• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Լևոն Խեչոյանն ասում է․․․

Լևոն Խեչոյանն ասում է․․․

2025 թվականի դեմտեմբերի 8-ին լրանում է արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի ծննդյան 70-ամյակը։ Իր երեք վեպերով՝ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»(1995), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999), «Մհերի դռան գիրքը»(2014), «Խնկի ծառեր» (1991) վիպակով և բազմաթիվ պատմվածքներով Լ․ Խեչոյանը զարգացման նոր մակարդակի բարձրացրեց անկախության շրջանի հայ արձակը։ Կուռ գիր, ինքնահատուկ լեզվամտածողություն, մոգական ռեալիզմի տարրեր, սակայն հայ բանահյուսության, առասպելաբանության, նաև միջնադարյան գրականության վրա հիմնված յուրահատուկ պոետիկա․ այս հատկանիշների շնորհիվ Լ․Խեչոյանի արձակը սիրվեց ընթերցողների կողմից։ Այն բարձր գտնահատեցին նաև քննադատները։ Ներկայացնում ենք Լևոն Խեչոյանի հարցազրույցներից քաղված հատվածներ մեր ժողովրդի պատմության ու ներկայի, գրական ու քաղաքական  խնդիրների, նաև գրողի ու աշխարհի հարաբերության վերաբերյալ։

 

Պատմությունը ի՞նչ է գրողի համար՝ նյութ, թե հենք, որի վրա գրողը կառուցում է իր հետագա գործունեությունը:

Գրել պատմական տեսանկյունով` ժամանակակից, սթափ և ռացիոնալ մտածող մարդու համար, անկասկած, կթվա անհեռանկար, ապագա չունեցող, ինչ-որ չափով նույնիսկ վտանգավոր գործ: Հիմա աշխարհում անցյալի թեմաներով վեպեր այլևս չեն գրվում: Բայց, եթե ամբողջ  պատմության ընթացքում մարդու կատարած աշխատանքը և նրա կողմից ստեղծած մտածողության սիստեմն արդեն գոյություն ունեն ավարտված տեսքով, ինչպես Ամերիկայի, Եվրոպայի երկրների ժողովուրդների դեպքում, հենց դա էլ երևի հնարավորություն է տալիս որոշակի եզրակացություններ անելու` պատմության մեջ նրանց և մեր տեղի ու նշանակության մասին։

Նրանք պատմական անցյալում իրենց երկրների սահմանների նշանացույց սեպագիր սյուները կանգնեցրել են, տարածքները քարտեզագրել, հիմա էլ` տիեզերագնացության, անհատականության, ուրբանիզացիայի դարում հրաժարվում են թագավորների վեճերից, բողոք են բարձրացնում ազգերի պատմության վերանայման՝ պահանջի դեմ, որովհետև նրանց համար ժողովուրդների ոգին անհատի ոգու հետ համեմատած` մոնումենտալ կցորդ գոյություն է: Անհատի ոգին են ուզում փրկել:

***

Մեր պատմական անցյալը փակ համակարգ է, ծաղր է` ինչ է.

Ինպես մի ճահիճ, որ ամեն դարի հետ հայրենիքիդ, քաղաքիդ, դռանդ շեմի տակ է բացվում, ոչ կուլ է տալիս, ոչ էլ ազատ է արձակում: Վեճը, ինչպես կար I-V, IX-XIX դարերում, հարյուրամյակներ կա, մինչև այսօր գալիս է, նրա հետ գալիս է պատմավեպ գրելը: Իմ կարծիքով` լրիվ արդարացի, գուցե մյուս ժողովուրդների պատմական անցյալի մեջ վեճ չկա, գուցե իրենց պատմությունն ավարտել–ամբողջացրել են, մերը չի ավարտվել, մերը շարունակվում է, թելադրում է` պատմական գրքեր, ժողովրդի զանգվածներ, համայնապատկեր, տեղաշարժեր:

