• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կոստան Զարյան․ Հայ ճարտարապետությունը

Կոստան Զարյան․ Հայ ճարտարապետությունը

Կոստան Զարյանն իր տարբեր ուսումնասիրություններում ու հոդվածներում, ի թիվս արվեստի պատմության ու տեսության բազմաբնույթ հարցերի, անդրադառնում է նաև ճարտարապետությանը։ Ինքնահատուկ մի արվեստ, որը լավագույնս ներկայացնում է որևէ ժողովրդի մշակույթը, աշխարհայացքը, հոգեկերտվածքը և նաև առաքելությունը։ Այս առումով է Կ․ Զարյանն անդրադառնում նաև հայ ճարտարապետությանը՝ որպես հայկական ոգու յուրահատուկ ու բացառիկ դրսևորում, որպես զենք գոյության կռվի մեջ, որպես հիշողություն և ինքնության առհավատչյա։ Գրողի հոբելյանական տարվա շրջանակում ներկայացնում ենք Կ․ Զարյանի՝ հայ ճարտարապետությանը նվիրված անդրադարձներից մի հատված։
 
ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ


Արւեստի ամեն մի իսկական գործ համառօտւած տիեզերք է: Տիեզերք, որ պարփակւած է մեր մէջ եւ տիեզերք, որի մէջ պարփակւած ենք մենք։ Մեծ արւեստը արդիւնքն է այն հաւաքական ենթագիտակցութեան, որ հանդիսանում է անհատնում ներշնչման աղբիւրը բոլոր ստեղծագործական կառուցումների: Երբ, իր պատմութեան բախտորոշ շրջանին, մի ժողովուրդ հասնում է հոգեկան զարգացման բարձրագոյն գագաթնակէտին եւ կարողանում է ճշգրիտ եւ անմիջական կերպով նրան վերածել վերջնական ձեւաւորման ոճի՝ նա ստեղծում է մի մշակոյթ:

Հայ ժողովուրդը այն հազւագիւտ ժողովուրդներից է. որոնք կարողացել են իրենց մտքի եւ հոգու բարձրագույն արտայայտութիւնները ճարտարապետել կատարեալ կերպով եւ այդ ճարտարապետութիւնը մտցնել ընդհանուր մարդկութեան այն շտեմարանի մէջ, որով արդարանում է կեանքի անհրաժեշտութիւնը:

Արւեստը հակաճակատագիր է: Այդ մանաւանդ ճիշտ է հայ ժողովրդի համար։ Մեր արւեստը եւ մանաւանդ մեր ճարտարապետութիւնը ամբողջ մեր պատմութեան ընթացքին հանդիսացել է այն զէնքը, որով հայութիւնը պաշտպանել է իր դիմագիծը: Ամեն անգամ, որ քանդիչ մրրիկները թաւալւելով անցել են մեր ամայացած երկրի վրայից` մի քար, մի կէս փլած պատ, մի կամար կամ մի սիւն վեր են ցցւել եւ մեզ յիշեցրել մեր մասին: Ու մեր ժողովուրդը պաշտել է քարերը, քանդւած եկեղեցիները, խորտակւած գերեզմանները ոչ թէ պաշտելու համար չոր, մեռած նիւթը, այլ այն հոգեկանը, որ դարերից ի վեր թաքնւած է այդ կիսաքանդ ժայռացումների մէջ:
Դա է անշուշտ պատճառը, որ հայ ճարտարապետութեան միջազգային դերից դուրս, նա այնքան կարեւոր է նախ եւ առաջ մեզ համար: Մեր ինքնասիրութիւնը շ
ոյւում է, երբ մենք կարդում ենք օտարականների գնահատումները, բայց թէ մենք հայերս ինչ ճիգ ենք արել նոյն մեր այդ ճարտարապետութեան ամեն մի գծի տակ թաքնւած գաղտնի իմաստները հասկանալու կամ նրա պարզ գեղեցկութիւնների հետ հաղորդւելու` այդ մասին աւելի լաւ է լռել: Որպէսզի ժողովուրդները նորոգւեն, որպէսզի նրանք ի վիճակի լինեն շարունակել բովանդակութիւնով լեցւած մի կեանք եւ բեռ չլինեն ուրիշների վրայ՝ նրանք պէտք է անդադրում ներշնչւեն անցեալով:

Մի անցեալ, որ ոչ թե հանդիսանում է զուտ արտաքին դէպքերի վկայութիւն, այլ կենդանի, հոգեկան դեռ շարունակւող հոսանք: Պահել այդ հոգեկան կապը՝ նշանակում է շարունակել զարգանալ այն հաւաքական, ցեղային ենթագիտակցութեան հետ, որի մասին խոսեցի: Հաւատարիմ մնալու համար այդ հաւաքական ենթագիտակցութեան, բնաւ չի նշանակում հաւատարիմ մնալ նրա արդէն դրսեւորւած ձեւերին: Կեանքի փոխած պայմանները եւ մեր ներքին հոգեկան զարգացման ասաիճանները կարող են նոյնիսկ մեզ ստիպել ուրանալու հին այդ  ձեւերը, սակայն պայմանով, որ հաւաքական ենթագիտակցութեան ոգու հաւատարմութիւնը պահւի:

Հայ ճարտարապետութիւնը, այնպէս ինչպէս մեր հայրերն են ստեղծել նրան, հանդիսանում է այն պարզ եւ վճիտ լեզուն, որով հայ ազգը արձանագրել է իր ներքին հոգեկան կառոյցը: Նոյնիսկ կարելի է ասել, որ նա միակ ճշգրիտ լեզուն է, որ արտայայտել է մեր ոգին: Երգը դարերի ընթացքին աղաւաղւել է, կորցրել իր պարզութիւնը եւ յստակութիւնը։ Հայ միտքը՝ եկեղեցու պատճառով, այլափոխւել է, յարմարւել դրսից թելադրւած պահանջներին, դարձել է դաւանափոխութեան զէնք: Հայ նկարչութիւնը դեռ լաւ ուսումնասիրւած չէ։ Հայ բանաստեղծութիւնը պահւած է միայն մասամբ, որովհետեւ ձեռագիրները արտագրող վանականները պահում էին այն, ինչ որ իրենց սիրելի էր եւ ինչ որ բարոյախօսական էր: Ժո-ղովրդական բանահիւսութիւնն իսկ, որ դեռ լիովին ուսումնասիրւած չէ, կորցրած է իր գեղեցկագոյն մասերը, որովհետեւ նույն մեր պատմաբանները չեն արձանագրած այն ամենը, ինչ որ կապւած էր հեթանոսութեան Հետ: Կարող ենք ասել, առանց չափազանցութեան, որ մեր մշակոյթի երեք քառորդը կորած է։
Մնում է մեր ճարտարապետութիւնը: Պէտք է հարց տաք մի՞թէ ճարտարապետութիւնը եւս կրոնական չէր։ Այո, նա կրոնական էր, բայց ճարտարապետութիւնը՝ թող այդ տարօրինակ չթւի ամենավերացական արւեստն է, որ երաժշտութեան և մաթեմատիկայի հետ գոյութիւն ունի:

Հայ ճարտարապետութիւնը ոչինչ չի աշխատում բացատրելու։ Նա ապրում է. նա ձգտում է, նա արձանագրում է իր թռիչքը, նա կառուցում է իր հոգեկանը: Նա լուռ է, եւ այդ պատճառով՝ նա անմիջական է։Հայ ճարտարապետութեան գլխաւոր յատկանիշը կայանում է նրա մէջ, որ երկրաչափական է։ Նա թւարանութիւն է։

Ի՞նչ են թիւերը իրերի էութիւնը, որ ակներեւ է զգայարանքներին: Բայց որովհետեւ զգայարանքները փոփոխութիւնների են ենթարկւում, թվերը, թւաբանութիւնը եւս ենթարկւում է փոփոխութիւնների: Բացարձակ, բոլոր ժամանակներում ընդունելի թւաբանութիւն, մաթեմատիկա գոյութիւն չունի Գոյութիւն ունեն ժամանակի եւ քաղաքակրթութեան Հետ փոփոխւող մաթեմատիկներ, որոնց բնոյթը եւ արտայայտական  ձեւերը անդադար ենթարկւած են յեղաշրջումների: «Մաթեմատիկան, – ասում է Գէօթէն, – ամբողջական է միայն այն ժամանակ, երբ նա զգում է ինքը իր մէջ ճշմարիտ գեղեցկութիւնը»:
Մաթեմատիկականը, երկրաչափականը շատ աւելի է արտայայտում` քան այն ինչ որ ենթակայ է մեր դիտողութեան, մեր քննադատութեան: Նա իր բարձր վայրկեաններին տեսլապաշտական բնոյթ է առնում, դառնում է խորհրդանշան եւ ընդլայնում է իրերի չափը եւ կարգը։ Նրա միջոցով մարդիկ կարողանում են կռահել այն գաղտնին, որ թաքնւած է երեւոյթների ետեւը: Այդպիսով, թւերի աշխարհը, ինչպէս ձայների, գոյների, գծերի աշխարհը, դառնում են համապատկերներ Երբ փոփոխւում են մաթեմատիկական տեսութիւնները` փոփոխւում են նաեւ երաժշտական տեսութիւնները, եւ կասկած չկայ` այդ փոփոխութիւնները ազդում են նաեւ ճարտարապետութեան վրայ:
Ամեն մի մշակոյթ ունի իր մաթեմատիկան: Օրինակի համար, 540-ի մօտերը Քրիստոսից առաջ, Յունաստանում զարգացած Փիթագորեանների մաթեմատիկան, որ հանդիսանում էր Ապողոնեան ոգու արտայայտութիւնը, ոչ մի կապ եւ ոչ մի առնչութիւն ունէր նոյն ժամանակներում զարգացող Եգիպտական մաթեմատիկայի հետ եւ մանաւանդ Բաբիլոնական, ալգեբրայական եւ աստղաբաշխական մշակոյթի հետ:
Ինչ դրութիւն էր ստեղծւել Փոքր Ասիայում մաթեմատիկայի տեսակէտից, դասական աշխարհի գերիշխանութեան վերջաւորութիւնից յետոյ՝ մեզ յայտնի է միայն աղօտ կերպով: Մենք գիտենք, որ որոշ դպրոցներ` կազմւեցին Աղեքսանդրիայում եւ եւ այդ պրոցեսները կրում էին պարսկաբաբիլոնեան բնոյթ։ Հեղինակների մեծ մասը, չնայած իրենց յունական անուններին, արամէական ցեղին էին պատկանում: Նրանց տուած ուսումը բնականաբար հակադասական էր եւ այնտեղ էր որ արաբաիսլամական միտքը զարգացաւ, երբ քրիստոնէութիւնը սկսաւ զարգանալ եւ տարածւել` դասական մաթեմատիկական միտքը արդէն մարւած էր, սեմականը անհետանալու վրայ էր։ Պլոտինուսի եւ գնոստիկների փիլիսոփայութիւնը, միացած նոր կրօնքի անորոշ խորհրդապաշտութեան, նոյնպէս բոլորովին հեռացել էր Ապողոնեան աշխարհազգացումից եւ կարելի է ասել, դասական անհատը տարրալուծւելու վրայ էր: Հինը կորած էր, նորը դեռ չէր կազմւած:

Ահա այդ ժամանակներին էր, որ հայկական հանճարը ասպարէզ իջաւ եւ ստեղծեց այն նոր, երկրորդ դասականութիւնը, որ պիտի հակադրւէր արարաբիւզանդական, մշուշապատ, անորոշ ոգուն, որ կոչում են մոգերի ոգի։ Հայը, այդ կէտը պէտք է լաւ հասկանաք, քրիստոնէութեան առաջին դարերին իսկ ներկայացաւ իբրեւ նորոգւած, բարդացած դասական իտէալի եւ դասական աշխարհազգացման միակ ներկայացուցիչը:

