• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ո՞ր պարն էր սիրում պարել Կոմիտասը

Ո՞ր պարն էր սիրում պարել Կոմիտասը

Կոմիտասը ոչ միայն ուսումնասիրել է հայ երաժշտությունը, այլև ժողովրդական երաժշտությունից անբաժան պարը։ Հայկական ժողովրդական պարարվեստի յուրահատկություններին Կոմիտասն անդրադարձել է 1901 թվականին Zeitschrift für armenische Philologie հանդեսում տպված «ARMENIENS VOLKSTÜMLICHE REIGENTÄNZE» («Հայ գեղջուկ պարը») հոդվածում։ Այս ուսումնասիրության հայերեն հեղինակային թարգմանությունը որոշ խմբագրումներով տպագրվել է  1910 թ., Բաքվի «Թատրոն և երաժշտություն» հանդեսում: Ինչպես և ժողովրդական երգերի դեպքում, այստեղ նույնպես Կոմիտասը մեծ խորաթափանցությամբ ու գիտական ճշգրիտ մոտեցմամբ առանձնացնում է հայկական ժողովրդական պարերի առանփնահատկությունները, մատնանշում ինքնատիպությունը․
 
Հայ գեղջուկ պարը

(հատված)

 

Մարդկային կեանքի աչքի զարնող երեւոյթներից մէկն էլ պարն է: Պարն արտայայտում է իւրաքանչիւր մի ազգի բնորոշ գծերը, մանաւանդ, բարքն ու քաղաքակրթութեան աստիճանը. որովհետեւ, թէպէտ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ–տեսակ շարժումներն ակամայ մատնում են ներքինը:

Պարն ամբողջովին ենթակայ է շեշտի, յանգի եւ եղանակի օրէնքներին: Բայց պարի ոգին՝ շեշտ, յանգ եւ եղանակ, ազգային եւ ինքնուրոյն կերպարանք է ստանում խառնուածքի եւ քաղաքակրթութեան աստիճանի համեմատ:

Շեշտը պարի եռանդն է։ Պարողներին դրդողն ու ոգեւորութիւն ներշնչողն է․ ամեն անգամ, երբ հնչում է շեշտի հարուածը, խաղն աւելի է տաքանում եւ պարողներին աշխուժի բերում` թարմացնում:

Յանգը բաժանւում է շեշտական զարկերի համաչափ եւ համանման մասերի կամ ոտքերի, ուր շեշտերն իրար յաջորդում են զանազան աստիճանաւորումներով՝ ելեւէջով, պարի բովանդակութեան համաձայն եւ պարողների շարժումներին համապատասխան։

Եղանակ, որի արտայայտիչներն են նուագ կամ մարդկային ձայն, միացած կամ զատ զատ, շեշտը՝ պարի բուռն եռանդի եւ զգացումների հայելին է։

Պարի ներքին բովանդակութիւնն անփոփոխ այս երեք տարրը՝ շեշտ, յանգ եւ եղանակ, բոլոր ազգերն էլ ունին, բայց արտայայտութեան աստիճանը կախումն ունի ազգային խառնուածքից եւ քաղաքակրթութիւնից. իսկ այդ երկուսը՝ ժողովրդի ամբողջ ներքին եւ արտաքին վիճակից։ Ուրեմն ազգային պարերի յատկութիւնը սահմանելու համար պէտք է քննել արտաքին պայմանները: Օրինակ` արեւելեան ազգերն առհասարակ սիրում են ծափ ծափի տալով արտայայտել շեշտը: Հրաւիրուած հասարակութիւնը մէկին հանում է մէջտեղ, մնացածները` մեծ ու պստիկ, միասին եւ համաչափ ծափ են տալիս, թէեւ յաճախ լինում է եւ նուագածութիւնը, բայց ծափն անբաժան է: Ծափի ընթացքում երբեմն այս ու այն կողմից ուղղում են պարողի հասցէին բացականչութիւններ` իբր հաւանութեան եւ խրախոյսի նշան։ Միօրինակ եւ տաղտկալի ծափահարութեան ժամանակ բացականչութիւնները թարմութիւն են բերում, դիտողներին զուարթացնում, իսկ պարողին աշխոյժ ներշնչում, ոգեւորում:

