• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ավետիք Իսահակյանի վերջին բանաստեղծությունը

Ավետիք Իսահակյանի վերջին բանաստեղծությունը

Ավետիք Իսահակյանը վախճանվել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանի այն ժամանակ Պլեխանովի, այսօր Յակով Զարոբյան փողոցի իր տանը, որն այսօր Վարպետի տուն-թանգարանն է։ Մահվանից հետո բանաստեղծի կինը՝ Տիկին Սոֆյան, պատահաբար գտնում է նրա վերջին բանաստեղծությունը։ Հատկանշական է, որ մեծ բանաստեղծի վերջին գործը՝ սիրային բանաստեղծություն է։ Այս, նաև բանաստեղծի կյանքի վերջին օրերի մասին  հուշեր է ներկայացնում գրականագետ Ավիկ Իսահակյանն իր՝ «Սոֆյա՝ Ավետիքի բարի հրեշտակը» գրքում։ Ներկայացում ենք հատված այդ հուշագրությունից։

 

«Մեծերի կյանքում անսպասելի անակնկալներ քիչ չեն լինում, բայց քանի որ ասացինք մեծերի կյանքում, ուրեմն այդ անակնկալները որոշակի չափով ծնունդ են օրինաչափությունների, ուրեմն և ինչ-որ մի տեղ սպասելի են: Վարպետի վախճանից մի երկու օր անց նրա ամենօրյա օգտագործվող խալաթի գրպանում տիկին Սոֆիկը գտնում է հետևյալ ինքնագիրը.

 

Ինձ սիրեիր որպես թե

Լինեի մեռած,

Անունս հնչեր քեզ՝

Հեռավոր մի հուշ։

Ինձ տեսնեիր երազիդ մեջ

Դալուկ ու տխուր,

Ինձ կանչեիր, բայց գնայի,

Ինչպես ուրու, հեռու...

Երբ լսեիր իմ երգը

Սրտիցս բղխած.

Թախծեիր, լացեիր,

Սերըդ մեռած...

 

1957 հոկտեմբերի 16


Ինքնագիրը տիկին Սոֆիկը պահում է մոտը, սակայն մի առանձին թերթիկի վրա բանաստեղծությունն արտագրում է և այդ նույն թերթիկի վերջում Արամ Ինճիկյանի ձեռքով նշված է. «Գրել է 1957 թ, հոկտ<եմբերի> 16-ին, մահվան նախորդ գիշերը՝ ըստ Սոֆյա Իսահակյանի»: Վերոհիշյալ ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, ԱԻՖ, 73-II:
Ես հստակ հիշում եմ, թե որքան հուզվեց տատիկս՝ գտնելով պապիկի մշտապես օգտագործվող մոխրագույն խալաթի գրպանում այդ ձեռագիր թերթիկը. դա փաստորեն եղավ Վարպետի կյանքի վերջին բանաստեղծությունը: Տատիկս հուզված ցույց տվեց մեզ:
Երբ իմացան, որ եղել է նման մի ինքնագիր, շատերը ցանկացան այն տեսնել, և տատիկս որոշեց այն արտագրել, որպեսզի բնագիրը իբրև մասունք պահի իր մոտ, իրենից անբաժան: Ինչպես և նա չցանկացավ, որ ձեռագիրը տպագրվի, քանի որ դա միայն իրեն էր վերաբերում:
Մենք բոլորս շատ զարմացած էինք. մի՞թե ինչ-որ մի բան Վարպետը կանխազգացել է, որ իր կյանքի վերջին գիշերը թերթիկի վրա մատիտով գրել է «հրաժեշտի տաղը»։
Բայց ո՞վ գիտե, ինչ է նրա մտքով անցել։
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ փոքրիկ թերթիկը, ինչպես` անդրաշխարհից եկած մի «խաբրիկ», բավականին սփոփեց տատիկիս։ Ներքին ուժեր հաղորդեց, և նա, ինչպես ասել էի, իր սփոփանքը սկսեց գտնել «Ավետիքի թղթերի մեջ»։ Հենց մի պահ, որ ազատ էր լինում, սկսում էր նայել, տնտղել, դասդասել Վարպետի ձեռագրերը»։ 

Art 365

17.10.2025

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.