Եւ այդ ա՛յն ժամանակներում, երբ մարդիկ կուրացած, մոլորւած քայլում էին քարանձաւային մի աշխարհում եւ երբ նոյնինքն Հռոմը՝ արեւելքից եկած եւ իրար խառնւած կրօնափիլիսոփայական հոսանքների լաբիրինթոսում կորած` կորցրել էր իր աղաւաղւած մտքի ճամբան եւ մեռնում էր:
Հայը, ընդունելով հանդերձ քրիստոնէութիւնը, որ իրեն պարտադրւած էր, չմոռացաւ իր դիոնիզեւսեան եւ պրոմեթեւական հոգու բնոյթը եւ այդ ոգին ներմուծեց, պատւաստեց նոր աշխարհայեացքին։ Պէտք է անմիջապէս աւելացնել, որ այդ նոր աշխարհաըմբռնողութիւնը, որ ես անւանում եմ Արայական կամ Արմենական, այսինքն դիոնիզեւսեան եւ պրոմեթեւսեան սկզբունքների բաղադրութիւնը, յունական կամ ապողոնեան աշխարհազգացման կրկնութիւնը կամ շարունակութիւնը չէր, այլ բոլորովին նոր արժէքների վրայ զետեղւած մի հոգեկառոյց։
Այդ նոր արժէքները, որ նա դրսեւորում էր, գալիս էին շատ հեռուներից, դեռ իր երակների մէջ վազող փռիւգական արիւ
նից, իր դարերով մղած պայքարներից, իր ուրիշներից անջատւելու եւ սեփական դիմագիծ ստեղծելու կարողութիւնից, իր դիոնիզեւսեան անդադար` վերածնւող զօրութիւնից, յանուն արեւին դարերով մղած իր պայքարներից:
Ուստի հասկանալի է, որ այլեւս հարցը նրանումը չէ, թե հայերը ինչ տարրեր են մտցրել ճարտարապետութեան մէջ, այլ հարցը նրանումն է, թէ ինչ կերպով են հայերը մարդկութեան գանձարանի մէջ մտցրել նոր մի մշակոյթի հիմնական ազդակները: Շպենգլերեան այն տեսութիւնը, որ մշակոյթները բաժանում է ապողոնեանի, արաբա-մոգերի եւ ֆաուստեանի` միանգամայն անբաւարար է եթէ մէջը չմտցւի մի ուրիչ մշակոյթ, որ կարող ենք կոչել Արայական կամ Արմենական։
Ինչի՞ մէջ է կայանում յունական եւ հայկական դասականութեան տարբերութիւնը: Մինչ յունականը հիմնւած էր տօ մէ օն-ի վրայ եւ մերժում էր անտեսանելին, հայկականը` ընդունում էր թէ երկնայինը եւ թէ երկրայինը, այսինքն այն, ինչ որ երկնւած է եւ այն, ինչ որ երկնւում է: Այդ երկու սկզբունքները նա համադրում է պարզ եւ ամբողջական մի կառուցողականի մէջ։
Այդ տարբերութիւնը հասկանալու համար, վերցնենք մի ցայտուն օրինակ: Երեւակայենք, որ մենք կանգնած ենք մերկ յունական մի արձանի առջեւ։ Այդ արձանի մէջ այն ինչ որ իրական է, այն, ինչ որ կազմում է էական, կարեւորագոյն տարրը, այն, ինչ որ կշռոյթ է, լիովին տրւած է արձանի մակերեսով, նրա չափերով, նրա միացնող խորութիւններով: Այստեղ պիթագորեան թւերի ներդաշնակութեան սկզբունքը ամբողջովին իրականացած է: Բացի այդ արձանի ստեղծած իրականութիւնից, որ սահմանւած է քարի մեծութիւնով, յոյնը ուրիշ բան չպիտի նկատի առնէր: Արձանի չափերից այն կողմ անցնող բոլոր երեւոյթները նրա համար պարզապէս գոյութիւն չպիտի ունենային: Այն, ինչ որ այսօր, մեր գիտական մտքով, անւանում ենք տիեզերական տարածութիւն, յոյն մարդու համար անտեսանելի էր չգոյութւնը։ Նոր համար, որպէսզի մի բան գոյութիւն ունենայ՝ պէտք է նախ թիւ ունենար
չափ ունենար: Այն, ինչ որ թիւ չունէր, չափ չունէր չկար, գոյութիւն չուներ։ 
Յոյն դասականութեան պատկանող անհատի համար  թեմատիկան ուրիշ բան չէր, եթէ ոչ մեծութիւնների եւ փոքրութիւնների փոխյարաբերական չափ: Եւկլիդեսնան երկրաչափութիւնը, որ կազմւեց 3-րդ դարում Քրիստոսից առաջ, եռանկիւնին, օրինակի համար, ընդունում էր իբր մարմինների չափ եւ չէր կարող երեւակայել, որ նրա գծերը կարող են խաչաձեււել շարունակւել առանց կանգ առնելու:
Եթէ թւարանութիւնը թողնենք եւ դիմենք ապողոնեան կրոնափիլիսոփայութեան, պիտի տեսնենք, որ այնտեղ նույնպէս յոյնը ընդունում է միայն այն, ինչ որ տեսանելի է, ինչ որ ֆիզիքապէս ներկայ է: Աստւածութիւններն իսկ այնքան մեծ են, ինչքան ներում է Եւկլիդեսեան երկրաչափութիւնը: Դասական մարդուն վերագրել ինչ որ գաղափարներ, որոնք սաւառնում են երկնքի մէջ առանց մարմնի եւ առանց պատճառաբանութեան` անհեթեթութիւն է։ Երբ նոյնինքն Պղատոնը ուզում է նկարագրել երկինքը, իր «Հանրապետութեան» մէջ, նա մէջտեղ է բերում վերակենդանացած Էր հայը, որ մեր Արան է, որը իբրեւ ականատես, նկարագրում է իր տեսածները:

Արայական դասականութիւնը, ընդունելով հանդերձ տեսանելի աշխարհի արտաքին ձեւը, նրան վերածում է երկրաչափական խորհրդանշանների միջոցով կառուցւած շէնքի եւ այդ շէնքը ուղղում է, ինչպէս մտքի թռիչք, դէպի համայն տիեզերականը, որ նա նախազգում է: Նրա կառուցած եռանկիւնիները իսկապէս խաչաձեււում են եւ սլանում դէպի անվերջը․․:

Աղբյուրը՝ Կոստան Զարյան, Լեզուն եւ Արիւնը, գիրք Բ, Երևան, 2020:

Art 365

21.08.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.