• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայ պոեզիայի երաժշտականացումը․ Տ․Մանսուրյանի անվան միջազգային 4-րդ մրցույթը

Հայ պոեզիայի երաժշտականացումը․ Տ․Մանսուրյանի անվան միջազգային 4-րդ մրցույթը

Հայ բանաստեղծությունը դեպի երաժշտություն բերելուն միտված մրցույթի մասնակիցները յուրօրինակ մի խանդավառություն են ստեղծում երևանյան երաժշտական կյանքում:․․Ստեղծագործական, կոմպոզիտորական դաշտում բացառիկ հնարավորություն, հարթակ, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներից տաղանդավոր ու համարձակ երաժիշտների` բազմադարյա ժառանգության կրող հայ պոեզիայի շուրջ, ներկայացնելով այն աշխարհին ամենահասանելի` երաժշտության լեզվով:

Տիգրան Մանսուրյան

Տիգրան Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի ողջույնի այս խոսքում կոմպոզիտորը նշում է «Կողբ» մշակութային հիմնադրամի այս նախագծի հիմնական նպատակները՝ հայ բանաստեղծության «երաժշտականացում» և հանրահռչակում և ժամանակակից տաղանդաշատ կոմպոզիտորների շփման հարթակի ձևավորում։

Այս տարի արդեն չորրորդ անգամ անցկացված մրցույթը  դարձել է ժամանակակից ակադեմիական երաժշտության կարևոր հարթակներից մեկը։ Մրցույթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն  մշակութային երկխոսության յուրահատուկ տարածք է, որտեղ տարբեր երկրների կոմպոզիտորները բացահայտում են հայ պոեզիան, մեր գրականության լավագույն նմուշները ներկայացնելով երաժշտության  լեզվով և ժամանակակից ընթերցմամբ։ 

Այս տարի մրցույթը համախմբել էր 17 կոմպոզիտորի աշխարհի 13 երկրներից։ Տարբեր երաժշտական դպրոցներ, տարբեր ավանդույթներ և ստեղծագործական մտածողություններ՝ միավորված հայ պոեզիայի շուրջ։ Այս ձևաչափը  հայ բազմադարյա բանաստեղծությունը  դնում է  միջազգային երաժշտական շրջանառության մեջ, իսկ դասական ու ժամանակակից հայ հեղինակների բանաստեղծությունները դառնում են ոգեշնչման աղբյուր ոչ միայն հայ, այլև օտարազգի ստեղծագործողների համար՝ բացահայտելով մշակութային երկխոսության նոր ուղիներ։

Հունիսի 12-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացած եզրափակիչ գալա համերգը դարձավ այս ստեղծագործական գործընթացի ամփոփումը։ Համերգի ընթացքում առաջին անգամ ներկայացվեցին եզրափակիչ փուլ անցած վեց կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Դրանք կատարեց «Ասոնանս» անսամբլը, որը վերջին տարիներին ակտիվորեն ներկայացնում է ժամանակակից ակադեմիական երաժշտությունը Հայաստանում և արտերկրում։ Ունկնդիրները հնարավորություն ունեցան լսելու, թե ինչպես են տարբեր մշակութային միջավայրերից եկած հեղինակները մեկնաբանում հայկական պոեզիան՝ օգտագործելով արդի երաժշտական մտածողության ամենատարբեր արտահայտչամիջոցներ։

Մրցույթի մասնակիցների աշխատանքներում կարելի էր տեսնել ժամանակակից երաժշտության հիմնական առանձնահատկությունները՝ ավանգարդ հնչողություններից մինչև քնարական կառուցվածքներ, դասական արտահայտչամիջոցներից,  մինչև փորձարարական ձևեր։  Այս բազմազանությունը  վկայում է, որ հայկական բանաստեղծական խոսքը Սուրբ Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո»-ից, մինչև ժամանակակից բանաստեղծուհի Տաթև Չախյանի «Anmnesis Doloris»,  բաց է նոր ընթերցումների առջև։

Ավելի անօգնական,

քան բժշկին նկարագրելիս ցավը,

ես բառերի պակաս ունեմ,

ես մոռանում եմ բառերը:

Տաթև Չախյանի այս բանաստեղծության հիման վրա գրված Էրիկա Մարկոսյանի գործն էլ մրցույթի միջազգային հանձնաժողովի գնահատմամբ արժանացավ առաջին մրցանակի։

Երկրորդ մրցանակը շնորհվեց լեհ կոմպոզիտոր Նիկոդեմ Կլուչինսկուն՝ Խրիմյան Հայրիկի «Ողբացեալ զինվորի յիշատակին» բանաստեղծության հիման վրա գրված գործի համար։ Երրորդ մրցանակը ստացավ նրա  հայրենակից Դոմինիկ Ռադոն՝ Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես» բանաստեղծության հիման վրա ստեղծված գործի համար․

Երբեք չմեռնես, – մահվան մահճում
Թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
Ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
Մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
Երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
և մի կին պատշգամբում
պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,

Հատուկ մրցանակի արժանացավ իտալացի կոմպոզիտոր Դանիելա Նոչենտինին՝ «Ծիծենակ» ստեղծագործության համար (ըստ Գևորգ Դոդոխյանի համանուն բանաստեղծության)։

Մրցույթը  հերթական անգամ փաստեց, որ  հայ պոեզիան  կարող է խոսել աշխարհի լեզուներով ու արտահայտության տարբեր ձևերով, իսկ երաժշտությունը ունակ է դառանալու  այդ խոսքի ունիվերսալ թարգման։

Art 365

13.06.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.