝ Նյու Յորքից՝ հայերեն և օտար լեզուներով 390 ձեռագիր, Վարուժան Սալաթանյանը Դամասկոսից՝ 238 ձեռագիր Ռաֆայել Մարկոսյանը Փարիզից՝ 37 ձեռագիր: Աշխարհի տարբեր երկներում ապրող մեր բազմաթիվ այլ հայրենակիցներ իրենց ընտանեկան սրբությունները վստահել են Մատենադարանին:

Նշանակալի են Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի նվիրատվությունները։ Դրանց շնորհիվ Մատենադարանի հավաքածուն համլրվել է ամենից հին գրչության ժամանակն ունեցող, ենթադրաբար 7-րդ դարում գրված ամբողջական մատյանով՝ «Վեհամոր Ավետարան»-ով, որի վրա երդվում են ՀՀ նախագահները: Վազգեն Վեհափառը Մատենադարանին է նվիրել նաև 10-րդ դարի հարուստ մանրանկարչությամբ  մի Ավետարան: Նրա միջոցով է Ստամբուլից Հայաստան բերվել  Թորոս Ռոսլինի նշանավոր «Զեյթունի Ավետարանը»։

1993-2022 թթ. հիմնական հավաքածուն համալրվել է 1902 միավորով, որոնց թվում են ոչ միայն հայերեն, այլև օտարալեզու ձեռագրեր: Ձեռագրական հիմնական հավաքածուի համալրման ընթացքը շարունակվում է: Վերջին տարիներին Մատենադարանում իրականացվում է Մատյանների տունդարձը ծրագիրը, որի շրջանակում էլ 

առանձին անհատներ ու կազմակերպություններ աճուրդներում գնում ու Մատենադարանին են նվիրաբերում արժեքավոր ձեռագրեր։  Ի մասնավորի, կարելի է նշել այս նախաձեռնության շրջանակում ՀՀ կառավարության նվիրաբերած 1405 թ. Արբերդի Ավետարանը և 1454 թ. մեկ այլ Ավետարան, որը նվիրաբերել է գործարար Վահե Բադալյանը:

Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները նվիրաբերում են սերնդեսերունդ փոխանցված սուրբ մատյանները, քանի որ հասկանում են, որ հնադարյան ձեռագրերը պահպանության ու խնամքի կարիք ունեն, որը հնարավոր է ապահովել միայն Մատենադարանում:  Դրանք ոչ միայն մեկ ընտանիքի  այլև ամբողջ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորն մասն են ու պետք է վերադարձվեն ժողովրդին, ուսումնասիրվեն ու ցուցադրվեն:  

Աղբյուրը՝ Գ․ Տէր-Վարդանեան,

Մաշտոցեան Մատենադարանի ձեռագրական հաւաքածուները, Բանբեր Մատենադարանի, 35, 2023։

 

 

 

 

 

Art 365

07.10.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.