***

Ինչպես և այն ժամանակ՝ ուժերի գերագույն լարումով գոյատնել՝ փոքրաքանակ ժողովրդի աշխարհի երեսից չվերանալու գերզարգացած ինքնապահպանման բնազդ` դրանից էլ բազմապատկվելու՝ մեկը երկու դառնալու միստիկական գերզգայուն խորհուրդը: Տասնվեց դար է անցել (Աստծո ժամանակով՝ մեկ վայրկյան, գուցե մեկ րոպե) նույն ժողովուրդը՝ նույն չլուծված խնդրով։ Շատ և բազում կաթողիկոսներ, եկեղեցիներ է ունեցել, եկեղեցիներում՝ աստվածներ, տասնվեց դար իր հոգու մաքուր աղոթքը հղել է նրանց, իսկ արհավիրքները եկել ու եկել են: Իր ճանապարհի ընթացքում երբեմն կասկածվել է Աստված, երբեմն՝ եկեղեցին, երբեմն` թագավորն ու կաթողիկոսը, իսկ գենետիկորեն իրար փոխանցած ազատության ոգին՝ երբեք, որը թևածում էր Արևելքի և Արևմուտքի միջև` պահպանելով իր տեսակի առանձնահատկությունը, այդ տեսակն այս արևի տակ ապրելու իրավունք էր նվաճում...

***

Եթե գրողը հաջորդ օրն ավելի հասուն չէ, քան երեկ էր, դա նրա մահն է: Նա ամեն օր պետք է աշխատի` նախ հասուն մնալու համար, ապա ավելի հասունացումն արդեն կլինի ինքնաբերաբար:

***

Գիրքը գրելիս, քո ամբողջ տառապանքը, ուրախությունն արդեն տալիս ես: Այդ ամենից հետո ավելի շատ ունայնության զգացողություն ես ունենում, թեև այդ դատարկության մեջ էլ իհարկե  երջանկություն կա: Դու շատ հեռու ես նրանից: Հինգ տարի որևէ գրքի վրա աշխատելով դու քեզ կաթիլ կաթիլ սպառել ես սպանել ես ուրախությունն էլ, երջանկությունն էլ, տխրությունն էլ ու  դրանից հետո գալիս է ունայնությունը և մենակությունը:

***

«Սև գիրք, ծանր բզեզ» գիրքն ամբողջությամբ մարդկության հորինած պատերազմի դեմ է, այն մարդկության կենսագրության ամենաողբերգական մասն է, դրանից պետք է խուսափել ամեն գնով: Գիրքն էլ չպետք է արժևորել պատերազմով։ Եթե չլիներ այդ գիրքը, այդ հինգ տարիների ընթացքում ավելի հրաշալի գիրք կարող էր լինել, և ողբերգությունն այն է, որ էն մի ուրիշ հրաշալի գիրքը չգրվեց ու գրվեց հենց այս մեկը: Պատերազմի մեղքն այդքանով է մեղք:

***

Լինում են դեպքեր, երբ ստեղծագործության սյուժեն հատված է իրական կյանքից, որի հերոսին դուք կարող եք նաև չսիրել, արդյո՞ք ներկայացնում եք այն ձեր տեսանկյանից, թե օբյետիվորեն եք մոտենում:

Հերոսը գուցե բացասական է, բայց ոչ ինձ համար, ես իմ ներսում սիրում եմ նրան: Անգամ թշնամու գերի ընկած զինվորը մարդ է, որի մահը կամ խաթարումը ցավ է պատճառում․ ես որևէ մեկի մահով չեմ ուրախանում:

***

Երբ չեմ գրում` դա իմ ողբերգությունն է: Երբ խռովում ես քեզանից, Աստված էլ երես է թեքում՝ քեզանից, լքվածության զգացում է ու...

Ամեն անգամ, երբ փորձում եմ գրել, Աստծուց ուժ եմ խնդրում` խոստանալով այլևս երբեք չգրել, որովհետև թվում է` այլևս ուժ չկա: Անցնում է ժամանակ, նորից Աստծո դուռն եմ գնում` աներես երեխայի պես: Երկունքի նման է, երբ կինը երեխա է ունենում, դու փորձում ես օգնել ծնունդին, և երբ երեխան աշխարհ է գալիս, դու փորձում ես այդ աղոթքով արդեն օգնել մարդուն` ապրել երբեմն դաժան, երբեմն տխուր այս աշխարհում։

***

Ինչպես Աստծո կողմից ուղարկված առաքյալները, այդպես էլ արվեստագետներն են գալիս, գալիս են երկրագնդի վրա իրենց աղոթքը անելու, որպեսզի՝ մահկանացուի՝ կյանքը թեթև, հեշտ, գեղեցիկ լինի:

Աղբյուրը՝ Լևոն Խեչոյան, Պատմվածքներ, Երևան, 2013:

Art 365

08.12.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.