Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1922 թվականին Կոստան Զարյանը գալիս է Հայաստան։ Եվ այս բարդ շրջանում՝ անցյալի կործանված հույսերի, հերոսական ու ողբերգական էջերի ու անորոշ ներկայի միջև ծնվում են Կ․ Զարյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունները։
Հայաստանյան այս շրջանի գործերում չենք գտնի նոր իրականության ռեալիստական պատկերներ, նոր կյանքի գովք, կամ ողբ անցյալի համար։ Բանաստեղծ Զարյանն այստեղ փորձում է տեսնել, կամ գտնել Հայաստանի գոյության նոր ճանապարհը, որն իհարկե անցնում է անցյալի մոխիրների վրայով։ Եվ այս տեսանկյունից կենտրոնական է Կ․ Զարյանի Սարդարապատում բանաստեղծությունը։ Հայ ժողովրդի պատմության հերոսական այս էջը գրողի համար նաև անձնական խորհուրդ ունի․ Կ․ Զարյանի եղբայրը՝ Սրապիոն Եղիազարյանը մասնակցում է Սարդարապատի հերոսամարտին, ծանր վիրավորում և մահանում Երևանի զինվորական հիվանդանոցում։
Անձնական ցավն այս բանաստեղծության մեջ վերաճում է մի մեծ ընդհանրական եղերերգի, որը խորհրդանշորեն ներկայացնում նոր իրականության մեջ շատ մոտ անցյալի հայոց փրկության հերոսամարտի մոռացումը, մոռացումը հայ ժողովրդի միասնականության, անձնազոհության, պետականության երազի, նվիրումի, մոռացումն առանձին հերոսների ու հավաքական հաղթական ոգու՝ Ինչպէս աղեղի նետ մի արձակւած դէպի ոչ մի տեղ․․․
Սարդարապատում
Յունւարի ձիւնը, յունւարի ձիւնը Սարդարապատում։
Կեանքի ոչ մի հետք, ամպի ոչ մի շուք
Այս անապատում
Ոչ մի յիշատակ։ Գերեզմանի տակ
Ձիւնի սառ, սպիտակ՝
Ոչ մի յիշատակ անցած օրերի։ Ոչ իսկ ոռնող բուք,
Ոչ իսկ սուր քամի լերան գագաթից իջնող սուր քամի,
Որ տնքայ, պատմի հառաչող ցաւը ճեղքւած ժայռերի։
Խոր մի լռութիւն
Եւ լոյսեր սառած։ Ոչ սուգ եւ ոչ լաց:
Խոր մի լռութիւն։
Ներկայ են միայն աստղերը գունատ անյայտամ
Նայում եմ, ասում –
Ուրախ եմ լինել այս պահին մենակ,
Ինչպէս մոլորակ կորած ոլորտում այս ձիւնի սպիտակ,
Ինչպէս աղեղի նետ մի արձակւած դէպի ոչ մի տեղ։
Տեսնում եմ, այնտեղ,
Մերկ հողերի տակ
Թաղւել են, կորել յոյս եւ ճանապարհ,
Խորասուզւել է իր առագաստից զրկւած մի նաւակ
Եւ կեանքի վրայից քայլել է անցել մթութեան մի սար։
Ահ, թողէք վիշտս այս ձիւնում լըւամ
Եւ խոր լռութեան մերկ կայմի վրայով ես վեր բարձրանամ
Մինչեւ անցեալը, մինչեւ արիւնիս թողած հետքերը,
Որոնց խուլ լացը ծածկել է յուշի գունակ գորգերը։
Նայում եմ, ասում –
Ես ընդունում եմ ճակատագիրը սառած այս ձիւնի
Այնտեղ թաղւած է գերեզմանը խոր մեր խորհուրդների։
1922 թ․