Հայ գեղջուկ պարի ինքնուրոյնութիւնը բնորոշելու համար պէտք է ամենատեսակ զգացումներ արտայայտող շարժումներն առանձին–առանձին քննել:

 

Ա. Շարժումների տեսակները՝ զարնել, խփել, քայլել, սահել, շորորել, ծածանել, ճօճել, շրջանել, կեռանալ եւ թռնել։

Բ. Շարժումների ուղղութիւնները` առաջ, յետ, վեր, վար, աջ, ձախ, թեք, տեղն ու տեղը։

Գ. Շարժումների չափը՝ ծանր, չափաւոր, զուարթ, դանդաղելով, շտապելով։

Դ. Շարժումների բնաւորութիւնը՝ վստահ, ազատ, միամիտ, քնքոյշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ։

Հայ գեղջուկ պարը կիրք զարթեցնող շարժումներ չունի եւ զգացումներն արտայայտում են մարմնի ոչ թէ մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ եւ այլն շարժումներով, այլ պարերգերի միջոցաւ։ Պարերգերի սովորական բովանդակութիւնն է կարօտ  ու գովք, ծաղր ու զաւեշտ` սիրոյ շուրջը` բնական գողտրիկ համեմատութիւններով համեմուած:

 

Պարի շարժումներն այսպէս կարելի է դասաւորել.

 

Ա. Ազդրի եւ ոտքի շարժումներ

Բ. Բազկի եւ դաստակի շարժումներ

Գ. Իրանի շարժումներ

Դ. Գլխի շարժումներ․․․

 

Ըստ հուշագիրների՝ Կոմիտասը սիրում էր պարել ու պարում էր շատ լավ։ Մասնավորապես Աղավնի Մեսրոպյանը պատմում  է Էջմիածնում հարազատ մարդկանց շրջապատում՝ Խորեն Էֆենդու տանը կազմակերպված ճաշկերույթներին հաջորդող երգի ու պարի երեկոների մասի․

 

«Այդ մտերիմ շրջանակի մեջ Կոմիտասը կարելի էր ճանչնալ իր ամբողջ էությամբ: Անոր ծայրահեղ համեստությունը, բարեհամբույր, քաղցր ու անկեղծ բնավորությունը, մեծ ու փոքրին հանդեպ ցույց տված սիրալիրությունը կգրավեին բոլորին սրտեր: Մեծ երաժշտագետ–երգչին ոգևորությունը իր գագաթնակետին կհասներ, երբ ծայր կառներ իր սկսած հայ ժողովրդական երգն ու պարը, սրնգային կամ ձայնական երաժշտության քաղցրահնչուն ծփանքներով ողողուն...,                  

Կոմիտասի բացառիկ վարակիչ ոգևորությունը զսպանակավոր պտուտակներու նման շարժման մեջ կդներ ներկաները՝ երգ ու պարին մասնակից ընելով ամենամեծեն մինչև ամենափոքրը:

Նման երեկոներեն կը հիշեմ «Շորոր» հերոսական պարը, զոր կկատարեին Կոմիտասը և նկարիչ Թերլեմեզյանը: «Շորոր» հայկական ժողովրդական պարին մեջ իրարու չզիջող երկու վարպետները ձեռքերնին մեկ–մեկ սուր բռնած, սկզբնական հանդարտ քայլերով, մարմնի ճոճումներով` հզոր և վեհապանծ վերջավորության մը կհասնեին...

Անմոռանալի էր նաև «Հոպ–հուպ» հայ ժողովրդական պարերգը, զոր Կոմիտաս կերգեր բազմոցին վրա ծալապատիկ նստած: Նա իր ռիթմիկ ծափերուն և երգին միջոցով կհրահրեր մանավանդ իրեն մերձավոր ընկերոջ՝ Փանոս Թերլեմեզյանի ոգևորությունը: Այդ ուրախալի պարն ալ՝ իբրև երեկոյան հրաժեշտի վերջին մասը, կվերջանար գինիի բաժակներով և Կոմիտասի հայրենասիրական մաղթանքներով»:

Կոմիտաս, Շորոր, «Կարին» ավանդական երգի–պարի խումբ։

 

Art 365

29.04.2026

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.