• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Խաչատուր Աբովյանը Դորպատում․ կյանքի դասեր բարերարից

Խաչատուր Աբովյանը Դորպատում․ կյանքի դասեր բարերարից

1830 թվականի սեպտեմբերի 3-ին Խաչատուր Աբովյանը, մեծ դժվարություններից  ու երկարատև սպասումներից հետո, Պետերբուրգից փոստային կառքով հասնում է Դորպատ։ Իհարկե, մեծ էին երիտասարդ Աբովյանի սպասումները, ակնկալիքները նոր աշխարհից, սակայն շատ էին նաև դժվարությունները։ Մեծ գրողի ու լուսավորչի դորպատյան կյանքի ու ուսումնառության ընթացքի մասին են պատմում նրա այդ շրջանի օրագրերը։ Այստեղ կարող ենք տեսնել և՛ հիացում և՛ վախեր, հայրենիքի ու հարազատների նկատմամբ կարոտ,  նորը ճանաչելու ու սովորելու ձգտում, եվրոպայի ու եվրոպացիների մասին կարծրատիպեր և դրանց հաղթահարում․

«Ես կարծում էի,  թե ամեն ինչ, որ ասիական է, կարող է եվրոպացիներին ծաղրի և թյուրիմացության առիթ տալ, որովհետև այն դեռ կոպիտ է և անկիրթ: Ես առանց հիմքի չէի դատում այդպես, որովհետև այն սակավաթիվ եվրոպացիները, որոնց տեսել էի մեզ մոտ, համարյա զզվանք էին տածում դեպի մեր սովորությունները», - հիշում է հետագայում Աբովյանը Դորպատում անցկացրած առաջին օրերի մասին։ 

Այս օրերին և հետագայում էլ Աբովյանի կողքին էր նրա բարեկամ Ֆրիդրիխ Պարրոտը։ Ֆ․ Պարրոտն ու իր կինը՝ Էմիլիեն մեծ ուշադրութամբ ու հոգածությամբ էին վերաբերվում երիտասարդ հային։ Ամեն ինչ անում նրան օգնելու, նոր կյանքին ծանոթացնելու ուղղությամբ։ Ֆրիդրիխ Պարրոտը Դորպատի համալսարանում Աբովյանի տիեզերագիտության դասախոսն էր, սակայն դրանից զատ նրա գերմաներենի առաջին ուսուցիչն էր․ 

«Սկիզբն դասառութեան իմոյ ի լեզու գերմանացւոց, կարելն և կտրելն վասն իմ ատետրակ, և խրատ, զի և ևս այնպէս վասն աշակերտաց իմոց պարտ եմ առնել։ Բարերարն իմ ինքնին գրէ զօրինակ վասն իմ ուղղագրութեան, յերկարումն այսր դասառութեան մինչև զամիսս բազումս...»:

Բացի լեզվական գիտելիքները, Աբովյանը Ֆրիդիրխ Պարրոտից ստանում էր նաև բազմաբանույթ ու օգտաշատ խորհուրդներ  կյանքի ու կենցաղի վերաբերյալ։ Օրինակ ինչպես պահել իրեն հասարակության մեջ, ինչպես օգտվել սպասքի պարագաներից կամ կարտոֆիլ ուտել, կամ էլ այն մասին, որ որ սուրճից հետո չի կարելի խնձոր ուտել.

«Յուսուցանելն ինձ բարերարին իմոյ թէ զիա՞րդ պա՛րտ է գործադրել զչանկեալ դանակ, ուտել զկարտօֆելս ևն․․։ Լերո՛ւք ծանր. գիտեմ, ասում էր նա,— ամենայն ոք սիրէ զձեզ վասն լաւութեան ձերոյ և ի պատիւ ինձ, այլ և այնպէս չէ՛ պարտ այնպէս ցուցանել զձեզ, որպէս թէ դուք խնդրէք զպատիւս, այլ թէ նոքա խնդրեսցին տալ ձեզ զայն: Պա՛րտ է հանճարով վարիլ, և որքան ծանր շարժի ոք, այնքան յաւելանայ պատիւ նորա: Ես գիտեմ և ճանաչեմ զքնքուշ հոգի ձեր, և այդ տայ ձեզ սիրելի լինիլ առաջի ամենեցուն. ես գիտեմ զհամեստութիւն ձեր, այլ և այնպէս ո՛չ աւելորդ համարիմ այսպիսի պատահմունս զգուշացուցանել զձեզ»։

Հետագայում Աբովյանը սիրով, ակնածանքով ու մեծ գնահատանքով է հիշում իր բարերարի խորհուրդներն ու դասերը․

«Իսկ ո՞վ, անգամ նրա տանեցիներից, գիտե, թե ինչպիսի փրկարար խրատներ էր դնում իմ սրտի մեջ նա՝ մարդկության այդ բարեկամը, — աստուծո երկյուղը, հարգանք դեպի հայրենի սովորությունները, կրոնը, իմ ժողովրդի և հայրենիքի սերը ամեն բանից ավելի բարձր դասելը և գնահատելը։ «Իմ միակ հոգսը, ամենասիրելի բարեկամ ....իմ միակ հոգսն այն է, որ Դուք փոքր ինչ տաքարյուն եք, դրանով Դուք ինքներդ կարող եք Ձեզ վնասել»,— եզրափակում էր նա ամեն անգամ իր երկնային խրատները։ Եվ ես այդպիսին էի... այդ տաքությունն այրում է այժմ էլ իմ ներսը. ինչպե՞ս այն վերացնեմ, արմատախիլ անեմ։ Վայրենու պես մտնում էի քո տունը, վե՛հ հոգի: Առաջին խոսքդ, որ լսում էի, այն էր, թե «Ինչո՞ւ եմ հանել իմ ազգային և տարազը»... Մի անգամ, երբ նրան հարցրի, թե ինչո՞ւ ինձ իր հետ չվերցրեց, չէ՞ որ շրջագայության ժամանակ միևնույնն է, թե մեկն ավելի լինի կամ պակաս, — լսեցի. «Թանկագինս. կամենում էի Ձեզ իմ տան մեջ տեսնել, որպես բարեկամի՝ Ձեզ արժանի դիրքին համեմատ և ո՛չ թե դրանով վիրավորել Ձեր զգացումը և շփոթության մեջ գցել Ձեզ: Դուք ասում եք, որ երախտապարտ եք ինձ: Ընդհակառակը, ե՛ս եմ Ձեզ երախտապարտ: Պետությունն օժանդակում է միլիոնավորների։ Պետության ողորմածությունը չի կարող մեկին այնպես ընկճել, ինչպես մասնավոր մարդունը»։ Այդպիսով կամենում էիր ինձ ճանաչել տալ իմ իսկական արժանիքը։ իմ ամենաարժանավոր, ամենաթանկագին բարերար»:

 Աղբյուրը՝ Պ․ Հակոբյան, Խաչատուր Աբովյան, Երևան, 1967։

Art 365

15.10.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.