1955 թվականին Ավետիք Իսահակյանը որպես պատվիրակ մասնակցում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ընտրությանն ու օծման արարողությանը։ Այս առիթով մեծ բանաստեղծը մի հոդված է հեղինակում նվիրված հայ ժողովրդի կյանքում համայն հայության հոգևոր կենտրոնի ունեցած պատմական դերին ու հոգևոր նշանակությանը։ Ավետիք Իսահակյանը մանկուց կապված է եղել եկեղեցու հետ։ Սովորել Հառիճավանքում, ապա Գևորգյան հոգևոր ճեմարանում, մտերիմ եղել հայ հոգևորականների, Ամենայն հայոց կաթողիկոսներ՝ Մկրտիչ Խրիմյանի, Վազգեն Առաջինի հետ։
Ներկայացնում ենք հատվածներ Սուրբ Էջմիածնին նվիրված այս հոդվածից։
Քրիստոս նշեց շինել տաճարը այն վայրի վրա, ուր Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո` Արարատ լեռից իջնելով շնորհակալության զոհ մատուցեց Աստծուն։ Դարձյալ ժողովրդի ավանդությամբ, Տրդատ արքան, որ հսկա մարդ էր, իր ուսերին դրած բերեց Արարատ լեռից ահագին ժայռեր, որոնք կազմեցին տաճարի անսասան հիմքերը:
Հնության հմայքով օծված, հրաշքներով, ավանդություններով նվիրականացած՝ Էջմիածինը դարձավ հայ ժողովրդի համար՝ ազգային ամենաառաջին սրբավայրը: Հայ ժողովուրդը հավատաց նրա հրաշագործ զորությանը, երկնքից ուղարկված նրա էությանը: Եվ այսպիսով՝ նա ներքնապես ամրացած՝ կարողացավ դիմանալ բախտի հարվածներին և հարատևեց դարեր ու դարեր:
Էջմիածինը կոչվեց «Կաթողիկե Եկեղեցի, Մայր Եկեղեցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:
Սակայն Էջմիածնի պատմական դերը, նրա գոյության իմաստն ու իրավունքը անհամեմատ ավելի հզորացավ և անհրաժեշտ դարձավ հայ ժողովրդի համար՝ այն դժբախտրից, երբ մենք 14-րդ դարում՝ կորցրինք մեր պետականությունը։ Այդ ժամանակից Հայ Եկեղեցին փոխարինեց հայ պետությանը, նա դարձավ և կոչվեց՝ հոգևոր իշխանություն, հոգևոր կառավարություն։ Եկեղեցու պետը ուներ իր գահը, հրամաններ էր արձակում, կոնդակներ էր ուղարկում, բանադրում էր. պատժում կրոնազանցներին, ազգուրացներին, անբարոյականներին: Հայ պետության անկումով՝ հայ ժողովուրդը մնաց ամբողջապես իսլամական ժողովուրդների՝ ծովում, ենթարկված՝ անընդհատ արշավանքների ավերածություններին և կոտորածներին, բռնակալների հարստահարություններին և կրոնական մոլեռանդ հալածանքներին. միակ ուժը, զորությունը և պաշտպանությունը որ կար, որին ընդունում էին առավել կամ նվազ չափերով իսլամ պետությունները, դա Էջմիածինն էր, կաթողիկոսությունը:
Նրա ձեռքումն էին կենտրոնացված ազգային ներքին գործերը, հոգեկան-կուլտուրական բովանդակ կյանքը՝ կրոն, լեզու, բազմաթիվ վանքերը, ուր կային դպրոցներ, ուր մշակվում էր գրականությունը: Դրանք ազգային գոյության վառարաններն էին, որոնք թշնամու աչքից վրիպած, արտաքնապես մոխրով ծածկված կրակի մեջ՝ մշտապես կայծում էին ժողովրդի ազատության բաղձանքները, լուսավոր ապագայի հավատն ու հույսերը:
Այս հզոր ազդակները դարերի իրենց ներուժ գործով պաշտպանեցին հայ ժողովրդին մահմեդական դառնալուց, փրկեցին ձուլվելուց, իբրև ինքնուրույն ազգություն իսպառ ոչնչանալուց․․:
․․․Ժողովուրդների պատմության մեջ կրոնական հաստատության մի այսպիսի նշանակություն ունենալը հազվագյուտ երևույթ է, սակայն միանգամայն հասկանալի:
Օտար, դաժան պետությունների քմահաճույքներին ենթարկված հայ ժողովրդի համար Էջմիածինը՝ եկեղեցիների մայրը, հայրապետական Աթոռը, այս ծանր ու տանջալից դարերի ընթացքում միակ ագգային հաստատությունն է, որ տակավին հարատևում է մնալ հայության ձեռքում: Նա ագգային գոյության խարիսխն է, ազգային միության սիմվոլը հայ ժողովրդի զսպված հայրենասիրական զգացմունքը ելք էր գըտնում նրա մեջ։ Կրոն և ազգություն սինոնիմներ էին դառել: Ստրկացած ժողովուրդը իր մարդկային իրավունքները, հույսերը, զանքները՝ մարմնացրել էր նրա մեջ: Դրա համար հայերը բոլոր սրտով գուրգուրում էին նրան, նախանձախնդիր էին նրա գոյության և փառքին: Հեռավոր տեղերից ուխտ էին գալիս, նրան հարուստ նվերներ էին ուղարկում, գումարներ և ինչքեր էին կտակում: Նրա տոնը՝ ազգային ամենափառավոր տոնն էր ամենուրեք, ուր որ հայ կար: Հին և նոր բանաստեղծները, գուսաններն ու աշուղները բազմաթիվ երգեր, գովքեր են նվիրել նրան: Բոլոր հանդեսներում և խնջույքներում առաջին բաժակը Էջմիածնի համար էին բարձրացնում և ոտքի վրա երգում էին հինավուրց երգերը նրան ձոնված.
Էջմիածինը Հորից է (Աստծուց, Աստծու կողմից)
Եվ փառքի լույսը նրա հետ է:
Միշտ անշարժ պահիր
Աթոռն հայկազնյա (հայոց ազգի):
Հայերը Էջմիածնի անունով էին երդվում, և այդ երդումը հավասար էր՝ Աստծու անունով երդումին: